News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ինձ համար զարմանալի է ու վրդովվեցնող, որ բարձր պաշտոն զբաղեցնող անձը իրեն կարող էր թույլ տալ այդպես խեղաթյուրել իրականությունը: Այս մասին մոմավառությամբ դեպի «Եռաբլուր» ընթացող երթի ժամանակ լրագրողներին հայտնել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ալեն Մարգարյանի մայրը՝ Նազենի Տերտերյանը՝ անդրադառնալով օրեր առաջ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ կայացած հանդիպումից հետո Սարգսյանի այն հայտարարությունը, թե զոհված զինծառայողների ծնողները գոհ են մնացել հադիպումից եւ համաձայնվել են մասնակցել Անկախության օրվա տոնական միջոցառմանը:

«Մի խումբ ծնողներով հանդիպեցինք Նաիրի Սարգյանի հետ՝ պարզելու, թե ինչ ձեւաչափով է անցակցվելու Անկախության օրվա միջոցառումը, ինչ երաժշտության ուղեկցությամբ: Հնարավորությունից օգտվելով՝ փորձեցինք պարզաբանում պահանջել այս մեկ տարում կուտակված հարցերի առնչությամբ: Ինչպես ցանկացած դաստիարակված մարդ, մտանք ներս, ողջունեցինք, իսկ հեռանալիս՝ շնորհակալություն հայտնեցինք հնարավորության համար, բայց կատարվածն արմատապես խեղաթյուրելն անթույլատրելի է: Հանդիպմանը մասնակցած մնացած 15 մայրերը կարող են վկայակոչել, որ իրենցից ոչ ոք ո՛չ գոհունակություն, ո՛չ էլ՝ գոհունակություն են հայտնել միջոցառման կազմակերպման համար: Մեզ համար զարմանալի էր, որ երբ մեր երեխաների գերեզմանները դեռ պատրաստ չեն, երբ դեռ իմ որդու զոհվելու մեկ տարին ամսի 30-ին է լրանալու, նման բան է կազմակերպվում: Մեր հարցերը ներկայացրինք, ստացանք  միջոցառմանը մասնակցելու հրավեր, բայց մեզնից ոչ ոք այդ հրավերը չի ընդունել, ոչ ոք նման բան մտքով չի անցկացրել»,- ասաց զոհվածի մայրը:

Նրա պնդմամբ՝ հանդիպումից հետո ցուցադրվել է իր տված հարցազրույցից այնքան փոքր հատված, որը կբխեր կառավարության շահերից:

«Մոտ 15 րոպեանոց հարցազրույց է տրվել, որում մեզ հուզող խնդիրները, դժգոհությունների մասին խոսել ենք, եւ այդ ամենից ներկայացվել է մի փոքր հատված: Հարցեր կան, որոնց պատասխանները ստացել ենք, բայց բազմաթիվ հարցերի պատասխաններ էլ չէինք ստացել, այդ պատճառով էլ օգտագործել էի «մասնակի բավարարված» եզրույթը: Պահանջել ենք բացառել տոն, տոնակատարություն եզրույթները, հնչեցնել միայն դասական, երգեհոնային երաժշտություն, այնպիսին, որը համահունչ կլինի զոհվածների հարազատների հոգեվիճակին: Խնդիրը ձեւաչափում ու հնչեցվելիք երաժշտության ոճն է: Հարիր կլիներ Կոմիտաս, Մակար Եկմալյանի շարականներ լսել, բայց մեր զայրույթն ուղղված է եղել գունագեղ միջոցառման գաղափարին»,- շեշտեց զոհված զինծառայողի մայրը: 

Տպել
Ամենաշատ