News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 06
Տեսնել լրահոսը

«Լուսավոր Հայաստան»  կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը պատասխանել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում Իլհամ Ալիևի հնչեցրած ելույթին:

«Իմ պատասխանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում Իլհամ Ալիևի հնչեցրած ելույթին.

1939 թ. Կանադական ակումբում ունեցած ելույթում Ուինսթոն Չերչիլը հայտարարեց. «Ողջ աշխարհն այժմ մեզ է նայում, քանի որ մենք պաշտպանում ենք համամարդկային արժեքները»: Ես մտաբերեցի հենց այս խոսքերը, երբ լսեցի հարևան Ադրբեջանից մեր աշխարհ եկած հերթական բռնապետի ելույթը: Այո՛, այսօր ամբողջ աշխարհը նայում է ազատության փոքրիկ կղզյակին՝ ի դեմս Հայաստանի, որ գրեթե միայնակ է պայքարում ժամանակակից ֆաշիզմի՝ ХХI դարի շագանակագույն ժանտախտի դեմ՝ արտահայտված հանձինս Բաքվի և Անկարայի՝ վերածնված պանթուրքական ավտորիտար ռեժիմներով, որոնք հանուն սեփական նեղ կլանային-կոռուպցիոն նպատակների, պատրաստ են խախտել խաղաղությունն ու կայունությունը ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև ամբողջ աշխարհում: Ալիևը, առաջնորդվելով «պաշտպանվելու լավագույն միջոցը հարձակումն է» սկզբունքով, Հայաստանին մեղադրեց այն ամենի մեջ, ինչը հանդիսանում էր Բաքվի ռեժիմի հանցագործությունը:

Այնուամենայնիվ, ինչպես մեծն Դոստոևսկին է գրել, ամեն բան ունի իր սահմանը, որից անցնելը վտանգավոր է, որովհետև եթե անցնես, էլ չես կարող հետ դառնալ: Ալիևի ռեժիմն անցավ տվյալ սահմանը՝ ստեղծելով ահաբեկչության հովանավոր պետություն, ռազմական հանցագործ պետություն, ագրեսոր պետություն, միջազգային խաղաղության ու կայունության համար սպառնալիք հանդիսացող պետություն: Որքան էլ կրտսեր Ալիևն իր ելույթում ջանում էր ներկայացնել իր ընտանիքի կառուցած երկիրը՝ որպես առաջադեմ համաշխարհային հանրության մաս, Ադրբեջանը շարունակում է զբաղեցնել 129-րդ տեղը կոռուպցիայի ցուցանիշներով, ստվերային տնտեսության առումով՝ առաջին տեղերից մեկը, շարունակում է մնալ ավտորիտար պետությունների խմբում՝ ամեն տարի ավելի վատ ցուցանիշներ գրանցելով ժողովրդավարության և մամուլի ազատության սանդղակներում, ինչպես նաև մշտապես հայտնվելով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ միջազգային կառույցների զեկույցներում: Որքան էլ Ալիևը փորձում էր շեղել համաշխարհային հանրության ուշադրությունը մարդկության դեմ կատարված հանցագործություններից՝ իր ելույթի մեծ մասը նվիրելով համատեղ միջազգային զարգացմանը, Բաքվի ռեժիմի դիվանագիտական գործունեությունը մեկընդմիշտ արատավորված է «խավիարային» կոռուպցիայով, որի հետևում կանգնած են Իսլամական պետության տիպի ռազմական մեքենայի գործողությունները:

Ես կնշեմ ընդամենը մի քանի գործոններ, որոնց հիման վրա պետք է իրականացվի միջազգային հետաքննություն և միջազգային պատժամիջոցներ կիրառվեն Բաքվի հանցավոր ռեժիմի նկատմամբ՝

1. Արցախի և Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիան, որն ամբողջովին ոչնչացրեց խաղաղ բանակցությունները, խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում:

2. ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնական հոդվածների բազմաթիվ խախտումները:

3. Պատերազմական հանցագործությունները, որոնք իրականացվել են ինչպես 2016 թվականի Ապրիլյան պատերազմում, այնպես էլ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում՝ Արցախի խաղաղ հայ բնակչության, հայ ռազմագերիների նկատմամբ:

4. 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում արգելված զենքի օգտագործումը (ներառյալ կասետային ռումբերն ու քիմիական զենքի տարրերը), խաղաղ բնակչության, դպրոցների և հիվանդանոցների ռմբակոծությունները:

5. Սիրիայից ահաբեկիչների տեղափոխումն ու օգտագործումը:

6. Հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու ադրբեջանականացումը:

7. Արցախի և Հայաստանի դեմ անօրինական շրջափակումը, որն ուղղված է հայերի պատմական բնակության վայրի հայաթափությանը:

8. Հայերի դեմ ատելության քարոզումը, ինչպես Ադրբեջանի ներսում (ներառյալ երեխաների շրջանում), այնպես էլ դրա սահմաններից դուրս, և, ըստ էության, Օսմանյան Թուրքիայի ցեղասպան քաղաքականության շարունակությունը:

9. Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ մշտական ոտնձգությունները՝ արտահայտված ագրեսիվ հռետորաբանությամբ, պատմական ճշմարտության աղավաղմամբ, ատելության քարոզչությամբ, ինչպես նաև անմիջական ռազմական գործողություններով և ՀՀ ինքնիշխան սուվերեն սահմանների խախտմամբ:

10. Բաքվում «ռազմական ավարի պուրակի» բացումը՝ ի նշան Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության քարոզչության:

11. Ռազմագերիների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների, ձերբակալությունները, խոշտանգումներն ու սպանությունները:

12. Զոհված զինծառայողների և խաղաղ բնակիչների մարմինների պղծումը:

Եվ հանցագործությունների այս ցանկը կարող է երկար շարունակվել՝ նույնիսկ առանց հաշվի առնելու Ղարաբաղյան հակամարտության արմատական պատճառների, մասնավորապես` 20-րդ դարի վերջին Ադրբեջանական ԽՍՀ հայ բնակչության դեմ իրականացված ջարդերի, ցեղասպան քաղաքականության մասին պաշտոնական Բաքվի մշտական լռությունը: Համաշխարհային հանրությունը չի կարող մոռանալ Բաքվի և Սումգայիթի ջարդերը, ինչպես նաև իրականացված «Օղակ» օպերացիան:

Նաև կցանկանայի ընդգծել այն, թե ինչպիսի եռանդով էր ռազմական հանցագործ Ալիևը փորձում Հայաստանը ներկայացնել բացասական տեսանկյունից՝ ասես խուսափեր հանցագործությունների համար պատժից: Հայ ազգային հերոս Նժդեհին արատավորելու անընդհատ փորձերը չեն կարող պսակվել հաջողությամբ, քանի որ ողջ աշխարհն ավելի լավ գիտի պատմությունը, քան Ալիև կրտսերը: Կարծում եմ, որ հատկապես ռուս ժողովուրդը հիշում է Նժդեհի սխրանքների մասին: Լինելով Ռուսաստանի կայսերական բանակի սպա՝ Գարեգին Նժդեհը պարգևատրվել է Սուրբ Առաքյալներին հավասարազոր իշխան Վլադիմիրի Կայսերական Շքանշանով, Սուրբ Աննայի Կայսերական Շքանշանով, երկու անգամ Սուրբ Գեորգիի խաչով և Սուրբ Ստանիսլավի Շքանշանով: Այս բոլոր շքանշանները տրվել են հերոսին երիտթուրքական ֆաշիզմի դեմ քաջ մարտերի համար:

Բաքվի ռեժիմը պետք է իմանա, որ պատմությունը բազմիցս ցույց է տվել բռնակալների ճակատագիրը, ովքեր, ոգեշնչված հաղթանակներից և համաշխարհային հանրության լռությունից, կորցրել են թույլատրելի սահմանների զգացումը:

Այսպիսով, այս պատմությունը, ինչպես ասում էր մեծն Կլյուչևսկին, ոչինչ չի սովորեցնում, սակայն խստորեն պատժում է դասերի չիմացության համար»,- ասվում է Մարուքյանի պատասխանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ