News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը՝ հնարավորություն տալով ավելի սթափ հայացքով գնահատել պատերազմի ընթացքն ու իրադարձությունները։

44-օրյա պատերազմ.

Օր 18-րդ՝  հոկտեմբերի 14

Կեսգիշերից մեկ ժամ անց պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրեց.

«Հրետանային մենամարտերը շարունակվում են տարբեր ինտենսիվությամբ»։

Հիշեցնենք, որ ինչպես ռազմական գործողությունների ավարտից հետո էր պնդում Արցախի ԱԽՔ Սամվել Բաբայանը, պատերազմի առաջին ժամերի հրթիռակոծություններով հակառակորդը շարքից հանել էր ՊԲ-ի ՀՕՊ-ի 50, հրետանու 40 տոկոսը։ Իսկ սա արդեն պատերազմի 18-րդ օրն էր։

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը գրեց. «ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ, ԸՆԿՃՎԵԼՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է, ՔԱՆԶԻ ԱՊԱԳԱՆ ՈԳՈՎ ՈՒԺԵՂՆԵՐԻՆՆ ՈՒ ԼԱՎԱՏԵՍՆԵՐԻՆՆ Է...»

«Սեպտեմբերի 27-ից ես ու իմ փոքրիկ թիմը որքան կարողացել ենք, մեր համեստագույն ներդրումն ենք ունեցել Հայրենիքի պաշտպանության գործում:

Մենք հնարավորինս արձանագրել ու հրապարակայնացրել ենք ադրբեջանական զինված ուժերի կատարած հանցագործությունները ու դրանց հետևանքները, ինչի պատճառով փաստացի դարձել ենք բացասական լուրեր ու մեկնաբանություններ գեներացնող հաստատություն՝ ավելի շատ կենտրոնանալով միջազգային լսարանների ուղղությամբ: Այնուամենայնիվ, կուզեի ասել, որ այս հայրենական պատերազմը լի է բազմաթիվ դրական ու հերոսական դրվագներով ու կերպարներով, որոնք պետք է նկատել ու պայքարել դրանց ավելացման ուղղությամբ: Շատ քչերն են պատկերացնում, թե ինչ ծավալի ու տեսակի վայրագություններ են կանխել ու կանխում մեր առյուծ-տղաները: Հենց այսօր էլ նրանք մեծ գործեր են արել...

Ուստի, իմ խորագույն երախտագիտությունն եմ հայտնում բոլոր-բոլորին, ովքեր այս կամ այն ձևով ու չափով սրտանց նպաստում են յուրաքանչյուրիս կյանքի ու արժանապատվության պաշտպանության սուրբ գործին՝ դիրքապահ տղաների աներկբա առաջնորդությամբ: Նաև սրտանց ցավակցություններս եմ փոխանցում մեր հերոս զոհերի բոլոր հարազատներին»:

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը խիստ քննադատության է ենթարկել Թրամփի վարչակազմին Լեռնային Ղարաբաղում շարունակվող պատերազմի հանդեպ անտարբերության ու պասիվության համար։

«Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի շուրջ հոկտեմբերի 10-ի հրադադարի ռեժիմի խախտմամբ և մարտերի վերսկսմամբ: Անօդաչու թռչող սարքերը, ականանետերը և հեռահար հրետանին հարյուրավոր կյանքեր են խլում շփման գծի երկու կողմերում՝ տեղահանելով հազարավոր խաղաղ բնակիչների:

Այս վերջին լարվածության ողջ ընթացքում Թրամփի վարչակազմը հիմնականում անհասկանալիորեն պասիվ էր և չներգրավված: Սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների բռնկումից ի վեր ո՛չ նախագահ Թրամփը, ո՛չ էլ պետքարտուղար Պոմպեոն ոչ մի անգամ չեն զանգահարել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին:

Դիվանագիտությունը Մոսկվային լիազորելու փոխարեն վարչակազմը պետք է առավելագույն ներգրավվածություն ունենա ամենաբարձր մակարդակներում` աշխատելով մեր եվրոպացի գործընկերների հետ մարտերը դեէսկալացնելու և երկու կողմերին բանակցությունների վերադարձնելու համար:

Թրամփի վարչակազմը պետք է ասի Ադրբեջանին, որ չի հանդուրժի հակամարտությանը ռազմական լուծում պարտադրելու վերջինիս ջանքերը: Հայաստանին պետք է հասկանալի լինի, որ Լեռնային Ղարաբաղը շրջապատող շրջանները չեն կարող անվերջ օկուպացված լինել, և որ հրադադարի կնքումից անմիջապես հետո պետք է սկսվեն հուսալի բանակցությունները հակամարտության տևական լուծման շուրջ:

Վերջապես, պետք է դադարեցնի փաղաքշել Անկարային, և ինչպես Թուրքիային, այնպես էլ Իրանին ասի, որ հեռու մնան այս հակամարտությունից: Թուրքիայի կողմից Ադրբեջանին զենքի տրամադրումը և ռազմական լուծումը խրախուսող ռազմատենչ հռետորաբանությունն անպատասխանատու են: Դիվանագիտական հանգուցալուծման հասնելը դյուրին չի լինի, բայց Թրամփի վարչակազմը պարտավոր է փորձել: Դա պետք է անի շտապ, նախքան ավելի շատ կյանքեր կորցնելն ու հակամարտության ընդլայնումը»:

Ֆրանսիայի հայ համայնքը Փարիզում ԱԺ հարակից տարածքում բազմամարդ հավաք է անցկացրել Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով: Ցույցին միացել  են Վալերի Բուայեն ու այլ պատգամավորներ: Մենք բոլորս հայեր ենք, բացականչել են ցուցարարները: Հավաքին մասնակցել են նաև դերասան, ռեժիսոր Սիմոն Աբգարյանը, լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը տիկնոջ հետ, դաշնակահար, երգահան Անդրե Մանուկյանը, ՀՖՖ նախագահի խորհրդական Դենիս Ջորկաեֆը:

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականը պնդում էր, որ Թուրքիան հարյուրավոր գրոհայիններ է Սիրիայից տեղափոխել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի,  հարյուրավորներին էլ պատրաստվում է ուղարկվել։ Պարբերականի տեղեկություններով՝ սեպտեմբերի կեսից է սկսվել Սիրիայից գրոհայինների տեղափոխումը հակամարտության գոտի՝ «ամեն անգամ մինչեւ 100 մարդ թվաքանակով խմբերով, շատերն արդեն վերադարձել են՝ մարտերի արյունահեղությունից տագնապահար»։

Նշվում էր նաեւ, որ Թուրքիան Ադրբեջանում երկու շաբաթ տեւողությամբ զորավարժանքներ է կազմակերպել եւ «Ադրբեջանի իշխանություններին տրամադրել է հարվածային անօդաչուներ»։

1999-2001 թվականներին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Քերի Քավանոն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը ռազմական լուծում չունի եւ կարող է կարգավորվել միայն բանակցությունների ճանապարհով։

«Եթե հարց տանք՝ Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիր մշակելու հնարավորություն արդյոք կա՞, ապա պատասխանն է՝ այո։ Կողմերը պետք է որոնեն փոխընդունելի փոխզիջման մշակման հնարավորությունը, բայց հիմա երկու կողմն էլ զբաղեցնում է առավելագույնս կոշտ դիրքորոշում։ Այս պահին նրանք լուծման որոնումներում միջնորդների կարիք ունեն, բայց նրանք միջնորդության պետք է դիմեն, եթե ունեն փոխզիջման պատրաստակամություն», գրել էր նա։

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ռուսական ՌԲԿ-ի հետ հարցազրույցում ասել է, որ Լեռնային Ղարաբաղը բանակցություններից դուրս դնելու Ադրբեջանի գաղափարը չի կապակցվում իրողություններին.

«Ղարաբաղն իր խոսքն ունի, եւ ադրբեջանական քարոզչությունը նրանց ինչպես էլ անվանի, կան իրողություններ։ Անհնար է գործընթացից Լեռնային Ղարաբաղին բացառել, քանի որ հարցը վերաբերում է հենց Լեռնային Ղարաբաղին, առնչվում է նրա բնակչությանը, որն ունի իր ընտրած իշխանությունը։ Անհնար է պատկերացնել իրավիճակ, երբ մենք Երեւանում կարող ենք ինչ-որ բան որոշել, ինչ-որ բանի շուրջ պայմանավորվել եւ դա սեղանին դնել առանց Լեռնային Ղարաբաղի համաձայնության»։

Ներկայիս ձեւաչափն անարդյունավետ է համարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, սակայն անհրաժեշտ է համարում այն փոփոխել ոչ թե Ղարաբաղի ներկայացուցիչներին ընդգրկելու, այլ Թուրքիայի հաշվին, որն աջակցում է Բաքվին։ Երեւանն այս առաջարկը կտրականապես մերժում է, ասել է Մնացականյանը եւ ավելացրել, որ Թուրքիան խաղում է բացառապես բացասական դեր՝ սրելով հակամարտությունը։

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրեց, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը:

«Առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մենամարտերը: Առավոտյան հարավային, հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղղություններով հակառակորդը, խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել է հրթիռահրետանային հրետակոծությունները՝ հատկապես ինտենսիվ կրակ վարելով հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ ակտիվությունը կասեցնելու համար ճակատային գծի բոլոր ուղղություններում ձեռնարկում են համարժեք գործողություններ՝ շարունակելով վստահորեն իրականացնել հայրենիքի սահմանների պաշտպանության սրբազան առաքելությունը»։

Վահրամ Պողոսյանը գրեց, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությանյանն առաջիկա ժամերին իր ֆեյսբուքյան էջով հանդես կգա տեսաուղերձով։

Հայաստանի ՊՆ-ն հայտարարություն տարածեց, որ հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է ՀՀ տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։

«Ավելորդ է նշել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության այդ պնդումը չի կարող որևէ հիմնավորում ունենալ։ Փաստացի, այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրեն թույլ է տալիս թիրախավորել ՀՀ տարածքում գտնվող և բնականոն մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա։

Վերահաստատելով, որ մինչև այս պահը ՀՀ տարածքից որևէ հրթիռ, արկ կամ գնդակ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ, միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ այսուհետ ՀՀ ԶՈւ-ն իրեն իրավունք է վերապահում նույն տրամաբանությամբ թիրախավորել Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ կամ ռազմական տեղաշարժ։ Մարտական գործողությունների գոտին և տրամաբանությունը փոխելու գործընթացի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան»:

Քիչ անց Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ հակառակորդը, կոպտորեն խախտելով հումանիտար հրադադարի պահանջները, հյուսիս-արևելյան ուղղությամբ կիրառել է ռազմական ավիացիա:

«Արցախի ՊԲ-ի ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մեկ միավոր Սու-25 գրոհիչ»։

ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնակիցներ Դավիթ Տոնոյանին եւ Զաքիր Հասանովին կոչ  արեց կատարել ԼՂ-ի վերաբերյալ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները: Ըստ ՌԴ ՊՆ-ի` Շոյգուն հեռախոսով բանակցություններ է վարել նրանց հետ:

«Բանակցությունների ընթացքում բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն իր գործընկերներին կոչ է արել ամբողջ ծավալով կատարել ադրբեջանական եւ հայկական կողմերի պարտավորությունները` հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն»,- հայտնել են նախարարությունում:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը  տեղեկացրեց, որ խոցվել է հակառակորդի ևս 3 ԱԹՍ, 20 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, կա 350 սպանված:

Ըստ նույն աղբյուրի՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 19 ինքնաթիռ, 176 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5489 զոհ։

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ բանաձեւում հրապարակված տվյալներով՝ պատերազմից հայկական կորուստները կազմել են 3900, ադրբեջանական կողմինը՝ 2900 մարդ։ Հնարավոր է, որ Բաքուն նվազեցրել է իր զոհերի թիվը, բնականաբար, հաշվառված չեն վարձկան ահաբեկիչները եւ թուրք զինվորականները։ Միաժամանակ, փորձագետները պնդում են, որ Ադրբեջանի կորուստները մեծապես գերազանցում են հայկական կողմի կորուստներին։

ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել պահեստազորի մարզումների մասին.

«Պահեստազորը կարճաժամկետ, բայց հագեցած մարզումներ է անցկացնում ռազմաճակատ մեկնելուց առաջ։ Որ իրավիճակում ինչպես ու ինչ մարտավարությամբ է պետք գործել, որ ոչնչացնես հակառակորդին», նշվել է հաղորդագրությունում։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում ասաց, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկելու համար պետք է տեղակայվեն խաղաղապահներ։ Նա վստահ էր, որ Ղարաբաղում քաղաքական կարգավորումը հնարավոր է։ 

«Առաջարկները, որոնք մշակել են եւ շարունակում են մշակել համանախագահները, մնում են բանակցությունների սեղանին, եւ դրանց բովանդակությունն արդեն հայտնի է. դա ԼՂ շուրջ շրջանների փուլային, աստիճանաբար ազատումն է՝ պահպանելով եւ ապահովելով Ղարաբաղի անվտանգության երաշխիքները, նախքան կորոշվի Ղարաբաղի վերջնական կարգավիճակն ու Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ հուսալի կապը»,- ասել էր նա:

Ըստ Լավրովի՝ բոլոր պայմանավորվածությունները, որոնք քննարկվել են վերջին շրջանում եւ ընդունվել երկու կողմից, ենթադրում էին, որ առաջին փուլում նախատեսվում է 5 շրջանների ազատում, իսկ երկրորդ փուլում՝ երկու շրջանների պահպանմամբ, Ղարաբաղի կարգավիճակի սահմանում:

Լավրովը նաեւ հայտարարեց, որ ՌԴ-ն երբեք Թուրքիային որպես  ռազմավարական դաշնակից չի դիտարկել: Ի պատասխան հարցին, թե որքանով է օրինական Թուրքիայի միջամտությունը ղարաբաղյան հակամարտությանը` Լավրովը նշեց.

«Մենք համաձայն չենք Թուրքիայի հնչեցրած դիրքորոշման հետ, որն, ըստ էության, մի քանի անգամ արտահայտվել է նախագահ Ալիեւի կողմից: Այստեղ ոչ մի գաղտնիք չկա, մենք չենք կարող կիսել այն հայտարարությունը, որ կա եւ ընդունելի է հակամարտության ռազմական լուծումը: Դժբախտաբար, Թուրքիան կարողացավ դա անել եւ բարձրաձայնեց, որ կաջակցի ցանկացած գործողությունների, որոնք Ադրբեջանը կձեռնարկի այս հակամարտության լուծման համար, այդ թվում` ռազմական: Մենք կապի մեջ ենք թուրք զինվորականների հետ, ես մի քանի անգամ խոսել եմ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ: Մենք պաշտպանում ենք մեր տեսակետը, որ խաղաղ կարգավորումը ոչ միայն հնարավոր է, այլեւ այն միակ միջոցն է այս խնդրի կայուն լուծման ապահովման համար: Եթե երկարաժամկետ քաղաքական համաձայնություն չլինի, միեւնույն է, մի օր ռազմական ճանապարհով կայացված որոշումները կապացուցեն իրենց անարդյունավետությունը, եւ ռազմական գործողություններ, այնուամենայնիվ, կլինեն»:

Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետեւում էր ԼՂ հարցի շուրջ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների բանակցություններին եւ իր ներդրումն է ունեցել բանավեճի վճռական պահին, գործընթացին միացել է նաեւ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Արցախի ՊԲ-ն հայտարարեց, որ հակառակորդը շարունակում է խախտել հումանիտար հրադադարը՝ կրկին թիրախավորելով խաղաղ բնակավայրերն ու գյուղերը:

«Մասնավորապես Մարտակերտ քաղաքին հրթիռահրետանային հարվածներ հասցնելուց բացի, այդ ուղղությամբ այսօր թշնամին կիրառել է նաև ռազմական ավիացիա: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդին լռեցնելու համար դիմում են համապատասխան գործողությունների», նշված էր հայտարարությունում։

Արծրուն Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասաց, որ նախօրեին «Մատաղիսի ուղղությամբ երկու զինծառայող է դուրս եկել, 10 օր պահ մտած են եղել անտառներում»:

«Մենք չենք կարող մեր զոհերի կամ անհետ կորածների հստակ թիվ հայտարարել, բայց նրանց, ում իդենտիֆիկացնում ենք, չենք կարող չասել»,- ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ Ադրբեջանն իրենց զոհերի թիվը նույնիսկ չի ներկայացնում, իսկ հայկական կողմն ամեն օր, նույնիսկ օր է եղել, որ երկու անգամ ցուցակներ է հրապարակել: Ըստ նրա՝ հայկական կողմը թափանցիկ է աշխատում ոչ միայն աշխարհի հետ, այլեւ հայ ժողովրդի հետ:

Առանց մեկնաբանության։

Արծրուն Հովհաննիսյանն ասաց նաեւ, որ Իսրայելի, Թուրքիայի ուղղությունից դեռեւս զենքեր են մատակարարվում Ադրբեջան: Նա նշեց, որ Ադրբեջանը ոչ թե խախտել է հրադադարը, այլ չի էլ պահպանել: «Վարձկան-ահաբեկիչներից զոհերի թիվը հարյուրներ են, և արդեն քանի դիակ է ուղարկվում Սիրիա, մի մասին էլ մերձարաքսյան հովտի ճահճուտներում վարազներն ուտում են»:

Ինչ վերաբերում է «Իսկանդերն» օգտագործելուն, նա կոչ արեց վերլուծական դատողություններ չանել, դրա համար կան մասնագետներ:

«Իսկանդերը հրթիռ է, Պաշտպանության բանակի սպառազինության մեջ «Իսկանդերի» նման զենքեր կան, որոնք իրենց գործն անում են, պարզապես հեռահարությունը մեծ է և նրան խոցելը, հայտնաբերելը շատ բարդ է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է կամավորներին, որոնք ցանկանում են գնալ ռազմաճակատ, սակայն ինչ-ինչ պատճառներով նրանց չեն ուղարկում, ՊՆ ներկայացուցիչն ասաց. «Զուտ մարդկային իմ խորհուրդը՝ ովքեր ուզում են գնալ՝ անկախ նրանից, թե իրենց կարելի է, չի կարելի, օրենքով հասնում է, թե ոչ, թող անդադար թակեն զինկոմիսարիատների դռները, զինկոմիսարիատների հետ կապ պահեն, գուցե ինչ-որ որոշում փոխվի»:

Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ Ադրբեջանը կիրառել է իր ողջ զինանոցի մեծ մասը, նաեւ խոստովանեց հակառակորդի առաջխաղացումը.

«Որոշ դեպքերում ադրբեջանական զինված ուժերն առաջ են եկել, այդ հատվածներն իրականում ռազմական գիտության տեսանկյունից ծիծաղելի փոքր են՝ կիրառված ուժերի  կորուստների և ժամանակի կտրվածքով»,- ասաց նա և կոչ արեց չֆիքսվել կոնկրետ հատվածների վրա:

Նա նկատեց, որ Ադրբեջանը հաճախ իրականացնում է տեղեկատվադիվերսիոն համատեղ օպերացիա, այսինքն՝ գնում են մի բնակավայր, մտնում, նկարում, դրոշը դնում, հետո մերոնք հակահարված են հասցնում և նրանք փախչում են:

Առանց մեկնաբանության։

Քիչ անց Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրեց.

«Ադրբեջանում աշխարհագրության հետ խնդիրներ կա՞ն: Արցախի եւ ՀՀ տարածքների սահմանազատումը լավ չեն հասկանում կարծես»։

Ըստ երեւույթին, Ա.Հովհաննիսյանը նկատի ուներ ՀՀ տարածքի ռմբակոծությունը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկավ համայն հայությանն ուղղված տեսաուղերձով.

«Լայնածավալ պատերազմը շարունակվում է։ ՊԲ-ն շարունակում է հերոսաբար դիմադրել եւ ուժգին հակահարվածներ հասցնել թշնամուն՝ պատճառելով մարդկային եւ զինտեխնիկայի ահռելի կորուստներ։ Մարտերի ընթացքում իրենց լավագույնս են դրսեւորում Մայր Հայաստանից եւ Սփյուռքից ժամանած մեր հայրենակիցները։ Հատուկ ուզում եմ ընդգծել հայրենիքի պաշտպանության գործում մեծ ներդրում ունեցած եւ պատերազմական հարուստ փորձ ունեցող  մեր մարտական ընկերների մասնակցությունը, ինչպես նաեւ ժամկետային մեր հերոս երիտասարդներին։

Մենք տեսնում ենք նաեւ Ռուսաստանի եւ միջազգային հանրության ակտիվ ջանքերը պատերազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ եւ բարձր եմ գնահատում այդ առաքելությունը։

Հակառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել, ինչ-որ տեղ ունենալ առավելություններ եւ օր-օրի ճակատը տեղափոխել ավելի խորը տարածքներ։ Հասկանում ենք, որ հակառակորդին զինադադար ստիպելու համար ունենք ընդամենը մեկ ճանապարհ՝ պարտադրել զինադադար։ Մենք կողմ ենք առանց նախապայմանների սկսել մեր ստանձնած հումանիտար առաքելության պատասխանատվությունը եւ հետագայում շարունակել բանակցությունները՝ խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ։ Չնայած արդեն անհնարին է խաղաղ ճանապարհով, բայց ուշ չէ։

Հակառակորդն ընտրել է ոչ թե ղարաբաղյան խնդրի լուծման ճանապարհը, այլ բնաջնջելու առաջին հերթին Արցախի հայությանը, իսկ հաջողության դեպքում նաեւ Հայաստանը։

Մենք ավելի ծանր ժամանակներ էլ ենք ունեցել 1992-1994 թվականներին, երբ ռազմական գործողություններ էին ընթանում Գանձասարի մատույցներում, Ասկերանի, Մարտունու, Հադրութի։ Մեզ հաջողվեց հաղթել, որովհետեւ հավատում էինք հաղթանակին։ Այսօր էլ հավատում ենք, որ հաղթելու ենք։

Մեզ պետք է համախմբվել, միավորվել եւ մասնակցել մարտական գործողություններին։ Ակնկալում եմ իմ եղբայրների ակտիվ մասնակցությունը, սփյուռքում ապրող ղարաբաղցիների, Հայաստանում ապրող մեր եղբայրների։ Օրհասական պահն է այսօր, հայրենիքը պահելու կամ չպահելու, պատվով ապրելու փոխարենը անպատիվ ապրելուց հրաժարվելու։ Մենք պետք է պատվով շարունակենք ապրել։ Դրա համար կոչ եմ անում ոչ միայն նյութական, այլ նաեւ ֆիզիկական ձեր մասնակցությունը, մենք դրա կարիքն զգում ենք։ Մենք հաղթելու ենք»։

Իր տեսաուղերձում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մինչ ռազմաճակատում ստեղծված իրադրությանն անդրադառնալը,  «չափազանց կարեւոր է հասկանալ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, այս պատերազմի ծագման պատճառներն ու պայմանները»:

Ըստ նրա՝  Ադրբեջանը Ղարաբաղի հայության առաջ դնում էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ. անհապաղ Ադրբեջանին հանձնել 7 տարածքներից 5-ը, ներկայացնել մնացյալ 2 տարածքները հանձնելու կոնկրետ ժամանակացույց եւ արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի որեւէ կարգավիճակ՝ պետք է լինի Ադրբեջանի կազմում: Այսինքն, տարածքներ պիտի հանձնվեին ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց՝ հակառակ դեպքում Ադրբեջանը սպառնում էր պատերազմով լուծել հարցը:

«Մեր կառավարությունը, որ բանակցային այս բազան ստացել էր որպես ժառանգություն, կամ ավելի ճիշտ՝ բանակցային հանգրվան, ըստ էության, հրաժարվեց նման ձեւով հարցի քննարկումից, որովհետեւ՝ դա անընդունելի էր», ասաց ՀՀ վարչապետը:

Ն.Փաշինյանի խոսքով՝ 2020 թվականի հուլիսին տեղի ունեցած Տավուշյան հաղթական մարտերն ապացուցեցին շատերի համար անսպասելին. ադրբեջանական բանակը ի վիճակի չէ ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը:

«Այս արձանագրումը ցնցող նշանակություն ունեցավ ոչ միայն Ադրբեջանի, այլեւ բազմաթիվ այլ երկրների եւ առաջին հերթին Թուրքիայի համար: Հուլիսյան մարտերից անմիջապես հետո սկսվեցին թուրք-ադրբեջանական աննախադեպ ծավալի զորավարժություններ, մեծաթիվ թուրքական զորախումբ եւ ռազմական տեխնիկա տեղափոխվեց Ադրբեջան: Զորավարժությունների ընթացքում նրանք կրկին համոզվեցին, որ Ադրբեջանի բանակն ի վիճակի չէ մոտ ապագայում կոնկրետ խնդիրներ լուծել, եւ Թուրքիան որոշեց, որ այլեւս ինքը պետք է զբաղվի Ղարաբաղի հարցի լուծմամբ: Թուրքիան բացահայտ եւ հրապարակայնորեն սկսեց սպառնալ Հայաստանին, զուգահեռ մեծ թվով ահաբեկիչների եւ վարձկանների Սիրիայից տեղափոխելով Ղարաբաղյան հակամարտության գոտի՝ հասկանալով, որ միայն Ադրբեջանի բանակի ուժերը բավարար չեն լինելու իրենց խնդիրը լուծելու համար: Այս փուլում, սակայն, արձանագրվեց մի տարօրինակ հանգամանք: Ռազմավարական զսպման հնարավորություն ունեցող մի շարք երկրներ պատշաճ չգնահատեցին վտանգը՝ հարցը շարունակելով դիտել Ղարաբաղի հակամարտության համատեքստում եւ ըստ էության համարելով, որ տարածքներ խաղաղության դիմաց բանաձեւն է, որ կարող է փրկել իրադրությունը:

Պատերազմն ընդդեմ Արցախի մեկնարկեց մեզ համար ոչ անսպասելի կերպով: Մենք գիտեինք եւ սպասում էինք, հարցն այն էր, թե կոնկրետ որ ժամին եւ որտեղից կհարձակվի թշնամին: Արցախի ՊԲ-ն իսկապես առաջին վայրկյաններից հերոսական կռիվ է տալիս: Հակառակորդն առաջին շաբաթվա ընթացքում չունեցավ ոչ մի ռազմավարական եւ տարածքային հաջողություն, այս ընթացքում հակառակորդը հսկայական քանակի զինտեխնիկա կորցրեց, մեծ թվով զոհեր տվեց», ասաց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ հակառակորդի նախնական պլանը՝ բլիցկրիգով գրավել Լեռնային Ղարաբաղը եւ հարակից տարածքները՝ ձախողվել է մեր բանակի եւ պետական կառավարման համակարգի համատեղ աշխատանքի շնորհիվ:

«Սիրելի ժողովուրդ,

ՀՀ հպարտ քաղաքացիներ,

Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ

Սփյուռքի հպարտ հայություն.

Պատերազմի 18 օրվա ընթացքում մեր հերոսական զորքերը հյուսիսային եւ հարավային ուղղություններով որոշակի նահանջ են ունեցել: Վերջին օրերին հակառակորդը փոխել է իր մարտավարությունը՝ դիվերսիոն խմբերով փորձելով խառնաշփոթ սկսել թիկունքում: Այսուհանդերձ, Արցախի ՊԲ-ն, ծանր մարտերով, մարդուժի եւ տեխնիկայի կորուստներ կրելով, վերահսկողության տակ է պահում ընդհանուր վիճակը՝ հակառակորդին պատճառելով մեծաթիվ կորուստներ:

Բայց բոլորս պետք է իմանանք, որ ստեղծվել է բավական ծանր իրադրություն: Այս արձանագրումը, սակայն, չեմ անում հուսահատության կամ անելանելիության բերումով: Այս տեղեկությունները փոխանցում եմ, որովհետեւ պարտավորություն ունեմ ճշմարտության լեզվով խոսելու մեր ժողովրդի հետ՝ ի տարբերություն Ադրբեջանի», ասաց վարչապետը:

Ն.Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ-ին,  Ֆրանսիային, առանձնահատուկ՝ ՌԴ-ին, հրադադարին հասնելու ջանքերի համար։

«Այս վճռական պահին մենք չենք ընկրկի, որովհետեւ սա ճակատագրական պատերազմ է մեր ժողովրդի համար: Հայ ժողովուրդը այս իրավիճակում մեկ անելիք ունի՝ համախմբել, կենտրոնացնել իր ողջ ներուժը, վճռական հարվածով կանգնեցնել հակառակորդին եւ հասնել անշրջելի հաղթանակի, այն է՝ Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական լուծման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման:

Մեր հզոր նախնիների՝ Արտաշես Արքայի, Տիգրան Մեծի, Աշոտ Երկաթի, Արամ Մանուկյանի, Հովհաննես Բաղրամյանի, Մոնթե Մելքոնյանի, Վազգեն Սարգսյանի մեր մյուս նահատակների եւ հերոսների հոգիները, ոգին եւ ուժը մեզ հետ են այսօր:

Այսօր հայությունը համախմբված է, քան երբեւէ. հարյուր հազարավոր հայեր այս օրերին ֆինանսական, տնտեսական, լրատվական, քաղաքական աջակցություն են ցուցաբերում Հայաստանին եւ Արցախին:

Սա մեր համազգային համախմբման կուլմինացիան է, եւ այս կուլմինացիան պետք է պսակվի մեր կոնկրետ ազգային նպատակների իրագործմամբ:

Հայ ժողովրդին հնարավոր չէ կոտրել, հայ ժողովրդին հնարավոր չէ վախեցնել, հայ ժողովրդին հնարավոր չէ հաղթել: Մենք կանգնելու ենք մինչեւ վերջ, մենք պայքարելու ենք մինչեւ վերջ, եւ այդ վերջի անունն է Ազատ եւ Երջանիկ Արցախ, Ազատ եւ Երջանիկ Հայաստան:

Մենք պիտի հաղթենք, մենք պիտի ապրենք, մենք պիտի կերտենք մեր պատմությունը, ու մենք կերտում ենք մեր պատմությունը, մեր նոր էպոսը, մեր նոր հերոսամարտը, մեր նոր Սարդարապատը», ամփոփելով հայտարարեց ՀՀ վարչապետը։

Նկատենք, որ Լավրովն ասում էր, որ 5 շրջանները հանձնելուց հետո, մյուս 2 շրջանները կմնան հայկական կողմին՝ մինչեւ Արցախի կարգավիճակի հստակեցումը, սակայն չէր շեշտում, որ Արցախն Ադրբեջանից դուրս կարգավիճակ չի ունենալու։ Փաշինյանը խոստովանեց, որ մերժել է այդ գաղափարը, ապա տարակուսեց, որ միջազգային հանրությունը «ռազմավարական զսպման մեխանիզմներ չի կիրառում», վերջում էլ վստահեցրեց, որ «պայքարելու ենք մինչեւ վերջ»։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ի պատասխան կարգավորման ձեւաչափում ներառվելու Թուրքիայի նկրտումների մասին հարցի,   հայտարարեց, որ Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Հայաստանը կողմ են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանն ուղղված բանակցությունների ձեւաչափի պահպանմանը:

Պեսկովը նաեւ ասաց, որ ռուս զինվորականները ստուգում են անմիջապես Հայաստանի տարածքի ուղղությամբ Ադրբեջանի հարվածների մասին տեղեկությունները:

ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտեց Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ զինված ագրեսիայի փորձը եւ նախազգուշացրեց, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններն ունենալու են անդառնալի ռազմաքաղաքական հետեւանքներ, որոնց ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ղեկավարությունը։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է իրականացնել հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահ Պուտինի նախաձեռնությամբ ՌԴ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտոգործնախարարների համատեղ հայտարարությամբ հաստատվող կրակի դադարեցումը, այլեւ Թուրքիայի բացահայտ սադրանքով ձգտում է ընդարձակել ղարաբաղյան հակամարտության աշխարհագրությունը՝ արդեն նախահարձակ լինելով եւ բացահայտ ագրեսիա իրականացնելով ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Ադրբեջանական կողմի բոլոր գործողություններն արժանանալու են համարժեք պատասխանի՝ ՀՀ ԶՈՒ իրենց տրամադրության տակ եղած միջոցներով», ասված էր ԱԳՆ հայտարարությունում:

Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն Արցախից ուղերձ  հղեց.

«Միանալով Արցախի ժողովրդին եւ իշխանության կոչին,  այս օրհասական պահին, երբ թշնամին փորձում է բնաջնջել մեր խաղաղ բնակչությանը, բնակիչներին, ծերերին, երեխաներին ու  սպանում այդ նույն երեխային պաշտպանող  սահմանում կանգնած զինվորին ու սպային,  խաղաղ բնակչին, ավերում դարավոր մշակութային արժեքները, եկեղեցիները, պատմական հուշարձանները՝ գալ Արցախ, միասնական մի բռունցք դարձած պաշտպանելու մեր այս արժեքները, միասին եւ միասնական պայքարելու  եւ պաշտպանելու մեր Արցախն ու  աշխարհի ողջ հայությանը: Մեր միասնականությամբ պիտի ջարդենք թշնամուն եւ իր տեղը ցույց տանք, թույլ չտալով երկրորդ անգամ հայ ժողովրդի ցեղասպանությունը: Մենք չենք թողնելու մեր հողը թշնամուն: Աստված մեզ պահապան»:

Եվրոպական դատարանի հրապարակած «Մակուչյանը եւ Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի եւ Հունգարիայի» գործով վճռով արձանագրվել է, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) հոդվածով նախատեսված իր պարտավորությունները, այլ նաեւ փաստվել, որ ատելության հողի վրա կատարված դաժան հանցանքների համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի անպատժելիությունը եւ հերոսացումը Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից իրականացվել է զոհերի ազգային պատկանելության հիմքով: Արդյունքում, Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականությունն առաջին անգամ իր փաստագրումն է ստացել միջազգային դատական ակտով։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջով փոխանցել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Դիմումատուների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

ԵԿՄ վարչությունը տեսանյութ հրապարակեց՝  ներկայացնելով, թե ինչպես է ԵԿՄ հերթական խումբը մեկնում առաջնագիծ: Տեսնյութում ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը համախմբման կոչ էր անում. 

«Եթե էսօր չհամախբվենք, չկանգնենք թուրքի դեմ, թուրքը որ մտավ մեր տուն, մեր երեխեքին փրթելու են, երևի տեսել եք՝ ի՞նչ է կատարվւմ, էդ բաշիբոզուկները ազգ չեն,  դրա համար պիտի լինենք պինդ, համախմբված, կողք կողքի, հաղթահարենք  ամեն մի դժվարություն։ Եվ դրա համար մենք՝ ամեն մեկս էսօր պարտավոր ենք կռվելու, զոհվելու, հաղթելու։ Տղերք, մենք հաղթելու ենք, հաղթելու ենք,  հաղթելու ենք»։

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ ներկայացվեց Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում եւս մեկ անգամ Արցախից դուրս գտնվողներին կոչ արեց գալ եւ պաշտպանել իրենց նախնիների բնօրրանը.

«Եթե որևէ մեկդ մտածում եք, որ Արցախից դուրս կարող եք ապահով ապրելու և արարելու համար արժանապատիվ կյանք գտնել ձեզ և ձեր ընտանիքների համար, չարաչար սխալվում եք:

Սա մեր վերջին ճակատամարտն է, որն իրավունք չունենք զիջելու, որտեղ դասալքությունը հավասարազոր է դավաճանության: Այստեղ տերը մենք ենք և իրավունք չունենք ոսոխին ներս թողնելու և թույլ տալու, որ նա պղծի մեր սրբությունները:

Շտապե՛ք միանալ ձեր եղբայրներին, որոնք անսասան կանգնած են իրենց հայրենի հողի վրա, ե՛տ դարձեք, քանի դեռ ուշ չէ, քանի որ բոլորիդ արարքները գնահատելու են ժողովուրդն ու պատմությունը: Անեծքի փոխարեն՝ ընտրեք օրհնության ճանապարհը:

Արցախը սպասում է բոլորիդ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի  ունեցավ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Քննարկվեցին ադրբեջանաթուրքական ահաբեկչական ագրեսիային դիմագրելու ուղղությամբ գործողություններն ու հետագա քայլերը:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ արեց կատարել իրենց պարտավորությունները հրադադարի ռեժիմի մասին պայմանավորվածությունների շրջանակում եւ դադարեցնել խաղաղ բնակչությանն ուղղված հարվածները:

«Այս առավոտ ես նախագահ Թրամփի հետ քննարկեցի այս հարցը: Մենք տեսնում ենք հաղորդումներ քաղաքացիական անձանց մահվան մասին: Մենք տեսնում ենք, որ Թուրքիան ապահովում է Ադրբեջանի ամրապնդումը, մենք կոչ ենք անում բոլոր միջազգային խաղացողներին չմիջամտել տարածաշրջանում տիրող իրավիճակին»,- ասել էր նա:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հանդես եկավ ուղերձով՝  շեշտելով, որ  հայրենիքի համար վճռական օրեր են։

«Կենաց ու մահու կռիվ ենք մղում հանուն Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի։ Ադրբեջանը, անտեսելով հրադադարի պայմանավորվածությունը, շարունակում է ռազմական գործողությունները Արցախի Հանրապետության դեմ՝ հրետակոծելով նաեւ խաղաղ բնակավայրերն ու բնակչությանը, մեր հուշարձաններն ու սրբավայրերը։ Ադրբեջանի այս ընթացքը ի ցույց է դնում բանակցությունները ձախողելու, Արցախի ժողովրդին հայրենի հողից վտարելու եւ բնաջնջելու նրա հայատյաց քաղաքականությունը։ Արցախի համար չկա եւ չի կարող լինել անվտանգության երաշխիք Ադրբեջանի կազմում։ Պատերազմը մեր ժողովրդի ընտրությունը չէ: Մեզ պարտադրված է ինքնապաշտպանությունը, որպես բռնության ու բիրտ ուժի դեմ մեր կյանքի, ազատության եւ արժանապատվության պահպանման միակ միջոց», ասում էր Գարեգին Բ Վեհափառը:

Միջազգային հանրությանն ու Մինսկի խմբի համանախագահող երկրներին Հայոց Հայրապետը կոչ արեց առավել վճռական քայլեր ձեռնարկելու կանխելու համար Ադրբեջանի վայրագություններն ու ցեղասպան գործողությունները, աշխարհի հայերին էլ կոչ արեց՝ բազմապատկել Արցախին ցուցաբերվող զորակցությունը, Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերը։

«Սիրելի զինվորներ եւ սպաներ Հայոց փառապանծ բանակի, առանձնակի գնահատանքով եւ երախտագետ սրտով բերում ենք ձեզ Հայրապետական Մեր օրհնությունը։ Ամեն օր ծանր մարտերում դուք սխրանքներ եք գործում` պաշտպանելով մեր հայրենիքն ու ազատ ապրելու իրավունքը մեր ժողովրդի։ Մեր ժողովրդի պարծանքն եք դուք, մեր նորօրյա նահատակների լույս հիշատակի առջեւ թող հաստատ լինի ձեր ուխտը՝ ազգասիրության հաղթական ոգին աննկուն պահելու եւ հայրենին պաշտպանելու։ Հայցում ենք Բարձրյալից, որ անփորձանք պահի ու պահպանի ձեզ, սիրելի զինվորներ եւ սպաներ, աշխարհազորայիններ եւ կամավորականներ, զինավառի ձեզ իր հոգեւոր սպառազինությամբ եւ զորացնի ձեր բազկի ուժը՝ հաստատելու հարատեւ խաղաղությունը մեր հայրենիքում եւ մեր ժողովրդի կյանքում։

Աղոթում ենք ձեզ համար։ Աստված օգնական եւ ապավեն ձեզ, Աստված օգնական եւ ապավեն Հայաստան եւ Արցախ հայրենի մեր երկրին եւ մեր ժողովրդին։ Ամեն», իր ուղերձում ասում էր Ամենայն հայոց կաթողիկոսը։

Արցախի պաշտպանության բանակը տեսանյութ հրապարակեց, որում երեւում է, թե ինչպես է հայկական կողմը հարավ-արեւելյան ուղղությամբ ոչնչացնում թշնամու դիվերսիոն հետախուզական խումբը։

ՀԱՊԿ-ն իրեն դիմելու դեպքում կկարողանա խաղաղապահ ուժեր տեղակայել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղության համար՝ միայն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ եւ միայն ՄԱԿ ԱԽ-ի համապատասխան մանդատ ստանալու դեպքում: ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտարարեց, որ գործողությունը իրականացնելու համար պետք է լինի նաեւ հակամարտող բոլոր կողմերի համաձայնությունը:

Նա հիշեցրեց, որ հակամարտության ՀԱՊԿ անդամ միակ կողմ Հայաստանը, դեռ չի դիմել այդ կազմակերպությանը:

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Էրդողանը մանրամասն քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:

Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ, երկուստեք հաստատվել է հումանիտար զինադադարի պահպանման կարեւորությունը, որի շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել հոկտեմբերի 10-ին՝ Մոսկվայում: Պուտինը եւ Էրդողանը կողմ են արտահայտվել քաղաքական գործընթացների ակտիվացմանը, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակումների հիման վրա:

Ռուսաստանի նախագահը լուրջ անհանգստություն է հայտնել Մերձավոր Արեւելքի տարածաշրջանից ռազմական գործողություններին գրոհայինների մասնակցության կապակցությամբ: Նրանք ընդգծել են արյունահեղությունը հնարավորինս շուտ դադարեցնելու եւ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորում սկսելու համատեղ ջանքերի անհրաժեշտությունը: Պուտինը հույս է հայտնել, որ Թուրքիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կառուցողական ներդրում կունենա հակամարտության լիցքաթափման գործում:

Նկատենք, որ մինչեւ Պուտինի հետ խոսելը, Էրդողանը դեմ էր խաղաղ կարգավորմանը։  Երբ ՌԴ նախագահը հույս է հայտնում, որ «Թուրքիան  կառուցողական դեր կունենա», թերեւս ակնարկում է, որ մինչեւ այդ պահը կառուցողական չի եղել։

ՊԲ-ն հրապարակեց ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների եւս 23 անուն։

ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Արցախյան հակամարտության վերաբերյալ ՀՅԴ դիրքորոշումը.

«Դաշնակցության համար անընդունելի է առանց Արցախի անկախության ճանաչման հակամարտության լուծման որեւէ տարբերակ:

Դաշնակցության համար անընդունելի է Արցախյան հակամարտության լուծման շրջանառվող փուլային տարբերակը»։

Դիմելով իշխանություններին ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը Ֆեյսբուքում գրեց.

«Մենք ձեզ ժառանգել ենք Արցախի Հանրապետություն, հնարավորինս անվտանգ պետություն, հզոր բանակ, որի շնորհիվ 2016-ի ապրիլին Ադրբեջանը չկարողացավ հասնել իր նպատակներին, Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններ, որոնք դուք առ ոչինչ համարեցիք, քանի որ Նիկոլը, հղում անելով ալիեւին, ասում էր, թե դրանք ուժի մեջ չեն։

2.5 տարի ասել ենք, որ բանակցային քաոսը հանգեցնելու է պատերազմի։

Հիմա, մի կողմ դնելով քաղաքական հանգամանքները, համախմբվել ենք մեր բանակի շուրջ։ Մտքներովդ չանցնի, թե կարողանալու եք մեղավորներ նշանակել մարդկանց, որոնք ձեզ զարգացող Արցախ եւ ամուր բանակցային հիմքեր են թողել։

Ներկա իրավիճակը Նիկոլի «սեփական կետից բանակցություն սկսելու» անհեռատեսության հետեւանք է եւ իրավիճակի միակ պատասխանատուն գործող իշխանությունն է»։

Ըստ ամենայնի, այս դիրքորոշումների հրապարակումը պայմանավորված էր Ն.Փաշինյանի ուղերձում հնչած մտքերով։

Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրեց, որ երբեւէ ադրբեջանական բանակի ղեկավարությունը այսպիսի անհարգալից վերաբերմունք չի դրսեւորել սեփական զոհերի ու դիակների նկատմամբ։

«Դրանք թողնված են դաշտերում, ձորերում ու ճահճուտներում»,- գրել էր նա։

Նկատենք, որ մինչեւ օրս Արցախի ԱԻ վարչության աշխատակիցները  որոնում են հայ զինծառայողների աճյունները։

Արդեն երեկոյան ճեպազրույցում Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ առավոտյան հակառակորդը վերսկսել է գրոհելու փորձերը հիմնականում հյուսիսում եւ հարավում, բայց հարավում մի փոքր այլ ուղղություն է վերցվել, ոչ թե Արաքսի հովիտը: Նրա խոսքով, հակառակորդը դիմել է նոր մարտավարության, իրականացնում է ինտենսիվ գնդակոծություն, օգտագործում է հիմնականում հետեւակայիններ նվազագույն զրահամեքենաներով:

«Հետեւակը շարժվում է խիտ շարասյուներով: Մասնավորապես, այս մարտավարությունն օգտագործվում է բարձունքներ գրավելիս: Տեսանյութեր կան, մենք ամեն ինչ ցույց չենք տալիս: Բայց ես կասեմ, որ հավանաբար այդպիսի բան նախկինում միայն կինոնկարներում եք տեսել: Արդյունքում հակառակորդը կենդանի ուժի շատ մեծ կորուստներ է ունենում»,- ասաց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Հայաստանի տարածքի գնդակոծությանը՝ ՊՆ ներկայացուցիչն ընդգծեց, որ նման գործողությունները օրինականացնում են հայկական կողմի պատասխանը: Նրա խոսքով՝ օրվա ընթացքում հակառակորդը օգտագործել է ավիացիա, սակայն մեծ հաջողության դրանով չի հասել։

Կրկնելով Ֆեյսբուքում գրած դիտարկումը, Հովհաննիսյանն ասաց, որ Ադրբեջանն աննախադեպ դաժանություն է ցուցաբերում իր զոհված զինծառայողների հանդեպ:

«Ներկայիս ագրեսիայի ընթացքում բախվում ենք Ադրբեջանի աննախադեպ դաժանությանը սեփական կորուստների հանդեպ: Կորուստների նկատմամբ ծայրաստիճան անմարդկային վերաբերմունքով: Նման բան նախկինում չէինք տեսել: Նրանք չեն էլ փորձում հավաքել իրենց զինվորների դիակները: Սա ցուցանիշ է, անհրաժեշտ է որոշակի եզրակացություններ անել»,- նշեց նա:

Ըստ Ա.Հովհաննիսյանի՝ Ադրբեջանը հրաժարվում է աշխատել ԿԽՄԿ-ի հետ գերիների հարցով: Միաժամանակ, նա հայտնեց, որ մենք էլ գերիներ ունենք:

Ացախի Պաշտպանության բանակը հրապարակեց տեսանյութ, որում երևում է թշնամական հարձակվող ուժերի ոչնչացումը ՊԲ ստորաբաժանումների կողմից հյուսիս-արևելյան առաջնագծում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ