News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Դավիթ Գալստյանին կալանավորելու միջնորդության հարցով որոշում կայացնելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Արմեն Հարությունյանը:

Պաշտպանը հայտնել է, որ բավական մանրակրկիտ դատաքննություն է իրականացվել, իրենք էլ իրենց դիրքորոշումը, որքանով հնարավոր էր կարճ ժամանակում, ներկայացրել են:

«Հաշվի առնելով, որ հասցնելու, գործի նյութերին ծանոթանալու հարցում ժամանակային խնդիր կար, դատարանը ժամանակ տրամադրեց պաշտպանական կողմին, որպեսզի մեր գործառույթներն իրականացնենք: Սպասենք, տեսնենք՝ ինչ որոշում կկայացվի»,- նշեց պաշտպանը:

Փաստաբանի խոսքով՝ Դավիթ Գալստյանին ներկայացված մեղադրանքը դեժավյու է հիշեցնում՝ նախորդի նման, պնդում է, անհիմն մեղադրանք է ներկայացված՝ հիմնված միայն ենթադրությունների վրա:

«Իհարկե, նախորդ գործի հետ այս մեղադրանքը որևէ կապ չունի, նոր ապրանքների է վերաբերում: Հայտարարում ենք, որ նման փաստ առկա չէ՝ անորակ որեւէ ապրանք չի մատակարարվել ՊՆ-ին, ինչ պահանջվել է, դա էլ մատակարարվել է, ժամկետների լրանալու վերաբերյալ տեղեկությունները հիմնավոր չեն: Հաշվի առնելով, որ պետական գաղտնիքի հետ գործ ունենք, շատ մանրամասներ չեմ կարող ներկայացնել. կգա ժամանակը, որ այս անգամ եւս կհիմնավորվի, որ այդ մեղադրանքները բացարձակապես հիմնավոր չեն»,- հայտնեց Հարությունյանը:

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և Հայաստանին զենք մատակարարող «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանը մեղադրվում են պետությունից շուրջ 2 միլիարդ դրամ հափշտակելու, կեղծիքներ ու հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեջ։ 

ԱԱԾ-ն երեկ Դավիթ Տոնոյանի, գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի, ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի բնակարաններում խուզարկություններ էր իրականացնում։ Խուզարկել են նույնիսկ Տոնոյանի մոր բնակարանը։ Թե ԱԱԾ–ում գործը հարուցվելուց ամիսներ անց քննիչներն այդ բնակարաններում ինչ էին ակնկալում գտնել, հայտնի չէ։ Մամուլում միայն լուրեր են շրջանառվում, որ իրավապահները փաստաթղթեր եւ գումար են փնտրել։ 

Դավիթ Տոնոյանն ու Դավիթ Գալստյանը երեկ ձերբակալվել էին, դատարանի որոշմամբ Տոնոյանն ազատ է արձակվել, իսկ Գալստյանը մինչև հիմա ձերբակալված է։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ