News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Որքան էլ փորձեն աչք փակել այդ ամենի վրա կամ դարձնել սովորական երևույթ, միեւնույնն է՝ սահմանամերձ գյուղերում կյանքը շարունակում է մնալ ոչ անվտանգ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

«Մարդիկ ուղղակի անվտանգ միջավայր են ուզում, որը մենք չունենք։ Բացի կրակոցներից, Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում տեսել ենք, որ թշնամին անիվներն այրել ու գլորել է դեպի մեր կողմ, որի արդյունքում այրվել են խոտհարքներ։ Ստացվում է, որ մարդիկ անասուն չունեն, քանի որ թշնամին դրանք գողացել է, հիմա էլ խոտ չունեն, դրա համար որևէ փոխհատուցում չկա, ես բազմաթիվ նամակներ եմ ուղարկել, դրա մասին բարձրաձայնել, հարց ուղղել Նիկոլ Փաշինյանին, սակայն որևէ ուղիղ պատասխան չեմ ստացել»,- ասաց պատգամավորը:

Թովմասյանի դիտարկմամբ՝ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին այլընտրանք ապահովելը խոցելի հարց է, քանի որ հայտնի չէ, թե միջազգային ինչիրավակարգավորմամբ  կամ, գուցե, բանավոր պայմանավորվածությունների հիման վրա է ադրբեջանական զինուժը վերահսկողություն սահմանել այդ հատվածում:

«Նույնիսկ այն քարտեզները, որոնք իշխանական տարբեր ներկայացուցիչներ անընդհատ վկայակոչում են, որ դրանց հիման վրա է ադրբեջանական կողմը ներխուժել, և դա իրենց տարածքն է, չեմ հասկանում՝ ինչո՞ւ են հենց դրանք բերվում որպես օրինակ, իսկ այն քարտեզները, որոնք մի քիչ հայկական կողմի օգտին են՝ չեն դրվում կիրառության մեջ։ Նաև ինձ համար անհասկանալի է, թե ինչու է ՀՀ կառավարությունը շարունակում սպասարկել ադրբեջանական շահը և արդարացնել ադրբեջանական գործողությունները։ Ինչո՞ւ է նա անում քայլեր, որոնք նույնիսկ տարիներ հետո Հայաստանը չի կարողանալու շտկել»,- հավելեց Թագուհի Թովմասյանը։

Անդրադառնալով իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այն ձևակերպմանը, թե հո Տիգրան Մեծի ժամանակվա քարտեզներո՞վ չենք սահման որոշելու, Թագուհի Թովմասյանն ասաց, որ միշտ էլ կարելի է ցինիզմի հասնող ձևակերպումներ անել:

«Բայց պետք է հասկանալ, թե ինչի շուրջ է ընթանում դիսկուրսը. մինչդեռ խոսքը  ՀՀ սահմանի, տարածքի մասին է։ Նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարության մեջ որևէ բան չկար Սյունիքի սահմանների վերաբերյալ, և մեզ պետք է բավականին մեծ տարածք մնար։ Ստացվում է, որ կորցրեցինք ոչ միայն Արցախի մեծ մասը, այլև հիմա Սյունիքն ենք կորցնում։ Իսկ ԱԱԾ-ի այն հայտարարությունը, թե քաղաքացիները մոլորվել ու անցել են սահմանը՝ ուղղակի անհեթեթ հայտարարություն է, հետևաբար՝ ծաղրել ողջ հանրությանը և ասել՝ մոլորվել են, կարծում եմ՝ լավագույն լուծումը չէ։ Որպես ԱԱԾ՝ նրանք պարտավոր են ապահովել մեր անվտանգությունը, այլ ոչ թե արդարացնեն Ադրբեջանի գործողությունները»,- շեշտեց Թովմասյանը:

Տպել
Ամենաշատ