News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը շարք է շարունակում է Արցախյան երկրորդ պատերազմի մասին՝վերականգնելով իրադարձությունների պաշտոնական եւ իրական ժամանակագրությունը՝ օր առ օր։ Շատ իրադարձություններ մնացել են ստվերում, շատ տեղեկություններ վստահաբար գաղտնիացվել են կամ թաքցվել, պատերազմի ընթացքում, առավել եւս աղետին հաջորդող ամիսներին կուտակվել են բազմաթիվ հարցականներ, որոնց գերակշիռ մեծամասնության պատասխանները մինչեւ օրս չեն հնչել. ինչու եւ ինչպես ընկավ Շուշին, ինչու էին իրարամերժ ճակատից ստացվող եւ պաշտոնական տեղեկությունները, ինչու էր վարչապետը հարցազրույցի ընթացքում վստահորեն պնդում, թե այդ պահին հայկական ուժերն անցել են հակահարձակման եւ ջարդում են հակառակորդի բանակի ողնաշարը, սակայն հետո պարզվեց, որ հարավային ուղղությամբ այդ գործողությունն էր հենց հետագա ռազմական անհաջողությունների գլխավոր պատճառը, եւ, իհարկե, ինչպես եղավ, որ պաշտոնական մակարդակով մինչեւ վերջին օրը պատերազմն իշխանությունը վարում էր «Հաղթելու ենք» խոստում-կարգախոսի  ներքո, եւ Շուշիի անկման ցնցումից ուշքի չեկած հանրությանը ժամեր անց ներկայացվեց պարտությունն արձանագրող նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։

44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը՝ հնարավորություն տալով ավելի սթափ հայացքով գնահատել պատերազմի ընթացքն ու իրադարձությունները։

44-օրյա պատերազմ.

Օր 2-րդ՝ սեպտեմբերի 28

Պատերազմի երկրորդ օրը Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնեց եւս 15 զինծառայողի զոհվելու մասին։ Առաջին օրը հաղորդվել էր 16 զոհվածի մասին: Օրվա երկրորդ կեսին ՊԲ-ն հայտնեց եւս 28 զոհվածի մասին։ Պատերազմի հետեւանքով զոհվածների ընդհանուր թիվը հաշվի առնելով՝այժմ պարզ է դառնում, որ այս տվյալները 7-8 անգամ նվազեցված են եղել։

Առավոտյան Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրեց, որ մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը։ Ըստ նրա՝ գիշերը շարունակված մարտական գործողություններում հայկական զորքերն ունեցել են նշանակալի հաջողություններ: Թե ինչ հաջողությունների մասին էր խոսում Հովհաննիսյանը՝ հայտնի չէ մինչեւ օրս։

Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ ՊԲ-ի ստորաբաժանումների ձեռնարկած հակագրոհի արդյունքում հակառակորդին պատճառվել է կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ, իսկ ՊԲ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր: Թերեւս պաշտպանության նախարարի բացակայության մասին լուրերի տարածումը կանխելու համար նախարարի խոսնակը հաղորդեց, որ Դավիթ Տոնոյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել, հանձնարարել քայլեր ձեռնարկել հակառակորդի զսպման, նախահարձակ գործողությունների կազմաքանդող հակազդման և պաշտպանական բանակին անհրաժեշտ աջակցության ցուցաբերման ուղղությամբ:

Պատերազմի առաջին օրվա կեսգիշերին կայացած ասուլիսում Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը հայտարարեց, որ բոլոր միջազգային հեղինակավոր կառույցները արձագանքել են իրավիճակին, ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, Եվրոպայի խորհուրդը, ՆԱՏՕ-ն հայտարարություն են ընդունել եւ հիմնական մեսիջն այն է, որ պետք է կասեցնել պատերազմական գործողությունները, վերադառնալ բանակցությունների եւ խաղաղ ճանապարհով լուծել հարցը: Բոլոր երկրների ու կառույցների արձագանքը եղել է խաղաղասիրական, բացի   Թուրքիայից, որը բացահայտ եւ ագրեսիվ  միակողմանի Ադրբեջանի օգտին է հանդես եկել: Ըստ Մայիլյանի՝ միջազգային հանրությունը ոչ միայն Ադրբեջանին պետք է զսպի, այլեւ Թուրքիային պետք է հեռու պահի գործընթացներից․«որովհետեւ այն էականորեն կարող է փոխել աշխարհաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում»:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքյան գրառմամբ շեշտեց, որ «Հաղթանակն անկասկած մերն է լինելու»: Նա հանդիպել էր կամավորական խմբերից մեկի տղաներին եւ նշել, որ «սա է մեր ժողովրդի անպարտ լինելու ֆենոմենը»:

Առավոտյան 9-ին մոտ Արցախի նախագահը եւս մեկ գրառում արեց՝ պնդելով, թե գիշերվա ընթացքում Պաշտպանության բանակն իրականացրել է մի քանի փայլուն ռազմագործողություններ՝ պաշտպանական բնագծի տարբեր հատվածներում վերականգնելով կորցրած դիրքերը կամ ունեցել որոշակի առաջխաղացում: «Մեկ անգամ ևս դիմում եմ բոլորիդ՝ հաղթանակի անվերապահ հավատով ու զգացումով: Անհնար է հաղթել մի ժողովրդի, որը ժամերի ընթացքում վերածվում է կուռ ու միասնական բանակի:Հաղթանակը մերն է լինելու»,– գրել էր Արայիկ Հարությունյանը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը գրեց, թե սողոսկում են լուրեր, որ ադրբեջանցիները դժգոհում են, որ Թուրքիայի օգնությամբ Ադրբեջան տեղափոխված վարձկանները շարիաթի օրենքներ են փորձում մտցնել իրենց կենցաղ, կոտրում են խանութները՝ արգելելով ալկոհոլ վաճառել, կանանց արգելում են տնից դուրս գալ առանց հիջաբի, թալանում են մարդկանց եւ այլն: «Ալիեւի հանցագործ արկածախնդրությունն այդ երկիրը պայթեցնելու է ներսից, շատ չմնաց»: Որտեղից էին այդ լուրերը սողոսկում, եւ «շատ չմնաց» ասելով Թեւոսյանը որքան ժամանակահատված նկատի ուներ, նույնպես մինչեւ այժմ հայտնի չէ։

Մինչեւ կեսօր անցկացրած ասուլիսում Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ հայկական կողմն Ադրբեջանից իրենց դիակները տարհանելու խնդրանք չի ստացել: «ՊԲ-ն տարածել էր տեսանյութ, որտեղ երեւում էին ադրբեջանական զորքերի զինծառայողների բազում դիակներ»,-ասել էր նա։ Մինչեւ այդ ՊՆ-ն հայտնել էր հակառակորդի մի քանի տասնյակ դիակների մասին։

Քիչ անց ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ  հրապարակեց, թե ինչպես է «հակառակորդը, մարդկային եւ զինտեխնիկայի մեծ կորուստներից սարսափած, այսօր ժամը 07:30-ի սահմաններում հարավարեւելյան ուղղությամբ կիրառել ծանր «ՏՕՍ» հրանետ»։ Ի դեպ, տեսանյութից ոչ մի կերպ չէր կարող երեւալ, որ հակառակորդն այդ զինատեսակը կիրառում է «մեծ կորուստներից սարսափած»։ Հիշեցնենք, որ պատերազմից հետո կայացած ասուլիսում գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն ասել էր, որ ռազմական գործողությունների ընթացքում չափազանցություններն ու տեղեկությունների շուրջ մանիպուլյացիաները թույլատրելի են մինչեւ 30 տոկոսի սահմանում, ոչ թե 100, ինչպես դա տեղի է ունեցել 44–օրյա պատերազմի ընթացքում։

«Երբ եւ որ դեպքում հայկական կողմը կկիրառի «Իսկանդեր» եւ «ՍՈՒ 30ՍՄ» կործանիչներ» հարցին ի պատասխան Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, թե չի կարծում, որ կոնկրետ զինատեսակի կիրառման հարցը տեղին է ընդհանրապես քննարկելը: Ըստ նրա՝ երբ անհրաժեշտ լինի, այն ժամանակ էլ կկիրառեն։ Նշենք, որ այդ ժամանակ հանրությանը դեռ հայտնի չէր, որ կործանիչները հրթիռներ չունեն, իսկ գերհզոր «Իսկանդերը» կիրառվեց պատերազմի ավարտին միայն՝ Շուշիում, եւ հայտնի չէ, թե ինչ տվեց այդ հարվածը հայկական կողմին։

Այս նույն ճեպազրույցում Հովհաննիսյանը կոչ արեց կապի դուրս չգալ զինծառայողների հետ, քանի որ հակառակորդն օգտագործելով կապուղիները կարողանում է թիրախավորել մեր զինծառայողներին։ Հիշեցնենք, որ այս կոչից որոշ ժամանակ անց էր վարչապետ Փաշինյանը «լայվ» մտել եւ սկսել հեռախոսակապով զրուցել առաջնագծի զինվորների հետ։

Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հայտարարեց, որ  Սիրիայից Թուրքիա տեղափոխած զինյալներն արդեն մասնակցում են ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում: «Վերջին շրջանում Թուրքիան Սիրիայից շուրջ 4000 զինյալ է տեղափոխել Ադրբեջան: Նրանք արդեն մասնակցում են նրանց կողմում»,- ասել էր դեսպանը:

Հայաստանի Ազգային ժողովը արտահերթ նիստ գումարեց, որի օրակարգում մեկ հարց էր՝ հայտարարություն «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ»: Նախաձեռնությունը ԱԺ բոլոր երեք խմբակցություններին էր:

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր Ֆեյսբուքյան էջում լուսանկարներ հրապարակեց ու տեղեկացրեց, թե այցելել է Ստեփանակերտում գտնվող մի քանի ապաստարաններ, որտեղ պատսպարվել են խաղաղ բնակիչները՝ կանայք, երեխաները, ծերերը։

Ավելի ոշ նա լուսանկարներ հրապարակեց  Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ իր այցից։  

Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակը տեսանյութ հրապարակեց, որտեղ ներկայացված են ադրբեջանական զինտեխնիկայի հերթական խոցումները:«ՊԲ ստորաբաժանումները առանձին հատվածներում հաջողությամբ իրականացնում են պատժիչ գործողություններ։ Մեր զինծառայողների մարտական ոգին բարձր է»,-գրել էր նա:

Պատերազմի երկրորդ օրվա ցերեկը արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց համոզմունք հայտնելով, որ  Ադրբեջանի ռազմական արկածախնդրությունը ձախողվելու է, եւ Ադրբեջանը պարտադրված է լինելու հրաժարվել ռազմական ճանապարհով հիմնախնդրի կարգավորման իր մտադրությունից ու Արցախի ժողովրդի հետ խոսելու ոչ թե հրանոթների լեզվով, այլ խաղաղ բանակցային սեղանի շուրջ։ Առանց մեկնաբանության։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Ֆեյսբուքում գրեց. «Հակառակ ադրբեջանական կողմի տարածող ակտիվ ապատեղեկատվությանը, նշեմ, որ առաջնագծում թշնամին ոչ մի հաջողություն չունի եւ «թուրքական ու ահաբեկչական տարբեր խմբավորումներից կազմված ադրբեջանական զորքն ամենուրեք հանդիպում է Պաշտպանության բանակի կոշտ ու կործանիչ հարվածներին»։ Առանց մեկնաբանության։

Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը հայտնեց, որ Թուրքիան եւ Իսրայելը Ադրբեջանին անընդհատ սպառազինություններ են մատակարարում, որի միակ ճանապարհը անցնում է Վրաստանի օդային տարածքով: «Հայաստանը պարտավոր է օգտագործել դիվանագիտական բոլոր հնարավորությունները, այդ թռիչքներն արգելելու»,– գրել էր նա: Հիշեցնենք, որ Վրաստանը հայտարարել էր, որ իր տարածքը փակել է զենքի մատակարարումների առաջ, բայց այդ արգելքը գործեց միայն Հայաստանի դեպքում։ Բացի այդ, Ադրբեջանին զենքի մատակարարման մասին հայտարարությունը պետք է որ պետական մակարդակով լիներ, ոչ թե մասնավոր անձի։

Սեպտեմբերի 26-ին տեսագրված եւ 2 օր անց հեռարձակված հարցազրույցում  վարչապետ Փաշինյանը պնդում էր, որ 2018-ին՝ Դուշանբեում, ոչ թե ինքն է Ադրբեջանի նախագահին խնդրանքով դիմել, այլ հակառակը։ Արցախի հարցով բանակցություններ վարելու լիազորություն  ունեցել է երկու անձ՝ ԱԳ   նախարարը, եւինքը։ «Եվս մեկ պաշտոնյա՝ ԱԱԾ տնօրենը, որոշակի դերակատարում է ունեցել ձեզ հայտնի օպերատիվ կապի ապահովման գործում՝ իմ եւ Ադրբեջանի նախագահի միջեւ»,– ասել էր նա՝ նկատի ունենալով 5 միլիարդ դոլարի դիմաց Արցախի շրջակա տարածքներից հրաժարվելու Բաքվի առաջարկը։

Ըստ Փաշինյանի, ինքը Երեւանի քաղաքապետի ընտրարշավում ունեցած ելույթներում փորձել է ուղղակի դիմել Ադրբեջանի ժողովրդին, Ալիեւն էլ խնդրել է ձեռնպահ մնալ այդ քայլերից, քանի որ վախենում էր՝ հեղափոխության ալիքը հասնի Ադրբեջան։ 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը լրագրողներին հայտնեվ, որ  Արցախի ճանաչման առաջարկների շուրջ  քննարկումները շարունակվում են, քննարկվում են եւ՛ ճանաչման եւ՛ փոխգործակցության համաձայնագրի տարբերակները: Հիշեցնենք, որ ՀՀ-ն մինչեւ օրս չի ճանաչել Արցախը որպես անկախ հանրապետություն, փոխգործակցության վերաբերյալ էլ նոր համաձայնագրեր չի կնքել։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողներից հայտարարեց, որ ամենակարեւոր դրսեւորումը պետության կողմից ռազմական դրություն հայտարարելն էր: «Եթե այդպիսի քայլեր արված լինեին 2016 թվականին, կարծում եմ՝ մենք այլ պատկեր կունենայինք»,- ասաց նա: Ակնհայտ է, որ Ա․Քոչարյանընկատիուներ, թե ավելի շահեկան է հայկական կողմի վիճակը 2016-ի համեմատ։ Իշխող խմբակցության ներկայացուցիչը նաեւ խոսեց մարտադաշտում տիրող դրությունից՝ նշելով, որ «հաջողություններ ենք արձանագրել Ասկերան-Մարտունի հատվածում. հակառակորդը տվել է մարդկային կորուստներ, տեխնիկայի կորուստներ։ Հաջողություններ ենք արձանագրել հարավային հատվածում՝ Ջեբրաիլի ուղղությամբ, որտեղ ունեցել էինք դիրքային կորուստներ, բայց այս պահին դիրքային կորուստների խնդիրը չէ»: Թե ինչն էր խնդիրն այդ դեպքում, պարզ չէ մինչեւ օրս։ Քոչարյանը նաեւ ասել էր, թե «լավ ենք անում, որ «Իսկանդերը» գործի չենք դնում»։ Ըստ նրա՝ քանի որ պատերազմը գնում է «նպաստավոր հունով, Արցախի ճանաչումը կարող է մի քանի օր սպասել»։ Առանցմեկնաբանության։

«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Միքայել Զոլյանը ԱԺ-ում հայտարարեց․«Մենք կհաղթենք, քանի որ պաշտպանում ենք մեր ազատությունը, անկախությունը եւ մեր ապագան: Մենք կհաղթենք, քանի որ ազատ ենք, ազնիվ եւ միասնական: Իսկ Ալիեւի ռեժիմի թուլությունն այն է, որ այն հիմնված է կոռուպցիայի, բռնության, ստի ու կեղծիքի վրա: Նա չունի աջակցություն նույնիսկ իր սեփական քաղաքացիների շրջանում»,- ընդգծեց պատգամավորը: Զոլյանը չհայտնեց, թե որտեղից իրեն Ալիեւի՝ իր քաղաքացիների աջակցությունը չունենալու տվյալը։

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հերթական ճեպազրույցում հայտարարեց, թե մարտերի  կիզակետում են Հյուսիսային եւ Հարավային ուղղությունները: «Այսօր առավոտյան Ադրբեջանը հրետանու միջոցների մեծաքանակ կիրառությամբ հարձակումներ է սկսել, որոնք հայկական ԶՈՒ-երը հաջողությամբ հետ են մղում՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ:

Հարավային ուղղությամբ բավականին լայնածավալ հարձակողական գործողությունները հետ են մղվել տանկային ստորաբաժանումներով եւ այդ ընթացքում Ադրբեջանի զինուժը կորցրել է եւս 10-11 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր: Հետ են շպրտվել ելման դիրքեր եւ այդ ուղղությամբ հիմա համեմատաբար հանգիստ է, ընթանում են թեթեւ մարտեր»:  Հիշեցնենք, որ հայկական ԶՈՒ-երը հիմնականում խնդիրներ են ունեցել հենց հարավային ուղղությունում։

Պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութ  հրապարակեց եւ գրեց․ «Հարավային ուղղությամբ հակառակորդի զրահատանկային լայնածավալ գրոհը կասեցված է»։

Հաղթական էյֆորիայի հերթական դրսեւորումն էր Արցախի նախագահի հերթական գրառումը․«Այսօր, քան երբեւէ հզոր ենք՝ մեր լեռների պես, իսկ թշնամին ամենուրեք տապալվում է մեր ոտքերի տակ: Հաղթանակը մերն է։ Հազարավոր կամավորականներ արդեն համալրել են Պաշտպանության բանակի շարքերը: Այն միասնությունն ու հավաքական կամքը, որ դրսեւորում են մեր հայրենակիցները, անկասելի են դարձնում մեր հաղթանակի ընթացքը», –հավաստիացրել էր նա:

Ավելի զուսպ էր Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը: Ճեպազրույցում նա տեղեկացրել էր, թր համառ մարտեր են ընթանում, որոշ տեղերում հայկական ուժերն իրենց դիրքերը վերականգնել են, ինչը նշանակում էր, որ որոշ տեղերում էլ չեն վերականգնել։ Երկրորդ օրվա դրությամբ   հակառակորդը կորցրել է 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա եւ 400-ից ավելի զինծառայող։  Ըստ նրա՝ նախնական տվյալներով, պաշտպանության բանակն ուներ 48 զոհված, 200-ից ավելի վիրավոր:

Արցախի ԱԺ խոսնակ Արթուր Թովմասյանը երեկոյան հայտարարեց, որ Պաշտպանության բանակը հաջողությամբ կասեցնում է Ադրբեջանի զինված ուժերի հարձակումները եւ պատրաստ է մարտական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք: Պարզ չէ՝ հայկական լսարանի՞, թե՞   ադրբեջանականի համար էր այս հայտարարությունը, հայտնի չէ նաեւ, թե ինչու էին այսքան համոզիչ կերպով հայ հանրությանը վստահեցնում հաղթական դրության մասին։

Հաղթական տրամադրությամբ հայրենակիցներին վարակելու հերթական փորձն արեց Արցախի նախագահը։ Ազատամարտիկների հետ հանդիպմանը Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ «2 օր է, հարյուրավոր տանկերով Օմարից մինչեւ Արաքս բոլոր ուղղություններով հարձակվել են, բայց հարյուրի հասնող տեխնիկա արդեն կորցրել են։  «Իրոք սա մեր վերջին եւ ամենապատասխանատու ճակատամարտն է։ Մի քանի օրում հակառակորդին պետք է ծնկի բերենք. դա հաջողվելու է մեզ, որովհետեւ ունենք ձեր նման հայրենակիցներ»,- ասել էր նա։

Քիչ անց էլ Հարությունյանն ասուլիս տվեց ու հայտարարեց, թե նման ստախոս իշխանության հետ, ինչպիսին Ադրբեջանում է, երկխոսությունը հնարավոր չէ:  Օրհասական կռվի մեջ գտնվող փոքր երկրի դեպքում հաղթանակի երեւի 100 տոկոսանոց վստահություն էր պետք այսպիսի կտրուկության համար։

Երեկոյան համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ երեւում էր, որ Նինոծմինդա-Բավրա անցակետում ջավախքցիներին թույլ չեն տալիս հումանիտար օգնությունը Հայաստան ուղարկել։ Նրանք փորձել են անվադողեր եւ սնունդ փոխանցել Արցախին, սակայն վրացի իրավապահները հավաքած հումանիտար օգնությունը թույլ չեն տալիս հասցնել սահման։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Յունուսով. Ուկրաինան Ադրբեջանին զենք է մատակարարել Հայաստանի հետ պատերազմի ժամանակ
Ադրբեջանը, համաձայնեցնելով Թուրքիայի և Մոլդովայի հետ, Կիևին մատակարարել է նաև Բայրաքթարներ և այլ...
Ամենաշատ