News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամմադ Փաքպուրը նախազգուշացրել է հարեւաններին, որպեսզի նրանք թույլ չտան «սիոնիստական ռեժիմին օգտագործել իրենց երկիրը որպես ապաստան»՝ հայտարարելով, որ «հարեւան կառավարություններն ավելի լավ գիտեն, թե ինչու է Իրանը զորավարժություններ անցկացնում սահմանային շրջաններում»:

Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետությունը ոչ մի դեպքում չի հանդուրժի իր հարեւանների տարածքների վերածումը «սիոնիստական ռեժիմի ներկայության եւ գործունեության ապահով ապաստանի ու բազայի»:

Ինչպես նշում է Tasnim-ը, չնշելով Ադրբեջանին, որի նախագահը մտահոգություն է հայտնել ընդհանուր սահմանի մոտ իրանական զորավարժությունների վերաբերյալ, ԻՀՊԿ գեներալն ասել է. «Մենք չենք կարող համաձայնել այն բանի հետ, որ որոշ երկրներ, գտնվելով երրորդ երկրների ազդեցության տակ, սադրիչ մեկնաբանություններ են արել Իսլամական Հանրապետության ռազմական պատրաստականության բարձրացման վերաբերյալ։ Հարեւան կառավարությունները որեւէ մեկից ավելի լավ գիտեն Իրանի զորավարժությունների պատճառների մասին»,- հավելել է նա:

Փակպուրը, քննադատելով Ադրբեջանին, որը Իսրայելի մարտական անօդաչու թռչող սարքերն օգտագործել է Հայաստանի հետ վերջին պատերազմի ժամանակ, ասել է, որ Իրանի հարեւանները պետք է թույլ չտան, որ նման «սիոնիստական ռեժիմը իրենց երկիրն օգտագործի չար ու հանցավոր նպատակների համար»: «Կասկած չկա, որ սիոնիստական ռեժիմը օգնում եւ աջակցում է տարածաշրջանի որոշ երկրներին՝ մահմեդական երկրների միջեւ տարաձայնություններ ստեղծելու համար»,- ասել է նա:

Նա նախազգուշացրել է, որ երկրների միջազգային սահմաններին ցանկացած խնդիր անպայման նոր հակամարտություններ եւ լարվածություն կառաջացնի, հատկապես, եթե նման խնդիրները ստեղծվեն իսրայելական ռեժիմի նպատակներին ծառայեցնելու համար: «Մենք երբեք թույլ չենք տա հարեւան երկրին նման խնդիրների ստեղծման եւ տարածման համար աղբյուր եւ բազա դառնալ»,- ընդգծել է նա:

Հարեւան պետությունների սահմանների ցանկացած փոփոխություն կանխելուն ուղղված ջանքերը Իսլամական Հանրապետության առաջնահերթ քաղաքականություն անվանելով՝ հրամանատարը նշել է. «Մենք կարծում ենք, որ տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն խաթարում է մեր ներքին անվտանգությունը, եւ դա միշտ համարել ենք կարմիր գիծ: Ուստի, բնական է, որ մենք սրա հանդեպ անտարբեր չենք մնա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ