
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտարարել է, որ ԱԷՄԳ-ի Գլխավոր համաժողովին մասնակցելու նպատակով Վիեննա կատարելիք իր այցի ընթացքում չի բանակցի միջուկային գործարքի վերականգնման շուրջ, հաղորդում է ISNA գործակալությունը:
«Այս ուղեւորությունը տեղի կունենա ԱԷՄԳ-ի Գլխավոր համաժողովին մասնակցելու համար: Այս այցի շրջանակներում միջուկային գործարքի շուրջ բանակցություններ չեն լինի, քանի որ նման բանակցությունները չեն մտնում իմ պարտականությունների մեջ»,- ասել է նա:
Ապրիլից Վիեննայում բանակցություններ են ընթանում Իրանի եւ միջազգային «հնգյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան եւ Ֆրանսիա) միջեւ՝ իրանական միջուկային համաձայնագիրը սկզբնական տեսքով վերականգնելու վերաբերյալ: