
ԱՄՆ Պետդեպարտամենտի գլխավոր տեսուչի գրասենյակի աշխատակիցներն ուսումնասիրում են նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նշանակած անձանց կողմից օտարերկրյա առաջնորդների համար նախատեսված նվերների յուրացման մասին տեղեկատվությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ NBC-ի վրա հղումով։
Ըստ աղբյուրների՝ խոսքը կաշվե պայուսակների, թիթեղյա սկուտեղների եւ մարմարե տուփերի մասին է՝ զարդարված նախագահական կնիքով կամ ԱՄՆ նախագահի եւ առաջին տիկնոջ ստորագրություններով: Ենթադրվում էր, որ դրանք կներկայացվեն օտարերկրյա առաջնորդներին G7 գագաթնաժողովում, որը պետք է տեղի ունենար ԱՄՆ-ում 2020 թվականին: Այն հետագայում չեղարկվեց համաճարակի պատճառով:
Աղբյուրները նշում են, որ նրանք տեղեկություններ ունեն, որ արժեքավոր նվերները, որոնք գրանցված են գերատեսչության կողմից և վճարվում են պետական գանձարանից, կարող էին վերցնել Թրամփի կողմնակիցները, այդ թվում ՝ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն: Նախկին պետքարտուղարը հերքել է այդ մեղադրանքները։