News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ անվերահսկելի միգրացիայի փորձերի պայմաններում մտադիր չէ «ներողություն խնդրել սահմանները պաշտպանելու համար»` նշելով, որ երկիրը դա անում է հարգելով մարդու իրավունքները, հաղորդում է AP-ն:

Հունաստանը խիստ քննադատության է ենթարկվել իրավապաշտպան խմբերի, միգրանտների եւ եվրոպացի որոշ պաշտոնյաների կողմից այն մեղադրանքների պատճառով, որ իր առափնյա պահպանությունն իրականացնում է, այսպես կոչված, հակահարվածներ՝ հունական տարածք ժամանող մարդկանց վտարումներ՝ թույլ չտալով, որպեսզի ապաստանի տրամադրման հայց ներկայացնեն։ Հունաստանի պաշտոնյաները բազմիցս հերքել են այդ մեղադրանքները:

Կիրիակոս Միցոտակիսի կառավարությունը կոշտ միջոցներ է ձեռնարկել միգրացիայի դեմ, հատկապես այն բանից հետո, երբ 2020 թվականի մարտին տեսավ մարդկանց բազմություն, ովքեր փորձում էին հատել Թուրքիայի հետ հյուսիսարեւելյան ցամաքային սահմանը, այն բանից հետո, երբ Թուրքիան հայտարարեց, որ Եվրամիության հետ իր սահմանները բաց են:

«Ես ներողություն չեմ խնդրում մեր սահմանները պաշտպանելու համար: Մենք չպետք է մոռանանք, որ դեռեւս 2020 թվականի մարտին Թուրքիան օգտագործեց միգրացիայի խնդիրը եւ ակտիվորեն խրախուսեց ու օգնեց տասնյակ հազարավոր մարդկանց, ովքեր փորձում էին հատել Հունաստանի սահմանը»,- ասել է Միցոտակիսը: «Մենք ասացինք՝ ոչ: Մենք պաշտպանեցինք մեր ցամաքային սահմանը: Մենք պաշտպանում ենք մեր ծովային սահմանը, բայց դա անում ենք մարդու իրավունքների լիակատար հարգանքով»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Հունաստանի մայրաքաղաքում Աթենքի ժողովրդավարության ֆորումի համաժողովին: «Ես ոչ մի հակասություն չեմ տեսնում մեր սահմաններն աչալուրջ պաշտպանելու եւ ծովերում նավակներ որսալու միջեւ՝ միանգամայն մարդասեր լինելու եւ հոգ տանելու այն մարդկանց մասին, ում կյանքին վտանգ է սպառնում»,- ասել է նա:

Միցոտակիսը նշել է, որ վերջին երկու տարվա ընթացքում Թուրքիայից հունական կղզիներ ժամանողների թիվը նվազել է մոտ 90%-ով, եւ Հունաստանը «խիստ շահագրգռված է համագործակցել Թուրքիայի հետ՝ միգրանտների անօրինական հոսքերը զսպելու եւ մաքսանենգության ցանցերն արմատախիլ անելու համար»:

Նրա խոսքով՝ ժամանումների նվազումը «նշան է այն բանի, որ մենք իրականում կոտրում ենք այս բիզնես-մոդելը: Սակայն Թուրքիան «կարող է ավելին անել այս ուղղությամբ»,- ասել է նա:

Նրա խոսքով, համաձայն պայմանագրի, մոտ 2000 մարդ, ովքեր այժմ գտնվում են հունական կղզիների ճամբարներում, կարող են վերադարձվել Թուրքիա: «Կարծում եմ, որ սա շատ լավ ցուցանիշ կլինի Թուրքիայի կողմից, որ նա իրականում ձգտում է բարելավել միգրացիայի հարցերում Եվրոպայի եւ Թուրքիայի միջեւ համագործակցության մակարդակը»: Հունաստանի վարչապետը նաեւ դատապարտել է միգրացիայի հարցում «եվրոպական համերաշխության բացակայությունը»: ԵՄ-ն չկարողացավ համաձայնության գալ միգրացիայի եւ ապաստանի վերաբերյալ համատեղ քաղաքականության շուրջ, քանի որ «որոշ երկրներ պարզապես կարծում են, որ դա ամենեւին իրենց խնդիրը չէ՝ ամբողջ բեռը դնելով առաջնագծի պետությունների վրա»,-ասել է Միցոտակիսը: «Սա անարդար է: Սա միայն փողի հարց չէ: Իհարկե, մենք Եվրոպայից գումար ենք ստանում մեր օբյեկտների կառուցման համար, բայց իսկապես պետք է մեծ համերաշխություն տեսնել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ