News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին Հայաստանի պաշտպանության եւ անվտանգության ոլորտում տիրող տագնապային, կոլապսային իրավիճակը կարծես թե առանձնապես չի էլ մտահոգում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

Նշենք, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը 7-րդ անգամ իրեն չընտրեց փոխնախագահի պաշտոնում:

«Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական արտահերթ նիստի օրակարգը, որը մինչեւ այժմ հանձնաժողովը գումարել է՝ եղել է նախագահի տեղակալի ընտրության հարցը, սա թվով 7-րդն էր։ Ընդդիմադիր 2 խմբակցություններն էլ որոշեցին չմասնակցել այդ նիստին, որովհետեւ նախորդ 6 նիստերում հնչել են բոլոր հարցերը, տրվել են պատասխանները, հնչել են ելույթները եւ որեւէ մոտիվացիա՝ քվեարկելու կողմ կամ դեմ փոխելու հնարավորություն չկա, որովհետեւ քաղաքական մեծամասնությունը որդեգրել է կոշտ դիրքորոշում այս հարցում, հետեւաբար մասնակցությունը համարել ենք աննպատակահարմար։ Հանձնաժողովը մատնված է անգործության, արդեն 7-րդ նիստն է գումարվում, 7-ն էլ մի օրակարգով»,- նշեց նա։

Ըստ Ղազինյանի՝ իշխանությունը չի կարող պարտադրել ընդդիմությանը՝ ներկայացնել իրեն հաճելի թեկնածուի.

«Այդ կարգավիճակը մենք կամովին չենք զիջելու իշխանությանը, որովհետեւ եթե ընդդիմությունը հրաժարվի թեկնածու առաջադրելուց, ապա այն կանոնակարգ օրենքի համաձայն՝ անցնում է իշխանությանը։ Երեւի թե իշխանությունն այդ նպատակն է հետապնդում, շատ լավ հասկանալով, որ ըննդիմությունը չի փոխելու թեկնածուին, որովհետեւ դա կլինի նահանջ, դիրքերի զիջում։ Իշխանությունը բարոյական ոչ մի իրավունք չունի՝ ստիպելու ընդդիմությանը՝ խաղալ կամ գործել իր թելադրած կանոններով, հետեւաբար հարցը գտնվում է իշխանության պատասխանատվության տիրույթում, իրենք են սաբոտաժի ենթարկում հանձնաժողովի աշխատանքը։ Եթե իրենք կհասկանան իրենց սխալը եւ հրապարակային կամ ոչ հրապարակային ձեւով մեզ կտեղեկացնեն, որ պատրաստ են խելոք քվեարկել ընդդիմության թեկնածուի օգտին, մենք խմբակցությունում կքննարկենք եւ կկայացնենք համապատասխան որոշում»։

Արթուր Ղազինյանը պնդեց, որ հանձնաժողովի այսօրվա նիստն ընթացել է կանոնակարգի խախտումով. «Որովհետեւ հիմնական զեկուցողը չի ներկայացել, հարցը պետք է հետաձգվեր։ Քննարկումներ տեղի չեն ունեցել, ելույթներ չեն եղել, եզրափակիչ ելույթ չի հնչել, հետեւաբար նիստը պետք է հետաձգվեր»։

Նա հայտնեց նաեւ, որ ընդդիմադիր խմբակցությունները դիմում են ներկայացրել հանձնաժողովի ընդհանուր բաժին այն պահանջով, որ հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին հրավիրվի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ՝ կոնկրետ օրակարգով.

«Մենք պատրաստել ենք եւս մեկ պահանջ, այն մուտք է արվել ընդհանուր բաժին սույն թվականի հոկտեմբերի 15-ին՝ 13։00 հրավիրել Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ՝ կոնկրետ օրակարգով, ներկայացված է նաեւ որոշման նախագիծ՝ ստեղծել աշխատանքային խումբ, որը պետք է ուսումնասիրի նիստի ընթացքում տրված տեղեկատվությունը, եւ դրա համադրման, ստուգման միջոցով համալիր զեկույց ներկայացնի նախ հանձնաժողովին, ապա լիագումար նիստին։ Հարցը վերաբերում է՝ Հայաստանի հարավ-արեւելյան սահմանին տիրող իրավիճակին, դեկտեմբերին հայկական ԶՈՒ-երի զբաղեցրած դիրքերից հետ քաշելու հրամանի սահմանադրաիրավական եւ ռազմաքաղաքական հիմնավորվածությանը, եւ որքանով է այդ հրամանը համապատասխանել Հայաստանի գործող օրենսդրությանը, եւ որքանով է այն արդարացված եղել ռազմաքաղաքական իմաստով։ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչել է տեսակետ, որ դա չանելու պարագայում կլինի ռազմական էսկալացիա, հանձնաժողովը խնդիր է դրել իր առջեւ՝ պարզել, թե կոնկրետ ինչ փաստեր եւ ինչպիսի հանգամանքներ են ստիպել քաղաքական իշխանությանը՝ ընդունել որոշում  ՀՀ ինքնիշխան տարածքն Ադրբեջանին հանձնելու համար։ Հանձնաժողովի նիստը նախագահը պարտավոր է հրավիրել, մենք հանձնաժողովի նիստին հրավիրել ենք ՀՀ պաշտպանության նախարարին, ԳՇ պետին, ԱԳ նախարարին, ԱԱԾ տնօրենին եւ ՀՀ գխավոր դատախազին։ Հանձնաժողովի նախագահը պարտավոր է ապահովել այդ պաշտոնատար անձանց ներկայությունը հանձնաժողովին։ Քննարկումը նախատեսել ենք բաց ընթացակարգով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ