News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը շարունակում է շարքը Արցախյան երկրորդ պատերազմի մասին՝ վերականգնելով իրադարձությունների պաշտոնական եւ իրական ժամանակագրությունը՝ օր առ օր։ Շատ իրադարձություններ մնացել են ստվերում, շատ տեղեկություններ վստահաբար գաղտնիացվել են կամ թաքցվել, պատերազմի ընթացքում, առավել եւս աղետին հաջորդող ամիսներին կուտակվել են բազմաթիվ հարցականներ, որոնց գերակշիռ մեծամասնության պատասխանները մինչեւ օրս չեն հնչել. ինչու եւ ինչպես ընկավ Շուշին, ինչու էին իրարամերժ ճակատից ստացվող եւ պաշտոնական տեղեկությունները, ինչու էր վարչապետը հարցազրույցի ընթացքում վստահորեն պնդում, թե այդ պահին հայկական ուժերն անցել են հակահարձակման եւ ջարդում են հակառակորդի բանակի ողնաշարը, սակայն հետո պարզվեց, որ հարավային ուղղությամբ այդ գործողությունն էր հենց հետագա ռազմական անհաջողությունների գլխավոր պատճառը, եւ, իհարկե, ինչպես եղավ, որ պաշտոնական մակարդակով մինչեւ վերջին օրը պատերազմն իշխանությունը վարում էր «Հաղթելու ենք» խոստում-կարգախոսի  ներքո, եւ Շուշիի անկման ցնցումից ուշքի չեկած հանրությանը ժամեր անց ներկայացվեց պարտությունն արձանագրող նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։

44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը՝ հնարավորություն տալով ավելի սթափ հայացքով գնահատել պատերազմի ընթացքն ու իրադարձությունները։

44-օրյա պատերազմ.

Օր 11-րդ՝ հոկտեմբերի 7

Կեսգիշերն անց երգչուհի Սիրուշոն իր Instagram-ի Stories բաժնում, որտեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, կադրեր է հրապարակել՝ տեղեկացնելով, որ Լոս Անջելեսի իր մտերիմները 10 հազար քնապարկ են ուղարկում Հայաստան, 5 հազարն արդեն ճանապարհին են, հաջորդ հատվածը՝ շուտով։ 

Հիշեցնենք, որ Սիրուշոյի ամուսինը՝ 2-րդ նախագահի որդի Լեւոն Քոչարյանը, պատերազմի առաջին օրերից առաջնագծում էր։

Նշենք, որ ավելի ուշ մամուլում պարբերաբար հայտնվում էին ռեպորտաժներ Արցախի հասցեով ուղարկված պարագաների ու սննդամթերքի, պահեստներում մնալու, հարյուրավոր ավտոմեքենաների ճակատագրի անհայտ մնալու մասին։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը  հրապարակել է «Հայաստան»  համահայկական հիմնադրամի 70 միլիոն դոլար հավաքելու մասին լուսանկար եւ գրել. 

«Հաղթանակից հետո, մենք բոլորովին նոր ու շեն Արցախ պիտի ունենանք: Անկեղծ եմ ասում, բոլորից շատ շնորհակալ ենք։ Թող ոչ ոք չվիրավորվի իմ խոսքից, քանի որ Արցախը հավասարապես բոլորիս հայրենիքն է։ Բայց հաղթանակից հետո, հոգսերն էլ են շատ լինելու։ Ավերակները պետք է արագ վերականգնենք։ Հաղթանակից հետո, մենք բոլորովին նոր ու շեն Արցախ պիտի ունենանք»,- գրել է նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հատվածներ է հրապարակել BBC World News ծառայության հետ իր հարցազրույցից.

«Եվ Արցախը, այո՛, Հայաստան է, հայերի երկիր է, որովհետեւ միշտ այնտեղ բնակչության 80 եւ ավելի տոկոսը եղել են հայեր: Եվ այսօր էլ այդպես է: Եվ ի՞նչ պրոբլեմ կա սրա հետ: Իսկ Ադրբեջանն ուզում է, որ այնտեղ չապրեն հայեր: Դրա համար էլ այսօր՝ ահաբեկիչների աջակցությամբ, հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա: Եվ ի՞նչ է որևէ մեկն առաջարկում, որ Լեռնային Ղարաբաղի հայերն ասելու են, քանի որ դուք ահաբեկիչներ եք, ուրեմն մենք հրաժարվո՞ւմ ենք մեր արմատներից: Չի կարող լինել այդպիսի բան»,- գրում էր վարչապետը:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի ադրբեջանական հրթիռակոծումից հետո եւ գրել.

«Քոչվորն ինչ գիտի մշակույթն ինչ է, որ մշակույթի տունը պահպանի: Հիմա հասկանալի է, չէ՞, թե ինչ ծրագրեր ունեն Արցախի հետ կապված: Շուշիի այս շենքում տեղի է ունեցել Արցախի նախագահի երդմնակալության արարողությունը: Այստեղ է տեղի ունենալու նախագահական հաջորդ ընտրություններից հետո Արցախի նախագահի երդմնակալության արարողությունը: Չկասկածե՛ք»:

Հիշեցնենք, որ այդ ռմբակոծությունից զոհվեց 27 ոստիկան, շատերը վիրավորվեցին։ Իշխանությունը պաշտոնական հայտարարություն չարեց,  պատիվների մատուցմամբ հավաքական հուղարկավորություն չկազմակերպեց։ Փորձագետները աններելի սխալ են համարում Արցախ ուղարկված  ոստիկաններին մեկ կենտրոնում հավաքելով թշնամու կրակի տակ թողնելը։ Հետագայում տեսանյութեր հայտնվեցին, որտեղ բաց դաշտում ու անձրեւի տակ  ոստիկաններ էին կանգնած անորոշ առաջադրանքով։

ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է Ադրբեջանի գլխավոր դատախազության՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը հրթիռակոծելու մասին հայտարարության վերաբերյալ հարցմանը.

«Դա ադրբեջանական կողմի հերթական սուտն է, որը նախևառաջ նպատակ է հետապնդում արդարացնելու իր կողմից Արցախի և Հայաստանի խաղաղ բնակավայրերի շարունակական ռմբակոծումները: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության աշխատանքի նման գործելաոճը դատապարտելի է: Զավեշտալի է, որ մտացածին ահաբեկչական գործողութան մասին խոսում է մի երկիր, որը, հատկապես վերջին շրջանում, ամեն ինչ արել է Եվրոպայի էներգետիկ անվտանգության տեսակետից կարևորություն ունեցող այս տարածաշրջան օտարազգի վարձկան ահաբեկիչներ ներմուծելու ուղղությամբ»:

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրեց, որ դեպի Ջաբրայիլ (Մեխակավան) շարժվող հակառակորդը խոցվել է.

«Գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ (Ջեբրայիլ չհասած), սակայն հայկական զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են։ Առավոտյան 06:30-ին հերթական հրթիռահրետանային հարվածից հետո, մարտադաշտում թողնելով ևս 60 զոհ, ինչպես նաև 22 միավոր խոցված, մի քանի տասնյակ սարքին տեխնիկա, հակառակորդի գերհագեցած երեք բրիգադների մնացորդները խուճապահար դիմել են փախուստի։ Տեսագրությունն առկա է։ Հայկական ստորաբաժանումների դիպուկ կրակով քիչ առաջ հարավարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի վառելաքսուքային պահպանման խոշոր բազա։ Ճակատի տարբեր ուղղություններում ստեղծվել են հնարավորություններ հաջողությունները զարգացնելու համար»։

ՊՆ-ն խոսում էր հաջողություններից, մինչդեռ հայտնի էր, որ Ջաբրայիլի համար մարտերում հայկական կողմը, հայտնի հակահարձակողական ձախորդ գործողությունից հետո, կորուստներով նահանջել է, հակառակորդին թողնելով զինտեխնիկայի մեծ արսենալ։  

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, գրելով հակառակորդի սադարքների, կուտակումների մասին, կամա թե ակամա, բացահայտում է հայկական կողմի նահանջը.

«Շատ կարևոր. Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, չունենալով արդյունավետ հարձակողական գործողություններ վարելու բավարար կարողություններ, արդեն երկրորդ օրն է, սկսել են դիմել ակնհայտ սադրանքների: Մասնավորապես, արցախա-ադրբեջանական ռազմական գործողությունների հարավային ուղղությունում ադրբեջանական ստորաբաժանումները մեծաթիվ խմբերով կուտակվում են անմիջապես արցախա-իրանական սահմանի երկայնքով (Արաքս գետի երկայնքով) և փաստացիորեն պատսպարվելով այդ սահմանով, փորձում են առաջ շարժվել: Այդ մարտավարությամբ ադրբեջանական կողմը փորձում է հրահրել արցախյան կողմին կրակ բացել կամ հարվածներ հասցնել սահմանի երկայնքով՝ փաստացի Իրանի ուղղությամբ: Չի բացառվում նաև, որ մարտական գործողությունների արդյունքում ադրբեջանական ստորաբաժանումները, այլընտրանք չունենալով, նահանջեն կամ փախչեն իրանական տարածք: Այս ամենից խուսափելու համար, կարծում ենք, իրանական կողմը, որն անշուշտ տեսնում է այդ ամենը, պետք է կանխի կամ պարտադրի ձեռնպահ մնալ այդպիսի կուտակումներից»։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը, սակայն, իրականությունը խոստովանելու ցանկություն չուներ.

«Թշնամու ահաբեկչական բանակն այս պահին անխնա ոչնչացվում է։ Փա ՛ռք Հայոց Բանակին»,- գրում էր նա։

Նահանջը ոչ միայն չէին խոստովանում, այլեւ հակառակորդի ձախորդությունենրի մասին պնդումները շարունակում էին Պաշտպանության բանակի մամուլի պատասխանատուները.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությանը հաջորդած հարաբերական անդորրը հակառակորդն օգտագործել է վերախմբավորում կատարելու համար և անցել հարձակման ռազմաճակատի հյուսիսային և հարավային ուղղություններում: Հակառակորդի գործողությունները վտանգ են ներկայացրել նաև Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի համար:  ՊԲ մարտիկները հուժկու հակահարվածներով չեզոքացրել են ադրբեջանական զինուժի առաջխաղացման բոլոր փորձերը: Մարտերի ընթացքում ոչնչացվել է մեծաքանակ կենդանի ուժ, զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, այլ սպառազինություն և ռազմական տեխնիկա: ՊԲ ստորաբաժանումներին հաջողվել է նաև էապես բարելավել սեփական մարտակարգերը: Գիշերվա ընթացքում հակառակորդը առաջխաղացման փորձ է կատարել նաև հարավ-արևելյան ուղղությամբ: Հակառակորդի գրոհող ստորաբաժանումները ոչնչացվել են հրթիռահրետանային կրակով: Առավոտյան 06:30-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումների հերթական հրթիռահրետանային հարվածը հանգեցրել է հակառակորդի խմբավորման բարոյալքմանը և խուճապահար փախուստին: Հակառակորդը մարտադաշտում է թողել ավելի քան 60 զոհ, մի քանի տասնյակ խոցված և սարքին տեխնիկա: Խոցվել է նաև հակառակորդի վառելիքաքսուկային նյութերի խոշոր պահեստ: ՊԲ-ն վստահորեն տիրապետում է օպերատիվ-մարտավարական իրադրությանը և պատրաստ է իրավիճակի ցանկացած զարգացման»:

Իրականում, այդ պահին արդեն հարավում հակառակորդը մխրճվել էր հայկական բնագծերի խորքը։

Հետ չմնաց Արծրուն Հովհաննիսյանը.

«Արցախում հայկական ստորաբաժանումները թշնամու 3 բրիգադ են ոչնչացրել։ Երեք Բրիգադ, հասկացողը լավ գիտի՝ դա ինչ է։ Փառք հայոց բանակին»:

Հաղթանակի նորանոր հույսեր ներշնչող եւ միայն լավատեսական սպասումներ առաջացնող տրամադրությամբ էր վարակում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի գրառումներից հերթականը.

«Ինչ-որ բան ինձ հուշում է, որ շուտով էլի լավ լուր կլինի»։

Ինչ լավ լուրերի էր սպասում Ալեն Սիմոնյանը, մինչեւ օրս հայտնի չէ։

Արցախյան ճակատի հարավում մարտական գործողության ժամանակ վիրավորվեց Մեղրիի հանայնքապետ Մխիթար Զաքարյանը. Համայնքապետարանի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանն իր էջում գրեցhttps://news.am/arm/news/606504.html.

«Քիչ առաջ եմ խոսել Մեղրի համայնքի ղեկավարի հետ։ 4 ժամ տևած վիրահատությունը (ուսից֊արմունկ՝ ոսկրային) ավարտվել է։ Իրեն արդեն լավ էր զգում և ամուր։ Կարևոր ընդգծում. համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը վիրավորումը ստացել է ոչ թե Մեղրիի դիրքերում, այլ Արցախի հարավում։ Մեղրիում իրավիճակը հանգիստ է»:

Հիշեցնենք, որ Մ.Զաքարյանն արդեն մի քանի ամիս կալանավորված է, նա «Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավոր է ընտրվել։

Լրատվամիջոցներով տարածվեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի հերթական հաղթական գրառումը.

«Ադրբեջանի թիվ մեկ ահաբեկիչը լավ կաներ օր առաջ լքեր Բաքուն, քանի դեռ չի արժանացել իր ժողովրդի դատ ու դատաստանին»։

Արցախի պաշտպանության նախարարությունը տեսանյութ հրապարակեց, որտեղ երեւում են, ըստ հաղորդագրության, ադրբեջանական ոչնչացված նավթամթերքի բազան և Ջաբրայիլից փախուստի դիմող ստորաբաժանումները։

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը լուսանկարներ հրապարակեց ու գրեց.

«Հակառակորդի մուտքը դժոխք, մեր դիպուկ հարվածներն ու նրանց անփառունակ ելքը․․․ և այսպես շարունակ։ Վստահեցնում ենք, որ տեսագրությունն առկա է։ Այն կհրապարակվի համապատասխան պահին»։

Արցախի Պաշտպանության բանակը հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհված եւս 40 զոհված մարտիկների անուններ։

Շուշան Ստեփանյանի նոր գրառումը.

«Հակառակորդի հերթական վառելիքաքսուքային խոշոր բազան օդ հանվեց․․․ շարունակելի»։

ՊՆ խոսնակը նաեւ տեսանյութ տարածեց, որը վերնագրել էր.

«Հարավարևելյան ուղղությամբ հակառակորդի խոցված վառելիքաքսուքային պահպանման խոշոր բազան»։

Արցախի նախագահի մամուլի խոսնակի հաջորդ գրառումից այլ հետեւություն հնարավոր չէր անել, քան որ հաղթանակն արդեն սարերի հետեւում չէ.

«Գրեթե բան չմնաց. ասկյար-ահաբեկիչներն անօդաչուներից ավելի արագ են փախչում»։

Ավելի վաղ Վահրամ Պողոսյանը գրել էր. «Ադրբեջանի թիվ մեկ ահաբեկիչը լավ կաներ օր առաջ լքեր Բաքուն, քանի դեռ չի արժանացել իր ժողովրդի դատ ու դատաստանին»։

Արծրուն Հովհաննիսյանից եւս մեկ հաղթական գրառում.

«Ինչպես արդեն ավելի վաղ հաղորդել էինք, երեկ օրվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումները շարունակել են ջախջախիչ հարվածներ հասցնել հակառակորդին՝ էապես բարելավելով դիրքերը: Մասնավորապես երեկ՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման և «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի ակտիվ մասնակցությամբ, հյուսիսային ուղղությամբ կազմակերպվել է հակագրոհ և հետ է վերադարձվել Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը»:

Նշենք, որ այդ բարձունքը գրավելու համար մի խումբ դաշնակցական կամավորականներ էին զոհվել։

Պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է դիտարկել «Լեռնային Ղարաբաղի հարակից որոշ տարածքներ զիջելու հնարավորությունը, որոնք այժմ վերահսկվում են հայերի կողմից». վարչապետ Նիկոլ Փաշինյանը BBC World News հեռուստաալիքին հայտարարեց.

«Մենք պատրաստ ենք կոմպրոմիսի. բանակցային ողջ գործընթացի պատմության ընթացքում այդ գաղափարները քննարկվել են: Այդ գաղափարները քննարկվել են 2013 թվականին, 2015 թվականին, դրանից առաջ: Այդ գաղափարները կյանքի չեն կոչվել մի պարզ պատճառով. Ադրբեջանը հրաժարվել է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»:

BBC World News-ի դիտարկմանը, թե համաձայն միջազգային իրավունքի, ըստ գործող միջազգային օրենքների՝ ավելի քան 25 տարի Հայաստանը անօրինական կերպով զբաղեցնում է Լեռնային Ղարաբաղը և հարակից տարածքները, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Չկա այդպիսի բան: Ի՞նչ է դա նշանակում»։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողը ողբերգություն է անվանել.  «Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերջնական լուծմանը դեռ երկար ճանապարհ կա, բայց կրակը պետք է անհապաղ դադարեցվի»,- ասել է նա: Ռուսաստանի ղեկավարի խոսքով` Հայաստանի ղեկավարությունը Ռուսաստանին հարցեր չունի դաշնակցային պարտավորությունների կատարման հետ կապված:

Արցախի նախագահի մամուլի խոսնակը հետզհետե էլ ավելի ոգեւորիչ գրառումներ էր անում.

«Զորքի ոգևորության ալիքը գնալով «անկառավարելի» է դառնում։ Պաշտպանության բանակը շարունակում է փայլուն կատարել իր առջև դրված մարտական խնդիրը։ Թշնամու գրեթե կազմալուծված զորամիավորումները խուճապից կորցրել են իրավիճակի կառավարումը և կրակում են միմյանց վրա»,-գրում էր Վահրամ Պողոսյանը։

Անդրադառնալով Ջաբրայիլում «փախուստի դիմող» ստորաբաժանումների վերաբերյալ ՊՆ հաղորդագրությանը, Արծրուն Հովհաննիսյանը գրեց.

«Հակառակորդը փորձում էր զարգացնել հարձակումը,  բայց էսօր գլխովին ջախջախվել է, դուրս է շպրտվել իր հարձակողական բնագծերից։ Մեր ԶՈՒ-երը շարունակում են իրենց ազատագրական հաջողությունների շղթան, սա մեզ համար չափազանց կարևոր  ու ոգևորիչ է, բայց ծանր պատերազմ է, իրավիճակներ կան, որ կարող են մեծ հաջողություններ լինել, իրավիճակներ կան, որ կարող են դժվարություններ, նահանջումներ, թևանցումներ,  շրջանցումներ լինեն,   բայց հաղթանակաը մերն  է լինելու  և մեր Զինված ուժերը հստակ իրենց խնդիրը կատարում են։  Պաշտպանության բանակը հաջողություններ ունի նաև հյուսիսային ուղղությամբ՝ դիրքեր է ազատագրել, որոնց մասին րոպեներ առաջ հայտարարություն եղավ»։

Այդ ընթացքում Վահրամ Պողոսյանը չէր դադարեցնում հաղթական գրառումները.

«Ինչին և սպասում էինք. բոլորն այս պահին ուզում են առաջնագիծ շտապել, հաղթանակի բերկրանքը միասին վայելելու համար։ Բայց դրա կարիքն ընդհանրապես չկա։ Տղերքի երազանքն ավելի ուշ կկատարվի։ Հազար փա ՛ ռք, հերոսական մեր ժողովրդին։ Այ այսպես ենք հաղթում», գրում էր Արցախի նախագահի խոսնակը։

«Այ այսպես» ասելով ինչ նկատի ուներ Վ.Պողոսյանը, հայտնի չէ։

Այդ ընթացքում նոր հաղորդագրություն տարածվեց Կրեմլից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասում էր, որ Ռուսաստանը կոչ է անում հնարավորինս շուտ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում.

«Բայց, ամեն դեպքում, մենք կոչ ենք անում, եւ ես ուզում եմ եւս մեկ անգամ ասել, հրադադարի կոչ ենք անում, եւ դա պետք է արվի հնարավորինս շուտ», շեշտում էր Վլադիմիր Պուտինը։ Դաշնության նախագահը նշում էր, որ մշտական ​​կապի մեջ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ` Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված, հիշեցնում, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ Ռուսաստանը որոշակի պարտավորություններ ունի երկրի նկատմամբ:

«Ինչպես գիտեք, ես անընդհատ աշխատանքային կապի մեջ եմ Հայաստանի վարչապետի հետ, եւ Հայաստանի ղեկավարությունը ոչ մի հարց չունի Ռուսաստանի դաշնակցային պարտավորությունների կատարման որակի վերաբերյալ։ Մարդիկ են զոհվում, երկու կողմից մեծ կորուստներ կան, եւ մենք հույս ունենք, որ ամենամոտ ժամանակում այս հակամարտությունը դադարելու է։ Բայց դրա վերջնական պարպումը, ըստ ամենայնի, դեռ շատ հեռու է»,- ասել էր Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ն այն օրն էր, երբ Պուտինը հասել էր Իլհամ Ալիեւի հետ պատերազմի կասեցման համաձայնության, ինչին, ըստ լուրերի, չի համաձայնել հայկական կողմը։ 

Տարածաշրջանում ռազմական գործողությունների սկզբից ի վեր Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել եւ  քննարկել Լեռնային Ղարաբաղի շփման գծում առկա իրավիճակը:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Նախագահ Ալիեւը շնորհավորել է Ռուսաստանի նախագահին ծննդյան օրվա առթիվ: Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին։ Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը: Նախագահները մտքեր են փոխանակել ադրբեջանա-ռուսական հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ»,- նշվել է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել եւ գրառում արել.

«Երեք փխրուն աղջիկներ՝ Հասմիկ Հարությունյան, Ալինա Կարապետյան, Էսթեր Սահակյան»։

Լուսանկարում երեւում էր նաեւ Աշոտ Փաշինյանը, որը նախորդ կամավորագրվել էր։ Նշենք, որ լայն հանրությանը հայտնի չեն «փխրուն աղջիկները»։

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի գրառումը

«Հակառակորդը Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքում թողել է վեց դիակ։ Ներկա պահին մարտական գործողությունները արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակվում են»։

Իրանի նախագահ Հասան Ռոհանին խորը մտահոգություն հայտնեց ղարաբաղյան հակամարտության գոտում սրման կապակցությամբ` նշելով, որ այն չպետք է տարածաշրջանային պատերազմի վերածվի եւ նախազգուշացրեց  նրանց, ովքեր «բորբոքում են պատերազմի կրակը», որ այս պատերազմը ոչ ոքի օգուտ չի բերի: Նրա խոսքով՝ ոչինչ չի կարող լուծվել հակամարտությամբ եւ արյունահեղությամբ։

«Իրանն անընդունելի է համարում որոշ երկրների կողմից ահաբեկչական տարրերի տեղափոխումը Սիրիայից եւ այլ վայրերից այս տարածաշրջան: Մենք թույլ չենք տա, որպեսզի ահաբեկիչները մնան մեր սահմանների մոտ»,- ասել էր նա:

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը ճեպազրույցում հայտարարեց, որ Արցախն ամուր է, Ստեփանակերտը կա եւ կլինի, իսկ բոլոր արցախցիները վճռական են տրամադրված՝ պաշտպանելու Հայրենիքը:

«Լավ նորություններ կան: Հակառակորդը մեծ կորուստներ է կրում, եւ լայնամասշտաբ հարձակման փորձը ձախողվել է: Մեծ ստորաբաժանումները լիկվիդացված են: Ճիշտ է, հակառակորդը շարունակում է ահաբեկչական գործունեությունը: Մենք միշտ ասել ենք, որ Ադրբեջանն ահաբեկչական պետություն է, դա եւս մեկ անգամ հաստատվեց: Անցած գիշեր հակառակորդը հրետակոծել է Ստեփանակերտն ու մի շարք բնակավայրեր: Կան վիրավորներ եւ փլուզումներ: Սակայն կրկնում եմ՝ մեր ժողովուրդը վճռականորեն է տրամադրված եւ կպայքարի մինչեւ վերջ»,- ասել էր Դավիթ Բաբայանը:

Արցախի պաշտպանության բանակը հերթական տեսանյութը տարածեց, որտեղ ներկայացվածը, ըստ ՊԲ-ի՝  հակառակորդի խոշոր կուտակման ոչնչացումն էր Ջաբրայիլ մտնելու փորձի ժամանակ։

Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ներկայացրեց ադրբեջանական բանակի կենսական կարևորության նավթամթերքի հերթական մեծ պահեստի ոչնչացման տեսանյութը։

«Արցախի ՊԲ փայլուն իրականացրած գործողությունների արդյունքում ադրբեջանական բանակի կենսական կարևորության նավթամթերքի հերթական մեծ պահեստի ոչնչացումը»,-գրել էր նա ֆեյսբուքի իր էջում։

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հերթական ծաղրալի գրառումը.

«Նավթամթերքի բազայի կողքին զորանոց են պահում սրանք։ Զորանոցում ունեն մոտ 200 զոհ։ Ոչ մի գրամ սրանց համար իրենց զորքը արժեք չունի։ Պատերազմի 11-րդ օրն է»։

Ներքին թշնամիներ փնտրելու համար իշխանություններին մեղադրեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, որի գրառման մեջ նաեւ ահազանգ կար ռազմաճակատում տիրող իրական դրության վերաբերյալ.

«Համախմբումը չի կարող լինել միայն մի կողմի նախաձեռնությամբ։ Ա՛յ մանկամիտ անմեղսունակներ, գոնե հիմա ներքին թշնամի մի փնտրեք, գոնե հիմա լռե՛ք։ Բոլորին՝ ովքեր դեռ չեն գիտակցել՝ ինչ է կատարվում և ովքեր դեռ սահմաններից ներս թշնամիներ են փնտրում, որովհետև իրենք միայն թշնամացնել, պառակտել ու մթնոլորտ պղտորել են կարողանում, խորհուրդ եմ տալիս գնալ սահման. գուցե սթափվեն։ Վերջը հասկանալու ե՞ք ձեր պարտականությունները, պատասխանատվության չափը։ Լավ, վերջիվերջո, լրջանալու եք՞ դուք»,– գրել էր նա Ֆեյսբուքում։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը հայտարարեց, որ  պատերազմը կանգնեցվում է ոչ միայն դիվանագիտական միջանցքներով, այլեւ առաջին հերթին մեր ռազմական  հաջողություններով։

«Մեր Զինված ուժերն այժմ կատարում են իրենց առաջադրանքները եւ համոզված եմ, որ սա հանգեցնելու է նրան, որ պատերազմը կանգնեցվելու է եւ այնպիսի պայմաններով, որոնք ձեռնտու չեն լինի Ալիեւին եւ Էրդողանին»,– պնդում էր նա։

Արծրուն Հովհաննիսյանի հերթական գրառումից կարելի էր տպավորություն ստանալ, թե հարավային ճակատում ադրբեջանցի զինծառայողները փախչում են Իրան։

«Հայկական կողմը կոչով դիմել է Իրանին` թույլ չտալ ադրբեջանական ուժերին հատել սահմանային Արաքս գետը», ասել էր նա, հավելելով, որ իրանական կողմից կա պատասխան եւ` ոչ միայն քաղաքական հայտարարությունների տեսքով, բայց, հաշվի առնելով հարցի նրբությունը, չմանրամասնեց:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով` թշնամին փորձել է ուժ կուտակել Արաքսի հովտում եւ անցնել հարձակման, բայց մեր հետախուզությունը ժամանակին բացահայտել է հակառակորդի գործողությունները, եւ ճշգրիտ հրթիռային հարված  հասցրել:

Ըստ նրա՝ չեզոքացվել է լավ զինված երեք բրիգադ, ամբողջ խմբավորումը ոչնչացվել է:

«Հակառակորդը տասնյակ դիակներ եւ մեծ թվով զրահամեքենաներ է թողել մարտի դաշտում, այդ թվում` չվնասված: Եղել են նաեւ այլ դիպուկ հարվածներ, այդ թվում` նավթամթերքի բազայի ուղղությամբ: Դրա կողքին զորամասն էր, ոչնչացվել է հակառակորդի շուրջ 200 զինվոր: Հայկական ուժերը բարելավել են իրենց դիրքերը հյուսիսային ուղղությամբ: Մեր զինված ուժերը դժվարին մարտերում վստահ հաղթանակներ են տանում` չնայած նրան, որ հակառակորդը մեծ ուժեր է ներգրավում»,- ասում էր Հովհաննիսյանը:

Առանց մեկնաբանության։

Քիչ անց Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրեց.

«Խոցված նավթամթերքի պահեստի հետ օդ են բարձրացել մոտոհրաձգային գումարտակի, հրետանային դիվիզիոնի և հատուկ նշանակության ջոկատի ամբողջական ուժեր»։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը  լրագրողներին հայտարարեց, որ այն, ինչ ներկայացնում է ադրբեջանական քարոզչամեքենան արդեն 11 օր շարունակ, եւ որը ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, ստեղծել է անելանելի իրավիճակ Ալիեւի համար։

«Երեկ Ադրբեջանի խորհրդարանը քննարկում էր Մատաղիսի վերանվանման հարցը, մինչդեռ տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում ադրբեջանական ուժերի հետ Մատաղիսում։ Այսինքն նրանք ապրում են զուգահեռ երեւակայական աշխարհում։ Եթե այսօր իրենք լսեն կոչերը եւ դադարեցնեն ռազմական գործողությունները, համաձայնեն հետ վերցնել իրենց դիակները, ապա դա հսկայական խուճապ է առաջացնելու Ադրբեջանում եւ կարող է ճակատագրական դառնալ Իլհամ Ալիեւի համար»,-ասաց նա։

Այդ պահին ադրբեջանցիներն արդեն Մատաղիսում էին եւ ընթերցողներն իրենք կարող են հետեւություն անել, թե ով էր ապրում զուգահեռ, երեւակայական աշխարհում։ Ինչ վերաբերում է դիակներ հավաքելուն, ապա, ցավալիորեն, պատերազմից մեկ տարի անց էլ հայկական կողմն է դեռ որոնում ու գտնում իր զինծառայողների աճյունները (վերջինը 05.10.2021-ին էր՝ Ջաբրայիլում, երբ գտնվել էր 2 հայ զինծառայողի աճյուն)` NEWS.am։

Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Փաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Կողմերը նաեւ քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ կարեւորելով ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցումը:

Հազարավոր հայեր փակել էին Բրյուսելի կենտրոնական փողոցները՝ իրենց բողոքը հայտնելով ադրբեջանական ագրեսիայի, Թուրքիայի ներգրավվածության դեմ։ Ցույցին մասնակցում են ոչ միայն Բելգիայի հայերը, այլ նաև հայկական կազմակերպություններ Ֆրանսիայից, Գերմանիայից և Հոլանդիայից։ Այդ պահին Եվրոխորհրդարանում քննարկվում է իրավիճակը Արցախում։ Նրանք վանկարկում են «Հայաստան», «Արցախ»։ Ցուցարարների ձեռքին կային բազմաթիվ պաստառներ, որոնցով կոչ էին անում եւ պահանջում դադարեցնել ագրեսիան Արցախի ու Հայաստանի նկատմամբ։

Ավելի ուշ ոստիկանությունը ջրցան մեքենայով փորձել է ցրել Եվրամիության շենքի դիմաց հավաք կազմակերպած հարյուրավոր հայերի ցույցը։

Նոր գրառում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանից.

«Արցախի Պաշտպանության բանակը անընդհատ նոր ու ցավոտ կորուստներ է հասցնում թշնամու զորքերին, որոնց հարձակման նպատակը պարզ է ամբողջ աշխարհին: Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարություն կոչվող ահաբեկչական հանցախումբն ու նրան անթաքույց աջակցող Թուրքիան ամեն կերպ փորձում են ներխուժել Արցախի Հանրապետության տարածք՝ այն ամբողջությամբ օկուպացնելու եւ հայ ժողովրդին ֆիզիկապես բնաջնջելու նպատակով: Համոզված եմ, որ աշխարհում այլեւս չկա որեւէ մեկը, որ վերջնականապես չի համոզվել այս ճշմարտության մեջ։ Այդ հակամարդկային ոճրագործությունը կանխող ուժն այսօր մեր բանակն է, որը սխրանքներ է գործում մարտի դաշտում, ստիպում մեր թշնամուն հաշվի նստել իր իսկ ստեղծած առասպելների տապալման հետ։ Մեր զինվորները հերոսական պայքար են մղում մեր հողի ամեն սանտիմետրի համար: Իրենց նվիրումով են աչքի ընկնում մեր բոլոր հայրենակիցները՝ թե՛ Արցախում, թե՛ Մայր հայրենիքում, թե՛ Սփյուռքում: Անգամ այս հաղթական պահերին էլ չպետք է թուլացնել զգոնությունը, պետք է շարունակել գործել սթափ ու հստակ՝ որպես նպատակ մեր ազգային ձգտումների իրականացումն ունենալով: Ես վստահ եմ, որ մեր այս ազատամարտն ըստ արժանվույն է գնահատվելու մեր ժողովրդի ապագա բոլոր սերունդների կողմից: Վստահեցնում եմ, որ միասնաբար անելու ենք ամեն ինչ մեր համազգային իղձերն ու նպատակները իրականացնելու համար: Մեր միասնական սխրանքով եւս մեկ անգամ ապացուցում ենք, որ մեր ազատությունն ու անկախությունը սակարկելի չեն, եւս մեկ անգամ փաստեցինք, որ Արցախը հավերժ է:

Կեցցե՛ մեր բանակը,

Կեցցե՛ մեր ժողովուրդը,

Կեցցե՛ մեր ազգային միասնությունը»։

Առանց մեկնաբանության։

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված եւս 40 զինծառայողի անուն։

Պաշտպանության նախարարությունը հրապարակեց թշնամական զորքերի ոչնչացման եւ փախուստի հերթական կադրեր:

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի հերթական գրառումը.

«Այս օրը հայոց պատմության փառավոր հաղթանակներից մեկի օրն է. փառք Հայոց Բանակին»։

Փառավոր ասելով, Ա.Հովհաննիսյանը, թերեւս նկատի ուներ, նավթապահեստն ու զինանոցը օդ հանելու, ինչպես իրենք էին պնդում, 3 բրիգադի ենթադրյալ ոչնչացման իրենց տարածած պատմությունները։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի հերթական գրառումը.

«Հետախուզության տվյալներով՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը պայմանավործավություն է ձեռք բերել Աֆղանստանի Իսլամական կուսակցության առաջնորդ Գուլբեդդին Հիքմեթիյարի հետ Արցախի դեմ պատերազմում ահաբեկչական նոր խմբավորումների ներգրավման մասին: Ըստ աղբյուրի, վարձկան-ահաբեկիչներն առաջիկա օրերին կտեղափոխվեն Ադրբեջան: Եվս մի անհերքելի փաստ, որ թուրքական իշխանություններն ամենաբարձր մակարդակով տարածաշրջանը փորձում են վերածել ահաբեկչական որջի»:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանից եւս մեկ գրառում.

«Պաշտպանության բանակի հերթական փայլուն ռազմագործողությամբ ոչ միայն ազատագրվեց կորցրած դիրքերից մեկը, այլեւ հնարավոր դարձավ փրկել մեր դիրքապահ 19 զինծառայողների կյանքը, որոնք օրեր առաջ, քաջաբար դիմագրավելով թշնամուն, նահանջելու փոխարեն` ստիպված թաքնվել էին մոտակա անտառում` սպասելով մեր զորքի հակահարձակման իրականացմանը:

Ի դեպ, այդ օպերացիայի արդյունքում, թշնամին ունեցել է զինտեխնիկայի մեծ կորուստներ, իսկ մարտադաշտում թողնելով ավելի քան հարյուր զոհ արագ նահանջել է»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական Առաջին ալիքի հետ հարցազրույցում ասել է, որ «անկեղծ ասած, Ադրբեջանի հարձակումն անսպասելի չէր»։ Նրա կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղը գործնականում պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ եւ դա շատ բան է փոխում Լեռնային Ղարաբաղի հարցի համատեքստում:

Լրագրողն ասել է, որ զրուցակիցը եղել է Ստեփանակերտում, իր  աչքերով շատ բան է, հավանաբար, տեսել. «Այն մարտավարությունը, որ կիրառում է ադրբեջանական բանակը, որը, ամենայն հավանականությամբ, ուղղված է բարձր ճշգրտության զենքի կիրառմանը և հայկական բանակի նյութատեխնիկական մի հատվածի շարքից հանելուն: Ի՞նչ եք դուք հակադրում այդ մարտավարությանը»,– հարցրել է ռուսական Առաջին ալիքի լրագրողը։

«Լեռնային Ղարաբաղի բանակը դրան հակադրում է զինված ուժերի շարժունակությունը և կանխարգելիչ հարվածներ հասցնելը: Դեռևս դա վատ չի ստացվում: Բացի այդ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի զորքերը բավականին հաջող ոչնչացնում են այդ անօդաչուները», ասել է Նիկլ Փաշինյանը:

Ռուսաստանյան ՌԲԿ հեռուստակայանի հետ զրույցում էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 100 տոկոսով բացառեց Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելը։

«Եկեք փորձենք հասկանալ Իլհամ Ալիևի մտքերի ընթացքը։ Նա կարծում է, որ կռմբակոծի Ստեփանակերտը, և դրանից հետո ղարաբաղցիները կապրե՞ն Ադրբեջանի կազմում։ Այս մոտեցումը ևս մեկ անգամ ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող լինել և չի լինի Ադրբեջանի կազմում։ Դա արդեն իսկ բացառվում է։ 100 տոկոս: Եվ դա ապացուցվում է Ադրբեջանի գործողություններով», ասել է նա:

Ադրբեջանի՝ ռազմաճակատում ունեցած հաջողությունների, մասնավորապես՝ շփման գծում մի քանի գյուղեր գրավելու մասին հայտարարությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը նշում էր.

«Եթե հաշվի առնենք այն տեղեկատվությունը, որն ստացվում է այսօր վաղ առավոտից, կարող ենք ասել, որ ղարաբաղցի զորահրամանատարների մտահղացումն իրագործվել է․ նրանք հարավում մարտավարական քայլեր են ձեռնարկել՝ միջանցք են թողել և այնտեղ ծուղակի մեջ գցել Ադրբեջանի ռազմական կորպուսը։ Բառացիորեն այս վայրկյաններին այդ կորպուսն ստանում է ջախջախիչ հարվածներ։ Եվ ես կարծում եմ, որ սա կլինի ողջ գործողության առանցքային կետը։ Այս պահին, իմ տեղեկություններով, դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը։ Ղարաբաղցի, հայ զորահրամանատարները ծրագիր ունեին՝ հետ քաշվել Ջաբրայիլի ուղղությամբ և այնտեղ ներքաշել ադրբեջանական բանակի մեծ ուժեր։ Երեկ երեկոյան նրանք այնտեղ են մտել մեծ, շատ մեծ ուժերով, և այսօր առավոտից նրանց ջախջախիչ հարված է հասցվում, գործողությունը չափազանց հաջող է ընթանում։ Շատ կարևոր է, որ այնտեղ Ադրբեջանի կողմից մեծաքանակ տեխնիկա է մտել: Մեծ մասը ոչնչացված է կամ լքված փախչող ադրբեջանցիներից: Այնպես որ, կարծում եմ՝ այսօր արդեն ղարաբաղյան բանակի մոտ մեծաքանակ տեխնիկա կլինի»:

Ինչպես հետո հայտնի դարձավ, այս ամենը ճիշտ չէր։

ՌԲԿ-ի՝ Լեռնային Ղարաբաղը ճանաչելու հավանականության վերաբերյալ  Նիկոլ Փաշինյանը ասել էր

«ԼՂՀ ճանաչման  հարցը դրված է մեր օրակարգում։ Բայց դա չի նշանակում է, որ մենք անպայմանորեն նման որոշում կկայացնենք: Դա չի նշանակում, որ մենք նման որոշում չենք կայացնի: Մենք քննարկում ենք: Ճիշտ չէ վերցնել Ղարաբաղյան հարցի նման մեծ հարց և քննարկել դրա առանձին դետալները, հնարավոր կարգավորման դետալները: Այստեղ ամեն ինչ պետք է դիտարկել պատճառահետևանքային կապերի շղթայում»։

«Ռազմական գործողությունների այս ողջ ընթացքում Երևանի և Բաքվի միջև որևէ կապ չի՞ եղել» հարցին ի պատասխան ՀՀ վարչապետն ասել էր. «Ոչ, իհարկե, ոչ մի տեսակի»:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Զոհրաբ Մնացականյանը բանակցություններ կանցկացնեն հոկտեմբերի 12-ին Մոսկվայում:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի հերթական հաղթական գրառումը.

«Հարավում աղբը գրեթե ամբողջությամբ մաքրված է»:

Քիչ անց նա եւս մեկ գրառում արեց.

«Ալիևը շուտով չոքեչոք Ցարի մոտ է գնալու, բայց Ցարը հավանաբար ավելի կարևոր գործեր կունենա։ Սուլթանին գրկախառնվելն էլ այլևս օգուտ չի։ ՀԱՅ ԶԻՆՎՈՐ սապոկիդ մատաղ»:

Առանց մեկնաբանության։

https://news.am/arm/news/606691.html

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսով զրուցել է Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ, քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակը:

https://news.am/arm/news/606695.html

Արցախի նախագահի մամուլի խոսնակից եւս մեկ գրառում.

«Երբ մեր տանկերին դրոշներով ու մեծ ոգևորությամբ դիմավորում է ադրբեջանական շփոթված զորքը»։

Որտե՞ղ, ե՞րբ, ինչի՞ մասին է խոսքը՝ պարզ չէ մինչեւ օրս։

https://news.am/arm/news/606702.html

Երեկոյան կայացած ճեպազրույցում պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց.

«Ողջ օրվա ընթացքում սահմանի ամբողջ երկայնքով համառ մարտեր են տեղի ունեցել, հատկապես՝ հարավային ուղղությամբ: Պաշտպանության բանակին հաջողվել է հարվածներ հասցնել մի քանի ուղղություններով: Հակառակորդը կենդանի ուժի եւ տեխնիկայի զգալի կորուստներ է ունեցել: Բազմաթիվ տեսանյութեր կան, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են հակառակորդի շարասյուները ջախջախվել եւ փախել: Որոշ դիրքեր վերադարձնելու եւ 19 զինծառայողներին փրկելու մասին տեղեկատվությունն արդեն հրապարակվել է: Մեր զորքերը փայլուն են կատարում իրենց առաջադրանքները»,- ասաց Հովհաննիսյանը:

Պատասխանելով այն հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցներից մեկում ասել է, որ հաղթանակի հիմքը դրվում է, Հովհաննիսյանը հաստատեց, որ ընթանում են մարտեր, որոնք բեկումնային կդառնան: «Ցերեկային ու գիշերային համառ մարտերը շարունակվում են ուժերի մեծ ներգրավմամբ: Տրամաբանական ավարտին կարելի է հասնել առաջիկա ժամերի կամ օրերի ընթացքում: Այս օրերը պատմության մեջ կգրվեն ոսկե տառերով: Մի փոքր համբերություն»,- հորդորեց ՊՆ ներկայացուցիչը:

Խոսելով հակառակորդի կորուստների մասին` Հովհաննիսյանը նշեց.

«Ամենահամեստ գնահատականներով, կեսօրին թշնամին կորցրել է 260-280 զինծառայող եւ ահաբեկիչ, ոչնչացվել է 60-80 զրահամեքենա, հակառակորդը լքել է մի քանի տասնյակ ամբողջական տեխնիկա: Բայց մարտերը շարունակվում են, եւ ես չեմ կարող վերջնական թվեր նշել: Համոզված եմ՝ ավելին կլինի»։

ՊՆ ներկայացուցիչը խոստովանեց, որ ԱԹՍ-ներն ու հրթիռները դարձել են հակառակորդի համար ամենաարդյունավետ միջոցները, բայցեւ լուրջ կասկած հայտնեց, որ դրանք շահագործվում են ադրբեջանցի մասնագետների կողմից՝ առանց արտաքին օգնության.

«Մարտական անօդաչու թռչող սարքերի հաջողությունը քանակի մեջ է: Բայց սա էլ նրանց չօգնեց: Մեր հակաօդային պաշտպանությունը շատ արդյունավետ է: Եվ անօդաչու թռչող սարքերի ամբողջ արդյունավետությամբ դրանք կարող են օգտագործվել կամուրջ պայթեցնելու կամ սարքավորումներն անջատելու համար, բայց առավելության կարելի է հասնել միայն ցամաքային ուժերով: Եվ այստեղ նրանք պարծենալու բան չունեն»,- եզրափակեց Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ այդ օրերին Տելեգրամյան ալիքներով համացանցում տարածվել էր արցախյան բարբառով Գետաշենն ու հարակից բնակավայրերի ազատագրման մասին ձայնագրություն, կրակոցների ձայներով համեմված։ Այդ կեղծիքն իր ճեպազրույցներում Արծրուն Հովհաննիսյանը չի հերքել։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ