News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում Ամերիաբանկը բացեց իր նոր «Հրազդան» մասնաճյուղը, որն արտոնյալ պայմաններով ծառայություններ է առաջարկում բոլոր այն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, որոնք այս մասնաճյուղում հաշիվ կբացեն եւ բանկի հաճախորդ կդառնան:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց մասնաճյուղերի եւ կոնտակտային կենտրոնի ղեկավար Անդրանիկ Խաչատրյանը, ֆիզիկական անձանց Ամերիաբանկը հնարավորություն է տալիս հաշիվ բացելով ստանալ անվճար Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունները, ինչպես նաեւ մեկ դեբետային կամ կրեդիտային վճարային քարտ` մեկ տարի չվճարելով սպասարկման դիմաց: Ֆիզիկական անձինք կստանան նաեւ անվճար հաշիվ՝ բանկային ծառայությունների ամբողջ փաթեթով, իսկ VISA ստիկերի համար կվճարեն տարեկան 1500 դրամ՝ 3000 դրամի փոխարեն:

Իրավաբանական անձանց եւս տրամադրվում են Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայություններ` մեկ տարի անվճար սպասարկմամբ, կազմակերպության 2 ղեկավարները կստանան մեկական դեբետային եւ կրեդիտային քարտ` մեկ տարով ազատվելով սպասարկման վճարից: Ավելին, կազմակերպությանը նաեւ կտրամադրվի Business տեսակի քարտ՝ կրկին առանց մեկ տարվա սպասարկման վճարի:

«Վստահ ենք, որ նոր մասնաճյուղը սպասարկման նոր որակ կբերի տարածաշրջան», - նշեց Անդրանիկ Խաչատրյանը:

«Հրազդան» մասնաճյուղը թվով երկրորդն է Կոտայքի մարզում: Այն հարմարավետ է, տարբերվում է նորարարական լուծումներով ու տեխնոլոգիական հագեցվածությամբ: Սեղաններին, օրինակ, ներկառուցված է հատուկ մեխանիզմ, որը կարող է լիցքավորել հաճախորդի հեռախոսը, մինչեւ վերջինս սպասարկվում է մասնագետի կողմից: Ընդ որում, կարիք չկա հեռախոսը լարով միացնել հոսանքին. բավական է այն ուղղակի դնել սեղանին՝ լիցքավորման նշանի վրա:

Բանկի նոր մասնաճյուղը 9 աշխատատեղ է ստեղծել, եւ դրանց մեծ մասը զբաղեցրել են տարածաշրջանի բնակիչները: Անդրանիկ Խաչատրյանի խոսքով, բանկի զարգացմանը զուգընթաց հնարավոր կլինի ավելի մեծ թվով նոր աշխատատեղեր ստեղծել:

Նոր մասնաճյուղի մեկ այլ կարեւոր առանձնահատկությունն այն է, որ դրա մուտքը հարմարեցված է հատուկ կարիքներ ունեցող հաճախորդների համար, այդ թվում՝ տարեցների եւ հաշմանդամություն ունեցող մարդկանց:

Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը հայտնեց, որ այս տարի Ամերիաբանկն արդեն 4 նոր մասնաճյուղ է բացել, որոնցից երեքը՝ Երեւանում: Մինչեւ տարեվերջ նախատեսվում է եւս մեկ մասնաճյուղ բացել՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքում:

«Փաստորեն այս տարվա ընթացքում հինգ մասնաճյուղ ենք բացում, ինչը վկայում  է եւ բանկի զարգացման բարձր տեմպերի, եւ ընդհանուր առմամբ հաճախորդների բազայի եւ բիզնեսի ակտիվության տեմպի մասին», - ասաց նա:

Բանկի գործառույթների մեծ մասը, մասնագետի խոսքով, այսօր արդեն կատարվում է մասնաճյուղերից դուրս՝ օնլայն հարթակում:

«Դուք կարող եք պատկերացնել, թե թվայնացման ի՛նչ մակարդակի մասին է խոսքը: Մեր հիմնական առաջնահերթությունը մնում են թվային տեխնոլոգիական լուծումները: Թվային ասելով, նկատի ունեմ օնլայն համակարգերը, բանկի օնլայն հարթակները, որոնք նույնպես շատ կարեւոր դերակատարություն ունեն ժամանակակից աշխարհում: Այդ հարթակները աստիճանաբար, ժամանակի ընթացքում միավորելով, մենք կստանանք որոշակի էկոհամակարգեր, որտեղ մեր հաճախորդները կկարողանան հիմնական կարիքների, այդ թվում նաեւ ոչ ֆինանսական կարիքների լուծումները գտնել մեկ տեղում, հնարավորինս հարմար պայմաններով», - ասաց Արման Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային եւ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է եւ դասվում է երկրի ամենակայուն եւ խոշոր ֆինանսական հաստատությունների շարքը:

Նշենք նաեւ, որ «Հրազդան» մասնաճյուղն աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ` ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ը՝ ք. Հրազդան, Միկրոշրջան, Զ. Անդրանիկի պողոտա 139, 139/3, 139/4 հասցեով:

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան
ՀՀ-ում «Միր» քարտերի արգելափակման հարցը մեդալի երկու կողմ ունի…
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
Շվեյցարիայի բանկերը սկսել են փակել ռուսաստանցիների հաշիվները
Շվեյցարական բանկերը սկսել են չսպասարկել ռուսաստանցիներին...
Թուրքական բանկերը չեն ընդունում վճարումներ Ռուսաստանից. ԶԼՄ
Թուրքական արտահանողները դեռ չեն կարող ստանալ վճարումներ Ռուսաստանից...
ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր
Ընդհանուր ծավալը՝ 5 մլն ԱՄՆ դոլար...
5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
Բոնուսը ստանալու համար անհրաժեշտ է ունենալ կենսաթոշակային հաշվից/քարտից տարբերվող այլ հաշիվ։ Իսկ բոնուսը վճարելուց հետո կստանաք տեղեկացնող SMS...
Ամենաշատ