
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները համապատասխանում էին Եվրոպայի խորհրդի չափանիշներին: Այս մասին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ժամանակ իր ելույթում ասել է ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար Ջորջ Կատրուղալոսը։
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«Ստացվում է, որ արդյունքում խորհրդարանում ներկայացված չէր ընտրողների մոտ 25 տոկոսը»,-ասել է նա։
Նա նշել է, որ ընտրարշավի ընթացքում ազատությունն ապահովված էր:
«Քարոզարշավները լուսաբանվում էին պետական հեռուստատեսությամբ եւ արդյունավետ էին կազմակերպվում»,-հավելել է նա։
Կատրուղալոսը նաեւ նշել է, որ այս տարի Հայաստանում երկրորդ ժողովրդավարական ընտրություններն են անցկացվել 2018 թվականից ի վեր, եւ «դա լավատեսության առիթ է»։