News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արժույթի միջազգային հիմնադրամը փոքր-ինչ վատթարացրել է համավարակային ռեցեսիայից հետո համաշխարհային տնտեսության վերականգնման հեռանկարները՝ արտացոլելով արդյունաբերական երկրներում մատակարարման շղթայի մշտական խափանումները եւ հարուստ ու աղքատ երկրների պատվաստումների մակարդակի տարբերությունը:

«Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» իր վերջին զեկույցում ԱՄՀ-ն կանխատեսում է, որ այս տարի համաշխարհային տնտեսական աճը կկազմի 5,9%՝ հուլիսի 6%-ի համեմատ:

ԱՄՀ-ի կանխատեսումների համաձայն՝ 2021թ․ ԱՄՆ-ի տնտեսական աճը կկազմի 6%, ինչը ցածր է հուլիսյան 7% կանխատեսումից: Դեպի նվազում վերանայումը արտացոլում է տնտեսական ակտիվության դանդաղումը՝ COVID-19-ի դեպքերի աճի եւ արտադրության հապաղման հետեւանքով, որոնք առաջացել են առաջարկի դեֆիցիտի եւ, որպես հետեւանք, ինֆլյացիայի արագացման պատճառով:

ԱՄՀ-ն կանխատեսում է, որ ընդհանուր առմամբ աշխարհի զարգացած տնտեսությունների համար աճն այս տարի կկազմի 5,2%, այն դեպքում, երբ ցածր եկամուտ ունեցող զարգացող երկրների համար կանխատեսվող չնչին աճը կազմում է 3%:

«Տնտեսական հեռանկարների վտանգավոր տարբերությունը երկրների միջեւ շարունակում է լուրջ խնդիր մնալ»,- հայտարարել է ԱՄՀ-ն։

Հիմնադրամն ակնկալում է, որ զարգացած տնտեսությունների ընդհանուր արտադրանքը մինչեւ 2022թ․ կփոխհատուցի համավարակի ժամանակ կրած կորուստները եւ մինչեւ 2024թ․ կգերազանցի նախահամաճարակային աճի հետագիծը:

Բայց ձեւավորվող շուկաներում եւ Չինաստանից դուրս զարգացող երկրներում արտադրանքի ծավալը մոտ 5,5%-ով ցածր կմնա արտադրության աճի հետագծից, որը ԱՄՀ-ն կանխատեսում էր անցած տարվա մարտ ամսվա համավարակից առաջ: Ըստ արժույթի հիմնադրամի՝ այս անկումը լուրջ սպառնալիք է ներկայացնում այդ երկրներում կենսամակարդակի համար:

ԱՄՀ-ն այս տնտեսական տարբերությունը բացատրել է հարուստ եւ ցածր եկամուտ ունեցող երկրների համար պատվաստանյութերի հասանելիության էական անհավասարությամբ: Զեկույցում ասվում է, որ աղքատ երկրների հեռանկարները «զգալիորեն վատացել են»:

Մինչ զարգացած երկրներում բնակչության գրեթե 60 տոկոսը լիովին պատվաստված է, աղքատ երկրներում բնակչության միայն մոտ 4 տոկոսն է պատվաստված:

ԱՄՀ-ն հայտարարել է, որ պատվաստումների մակարդակի դանդաղմանը զուգահեռ, աղքատ երկրները բախվում են «հանդիպակաց քամիների»՝ ինֆլյացիայի բռնկման հետեւանքով, ընդ որում՝ ցածր եկամուտ ունեցող երկրներում սննդամթերքի գներն ամենից շատ են բարձրանում:

ԱՄՀ-ի կանխատեսած համաշխարհային արտադրության 5,9%-ը շոշափելի աճ է նախորդ տարի համավարակի պատճառով արտադրության 3,1% անկումից հետո: 2022թ․ ԱՄՀ-ն կանխատեսում է 4,9% աճ՝ անփոփոխ հուլիսի կանխատեսումից:

ԱՄՀ-ն ակնկալում է, որ ԱՄՆ-ում կայուն աճը 2022թ․ կկազմի 5,2%: Եվրո կիրառող 19 երկրների համար ԱՄՀ-ն այս տարի կանխատեսում է 5% աճ, իսկ 2022թ․՝ 4,3% աճ:

Ակնկալվում է, որ աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունն այս տարի կաճի 8%-ով, ինչը մի փոքր ցածր է ԱՄՀ-ի կանխատեսումից, այն է՝ հուլիսին 8,1%, իսկ 2022թ․՝ 5,6%:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ