News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հայտնի բժիշկ, ռեանիմատոլոգ-անեսթեզիոլոգ Ամատունի Գնունին այն բժիշկներից է, որը 44-օրյա պատերազմի հենց սկզբից Արցախ է մեկնել, իր ջանքերը ներդրել վիրավորներին փրկելու հարցում։

«Հենց իմացա, որ պատերազմ է սկսվել, անմիջապես զանգահարեցի մեր ղեկավարին, իմացա, որ կազմավորվում է բժշկական բրիգադա, հասա «Էրեբունի» բժշկական կենտրոն եւ մեկնեցի Ղարաբաղ։ Ամեն ինչը գնդակոծվում էր, ամեն ինչը գտնվում էր օդային տագնապի պայմաններում, հնարավոր չէր աշխատել։ Այդ պատճառով ամեն ինչը տեղափոխվել էր բունկերներ»,- պատմում է բժիշկը։

Անատոլի Գնունին ասում է, որ այդպիսի մեծ քանակի եւ ծանրության վիրավորների չէր սպասում. «Վիրավորները հիմնականում բազմաբեկորային վնասվածքներով էին, դա նշանակում էր, որ ինչ մենք տեսել ենք առաջին պատերազմում, Քառօրյայի ժամանակ այլ էր, հիմա սցենարը փոխվել է, օգտագործում են ժամանակակից զենքեր»։

Բժշկի խոսքով՝ եղել են ծանր, հուզական պահեր. «Մի անգամ ավելի թեթեւ էինք, որոշեցինք սնվել, տեսանք փոքր երեխաների, հասկացանք, որ գնում է շատ մեծ էվակուացիա։ Այդ օդային տագնապի ձայնը, երեխաների դեմքերը, աչքերի արտահայտությունը, այդ ամեն ինչն այնքան ծանր էր, որ մենք չկարողացանք հաց ուտել եւ վերադարձանք հիվանդանոց։ Դա գերմարդկային զգացմունք էր։ Երբ ասում են 44-օրյա պատերազմ, ես առաջինը հիշում եմ այն օդային տագնապի ձայնը, որը մենք մշտապես լսում էինք Ստեփանակերտում»։

Անատոլի Գնունին այն բժիշկն է, որը վիրահատել է ֆրանսիացի լրագրող Ալլան Կավալին։ Հիշեցնենք, որ ֆրանսիացի լրագրողը վիրավորվել էր հոկտեմբերի 1-ին՝ Մարտակերտում։

«Վիրահատությունից հետո ես իրեն այցելեցի, նա նոր էր արթնացել, ասացի իրեն, որ հայ ազգն աթողում էր իր համար, որ ինքը փրկվի, Արցախի նախագահը եկել է իրեն այցելության, բայց ինքը քնած է եղել, Էմանուել Մակրոնն է զանգահարել, լրագրողը շատ զարմացած էր, ասում էր՝ չի կարող պատահել։ Ինքն էլ բավականին հուզված էր, ասում էր՝ անպայման վերադառնալու է Արցախ։ Տոպրակի մեջ դրեցի եւ կախեցի իր պարանոցից, ասացի՝ գիտեք, սա այն բեկորն է, որը ձեզ վնասել է, ուզում եմ այս բեկորը մնա ձեզ մոտ, որ միշտ հիշեք՝ ինչքան վատ բան է պատերազմը»,- պատմում է բժիշկ Գնունին։

Խոսելով զինվորների ոգու ամրության մասին՝ Անատոլի Գնունին ասում է՝ վիրավոր տղաները հերոսաբար ցավն իրենց մեջ էին պահում. «Իրենք չէին բողոքում, մամա չէին կանչում, չէին ասում՝ փրկեք, մեռա, հասեք. իրենք հերոսաբար, լուռումունջ սպասում էին, թե իրենց երբ են իրենց օգնելու, թեկուզ շատ ծանր ու բարդ վնասվածքներով էին, բայց իրենք՝ տղամարդավարի պահում էին ցավը։ Կուզեմ՝ խաղաղություն լինի, թեկուզ եթե պատերազմ լինի, կուզեմ, որ հաղթող լինենք։ Ուզում եմ, որ զինվորն առքուփառքով տուն վերադառնա»։

 

Տպել
Ամենաշատ