News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վկաներին կաշառելու գործով մեղադրվող Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի առողջական վիճակը գնահատելու համար դատաբժշկական փորձաքննություն չի անցկացվի: Այս մասին հինգշաբթի հաղորդել է ANSA գործակալությունը՝ հղում անելով Միլանի դատարանի համապատասխան որոշմանը եւ քաղաքական գործչի փաստաբանների հայտարարությանը:

Ինչպես նշել է գործակալությունը, դատարանը նախօրեին դատաբժշկական փորձագետներ` բժիշկներ, այդ թվում` հոգեբույժ է նշանակել Բեռլուսկոնիի առողջական վիճակի հետազոտության համար: Ավելի վաղ նա դատարանին խնդրել է հաշվի առնել նիստերից իր բացակայությունը հարգելի պատճառով` առողջական վիճակով պայմանավորված: Արդյունքում, մեկ այլ՝ անչափահաս մարմնավաճառների ծառայություններից օգտվելու գործով վկաներին կաշառելու մեկ այլ գործով նիստը բազմիցս հետաձգվել է: Հինգշաբթի հայտնի է դարձել, որ Բեռլուսկոնին նամակ է ուղարկել դատարան, որտեղ նշանակված փորձաքննությունները, այդ թվում՝ հոգեբուժական, անվանել է «նվաստացուցիչ իր արժանապատվության համար» եւ «նախապաշարմունքների» վկայություն համարել: Ինչպես պարզաբանել են քաղաքական գործչի փաստաբանները, նա համաձայնել է շարունակել գործընթացը նույնիսկ իր բացակայության դեպքում: Ինչպես մատնանշել են փաստաբանները, դա որոշակի դժվարություններ է առաջացնում, անգամ եթե պաշտպանյալի լիակատար արդարացման հարցում վստահություն կա, հայտնել է ՏԱՍՍ-ը:

Նախկին վարչապետը մեղադրվում է անչափահաս մարմնավաճառների ծառայություններից օգտվելու գործով վկաներին կաշառելու մեջ: Նախկինում քաղաքական գործիչն ամբողջությամբ արդարացվել էր բոլոր դատական ատյաններում, սակայն գործընթացը հիմնված էր վկաների` Բեռլուսկոնիի առանձնատուն այցելած աղջիկների ցուցմունքների վրա: Ավելի ուշ դատախազությունը նրանց կասկածել է վարձատրության դիմաց սուտ վկայություններ տալու մեջ:

Սեպտեմբերի սկզբին կայացած վերջին նիստին Բեռլուսկոնիի փաստաբանները հայտնել են, որ նա տառապում է առիթմիայով, եւ որ նրան լիարժեք հանգիստ է նշանակվել՝ միջնորդելով հետաձգել նիստը: Այդ ժամանակ դատարանը որոշել է դատաբժշկական փորձաքննություն նշանակել, որի արդյունքները պետք է ներկայացվեին նոյեմբերի 17-ին: Նոր հանգամանքներում դատավորները պետք է նոր օր նշանակեն հաջորդ նիստի համար:

Բեռլուսկոնին, ով սեպտեմբերի 29-ին կդառնա 85 տարեկան, վարակվել է կորոնավիրուսով, իսկ մի քանի տարի առաջ սրտի բավականին բարդ վիրահատություն է տարել: Վերջին ամիսներին բազմիցս հաղորդվել է, որ քաղաքական գործիչը եղել է հիվանդանոցում եւ հետազոտություններ է անցել:

Բեռլուսկոնին, ով երեք անգամ ղեկավարել է Իտալիայի կառավարությունը, եվրապատգամավոր է, ինչպես նաեւ «Առաջ Իտալիա» կուսակցության անփոփոխ ​​ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ