News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ուռուցքաբան-նյարդաբան  Լեւոն Հարությունյանն այն բժիշկներից է, որը 44-օրյա պատերազմի հենց սկզբից Արցախ է մեկնել, իր ջանքերն է ներդրել վիրավորներին փրկելու հարցում։

Նա NEWS.am-ի հետ զրույցում պատմում է, որ պատերազմի սկսելուն պես մեկնել է Ստեփանակերտ, հաշվի է առել նաեւ այն հանգամանքը, որ ինքը Արցախ է մեկնել նաեւ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։

«4-րդ օրը, երբ ռմբակոծություններն արդեն շատացել էին, արդեն հասկանալի էր, որ թուրքը չի խնայի հիվանդանոցը, հասկանալի դարձավ, որ պետք է բունկերում վիրահատել։ Բունկերն էլ ունի իր թերությունները, այնտեղ ֆիզիկապես ավելի դժվար է վիրահատելը, բայց այդ դժվարությունները միայն բժիշկներն էին զգում, ոչ թե վիրավորները»,- նշում է նա։

Բժիշկ Հարությունյանն Արցախյան առաջին պատերազմը 44-օրյա պատերազմի հետ համեմատելիս ասում է. «Տարբերությունն այս պատերազմի եւ այն պատերազմի այն էր, որ անցած պատերազմին օրինակ՝ մենք գիտեինք, որ հեսա սկսելու է «Մարտակերտի օպերացիան», գիտեինք՝ մոտավորապես ինչքան վիրավոր է լինելու։ Այս պատերազմում բավականին լայնամասշտաբ էր հարձակումները եւ վիրավորների քանակը կարող էին միանգամից 100-ի հասնել»։

Բժիշկը կիսվում է նաեւ պատերազմի ընթացքում իր տպավորություններով։ Նրան այդ օրերին զարմացրել է հայ երիտասարդների ամուր կամքն ու ոգեւորությունը. «Ես 2 օրով պետք է վերադառնայի Երեւան ու նորից գայի Արցախ։ Մոտեցա ռեամոբիլին, 4 երիտասարդ էին կանգնած էին, նրանք ինձ ասացին՝ դուք նստեք առաջը, վիրավոր պետք է տեղափոխենք։ Հետաքրքրվեցի՝ ով են իրենք. բժշկուհին ասաց, որ ինքը Նովոսիբիրսկում ռեանիմատոլոգ է աշխատում, հենց իմացել է պատերազմի մասին, եկել է կամավոր աշխատելու, մյուսը Պյատիգորսկում էր ապրում, փախել ծնողներից ու եկել էր Արցախ, մյուս տղան 18 տարեկան էր, որը կամավոր եկել էր օգնելու հիվանդներին։ Հիվանդը տխուր էր, մենք էլ արդեն Եղեգնաձորն անցել էինք, հետը խոսում էին՝ ի՞նչ անենք քո համար, որ դու ուրախանաս, կուզե՞ս քո համար երգենք, հիվանդն էլ համաձայնվեց ու երեխեքը մինչեւ Երեւան հայրենասիրական երգեր երգել։ Հիմա էլ ասում եմ ու հուզվում եմ»։

Լեւոն Հարությունյանը պատմում է, որ գլխի շրջանում վիրավորում ստացած զինծառայողներից մեկին տեղափոխել էին իրենց հիվանդանոց, ում նշանադրությունը հենց ԲԿ-ի բաժանմունքում էին նշել։

Բժիշկը Արցախում է մնացել մինչեւ պատերազմի ավարտը։

«Շատ տհաճ էր այդ հետ գալը, մենք պարտվել ենք ու հետ ենք գալիս։ Հիշվում է այն երեխաների վիճակը, որոնք մի քիչ ապաքինվելուց հետո նորից ուզում էին գնալ պատերազմ, որ պայքարեն, հիշում եմ այն կնոջը, որը մեզ հաց էր տալիս։ Թող չլինի պատերազմ, բայց թող լինի հայրենիք»,- ասում է բժիշկ Հարությունյանը։

 

Տպել
Ամենաշատ