News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեկ Մոսկվայում կայացավ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հանդիպումը: Ռուսաստանը բոլոր ուղղություններով փորձում է քայլեր ձեռնարկել` տարածաշրջանում ընդհանուր իրավիճակը լիցքաթափելու և Կովկասի ժողովուրդների միջև երկխոսություն հաստատելու համար, սակայն կան հանգամանքներ, որոնք ունեն շատ խորը բնույթ, որոնք պետք է հասկանալ և ճիշտ գնահատել: Այս մասին իր հոդվածում գրել է ԱԺ Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արմեն Գևորգյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հետպատերազմյան իրադարձությունների զարգացման և տարածաշրջանում նոր աշխարհքաղաքական դասավորության ձևավորման ֆոնին աննկատ է մնում, թե ինչպես են Ալիևն ու իր թիմը հմտորեն իրենց հաջողություններին տալիս կրոնական երանգ և մոբիլիզացնում մահմեդական աշխարհն իրենց շուրջը: Ցավոք, այս միտմանն աջակցում են նաև այն երկրների ներկայացուցիչները, որոնք Հայաստանի հետ միասին հանդիսանում են ՀԱՊԿ անդամ՝ նշելով «հայրենական պատերազմում» ադրբեջանական ժողովրդի հաղթանակի կարևորությունը ողջ թյուրքական աշխարհի համար:

Այսպիսով, Ալիևը և նրա թիմը, ըստ էության, իրենց հրապարակային ելույթներով փորձում են իրենց ռազմաքաղաքական հաջողությունները ներկայացնել որպես մահմեդականների և քրիստոնյաների որոշակի դիմակայություն: Մենք տեսնում և լսում ենք նման քաղաքականության միայն հրապակային մասը, և կարելի է պատկերացնել, թե ի´նչ ծավալներով և ի´նչ բովանդակությամբ է այն վարվում կուլիսներում: Այս քարոզչության հիմնական թեզերն են.

• Վերջին տասնամյակների ընթացքում Ադրբեջանը դարձավ բացառություն, երբ մահմեդական երկիրը կարողացավ վերադարձնել կամ խլել քրիստոնյաներից հող (տարածքներ), և դրանով իսկ հնարավորություն տալ բոլոր մահմեդականներին՝ հպարտանալ իրենց եղբայրներով:

• Մահմեդականները պետք է համերաշխ լինեն հայկական աշխարհի, այդ թվում` սփյուռքի դեմ:

• Պատերազմի ելքը պետք է հանգեցնի մահմեդական աշխարհի և, մասնավորապես, թյուրքական ժողովուրդների կարողությունների ամրապնդմանը` կապի նոր միջանցքների ձևավորման և աշխարհքաղաքական նոր դասավորության միջոցով:

• Թյուրքական աշխարհի համերաշխությունը նոր հնարավորություններ կընձեռի իրենց շահերն առաջ մղելու համար՝ աշխարհում՝ ընդհանրապես, միջազգային կազմակերպություններում՝ մասնավորապես. մեզ հետ ստիպված կլինեն հաշվի նստել:

Ես խորը չեմ վերլուծի այն, որ պատերազմի արդյունքների կրոնականացման գործընթացն արդեն անհանգստացնում է մեր տարածաշրջանի սահմաններից շատ հեռու գտնվող երկրներին, օրինակ՝ Չինաստանին և Հնդկաստանին (առաջինի համար ՝ երկրի արևմուտքում գտնվող ույղուրյան գործոնը, ինչպես նաև՝ թյուրքական երկրների՝ Ղազախստանի և Ղրղզստանի հետ հարևանությունը, որտեղ Թուրքիան կարևոր դեր է խաղում, իսկ երկրորդի դեպքում՝ Պակիստանի ակտիվ մասնակցությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ ռազմաքաղաքական համագործակցությանը):

Նախևառաջ, ամբողջ քաղաքակիրթ աշխարհի ուշադրությունը պետք է հրավիրել այն փաստի վրա, որ 21-րդ դարում իրեն աշխարհիկ պետություն համարող և Եվրոպայի խորհրդի անդամ երկիրը քարոզում է կրոնական անհանդուրժողականություն ու ատելություն: Ադրբեջանը, փաստորեն, բացահայտ վարում է քրիստոնեական և մահմեդական աշխարհներն իրար հակադրելու քաղաքականություն, ինչը նրան հնարավորություն է տալիս հնարավորինս շատ դաշնակիցներ հավաքել մահմեդական աշխարհում: Փաստորեն, այսօր Ադրբեջանի դաշնակիցները որոշվում են երկու հիմնական չափանիշներով՝ փող (նավթ, գազ, տարանցիկ) և կրոն: Կրոնը դարձավ 44-օրյա պատերազմում թյուրքական կոալիցիայի գործողությունների գաղափարական տանիքը:

Պետք է մտածել այն մասին, որ թյուրքական աշխարհի առաջնորդների չափազանց մեծ ամբիցիաներն ու ցանկությունները շուտով ժամանակակից Եվրոպային կբերեն կրոնի հիմքի վրա նոր առճակատման: Մահմեդական աշխարհի այսպես կոչված համերաշխությունը կսկսի խաթարել Եվրոպայի քաղաքակրթական կայունությունը: Հակառակ ժամանակակից Եվրոպայում «հետկրոնական» դարաշրջանի սկիզբի մասին կանխատեսումներին, թյուրքական ընդլայնումը հուշում է, որ կրոնական գործոնը սկսում է անտեսանելի, բայց որոշիչ դեր խաղալ նոր գլոբալ գործընթացներում: Նավթադոլարներով վճարվող այս թյուրքական ընդլայնումն իսկական գլխացավանք կդառնա ոչ միայն արևելյան երկրների համար, այլև՝ արևմտյան: Այս քաղաքականության առաջին պտուղներն արդեն դրսևորվում են հարևան Վրաստանում, որտեղ թուրքական գործոնն արդեն որոշիչ է ներքաղաքական կայունության պահպանման համար:

Ժամանակակից Թուրքիայում, ազգային գաղափարի ճգնաժամի պատճառով, օսմանյան անցյալը սկսում է դիտվել որպես ապագայի խոստումնալից մոդել: Այս ռազմավարությունը նախատեսված է թյուրքական միջավայրում հնարավորինս լայն լսարանի կարիքները բավարարելու համար: Իսլամը նեոօսմանյան ինքնության առանցքային բաղադրիչն է: Նեոօսմանյան գաղափարների բարձր փոխակերպելիությունը դրանք չափազանց գրավիչ է դարձնում շատ երկրների քաղաքական էլիտաների համար, և Թուրքիայի գործունեությունը նպաստում է այդ գաղափարների տարածմանը նույնիսկ հետ-օսմանյան տարածքից դուրս:

Եվրոպան պետք է հաշվի առնի, թե ինչ գին կարող է ունենալ փոխզիջումը՝ ժողովրդավարության հիմնարար սկզբունքները պահպանելու և մարդու իրավունքները հարգելու և հանուն ներկայիս աշխարհքաղաքական շահերի դրանք անտեսելու միջև: 2001 թվականի սեպտեմբերի 11-ի աղետը դարձավ միջքաղաքակրթական հակասությունների խորհրդանիշ, որոնք ունեն կրոնական հիմքեր: Եվ ահա, 20 տարի անց, շատ հետազոտողների կանխատեսումները «քաղաքակրթությունների բախման» կրոնական ծագման վերաբերյալ՝ որպես 21-րդ դարում համաշխարհային քաղաքականության լուրջ մարտահրավեր, ավելի ու ավելի են արդիականանում: Վստահ եմ, որ Եվրոպայի խորհուրդը կարող է դառնալ այն հարթակը, որտեղ պետք է ծավալվի այս թեմայով գլոբալ քննարկում, և որտեղ կարող է ձևավորվել այս բախման ռիսկերը չեզոքացնելու անհրաժեշտության ընդհանուր ըմբռնումը:

Անկախ Մեծ Եվրոպայի խնդիրներից՝ մեզ հետ կապված, մենք միշտ պետք է գիտակցենք, որ աշխարհքաղաքական գործընթացների կրոնականացման՝ վերը նկարագրված միտումները միշտ կլինեն տարածաշրջանում բարձր կոնֆլիկտայնության աղբյուր: Հետևաբար, Հայաստանի իշխանությունների խաղաղության ձգտումը, որպես նոր ռազմական գործողություններից խուսափելու ցանկություն, չի կարող լուծել երկրի և հայ ժողովրդի երկարաժամկետ անվտանգության ապահովման հարցը:

Ցավոք, այսօր, հակասահմանադրական և անօրինական որոշումների պատճառով, ես զրկված եմ Եվրոպայի խորհրդում այս թեման բարձրաձայնելու հնարավորությունից` լինելով ՀՀ պատվիրակության հիմնական անդամ: Եվ այս առումով անհասկանալի է, թե Հայաստանում ով է շահում Եվրոպայի Խորհրդում իմ անմիջական աշխատանքի հնարավորությունները սահմանափակելուց: Անկախ ամենից, ես և իմ գործընկերներն այս թեման փորձելու ենք հասցնել միջազգային հանրությանը, որտեղ Հայաստանի համար կարող ենք ազդեցիկ համախոհներ գտնել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ցորի» զորամասի զոհված զինվորների ծնողները պահանջում են Ջալալ Հարությունյանի գործը Երևանում քննել
Բաքուն գերիների և պատանդների հարցը օգտագործում է քաղաքական նպատակներով. փաստաբան
Պաշտոնական տվյալներով՝ գերության մեջ է մնում 23 քաղաքացի...
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ամենաշատ