News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 07
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Շատ բարդ է պատկերացնել, որ կարող է 3+3 ձեւաչափ ստեղծվել այն դեպքում այն դեպքում, երբ դրանում իրար հետ պետք է աշխատեն Վրաստանն ու Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան եւ Հայաստանն ու Ադրբեջանը, դա իրատեսական չէ: Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով վերջին օրերին տարածաշրջանային երկրների մասնակցությամբ նոր՝ «3+3» ձեւաչափի ստեղծման վերաբերյալ հնչող հայտարարություններին եւ դրանց իրագործելիությանը:

«Առաջին հերթին՝ տեղեկատվությունն ամբողջական չէ այս հարցի վերաբերյալ. ՌԴ արտգործնախարարն այս մասին Իրանի իր գործընկերոջ հետ ճեպազրույցի ժամանակ խոսեց՝ ի պատասխան հնչած հարցին, եւ դրական արձագանքեց դրան, քանի որ այն նման համատեքստում էր հնչել: Ինչ վերաբերում է 3+3 ձեւաչափի ստեղծմանը, ապա այն առաջարկը բավական երկար ժամանակ գոյություն ունի, տեւական ժամանակ քննարկվում է: Շատ բարդ է պատկերացնել, որ այն լրջորեն կարող է իրագործվել այն դեպքում, երբ դրանում իրար հետ պետք է աշխատեն Վրաստանն ու Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան եւ Հայաստանն ու Ադրբեջանը, դա բարդ է իրագործել: Այդ պատճառով էլ ինձ չի թվում, որ այդ ձեւաչափի ստեղծումն իրատեսական է»,- նշեց Իսկանդարյանը:

«3+3» ձեւաչափի ստեղծման վերաբերյալ խոսակցություններին զուգահեռ ակտիվություն է նկատվում պաշտոնական Թբիլիսիի կողմից: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վերջին օրերին այցելեց նախ Ադրբեջան, հետո նաեւ՝ Հայաստան՝ շեշտելով, որ Վրաստանը պատրաստ է միջնորդական դեր ստանձնել տարածաշրջանային խնդիրների կարգավորման հարցում: Իսկանդարյանի համոզմամբ՝ Վրաստանը Հարավային Կովկասում, այն է՝ իր շուրջ կատարվող գործընթացների պայմաններում փորձում է ներգրավվել ինչ-որ մի ձեւաչափում եւ ինչ-որ դեր խաղալ այդտեղ:

«Վրաստանը պատրաստակամութուն է ցուցաբերում ներգրավված մնալ տարածաշրջանում ընթացող գործընթացներում: Թբիլիսին, սակայն, այս հարցում մի շարք սահմանափակումներ ունի՝ խոսքը Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի եւ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայության մասին է, ուստի լուրջ հեռանկար պատկերացնելը բարդ է»,- նկատեց քաղաքագետը:

Միաժամանակ, սկսում է ակտիվանալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը. Սեպտեմբերի 25-ին համանախագահներ հովանու ներքո պատերազմից հետո առաջին անգամ հանդիպեցին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները, հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում հայտարարել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել կրկին հանդիպել՝ առաջնահերթ քննարկման առարկա դարձնելով հումանիտար հարցերը: Մյուս կողմից, թե՛ Երեւանի, թե՛ Բաքվից պաշտոնական հայտարարություններ են հնչել այն մասին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ առաջիկայում հանդիպում կարող է կայանալ: Ալեքսանդր Իսկանդարյանը վստահ է՝ բանակցային գործընթացը վերսկսվելու է:

«Ես գրեթե վստահ եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում բանակցային գործընթացը  վերսկսվելու է: Հասկանալի է, որ այդ հարցում մեծ բարդություններ կան, բայց դժվար թե խոշոր խաղացողներից որեւէ մեկը շահարգռված է , որ ամեն բան մնա այսպես՝ առանց որեւէ փոխազդեցության, հետեւաբար, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպում վաղ թե ուշ կկազմակերպվի: Այլ հարց է, թե ինչ հիմքով է դա լինելու. կարծում եմ՝ Մինսկի խմբի համանախագահությունը կլինի, որպեսզի ձեւաչափը պահպանվի: Ես չեմ կարծում, որ դա կարող է ինչ-որ արդյունքի հանգեցնել, բայց այն, որ համանախագահ երկրների նկատվող ակտիվությունը վաղ թե ուշ հանգեցնելու է որեւէ շփման, վստահ եմ, հարցը միայն այն է, թե երբ»,- նկատեց քաղաքագետը:

Պատերազմից հետո ամիսներ շարունակ եւ մինչ այժմ Ադրբեջանի նախագահը պնդում է, թե իբր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր այլեւս գոյություն չունի, ավելին՝ ամիսներ առաջ բավական կոշտ էր արտահայտվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեին: Այժմ, սակայն, հենց Ալիեւն է հայտարարում, որ պատրաստ է հանդիպել Փաշինյանի հետ: Հարցին՝ արդյո՞ք սա նշանակում է, որ Ադրբեջանի նկատմամբ համանախագահ երկրների կողմից ճնշում կա բանակցությունները վերսկսելու հարցում կամ որ Ադրբեջանը չի կարող հրաժարվել բանակցությունների սեղան վերադառնալուց, Իսկանդարյանը նկատեց.

«Ադրբեջանի հետ, մեղմ ասած, եւս աշխատում են: Անկախ նրանից՝ ինչ է հայտարարում Ալիեւը, Ղարաբաղյան հարցը Ադրբեջանի Հանրապետության համար շարունակում է գոյություն ունենալ: Արցախի՝ թեկուզ փոքր ու քիչ բնակչությամբ հատվածի նկատմամբ Ադրբեջանը վերահսկողություն չունի, այնպես որ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար խնդիրը գոյություն ունի»,- եզրափակեց Իսկանդարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ