News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 25
Տեսնել լրահոսը


«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները սեպտեմբերի 24-ին բոյկոտել են ՀՀ ԱԺ արտահերթ նիստը։

Նիստի օրակարգում ընդամենը մեկ հարց է՝ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։

Կառավարության առաջարկած փաթեթը նախատեսում է համայնքների հերթական խոշորացում։

«Հայաստան» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, մասնավորապես, ասաց, որ իշխանությունը հերթական անգամ նենգափոխում է օրակարգը։

«Մենք կարծում ենք, որ Ազգային ժողովի քննարկումների օրակարգում ներառվել է հարց, որը չի համապատասխանում ոչ երկրի Սահմանադրությանը, ոչ Սահմանադրական դատարանի որոշումների պահանջներին։ Մենք սա համարում ենք ակնհայտ հանցագործություն, եւ դրա համար այս օրակարգի շրջանակում քննարկվող բոլոր հարցերն ըստ էության չեն կարող համարվել լեգիտիմ»,- ընդգծեց Մինասյանը՝ կոչ անելով նախագահին միջամտել գործընթացին։

Նա նաեւ ուշադրություն դարձրեց այն բանին, որ երկիրը շատ ավելի օրախնդիր հարցեր ունի՝ կապված անվտանգության ապահովման հետ։ «Արդեն անցել է 12 օր այն պահից, երբ մենք պահանջել ենք քննարկում անցկացնել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, արտաքին գործերի նախարարի, պաշտպանության նախարարի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների մասնակցությամբ։ Մինչդեռ, մենք տեսնում ենք, որ իրավիճակը սահմանին սրվում է նոր ուժով»,- ասաց խորհրդարանական խմբակցության քարտուղարը։

Մինասյանը նշեց նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների վերջերս արած հայտարարությունները՝ դրանք սպառնալից համարելով։

Իր հերթին, «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը միացավ Մինասյանի հայտարարությանը՝ ավելացնելով միայն, որ իշխանություններն այդ կերպ փորձում են լուծել իրենց կարեւոր խնդիրները։ Խոսքը, մասնավորապես, գյուղերի ղեկավարներին եւ քաղաքապետերին փոխելու մասին է, որոնք խիստ ընդդիմադիր են տրամադրված ներկա կառավարության հանդեպ։ Այսպիսով, ինչպես կարծում է Մամիջանյանը, նախագիծը պայմանավորված է բացառապես քաղաքական մոտիվներով։   

Հիշեցնենք, որ, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, սեպտեմբերի 24-ին խորհրդարանի արտահերթ նիստ կգումարվի՝ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների եւ լրացումների նախագծի քննարկման համար, որը պատգամավորները միանգամից կքննարկեն առաջին եւ երկրորդ ընթերցմամբ: Ըստ ներկայացված նախագծի՝ նախատեսվում է խոշորացնել Արագածոտնի 69 համայնք, Արարատում՝ 105, Արմավիրում՝ 82, Գեղարքունիքում՝ 62, Լոռիում՝ 43, Կոտայքում՝ 30, Շիրակում՝ 40, Վայոց ձորում՝ 5 եւ Տավուշի մարզում՝ 3 համայնք: Բացի այդ, Էրքենանց գյուղը նախատեսվում է ներառել Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում ընդգրկված բնակավայրերի ցանկում: Շատ փորձագետներ ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ իշխանությունները շտապում են փոխել վարչատարածքային բաժանումը` խոշորացված համայնքներում առաջիկա ընտրություններում գյուղական ընտրազանգվածի աջակցության շնորհիվ ավելի լավ արդյունքների հասնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ