News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Երևանի բուսաբանական այգու «Հույսի արահետ» հատվածում, որը ստեղծվել է 2020 թվականին, այսօր՝ սեպտեբերի 20-ին, տեղի է ունեցել Խաչարձանի օծման և բացման արարողություն։ Արահետի հիմնադրման օրից սա թվով 7-րդ միջոցառումն էր:

2020 թ. սեպտեմբերի 21-ին այստեղ տնկվել է 30 ծառ-տնկի:

Սեպտեմբերի 26-ին, Կոմիտաս Վարդապետի ծննդյան 151 ամյակի առիթով անցկացվել է ծառատունկ-հիշատակում: 2021-ի ապրիլի 1-ին արահետում տնկվել է խորհրդանշական «Կենաց ծառը»: Ապրիլի 24-26-տեղի է ունեցել «106 տարի` 106 ծառի խորհրդով» տնկարկումը` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 106-րդ տարելիցին:

Մայիսի 8-ին` Հաղթանակի օրվան ընդառաջ, իրականացվել է խորհրդանշական «Ծառ հիշատակաց» միջոցառումը` Հայրենական և Արցախյան հերոսների մասնակցությամբ: Մայիսի 28-ին անցկացվեց «Ծառ ապրողաց» միջոցառումը` նվիրված Սարդարապատի հերոսամարտի 103-րդ տարեդարձին, որի խորհրդանշական 103 ծառի տնկումը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերին:

Համառոտ անդրադառնալով Արահետի անցած մեկամյա ուղուն, նախաձեռնության կազմակերպիչ, պատմաբան Սամվել Բաղդասարյանը ընդգծեց, որ հանգամանքների բերումով, հայ ժողովրդի համար դժվարին տարվան զուգահեռ` Արահետն էլ, ասես, ստիպված եղավ հասունանալ առավել արագ` հասակ առնելով ոչ միայն յուրաքանչյուր տնկված ծառի հետ, այլև հոգևոր, մշակութային միջոցառումներով:

«Հայկական շատ ընտանիքներում, զավակի առաջին տարեդարձը նշվում է մկրտությամբ և հիշարժան նվերով: Նվերը` խորհրդանշական Խաչարձանն է /քանդակագործ` Արմեն Եղիազարյան/, որի օրհնության կարգը, նման է մկրտության, ուստի Արահետին հարկավոր է նաև հոգևոր նոր անուն: Արահետին ապրեցնողը այս մեկ տարվա ընթացքում եղել է հույսը: Այլևս սա Հույսի արահետ է», - ամփոփելով իր խոսքը նշեց Ս.Բաղդասարյանը:

Անրադառնալով Խաչարձանին զետեղված գրությանը` «Հայոց մեծ Եղեռնի 106-րդ և Սարդարապատի հերոսամարտի 103-րդ տարելիցին», Տեր Վանանդ քահանա Անդրեասյանը կարևորեց. «Մեկը տխուր առիթ է, մյուսը` ուրախ: Բայց և՛ տխրության պահին, և՛ ուրախության պահին պետք է լինենք միասնական: Անցած տարվա ընթացքում ունեցանք 44-օրյա պատերազմ, մեր տղաները անհավասար պայքար մղեցին թուրքի դեմ` չխնայելով, Աստծո կողմից տրված ամենաթանկը` կյանքը: Մենք պետք է ապրենք այնպես, որ տղաները` նայելով վերևից, չզղջան, ապրենք միասնական, սիրով, ներողամտությամբ: Եվ այս Խաչարձանը պետք է դառնա ասվածի վկայությունը»: Նշենք, որ Խաչարձանի տեղադրումն, ինչպես նաև Արահետի ընթացիք աշխատանքները իրականացվել են Ֆրեզնոյի հայ համայնքի ներկայացուցիչ` Համլետ Չոբանյանի ընտանիքի օժանդակությամբ: Հատուկ շնորհակալություն Երևանի բուսաբանության ինստիտուտի տնօրեն` Անահիտ Ղուկասյանին` Արահետի կողքին լինելու համար: Ինչպես նաև շնորհակալություն Արահետի աշխատանքներին մասնակցած բոլոր գաղափարակից-ընկերներին` սրտացավ վերաբերմունքի համար: Միջոցառմանը մասնակցեցին Քանաքեռ –Զեյթուն վարչական շրջանի № 147 դպրոցի աշակերտները` ուսուցիչ Սոֆյա Ղամբարյանի գլխավորությամբ, Արահետի մշտական այցելուներ, հյուրեր:

Տպել
Ամենաշատ