
Երբ մենք Հայաստանի եւ Արցախի կառավարություններին ասացինք, որ բնակարաններն ապահովելու համար դիվերսիֆիկացված մոտեցում ցուցաբերեք, որ ով որտեղ ցանկանում է, այնտեղ տվեք, մեզ պատասխանեցին, որ դեմոգրաֆիական հարցեր լուծելու համար Արցախում ենք բնակարան կառուցելու, մանավանդ Հադրութի եւ Շուշիի շրջանի բնակիչների համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին հայտնեց «Հանուն Հադրութի» ՀԿ գործադիր մարմնի նախագահ Լևոն Հայրյանը:
«Մենք դեմ չենք դրան, բայց Արցախում դեմոգրաֆիական հարց լուծելու առումով այս 30 տարում վարել են սխալ քաղաքականություն, հիմա էլ են սխալ վարում: Մենք ունենք 30 տարի առաջ Արցախում կառուցված գյուղ՝ 14-15 բնակարան, որտեղ կառուցման օրից մինչեւ փախչելու օրը այդպես էլ ոչ մեկը չի մտել ապրելու: Դեմոգրաֆիական հարցը լուծելու համար պետք է ստեղծել պայմաներ, դարձնել գրավիչ այդ վայրը:
Դրանից բացի փորձել են Արաքսի ափին բնակարաններ կառուցել, բնակարանը տալիս էին, մարդկանց գործ չէին տալիս: Մարդիկ սկսում էին փախչել: Այս քաղաքականությունը այն ժամանակ էլ էր սխալ, հիմա էլ է սխալ: Ոչ մի մարդ, եթե չի ուզում վերադառնալ Արցախ, բնակարանի համար չի վերադառնալու»,-ասաց նա:
Հայրյանը հավելեց, որ իրենք շատ հետաքրքիր առաջարկներով են հանդես եկել, անգամ Արցախի կառավարությունն է շատ հետաքրքիր առաջարկ արել, բայց հետո չեղարկել են. «Որոշել էին, որ տալիս են բոլորին X գումար, իսկ ով Արցախ է վերադառնալու, X+10 գումար են տալիս: Մեր բնակչության մոտ 40 տոկոսն այսօր էլ սահմանամերձ տարածքներում է՝ Գորիս, Կապան, Տավուշ: Հետո կառավարությունը հրաժարվեց այդ տարբերակից: Երեւի պատճառը շինարարության բիզնեսից օգուտներ քաղելն է»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե մարդը վերադառնում է Արցախ, առաջին հերթին պետք է աշխատանքի հարցը լուծվի, նոր բնակարանի:
«Մենք նախորդ անգամ ասել ենք, որ եթե մեր պահանջներն անպատասխան մնան, դիմելու ենք միջազգային կառույցներին: Մենք այստեղից գնալու ենք, նամակ ենք հանձնելու ԱՄԿ-ի գրասենյակից, ապա նաեւ նամակ ենք հանձնելու Ֆրաննսիայի դեսպանություն:
Նամակի բովանդակությունն այն է, որ Արցախի բնակիչներն իրավունք ունեն ապրել այնպես, ինչպես աշխարհի բոլոր ժողովուրդները: Համաշխարհային հանրություն իրավունք չունի անտեսել մեր ապրելու իրավունքը: Նոյեմբերի 9-ի այդ կեղտոտ հայտարարությունը տորագրողները նույնիսկ չեն ուզում պատասխանատվություն վերցնել իրենց ստորագրածի համար: Այնտեղ կա 7-րդ կետ, որտեղ գրված է տեղահանվածներին վերադարձնել իրենց բնակավայրեր եւ ապահովել:
Մենք ուզում ենք վերադառնալ Հադրութ: Եվ միջազգային հանրությունից մեր ակնկալիքն այն է, որ ապահովեն մեր հայրենիքում մեր կյանքն ապահովեն: Երկրորդ, եթե չեն կարողանում դա անել, պետք է խնդրենք միջազգային ահնորթւայնը՝ ապահովել մեր բնականոն կյանքը: Եթե միջազգային հանրությունը չի կարողանում մեզ Արցախում տեղավորի, ապահովի, պաշտպանի, ապա մենք իրենցից խնդրելու ենք քաղաքական ապաստան»,-ընդգծեց նա: