News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Ղազինյանը, Գեղամ Նազարյանը եւ Գեղամ Մանուկյանը եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը, դիմել են ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ պահանջելով հանձնաժողովի նիստ հրավիրել:

Դիմումը ներկայացնում ենք ստորեւ.

«Ղեկավարվելով  «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով և 122-րդ հոդվածով՝ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի 1-ին մասի, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 6-րդ և 28-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ ծրագրի առաջին գլխի 1.1 և 1.3 ենթագլուխներում նշված նպատակների կատարման նկատմամբ խորհրդարանական վերահսկողության իրականացման նպատակով պահանջում ենք 2021թ.-ի հոկտեմբերի 15-ին ժամը 13:00–ին հրավիրել ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգով.

Լսել ՀՀ ԱԱԾ տնօրենի, ՀՀ ԱԳ նախախարի, ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի պետի, ՀՀ Գլխավոր դատախազի  զեկույցները և հաշվետվություն-պարզաբանումները Հայաստանի հարավ-արևելյան սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ:

Վերոնշյալ զեկույցների և հաշվետվությունների հիման վրա ստեղծել աշխատանքային խումբ:

Արտահերթ նիստի նպատակն է ՀՀ գործադիր իշխանության ներկայացուցիչներից ստանալ բացատրություններ և պարզաբանումներ հետևյալ հարցերի վերաբերյալ.

ՀՀ պաշտպանության նախարարն ու ՀՀ ԳՇ պետը պետք է ներկայացնեն բացատրություն, թե ինչ հանգամանքներում և ում հրամանով է տեղի ունեցել ՀՀ զինված ուժերի և կամավորականների դուրս բերումը 2020թ-ի նոյեմբերի 9-ի դրությամբ զբաղեցրած դիրքերից և ներկայացնել ռազմական էսկալացիայի վտանգի կոնկրետ հիմքեր:

ՀՀ Արտաքին գործերի նախարարը պետք է Հանձնաժողովին ներկայացնի բացատրություն,թե որքանով է ներգրավված եղել ՀՀ ԱԳ նախարարությունը այս գործընթացում, պահպանված են եղել արդյոք ՀՀ պետական սահմանի մասին օրենքի պահանջները և առկա է եղել արդյոք ՀՀ պարտավորեցնող որևէ միջազգային պայմանագիր:

ՀՀ գլխավոր դատախազը պետք է ներկայացնի բացատրություն ՀՀ պետական սահմանի փոփոխության սահմանադրա-իրավական հիմքերի վերաբերյալ և ներկայացնի պարզաբանում ՀՀ քրեական օրենսգրքի 300.2, 309 հոդվածի 3-րդ մասի և 299 հոդվածի հանտանիշներով քրեական գործի հարուցման կամ դրա մերժման իրավական հիմքերի վերաբերյալ:

ՀՀ ԱԱԾ տնօրենը պետք է ներկայացնի հաշվետվություն ՀՀ պետական սահմանի պահպանության ուղղությամբ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կատարած գործողությունների և միջոցառումների վերաբերյալ և հստակեցնի, թե ինչ գործողություններ են նախատեսվում իրականացնել ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման և ՀՀ արտաքին սահմանների խախտման համար պատասխանատու սուբյեկտներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

ՀՀ ՊԱ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի հրավիրումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ադրբեջանական զինված ուժերը 2020թ-ի դեկտեմբերի 16-ից մինչ օրս օկուպացրել են ՀՀ ինքնիշխան տարածքի մի մասը, արգելափակել և խոչընդոտներ են ստեղծում ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների ՀՀ ինքնիշխան տարածքով ազատ տեղաշարժին, սպառնում և ահաբեկում են այդ տարածքներում ապրող և Գորիս-Կապան ավտոճանապարհով երթևեկող քաղաքացիական անձնանց:

ՀՀ ԱԺ ՊԱ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը ՊԱՐՏԱՎՈՐ Է սույն թվականի հոկտեմբերի 15-ին հրավիրել Հանձնաժողովի արտահերթ հիստ և ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼ նշված պաշտոնատար անձանց ներկայությունն այդ նիստին:

Հաշվի առնելով օրակարգում ներառված հարցի կենսական կարևորությունն ու հանրային մեծ հետաքրքրությունը, նիստը նախատեսում ենք անցկացնել դռնբաց ռեժիմով և չենք ակնկալում որևէ պետական գաղտնիքի հրապարակում:

Կից ներկայացվում է.

Հայաստանի հարավ-արեվելյան սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ տնօրենի, ՀՀ ԱԳ նախախարի, ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, ՀՀ գլխավոր դատախազի  զեկույցների և հաշվետվություն-պարզաբանումների նախնական քննարկման, ուսումնասիրության և դրա արդյունքները հանձնաժողով ներկայացնելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության եվ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի որոշման նախագիծ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ