News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի առաջին այցելությունը Հայաստան վկայում է ժողովուրդների եւ երկրների միջեւ հարաբերությունների խորացման մասին։ Այս մասին հոկտեմբերի 13-ին Երեւանում Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանքարի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը։

«Հնդկաստանը Հայաստանի կարեւորագույն գործընկերն է, եւ հարաբերությունների ամրապնդումը ՀՀ առաջնահերթություններից է։ Դա արտացոլված է կառավարության ծրագրում»,- նշել է Միրզոյանը։ Նա գոհունակությամբ փաստել է բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ հաստատել որքան հնարավոր է շուտ դրանք կատարելու հայկական կողմի պատրաստակամությունը։ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ այս տարի լրանում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ ԱԳՆ ղեկավարը փաստել է հաջող համագործակցությունը երկկողմ մակարդակով, միջազգային կազմակերպությունների շրջանակում։

«Հնդկաստանը կարող է  ավանդ ներդնել Հարավային Կովկասի կայունության եւ զարգացման հարցում։ Մենք բարձր ենք գնահատում Հնդկաստանի սկզբունքային դիրքորոշումը խաղաղ կարգավորման գործում, ԵԱՀԿ ՄԽ մանդատի շրջանակում»,- ընդգծել է նախարարը՝ ավելացնելով, որ Հայաստանը քանիցս հայտարարել է, որ ուժը չի կարող միջոց լինել, եւ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների արդյունքներով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում, հայտնի սկզբունքների հիման վրա։

Նախարարն ընդգծել է, որ Երեւանում բարձր են գնահատում հնդկական կողմի հայտարարությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանցի զինվորականների ներկայության անթույլատրելիության մասին։ Իր կողմից Արարատ Միրզոյանը հաստատել է Հնդկաստանի դիրքորոշմանն աջակցելու մասին Ջամուի եւ Քաշմիրի հարցում։

ԱԳՆ ղեկավարը փաստել է հարաբերությունների զարգացումը առեւտրի, գիտության, առողջապահության, պաշտպանության եւ այլ ոլորտներում։ Հայկական կողմը մեծ ակնկալիքներ ունի մի շարք ոլորտներում ծրագրերի իրականացման հետ կապված։ Կողմերը նաեւ քննարկել են միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի անցկացման հնարավորությունը։

Իր հերթին, Սուբրամանյամ Ջայշանքարը նշել է, որ իր այցը նշանավորում է երկու երկրների համագործակցության նոր փուլի սկիզբը։ Նրա խոսքով՝ հանդիպումներն արդյունավետ էին, հարցերի մեծ մասում դիրքորոշումները համընկնում են։ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ Հդկաստանն առաջին երկրներից մեկն է ճանաչել Հայաստանը, եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը լայնորեն կնշվի։ «Սակայն մեր հարաբերությունները դարերի խորքն են գնում, միջնադար։ Հնդկաստանում մեծ հայկական ժառանգություն կա, եկեղեցիներ, գերեզմանատներ, ուսումնական հաստատություններ։ Հայկական ժառանգությունը պահպանվում է ուշադրությամբ եւ հարգանքով։ Հայկական համայնքի ներդրումը Հնդկաստանի պատմության մեջ մեծ է»,- ընդգծել է նախարարը։ Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին եւ ժողովրդին հանրապետությունում ապրող հնդիկ ուսանողներին լավ վերաբերվելու համար։ Նախարարը հատուկ շնորհակալություն է հայտնել Երեւանում Գանդիի հուշարձանի տեղադրման համար եւ խոստացել է այսօր այցելել։ Այսօր էլ նախատեսված են նախարարի հանդիպումները ՀՀ վարչապետի եւ ԱԺ նախագահի հետ։

Եզրափակելով՝ Սուբրամանյամ Ջայշանքարը Արարատ Միրզոյանին հրավիրել է այցելել Հնդկաստան։  Հրավերն ընդունվել է երախտագիտությամբ։ Միրզոյանը խոստացել է, որ իրեն կուղեկցեն բիզնեսի ներկայացուցիչներ, որպեսզի տեղում ամրապնդեն պայմանավորվածություններն ու շփումներ հաստատեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ