News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հասարակությունը պատերազմից մեկ տարի անց, կարծում եմ, դասեր դեռ չի քաղել, բայց դասեր քաղողը պետք է լինի Զինված ուժերն ու գոնե այն մարդիկ, որոնք գիտակցում են, որ պետք է մարտի դաշտում հայտնվեն: Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, ազատամարտիկ, «ՈՄԱ» կառույցի ղեկավար Վովա Վարդանովը:

«Հիմա մի շատ սխալ արտահայտություն կա՝ բանակը չի պարտվել, բա ո՞վ է պատրվել, ասում են՝ դիվանագիտությունն է պարտվել, չեմ հասկանում՝ դա ասելիս փախչող զորքերի կազմում Արարատ Միրզոյանին ու Արմեն Գրիգորյանի՞ն են տեսել, ռազմաքաղաքական որոշումներ ընդունողներին տեսել ե՞ն: Զորնք է փախել, կամ լավ՝ հետ է նահանջել մինչեւ Իշխանաձոր՝ համարյա Բերձոր: Հետեւություն անողը պետք է ռեալ գնահատի կատարվածը, ինքնախաբեությամբ չզբաղվի:

Սխալն այն է եղել, որ բոլորս չենք գիտակցել՝ ինչ ձեւի բանակ ենք կառուցել: Ենթադրենք՝ ռուսական բանակը այն մոդելը, որը մենք վերցրել ենք, եւ որը մոտ 110 տարի առաջ է ձեւավորվել, ամենալավն է աշխարհում: Բայց չէ՞ որ Ռուսական կայսրության բանակի մոդելը ստեղծվել է Վլադիվոստոկից մինչեւ Վարշավա ընկած տարածության համար, նրանց փախչելը ետ նահանջելու նման է, քանի որ հսկայական տարածություն ունեն, իսկ մեր դեպքում անգամ 5 կմ նահանջը արդեն փախուստ է:  Այս նույն բանակը պարտվեց նաեւ 2016 թ-ի քառօրյա պատերազմի ժամանակ, այո՝ պարտվեց: Ադրբեջանական բանակն այդ ժամանակ դուրս եկավ Թալիշի դիրքեր, գրավեց դրանք, առաջխաղացում ունեցավ մինչեւ գյուղ, փորձեց անգամ այդտեղ ամրանալ, ու այդ ընթացքում անմիջապես սկսեց դիրքերում ամրաշինական աշխատանքներ կատարել, հատուկ նշանակության ստորաբաժանումների միջոցով գյուղ մտավ, բայց հետո հետ քաշվեց՝ կամ հարվածների, կամ ուղղակի ստացված հրամանի պատճառով, բայց այդ դիրքերն իրեն պահեց: Եթե իրենք իրենց առջեւ դրված խնդիները լուծել են, դու չես լուծել ու հանձնել ես օպերատիվ ուղղության վրա դուրս գալու հնարավորություն տվող դիրքերը, դա հաղթանակ է կոչվու՞մ: 2016թ. մենք նույն ձեւով ենք պարտվել, ինչպես վերջին պատերազմում: Եթե հող ես տալիս, դա պարտություն չի՞»,- նշեց Վարդանովը:

Նրա խոսքով՝ մեր դիվանագիտությունն այնքան անմակարդակ էր, որ մեզ գրեթե թողեց առանց դաշնակցի թուրքական դաշինքի առջեւ:

«Երբ Ռուսաստանը հասկացավ, որ պետք է թքած ունենա դիվանագիտական ռեվերանսների վրա, հասկացա, որ Հարավային Կովկասում իր դաշնակցին է կորցնում, սկսեց գործողությունների դիմել: Ոչ պակաս սխալ էր Իրանի մասով՝ վերջինի հետ դաշնակցային հարաբերությունները հո միանգամից հիմա չէի՞ն հաստատվելու՝ 1990-ականներից անկախ երկիր ենք, Իրանը խաղեր է տալիս, ասում՝ արի դաշնակցենք, դու դաշնակից չես դառնու՞մ, թե իբր՝ ռուսը չի թողնի, ամերիկացին չի թողնի, եւ այլն, չարեցինք, Եգիպտոսի, Սաուդիան Արաբիայի, Սիրիայի հետ հարաբերություններ չհաստատեցինք: Կարճ ասած, առաջին դեմքից մինչեւ շարքային զինվորը սխալները շարունակվում են, մեծ-մեծ խոսում ենք, գործ անել չգիտենք»,- նկատեց հետախույզը:

Վարդանովը համոզված է, որ հետագա սպառնալիքները զսպելու եւ ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու համար հիմա պետք է փոխվի բանակը:

«Ռուսական բանակի մոդելից հրաժարվել է պետք, մեր մոդելը պետք է ստեղծենք՝ մեր առանձնահատկությունները հաշվի առնելով: Ես ողջունեցի ՍՈՒ-30 ինքնաթիռների ձեռքբերումը, բայց ռազմական հին դոկտրինի պայմաններում դրանք գնվեցին, դա անիմաստ էր: Պետք է դոկտրինը փոխվեր, հարձակողական ուղղությունների վրա էր պետք աշխատել, ոչ թե միայն նախարարը հայտարարեր՝ նոր տարածքներ ենք գրավելու, է հո ասելո՞վ չի: Պարզվում է՝ մենք ոչ մի բան չենք փոխում, այլ միայն 5 հատ շատ սիրուն խաղալիք ենք առնում, եթե հարձակողական գործողություններ չես պատրաստում՝ զինվորից մինչեւ գլխավոր հրամանատար, դա իմաստ չունի: Ես միշտ ասել եմ՝ դեմ չեմ, որ զինվորներն ավելի լավ սնվեն, բայց ռեստորանային սնունդը հասցնել բանակ ու վերացնել դաշտային խոհանոցը, սխալ էր: Պետք էր բանակը պատրաստել հարձակողական գործողությունների համար, չարվեց, հիմա էլ դրա համար անհրաժեշտ ներուժը էապես քչացել է, չօգտվեցինք Նախիջեւանի՝ մեր ձեռքին փաստացի պատանդ լինելը, հիմա էլ դա չենք կարող անել: Ներկա իրավիճակն էլ է հնարավոր ինչ-որ կերպ ի օգուտ մեզ շրջել, եթե ամեն առումով փոքրից մեծ սկսենք փոխվել: Մեր գրպանին համապատասխան է պետք բանակը փոխել՝ առանց ավելորդ թիթիզությունների, պետք է կիրառական գիտելիքներ տրվեն բանակում»,- պնդում է Վարդանովը:

Տպել
Ամենաշատ