News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել «ԷՐԱԶՄՈՒՍ+ PRINTEL»՝ «Փոփոխություն լսարանում. նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով» նախագծի ամփոփիչ համաժողովը, որին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: 

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Համաժողովին մասնակցել են նաև ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը և ԷՐԱԶՄՈՒՍ+ ծրագրի համակարգող Լանա Կառլովան:

Ամփոփիչ համաժողովին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ողջունել է ներկաներին, շնորհակալություն հայտնել հաջող համագործակցության համար և բարձր գնահատել նախագծի իրականացումը:

«Ծրագիրն ավելի արդյունավետ կլինի, եթե այն կիրառենք ամբողջ կրթական համակարգում՝ ներառելով հայաստանյան մյուս բուհերը ևս: Մենք հետևողական կլինենք օժանդակելու լավագույն փորձի հնարավորինս լայն տարածմանը. ծրագրին մասնակցած բուհերը կվերապատրաստեն մյուս բուհերի դասախոսներին»,- ասել է փոխնախարարը՝ հավելելով, որ արդեն իսկ վերապատրաստվել են շուրջ 1000 դասախոս: Ըստ Կարենի Թռչունյանի՝ նախագիծը կնպաստի նաև դասընթացներին ուսանողների ներգրավվածության բարձրացմանը:

PRINTEL նախագիծն իրականացվում է ԷՐԱԶՄՈՒՍ+  ծրագրի շրջանակում, և դրա նպատակն է բարձրագույն կրթության մեջ դասավանդման և ուսումնառության մեթոդների զարգացումը և նորարարությունը, ինչպես նաև դասավանդման գործընթացում նորագույն տեխնոլոգիաների ներդրումը։ Նախագիծն ուղղված է գործընկեր բուհերի դասախոսական կազմի դասավանդման նորարարական կարողությունների և հմտությունների զարգացմանը: Հայաստանյան բուհերից նախագծին մասնակցել են Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Վանաձորի պետական համալսարանը՝ շուրջ 50 դասախոսական կազմով: Նախագիծը համակարգում է Երևանի պետական համալսարանը:

Նախագծի շրջանակում տեղի են ունեցել  մի շարք վերապատրաստումներ և ճանաչողական այցեր եվրոպական գործընկեր համալսարաններում (Գրացի FHJ Կիրառական գիտությունների, Լյովենի կաթոլիկ, Բարսելոնայի,  Պորտոյի, Լինշոպինգի  համալսարաններ):

Վերապատրաստումներն իրականացվել են «Ակտիվ ուսուցման մեթոդները», «Խաղայնացումը որպես մեթոդ լսարանում տարբեր դասախոսությունների ժամանակ», «Շրջված դասարան», «Հիբրիդը և խառնված ուսուցումը» և այլ թեմաներով:

Տպել
Ամենաշատ