News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հեղափոխությունից հետո այն, ինչ տեղի է ունենում մամուլի, խոսքի ազատության նկատմամբ, ինչ-որ իմաստով հետին պլան է մղում այն դեպքերը, որ տեղի են ունեցել նախկին իշխանությունների ժամանակ: Այս մասին, յսօր՝ հոկտեմբերի 15-ին, «Դեպի բռնապետություն․Հետընթաց իրավունքներից» թեմայով պանելային քննարկման ժամանակ նշեց Ժուռնալիստների միության նախագահ, «168 ժամ» թերթրի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը՝ նշելով, որ թեև բոլոր իշխանությունները մշտապես ցանկացել են ինչ-որ իմաստով ազատվել կամ լռեցնել ազատ խոսքը, բայց վերջին 3.5 տարում վիճակն անհամեմատելի է:

Ըստ Սեյրանյանի՝ այս ընթացքում լրագրողները շատ կոշտ, դաժան հարձակումների ենթարկվեցին. «Մամուլի դեմ ուղղված որևէ գործողություն գործողություն է խոսքի ազատության, տեղեկացված լինելու իրավունքի դեմ: Այն ամբողջ իրավիճակը, որը տեղի է ունենում մամուլի շուրջ, միայն առաջին հայացքից է վերաբերում լրագրողներին, իրականում բացառապես քաղաքական խնդիր է և արտացոլում է ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատությունների նկատմամբ գործող իշխանությունների վերաբերմունքը: Դրա խորը պատճառն այն է, որ ՀՀ-ում ցավոք սրտի, ձևավորվել և խորանում է ձևով՝ ժողովրդավարական՝ լոզունգների մակարդակում, բայց բովանդակությամբ՝ ավտորիտար համակարգ»,-ասաց նա:

Ժուռնալիստների միության նախագահի խոսքով՝ անցած 3.5 տարիներին, բայց հատկապես պատերազմի ընթացքում և դրանից հետո խոսքի ազատության և մամուլի դեմ իշխանությունների գործողությունները կրում են խիստ համակարգված և հետևողական բնույթ:

«Մամուլի դեմ իշխանությունները պայքարում են միաժամանակ մի քանի հարթությունում՝ օրենսդրական, որպես դրա հետևանք՝ ֆինանսական, բայց հավասարապես նաև քարոզչական մակարդակներում: Մի կողմից փորձ է արվում լռեցնել և վերահսկելի դարձնել մամուլը, մյուս կողմից՝ նրան զրկել առանց այդ էլ սուղ ֆինանսական միջոցներից և աղբյուրներից: Մամուլի դեմ լատենտ պայքար է ընթանում նաեւ քարոզչական դաշտում: Իշխանությունը մամուլը հռչակել է որպես դասակարգային թշնամի, և ամենատարբեր միջոցներով հասարակության շրջանում փորձ է արվում ձևավորել կարծրատիպ, որ լրատվամիջոցներն իշխանություններին խանգարում են աշխատել, շենացնել երկիրը: Սա ուղղված է խոսքի ազատության դեմ ընդհանրապես, եւ տեղավորվում է ավտոևրիտակ կամ բռնապետական իշխանություն ձեւավորելու ընդհանուր քաղաքականության շրջանակներում:

Իշխանությունը փորձում է վերացնել հանրային կառավարման համակարգի բոլոր այն ենթահամակարգերը, որոնք թեկուզ փոքր չափով կարող են իրականացնել իշխանությանը վերահսկելու գործառույթ եւ ապահովել հակակշիռների ու փոխզսպումների առկայությունը»,-ասաց Սաթիկ Սեյրանյանը:

Տպել
Ամենաշատ