News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ոչ թե Ռուսաստանի հայկական համայնքի, այլ «Հայ իրավաբանների ասոցիացիայի» հետ էր։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Շահեն Պետրոսյանը։

«Հանդիպումն արարողակարգային էր, և այն ես էի կազմակերպել։ Այն անձինք, որոնք հարցեր ունեին հնչեցնելու, նախօրոք գրառել էին, որպեսզի հերթականությունը կարողանային պահել հարցադրելուց»,- նշեց նա։

Հարցին, թե կազմակերպիչ լինելու դեպքում ինքն ինչու ներկա չէր հանդիպմանը, Պետրոսյանը պատասխանեց․ «Այդ օրն ուրիշ ծրագրեր ունեի։ Թիմը, որը պետք է հարցեր տար այնտեղ էր, և իմ ներկայությանը կարիքն այնտեղ չկար»։

Նշենք, որ Շահեն Պետրոսյանը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» արժանացել է 2-րդ աստիճանի մեդալի։ Նրա խոսքով՝ տարիների շարունակ տարբեր իրավիճակներում իրենք եղել են Հայաստանի կողքին։

«Աշխատանքներ են կատարվել կովիդի և պատերազմի ժամանակ, օգնել ենք մեր հայրենակիցներին։ Պատերազմի օրերին մեծ քանակությամբ հումանիտար օգնություն ենք ուղարկել։ Մենք գերիների հետ կապված շատ մեծ աշխատանք ենք տանում Ռուսաստանում և ոչ միայն Ռուսաստանում, այլ ամբողջ աշխարհում։ «Հայ իրավաբանների ասոցիացիա» կա աշխարհի 17 երկրներում, և միասին փաստաթղթեր ենք պատրաստում։ Մոտ ժամանակները հանդիպում կունենանք տարբեր երկրների Մարդու իրավունքների պաշտպանների հետ, որպեսզի իրենք էլ միջամտեն այդ խնդիրների լուծմանը։ Հայաստանի ղեկավարությունն այդ ամենն անում է։ Այդ բոլոր հարցերը քննարկման պրոցեսի մեջ են, կարծում եմ՝ շատ շուտ այդ բոլոր հարցերը կկարգավորվեն»,- ասաց Պետրոսյանը։

Շահեն Պետրոսյանի կարծիքով՝ պատերազմից հետո ժամանակ է պետք, որ բոլոր խնդիրները կարգավորվեն և կյանքն ընթանա բնականոն հունով։

«Կարծում եմ՝ տարիներ շարունակ բացթողումներ են եղել, ինչի արդյունքում ունենք այն, ինչ ունենք։ Ես մեղավոր համարում եմ բոլորին, որովհետև ես պարտության պատճառը տեսնում եմ այն, որ մենք մասնատվել ենք։ Հայերը պետք է համախմբվեն, չմեղադրեն իրար սխալների մեջ, իրենց վրա վերցնեն այդ ամբողջ բեռը և միասնական դուրս գան այս իրավիճակից։ Ես մինչև հիմա այն կարծիքին եմ, որ Հայաստանը շատ ուժեղ է և հզոր, ուղղակի պետք է մի քիչ էլ պատրաստվել, և ամեն ինչ կլինի այնպես ինչպես կարգն է»,- հավելեց Շահեն Պետրոսյանը։

Տպել
Ամենաշատ