News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 21
Տեսնել լրահոսը


44–օրյա պատերազմում Ղազարյանները կորցրել են իրենց երկու որդիներին՝ Սամվելին եւ Նարեկին։

Սամվելը 2019թ.–ի հունիսին էր զորակոչվել, իսկ Նարեկը՝ 2020–ի օգոստոսին։ Նարեկը վիճակահանությանը չի մասնակցել, ասել է՝ Արցախում եմ ուզում ծառայել, եղբոր մոտ։ Մայրը պատմում է, որ Նարեկը քիթը կոտրել էր եւ հնարավոր էր, որ ծառայությունը 6 ամսով հետաձգվի, բայց պնդել էր, որ գնա։

Սամվելը Ջաբրայիլում էր ծառայում, Նարեկին իր դիմումի համաձայն, նույնպես Ջաբրայիլ են տարել, բայց մինչ այդ  համավարակով պայմանավորված, Ասկերանում ու Մարտունիում է եղել։ Եղբայրները մի քանի օր են հասցրել իրար հետ ծառայել ու Սամվելին դիրքեր են բարձրացրել, որից հետո էլ պատերազմը սկսվել է։ 

Պատերազմ սկսվելու լուրը իմանալուց մեկ ժամ անց Սամվելը մորն է զանգել։

«Ես հիվանդանոցում հերթապահության էի, զսպեցի ինձ, որ չզգա՝ լացում եմ, իրեն ուժ տվեցի, որ ամեն ինչ լավ է լինելու, պետք լինի ես որպես բուժքույր կգամ կհասնեմ քեզ։ Ասաց՝ էդ էր պակաս, երկու հերոս ունես, ինչի պետք է գաս»,– հիշում է մայրը։

Նարեկի հետ կապ հաստատել ծնողներին հաճախ չի հաջողվել։ Հիմնականում Սամվելն է տեղեկություն հաղորդել նրա մասին։

Եղբայրների այդքան սպասված հանդիպումը հոկտեմբերի 8–ի առավոտյան է եղել՝ պատերազմի 12-րդ օրը։ Տիկին Նուշիկի ականջներում մինչեւ հիմա որդիների  ուրախ ձայնն է, որ վերջապես իրար գտել են։ «Ինչ ուրախություն էր, որ երկու ախպեր միացել են, տոն էր իրենց համար, էդ օրը կյանքում չեմ մոռանա։ Նարեկն ասում էր՝ մամ, այ սրա համար էի ուզում ախպորս գտնեմ, ես իրենց ձայնը չեմ մոռանա երբեք»,-  արատասուքն աչքերին պատմում է տիկին Նուշիկը։ 

Սամվելը մոր հետ զրույցում հասցրել է պատմել, թե ինչպես է կռվում փոքր եղբայրը՝ Նարեկը։

«Ասում էր՝ «մամ, քո տղուն տեսնես՝ չես ճանաչի, առյուծ ա դարձել, չեմ կարողանում զենքը ձեռքից վերցնեմ, էդ պստոն ինձ չի ենթարկվում»։ Ուրախությանը չափ չկար, որ ախպերը մեծացել է, բայց վախենում էլ էր։ Ամբողջ նպատակն էն էր, որ Նարեկին հետ տանեն, որ իրեն բան չպատահի ու տուն հասնի, բայց չհաջողվեց»,– ասում է մայրը։

Տղաներից մեկին թեժ մարտերից հետ պահել չի հաջողվել նաեւ հորը՝ Գեղամին։

«Հոկտեմբերի 5-ից ես ՊՆ-ում դիմումներ էի գրում, որ իմ որդիներից մեկին հետ ուղարկեն, որովհետեւ օրենքով սահմանված է, որ եթե երկու եղբայր ռազմի դաշտում են, նրանցից մեկը 100 կմ  հեռու պետք է լինի այդտեղից, բայց գոնե մեկին չտվեցին։ Ես ասում էի՝ մեկին տվեցի հայրենիքին, գոնե մյուսին բերեք ինձ տվեք, որ տունս չքանդվի, իսկ հիմա իմ տունը դատարկ է, էն տունը, որը ես սիրո ու երջանկության  վրա էի կառուցել, ինձ համար դժոխք է դարձել, մտնում եմ իմ տուն՝ թունել է, մթություն, ես չէի ուզում էդպես լիներ, ես ուզում էի կյանքս շարունակվեր, ինչքան  էլ որ հիմա ես ուրախանամ, մեկ է՝ հոգուս խորքում դատարկ ա, տանս դուռը փակվեց»,– ասում է հայրը։

Սամվելի հետ վերջին զրույցը հոկտեմբերի 12–ին է եղել։ Մորն ասել է, որ երեկոյան իրեն չի զանգի, ընկերուհուն կզանգի, բայց նրա հետ կապվել այլեւս չի հաջողվել։ Հենց այդ գիշերը մայրը երազ է տեսել։

«Նարեկը եկավ գրկեց ինձ, հաջող արեց, անկողնու մեջ իրեն ծածկեցի, հետո տեսա, որ կողքն էլ Սամվելն է պառկած, ամբողջությամբ ծածկված, ու երազից վեր թռա, զգացել էի, որ տղաներս մահացել են»,– հիշում է մայրը։

Սամվելի եւ Նարեկի զոհվելու հստակ հանգամանքները ծնողները չգիտեն։ Որդիների աճյունները փնտրելու ընթացքում է հայրը  որոշ տեղեկություններ պարզել։ Նարեկը վերջին անգամ ծնողների հետ խոսել է հոկտեմբերի 9–ի երեկոյան ու տեղեկացրել, որ իրեն ապահով վայր են տանում։

«Փոքր տղայիս՝ Նարեկին, մյուս նորակոչիկների հետ ասել են, որ իբր տանում են ապահով վայր, բայց տարել են էն հատվածը, որտեղ վարձկաններն են եղել։ Զինակից ընկերներն են ինձ պատմել,  որ Նարեկը արյունաքամ է եղել, եւ էն մեքենան, որը եկել էր Հադրութի Վանք գյուղից վիրավորներին տեղափոխի, նստել է Վահան Իշխանյանը, որը սպա է ու փախել է»,– պատմում է հայրը։

Նարեկի աճյունը հայրը գտել է դեկտեմբերի 7-ին։ Նա հուղարկավորվել էր հենց Վանք գյուղում, իսկ Սամվելինը՝ հուլիսի 18-ին, Աբովյանի դիահերձարանում, որտեղ զոհված զինծառայողների աճյունները հատակին էին հայտնաբերել։

«Իմ տղեն էդտեղ ա եղել հոկտեմբերի 18-ից,  ուրիշի անվան տակ։ 10 ամիս փնտրելուց հետո, ես տղայիս գտել եմ իր դաջվածքի միջոցով, բայց մարմինն անճանաչելի էր։ Երկու տղաներիս էլ փակ եմ հուղարկավորել,  դրա համար էլ մինչեւ հիմա կարոտն ինձ խեղդում է, սպասում եմ, որ գալու են»,– ասում է հայրը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մհեր Գրիգորյանը մեկնել է Մոսկվա. Սպասվում է ՀՀ-Ադրբեջան-ՌԴ միջկառավարական հանձնաժողովի հերթական հանդիպումը
Դեռ երեկ լրագրողների հետ ճեպազրույցում փոխվարչապետը հայտնել էր, որ օրակարգում տարածաշրջանում տրանսպորտային ուղիների վերաբացման հարցերն...
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական գերությունից երեկ վերադարձածներին
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ միջնորդությամբ Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել հինգ գերի՝ Մելս Կարապետի Ամբարդյանը, Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանը, Ժորա...
ԵՄ զեկույց. Պատերազմի ժամանակ Թուրքիան Ադրբեջանին տրամադրել է ռազմական աջակցություն, հետախուզական տվյալներ և զենքեր
Զեկույցի այս և մի շարք այլ դրույթներ կարող էին օգտագործվել Հայաստանի կողմից, եթե մենք ունենայինք ազգային իշխանություն…
ԱՄՆ նախկին դեսպան Էվանսը համամիտ է Թաթոյանի հետ․ Սահմանների շուրջ ապառազմականացված գոտին լիովին արդարացված է այս պահին
Մեկ այլ գրառման մեջ Էվանսը նշում է, որ Հայաստանի օմբուդսմենը գործում է որպես իրական առաջնորդ…
Իմ եղբայրն էլ է զոհվել այս պատերազմում եւ ես ծնողների կողմից եմ այստեղ. Վարչապետի օգնական
Կառավարության շենքի դիմաց մեծաթիվ ոստիկաններ մի քանի շարքով կանգնել են աստիճաններին՝ փակելով կառավարության շենքի մուտքի դուռը...
Գերիները պետք է անհապաղ վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի. Սիրանուշ Սահակյան
Նա նշել է, որ ՀՀ պետական սահմանի հետ կապված հարցերը պետք է դիտարկվեն մարդու իրավունքների տեսանկյունից, որպեսզի դրանք երկրորդական պլան չմղեն...
Ամենաշատ