
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը գրել է նոր գիրք՝ «Անկախություն՝ մեր երջանկություն», կիրակի հայտնել է կառավարության «Նեյտրալնի Թուրքմենստան» ռուսալեզու թերթը:
Պետության ղեկավարը պատմել է գրքի մասին Թուրքմենստանի խորհրդարանի ներքին պալատում, որը նա գլխավորում է:
Նախագահն ընդգծել է, որ անկախությունը հզոր հասկացություն է, որը ոչնչով չի չափվում: «Այդ բառի մեջ, որը ներառում է հսկայական իմաստ, ամփոփված են քաջ նախնիների՝ ազատության ու երջանիկ կյանքի մասին երազանքներն ու հույսերը, մեր փառավոր անցյալը, ներկան եւ սիրելի Հայրենիքի հզոր ապագան»,-թերթը մեջբերում է պետության առաջնորդի խոսքերը:
Բերդիմուխամեդովը նշել է, որ նոր գրքում նա ձգտում է բացահայտել ազգային արմատներն ու երկրի անկախության պատմությունը, ինչպես նաեւ փորձում է ներկայացնել ժամանակակից առանցքային խնդիրների լուծմամ գործում չեզոք պետության միջազգային իրավական կարգավիճակի դերը:
Նա հույս է հայտնել, որ նոր ստեղծագործությունը հետաքրքիր եւ օգտակար կլինի, ինչպես նաեւ կդառնա Թուրքմենստանի անկախության 30-ամյակի նվերը:
Թուրքմենստանի նախագահը մի շարք ստեղծագործությունների հեղինակ է, որոնք նվիրված են Թուրքմենստանի պատմությանը, թուրքմենական գործերին, ձիերին, երաժշտությանը, խոհանոցին, թեյին, ասացվածքներին եւ այլ թեմաներին: Նախագահի ստեղծագործությունների էլեկտրոնային գրադարանում, որը բացել է Թուրքմենստանի ԱԳՆ-ն, կա ավելի քան 60 գիրք, որոնցից շատերը թարգմանված են օտար լեզուներով: