News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը՝ հնարավորություն տալով ավելի սթափ հայացքով գնահատել պատերազմի ընթացքն ու իրադարձությունները։

44-օրյա պատերազմ.

Օր 22-րդ՝  հոկտեմբերի 18

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը կեսգիշերից րոպեներ անց գրեց.

«Առաջնագծում իրավիճակը խաղաղվեց»:

Վ.Պողոսյանը նկատի ուներ հրադադարի մասին պայմանավորվածությունը, այն սկսվել էր 0 ժամին։ Հիշեցնենք, որ պատերազմի առաջին ժամերից նա օրական մի քանի տասնյակ հաղթական տոնով գրառումներ էր անում, նույնիսկ հարավում ձախորդ հակագրոհից ու ՊԲ խոշոր կորուստներից հետո։ Նա  նաեւ Գյանջայի՝ քարտեզից անհետանալու մասին իրականությանը չհամապատասխանող պնդումներ էր անում։

10 րոպեից տարածվեց Վահրամ Պողոսյանի հարցազրույցն «Արմենպրեսի» հետ, որտեղ նա պնդում էր, թե Ադրբեջանի կողմից մարդասիրական զինադադարի ռեժիմի պահպանման դեպքում, Արցախի ՊԲ-ն պատրաստ է շրջափակման մեջ գտնվող ադրբեջանական զորքերին մարդասիրական միջանցք տրամադրել:

Պատերազմից հետո դրա ընթացքի վերաբերյալ բազմաթիվ վկայությունները հաստատում են, որ ադրբեջանական զորքերի շրջափակման մեջ լինելը չափազանցություն է։

ԵԱՀԿ-ն Ալբանիայի նախագահությամբ ողջունել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար հրադադար հաստատելու մասին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ-ների պայմանավորվածությունը, այն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով 00:00-ին:

«Մեզ կայունություն է պետք ինչպես հողի վրա, այնպես էլ բանակցությունների գործընթացում` Մինսկի խմբի համանախագահների ղեկավարությամբ»,- ասվում էր ԵԱՀԿ նախագահի հաղորդագրության մեջ:

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարեց, որ Երեւանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և Ֆրանսիայի նախագահի անմիջական ներգրավվածությունը հոկտեմբերի 17-ին մարդասիրական զինադադարի համաձայնությունը ձեռք բերելու գործում:

«Մենք ելնում ենք այն ընկալումից, որ այս պայմանավորվածությունը կյանքի է կոչում հոկտեմբերի 10-ի Մոսկվայի համատեղ հայտարարությունը, որով հաստատվել է հրադադար և ընդգծվել կրակի դադարեցման պարամետրերի ներդրման անհրաժեշտությունը: Անհրաժեշտ է կայուն և վերիֆիկացվող հրադադար», ասել էր Աննա Նաղդալյանը:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը թելեգրամյան պաշտոնական ալիքում հաստատեց, որ շփման գծում իրավիճակը հանգիստ է, մարդասիրական զինադադարն արդեն ուժի մեջ է մտել:

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաեւան ուշ գիշերին հայտարարեց, որ Բաքուն մտադիր չէ երկարատեւ զինադադար պահպանել:

«Ադրբեջանի նպատակը բոլոր հողերի ազատագրումն է, եւ սա նախագահի մակարդակով բազմիցս ասվել է։ Մենք մինչեւ վերջ ենք գնալու, «մի քանի գյուղ ազատագրվեց, մնացածը մնաց» խոսակցություններ չեն կարող լինել։ Այս մարդասիրական հրադադարի նպատակը գերիների  եւ դիակների փոխանակումն է, սակայն սա պատերազմի ավարտ չէ: Հիմա ամեն կողմից մեզ հրադադարի, էսկալացիայի նվազեցման կոչեր են գալիս, բայց մենք ասում ենք, որ 30 տարի բանակցեցինք, արդյունք չեղավ։ Հրադադարը ոչ մի կերպ չպետք է մեկնաբանվի որպես հողերի ազատագրման դադարեցում», - CNN Turk-ին ասել էր Լեյլա Աբդուլաեւան:

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն արձագանքեց Լեյլա Աբդուլաևայի հայտարարությանը, թե հոկտեմբերի 17-ին ձեռք բերված զինադադարի մասին համաձայնությունը չի նշանակում պատերազմի ավարտ: «Արմենպրեսի» խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակի հայտարարությունը, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը տվեց հետևյալ պատասխանը.

«Հենց այդ էլ ուզում էինք լսել»:

Քիչ անց Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, հակառակորդը հյուսիսային ուղղությամբ ժամը 00:04-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում վարել է հրետանային և հրաձգային կրակ, իսկ հարավային ուղղությամբ ժամը 02:20-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում հասցրել է հրթիռային հարվածներ։

Արցախի Պաշտպանության բանակը հայտնեց, որ առավոտյան, հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման։

«Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, հումանիտար հրադադարը պահպանվել է՝ բացառությամբ հյուսիսային ոււղղությամբ 00:04-ից 02:45-ը և հարավային ուղղությամբ 02:20-ից 02:45-ը ընկած ժամանակահատվածների, երբ թշնամական ուժերը կիրառել են նաև, հրթիռահրետանային հարվածներ:

Առավոտյան՝ 07:20-ի սահմաններում, հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք կան զոհեր ու վիրավորներ:

Ճակատային գծում իրադրության լարման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»։

ՀՀ ՊՆ խոսնակը գրեց, որ  Ադրբեջանը, նոր մարդասիրական հրադադարը խախտելով, հոկտեմբերի 18-ի վաղ առավոտյան հարձակումն իրականացրել է հարավային ուղղությամբ (Խուդաֆերինի ջրամբար)` բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով։

«Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են նոր մարդասիրական հրադադարը: Երկուստեք կան զոհեր եւ վիրավորներ»,- գրել էր նա։

Նշենք, որ Խուդաֆերինի կամ Խոդա Աֆարինի ջրամբարն արհեստական լիճ է Արաքս գետի վրա՝ Իրանի եւ Արցախի սահմանին: ԻԻՀ Արեւելյան Ադրբեջան նահանգի Խոմարլու քաղաքից հեռու է 8 կիլոմետր, իսկ Արցախի Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղից՝ 30 կիլոմետր:

Քիչ անց Շուշան Ստեփանյանը հերթական գրառումը թողեց.

«Հարավային ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի գրոհող 4 տանկ։ Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային թեւում հակառակորդը կիրառում է մեծ թվով ԱԹՍ-ներ եւ հրետանային միջոցներ»։

Սիդնեյում հայ համայնքի ներկայացուցիչները փակել են Հարբոր Բրիջ կամուրջը՝ ի նշան Արցախի դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիայի կապակցությամբ Ավստրալիայի լռության դեմ բողոքի: Ակցիայի մասնակիցները ծածանել են Հայաստանի դրոշն ու մեքենաների ազդանշաններ հնչեցրել:

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե ընդհանուր առմամբ հրադադարը որոշ հատվածներում ուժի մեջ է։

«Կան ուղղություններ, որտեղ հակառակորդը շարունակում է իր նենգ, հայատյաց քաղաքականությունը, փորձում է որոշ հատվածներում ճեղքել ՊԲ-ի պաշտպանական համակարգը: Բնական է, որ բոլոր նման քայլերը կասեցվում եւ հետ են մղվում։ Իմ կարծիքով՝ հակառակորդը շարունակելու է որոշ հատվածներում ակտիվ գործողություն։ Հիմնական թիրախներից մեկը Արաքս գետի վրա կառուցված ջրամբարը, որով հիմնականում բավարարում էին Իրանի կարիքները։ Թուրքիան, Ադրբեջանը եւ ահաբեկիչները փորձում են ռազմավարական կարեւորագույն հանգույցը կամ շարքից հանել կամ վերցնել իրենց վերահսկողության տակ, որպեսզի հետագայում նաեւ ազդեցություն ունենան Իրանի նկատմամբ»,- նշեց Բաբայանը։

Ըստ նրա՝ եթե այս անգամ եւս հակառակորդը չհարգի  միջազգային հանրության ջանքերը եւ կրկին հրադադարի ռեժիմը չեղյալ համարի, ապա երրորդ անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից շատ ավելի կոշտ եւ այլ մեթոդներով է վերականգնվելու զինադադարը։ Բաբայանը նշեց, որ հարավային ուղղությամբ, այնուամենայնից, ունենք թեժ մարտեր. «Պաշտպանության բանակը, կամավորականները հաջողությամբ հետ են շպրտում»։

Դ.Բաբայանի խոսքով՝ առաջնագծի որոշ հատվածներում ստեղծվել է կրիտիկական համաճակարային իրավիճակ։

«Արբեջանական, թուրքական եւ ահաբեկչական այնքան դիակներ կան, որ այսքան օրերի ընթացքում արդեն սանիտարական լուրջ խնդիր կա »,- ասաց նա։

Նկատենք, որ մինչեւ հիմա հայկական կողմն է մարտի դաշտերից զինծառայողների աճյուններ գտնում, նաեւ տրամաբանական չէ, որ  հակառակորդի առաջ շարժվելու եւ բնագծերի անընդհատ փոփոխության պայմաններում, մարտադաշտերում կուտակվեին հենց թշնամու զինծառայողների դիակները։

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Ադրբեջանը արդեն երկրորդ անգամ է խախտում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավարի անձնական միջամտությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը կրակի դադարեցման վերաբերյալ՝ այդպիսով միջազգային հանրությանը ի ցույց դնելով իր ուխտադրուժ էությունը, որի հետ մենք գործ ունենք արդեն տասնամյակներ:

«Հայաստանը շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները պարտադրելու Ադրբեջանին խաղաղության եւ հաստատելու կրակի դադարեցման ռեժիմ՝  տեղում այդ ռեժիմի պահպանման եւ ստուգման հստակ եւ գործուն մեխանիզմների ներդրման հետ մեկտեղ», նշված էր հայտարարությունում։

Արցախի ՊԲ-ն հրապարակեց ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված եւս 40 զինծառայողի անուն։

ՀՀ ՊՆ խոսնակի հերթական գրառումը.

«Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է։ Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի զենքերից կրակ են վարել սահմանի երկայնքով, չի համապատասխանում իրականությանը»։

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ Ադրբեջանի կողմից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդության փորձը մերժելու վերաբերյալ։

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ս․թ․ հոկտեմբերի 18-ին մարդասիրական զինադադար հաստատելու մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո՝ ԿԽՄԿի միջնորդությամբ փորձ է արվել պայմանավորվածություն ձեռք բերել գիշերվա ընթացքում վիրավոր զինծառայողներին մարտադաշտից դուրս բերելու համար։ Սակայն այս քայլը, որը արվում էր թե՛ հոկտեմբերի 17-ի եւ թե՛ հոկտեմբերի 10-ի Մոսկվայի համաձայնությունների տառին եւ ոգուն համապատասխան, կտրականապես մերժվել է  պաշտոնական Բաքվի կողմից։ Տեղի ունեցածը վկայում է, որ Ալիեւյան կլանը, դառնալով տարածաշրջանում թուրքական ծավալապաշտության գործիք, մտահոգված է միայն սեփական իշխանության պահպանմամբ եւ, սարսափելով պատերազմ սանձազերծելու ու բազմաթիվ կորուստներ ունենալու համար իր սեփական ժողովրդի առջեւ պատասխան տալու հեռանկարից, փորձում է հետաձգել իրականության հետ առերեսվելու անխուսափելի պահը»։

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութ  հրապարակեց, թե ինչպես են  Արցախի ՊԲ-ի տեսադիտարկման սարքերը ճշգրիտ տեղանքով եւ ժամով արձանագրել են՝  ինչպես է հակառակորդը, հոկտեմբերի 18-ի վաղ առավոտյան, կոպտորեն խախտելով զինադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը, հարձակում նախաձեռնում հայկական դիրքերի ուղղությամբ։

Իսպանիայի Բարսելոնա քաղաքում հայերը բողոքի ակցիա են անցկացրել` Թուրքիայի և Ադրբեջանի դատապարտման և Արցախի ճանաչման կոչով: Հավաքվածները նաեւ մեկ րոպե լռությամբ հարգել են հանուն Արցախի զոհված հայորդիների հիշատակը:

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքեց Արտաքին գործողության եվրոպական ծառայության խոսնակի՝ այսպես կոչված «Գյանջա քաղաքի հրթիռակոծման» վերաբերյալ հայտարարությանը.

«Արդեն երեք շաբաթ է, ինչ Ադրբեջանը վայրագորեն հրետակոծում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) քաղաքներն ու գյուղերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը՝ դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը եւ քաղաքացիական ենթակառուցվածքները, պատճառելով տասնյակ զոհեր խաղաղ բնակչության շրջանում եւ ստիպելով վերջիններիս լքել իրենց հայրենիքը։ Ավելին, Ադրբեջանն արդեն իսկ թիրախավորել եւ կորուստներ է պատճառել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող քաղաքացիական բնակչությանը եւ ենթակառուցվածքներին։ Ներկայիս լայնածավալ ագրեսիային նախորդել են ադրբեջանական ապատեղեկատվության սադրիչ արշավներ, ինչպիսին է այսպես կոչված «Գյանջա քաղաքի հայկական հրթիռակոծման մասին» արշավը։

Տասնամյակներ շարունակ Ադրբեջանն իր հասարակությաունը սնում է ատելությամբ եւ հայատյացությամբ, ինչի դաժան դրսեւորումն է Արցախի ռազմագերիների նկատմամբ իրականացվող խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի եւ սպանությունների դրվագներ պարունակող տեսանյութերը, որոնք հպարտությամբ շրջանառվում են ադրբեջանական սոցիալական մեդիայի հարթակում։

Անհիմն մեղադրանքներ տարածելով՝ Ադրբեջանը հրաժարվում է պահպանել ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից միջնորդավորված կրակի դադարի շուրջ պայմանավորվածությունները եւ կտրականապես մերժում է հրադադարի վերիֆիկացիայի մեխանիզմների որեւէ հնարավորություն, որպեսզի շարունակի պատերազմը։

Եվրոպական միությանը մինչ օրս չի կարողացել հստակ եւ միանշանակորեն արձագանքել պատերազմի այս հանցագրոծություններին, որոնք իրականացվել են Ադրբեջանի կողմից Թուրքիայի անմիջական մասնակցությամբ, այդ թվում՝ Սիրիայից եւ Լիբիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխմամբ, եւ անտեսել է Արցախի ժողովրդի առջեւ ծառացած գոյաբանական սպառնալիքը, նրա կյանքի իրավունքի կոպիտ խախտումները եւ Արցախում զարգացող հումանիտար ճգնաժամը։

Հայաստանը դատապարտելի է համարում այս միակողմանի եւ կողմնակալ հայտարարությունը, որն Ադրբեջանին «կանաչ լույս» է տալիս անպատժելիորեն շարունակել միջազգային իրավունքի, ներառյալ՝ միջազգային մարդասիրական իրավունքի եւ միջազգային սովորութային իրավունքի խախտումները»։

Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը հայտնել է, որ առ այսօր թիրախավորվել ու ավերվել են 18 դպրոցական շենք, 6 մանկապարտեզ, չորս մշակութային օջախ:

«Թուրք-ադրբեջանական ահաբեկչության ու կատաղի ագրեսիայի պատճառով խախտվել և խախտվում է շուրջ 33․000 մարդու կրթության իրավունք։ 24․000 աշակերտ դպրոց չի հաճախում, 4016 երեխա՝ մանկապարտեզ, 4986 ուսանող՝ արհեստագործական ուսումնարան, քոլեջ և բարձրագույն ուսումնական հաստատություն։ Խորը ցավով և կսկիծով եմ նշում, որ ունենք նաև զոհված ուսանողներ»,- ասել է նա:

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է մարդասիրական զինադադարի թեմային։

«Համաձայնեցված մարդասիրական զինադադարը պետք է գործեր այսօր կեսգիշերից: Առավոտյան՝ ժ. 7:20-ին, Ադրբեջանը վերսկսել է լայնածավալ հարձակողական գործողությունները: Սեփական հանձնառություններն անտեսելը հերթական անգամ ի ցույց է դնում Բաքվի կոռումպացված ռեժիմի գործելաոճը»,- գրել է նա։

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հաղորդագրություն է տարածել.

«Ադրբեջանի զինված ուժերի արդեն 22 օր տևող ու չդադարող զինված հարձակումները մարդասիրական աղետ են առաջացրել ոչ միայն Արցախի քաղաքացիական բնակավայրերում, այլ նաև բոլոր այն վայրերում, որտեղ անմիջական ռազմական բախումներն են:

Արցախի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի շարունակվող թիրախային հարձակումների հետևանքով ավերվում են տներ ու կենսական քաղաքացիական ենթակառույցվածքներ, արգելված զինատեսակներից սպանվում կամ կյանքը խեղող վնասվածքներ են ստանում խաղաղ բնակիչներ: Արցախում ադրբեջանական զինված ուժերը հարձակումներ են գործում շտապ բժշկական օգնության մեքենաների ու հոսպիտալի ուղղությամբ:

22 օր անընդհատ հայտարարվում է բոլոր կողմերում գերիների, ինչպես նաև զոհերի ու դիակների մասին: Ադրբեջանի շարունակվող ագրեսիան ոչ միայն կոպտորեն խախտում է վիրավորումներ ստացած խաղաղ բնակիչների իրավունքները, այլ նաև անարգանք է սպանվածների դիերի նկատմամբ, անմարդկային վերաբերմունք է նրանց մերձավոր ազգականների նկատմամբ:

Առկա վիճակը աղետալի է նաև շրջակա միջավայրի աղտոտման, վարակիչ հիվանդությունների զանգվածային տարածման ու համաճարակների բռնկման տեսանկյունից՝ բնապահպանական աղետի վերածվելու իրական սպառնալիքով:

Այս ամենը միջազգային իրավունքի, այդ թվում՝ 1949թ-ի Ժնևյան կոնվենցիաներում ամրագրված և սովորութային մակարդակում գործող միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար պահանջների շարունակվող հանցավոր խախտումներ են:

Միջազգային հանրությանը՝ անհրաժեշտ է իրական քայլերով անհապաղ կանխել այս վայրագություններն ու անմարդկային վերաբերմունքը»:

Արցախի Պաշտպանության բանակը հերթական տեսանյութն է հրապարակել առաջնագծից:

«Մեր անձնակազմի դուխը միշտ բարձր է եւ միշտ պատրաստ ենք կատարել ցանկացած առաջադրանք` պաշտպանելով մեր դիրքը, մեր սահմանը եւ մեր ազգը»,-ասում էր առաջնագծում ծառայող զինծառայողներից մեկը:

Կամավորներից մեկն էլ հավելում է. «Սա մեր հողն է, պատերազմը Ադրբեջանն է սկսել եւ մեր 18, 19, 20 տարեկան տղաները ամուր կանգնել են մեր հողի վրա, պաշտպանել Ադրբեջանի եւ Թուրքիայի բանակից, մենք էլ եկել ենք իրար մեջք մեջքի տված մեր հողը պահենք,ու պահելու ենք մինչեւ վերջ: Սա մեր Մոնթեի ազատագրած հողերն է ու մենք պարտավոր ենք մինչեւ վերջ կանգնել այս հողի համար: Ղարաբաղը մերն ա, մերն էլ պիտի մնա, հաղթելու ենք»:

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է նախկին նախագահների ու վարչապետների, ԱԳ եւ ՊՆ նախկին նախարարների մասնակցությամբ կառավարման շտաբ ձեւավորելու մեկ տասնյակից ավելի կուսակցությունների հայտարարությանը։

«Զարմանում եմ, թե ինչպես լուրջ և զանգվածային կուսակցությունների համբավ ունեցող ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կարող էին ընկնել շուրջ մեկ տասնյակ անպատասխանատու մարդ-կուսակցությունների խելքին։ Եթե սա արված է զուտ փիառ նպատակով, ապա այն ընդամենը ձախորդ նախաձեռնություն է։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ հայտարարության նախաձեռնողներն առաջնորդվել են ոչ թե պետական հեղաշրջման նպատակադրմամբ, ինչպես գնահատվում է ոմանց կողմից, այլ Արցախի և Հայաստանի ճակատագրի նկատմամբ ողջ հայ ժողովրդին համակած խոր մտահոգությամբ։ Պատերազմական շրջանի եւ ետպատերազմյան ներքին գզվռտոցն էլ ամենևին այն ցանկալի հեռանկարը չէ, որ այսօր անհրաժեշտ է հայության համար կենսական նշանակություն ունեցող միաբանությանը: Դրանով մենք ընդամենը հակառակորդին մեզ համար վտանգավոր «սիգնալ» կփոխանցենք»», ասել է նա։

Ի պատասխան Տեր-Պետրոսյանի արձագանքի, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ այս ժամանակաշրջանում կրավորական կեցվածք ընդունել և ասել՝ իշխանությունն է միակ պատասխանատուն, թող գնա ոնց ուզում է տակից դուրս գա, ճիշտ չէ։

«Դրանով է պայմանավորված 16 կուսակցություններիի հայտարարությունը։ Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունն իրենց հրապարակային հայտարարություններում մեկ անգամ չէ, որ նշել են՝ իրավիճակը մտահոգիչ ու ծանր է։ Բոլորի կողմից անհրաժեշտություն է հնչել  համազգային ռեսուրսները համախմբել։ Այս իրավիճակում, երբ մենք հայտարարում ենք, որ սա Սարդարապատ է, Հայրենական մեծ պատերազմ է, մենք կարծում ենք, որ անհրաժեշտություն է մեկտեղել բոլորի մտավոր, քաղաքական, դիվանագիտական, ռազմաքաղաքական գիտելիքները, փորձառությունը, կապերը և պոտենցիալը։

Շարմազանովի խոսքով՝ իրենց նպատակն իշխանությունը կիսելը չէ, ինչպես նշում են նախաձեռնության քննադատները.

«Մենք պետք է մեկտեղենք ուժերը, այսօր մեր հայրենիքն է վտանգի առաջ, մենք փառապանծ գեներալներ ունենք, որոնք ընդգրկված չեն, մեծ փորձ ունեցող պետական նախկին ղեկավարներ  ունենք, որոնք կարող են օգտակար լինել հայրենիքին։ Հասկացանք, որ պատասխանատուն իշխանությունն է, բայց սա ինչ-որ ռեֆորմ չէ, որ  տապալվի, կանգնենք, ասենք, թե ռեֆորմի տապալման մեղավորը սա կամ նա է։  Հայրենիքի ճակատագիրն է վճռվում, որի մասին նաև իրենք են ասում և եթե այդ իշխանությունը չի նախատեսում նման բան, ուրեմն էն մարդիկ, որոնք իրենց ամբողջ կյանքը նվիրաբերել են Արցախի ու Հայաստանի կայացմանը, չպիտի ոչ մի բան անե՞ն, իրենց ծառայությունները չպիտի՞ առաջարկեն,  նախկին  նախագահներինը, դիվանագիտական կապեր ունեցող ներկայացուցիչներինը, փառապանծ գեներալների կապերը կարելի՞ է օգտագործել, թե՞ ոչ»։

Շարմազանովը անկախ Հայաստանի պատմության ընթացքում երբևե մի դեպք չի հիշում, որ  նման ծանր իրավիճակներում ՀՀ ընդդիմությունը նման պետականամետ կեցվածք և ազգային միասնություն ու համերաշխություն դրսևորեր։

Ի դեպ, պաշտոնական արձագանք 16 կուսակցությունների նախաձեռնությանը չի  եղել։

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ կառավարման շտաբի ստեղծման անհրաժեշտությունը բխել է ստեղծված իրավիճակի գնահատականից։

«Մենք այս եզրակացությանը եկել ենք ստեղծված իրավիճակը գնահատելու արդյունքում։ Սա ոչ թե նեղ կուսակցական շահ է, այլ հակառակը՝ այս կուսակցություններն այն ուժերն են, որոնք գնահատելով ստեղծված իրավիճակը հասկացել են, որ կա չօգտագործված ռեսուրս, կա ցանկություն ու անհրաժեշտություն ուժերը համախմբելու՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Իհարկե, այս ընթացքում հայտնվել են ինչ-որ մարդիկ, որոնք անիմաստ ոտնատակ են ընկնում, դրանց կանդրադառնանք հետո, հիմա դրա ժամանակը չէ»,- անդրադառնալով քննադատություններին ասում  էր Իշխան Սաղաթելյանը, հավելելով, որ կուսակցությունների ներկայացրած պահանջները  նաև իշխանություններին ձեռք մեկնելու քայլ է։

Արցախի Պաշտպանության բանակը հայտնեց, որ ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են 2 ԱԹՍ։

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց տեսանյութ, որում երեւում էին Ադրբեջանի սահմանապահ զորքերի համազգեստով վարձկան ահաբեկիչները։

«Երեւի պատկերացնում եք` ինչ եղավ նրանց հետ»,- գրել էր խոսնակը։

Արցախի ՊԲ-ն հրապարակեց ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված եւս 37 զինծառայողի անուն։

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը խորին ափսոսանք հայտնեց, որ կողմերը «մշտապես անտեսում են միջազգային հանրության՝ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին բազմաթիվ կոչերը»:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հայերը բազմահազարանոց ցույց են անցկացրել՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի, պահանջելով, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը: Հավաքվածները վանկարկում են «Արցախը մերն է», «Փառք Հայոց բանակին», «Ալիև, Էրդողան՝ ահաբեկիչ»:  Ցուցարարները քայլերթով շարժվել են դեպի Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատուն բողոքի ակցիան դեսպանատան դիմաց  շարունակելու համար:

Լոնդոնում բնակվող հայերը բողոքի ակցիա են կազմակերպել BBC հեռուստաընկերության դիմաց: Բացի հարյուրավոր հայերից ներկա են եղել նաև հույներ, բրիտանացիներ, վրացիներ և ռուսներ: «BBC-ն պատերազմը ներկայացնում է ադրբեջանական տեսանկյունից: Մեր պահանջն է, որ հեռուստաընկերությունը պատերազմը լուսաբանի չեզոք և անաչառ, ինչպես և պարտավոր է անել ցանկացած լրատվամիջոց»,- նշեց ակցիայի մասնակիցը:

Բրիտանիայում բնակվող հայերը բողոքի ակցիաներ կազմակերպել են նաև Ադրբեջանի և Թուրքիայի դեսպանատների, ՄԹ վարչապետի նստավայրի դիմաց:

Արցախի Պաշտպանության բանակը հրապարակել է հերթական տեսանյութը, որտեղ երևում է հակառակորդի ավտոշարասյան և զրահատեխնիկայի ոչնչացումը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իտալական ամենախոշոր թերթերից՝ «Կորիերե դելլա Սերային» հայտարարել է, որ թուրքերը կարող են կրկին հայտնվել Վիեննայի պարիսպների մոտ։

«Հենց Թուրքիան է խրախուսել Ադրբեջանին հարձակվել Արցախի վրա: Թուրքական զորքերը մասնակցում են հարձակումներին: Բայց ոչ միայն: Ադրբեջանցիներն օգտագործում են Սիրիայից բերված ջիհադիստ զինյալների: Նրանք թուրքերի կողմից ուղարկված ահաբեկիչներ են: Ես հարցնում եմ ինքս ինձ և միջազգային հանրությանը. ի՞նչ տեսակի զինադադար կարող ենք կնքել այս ահաբեկիչների հետ: Մենք հարձակման ենք ենթարկվում, մենք պետք է պաշտպանվենք, ինչպես ցանկացած ազգ, որին ոչնչացում է սպառնում: Ռազմական գործողություններին վերջ տալու համար կա միայն մեկ միջոց, այն է` Արցախի՝ «անջատում հանուն փրկության» սկզբունքի միջազգային ճանաչումը: Այլ հնարավորություն չկա: Հակառակ դեպքում Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում հայերը կենթարկվեն էթնիկական զտումների, և դա այն պատճառով, որ հայերը վերջին խոչընդոտն են թուրքերի՝ դեպի հյուսիս արևելք և հարավ արևելք ընդլայնման համար», ասել է Փաշինյանը:

Եվրամիությունը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ հայտարարությունը հումանիտար հրադադարի մասին: ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը միաժամանակ հայտարարել է, թե ԵՄ-ն ցավում է, որ հրադադարի խախտումները շարունակվում են:

Ըստ նրա՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն արդեն զգացել է չափազանց մեծ տանջանքներ:

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում հայերը բողոքի ակցիա են անցկացրել  այն վայրում, որտեղ ժամանելու էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Մեծ թվով հայեր Հայաստանի եւ ԱՄՆ-ի դրոշներով, Թուրքիայի եւ Ադրբեջանի գործողությունները  դատապարտող,  Արցախի անկախությունը ճանաչելու կոչերով պաստառներով սպասել են ԱՄՆ նախագահին:

Երեկոյան ամփոփիչ ճեպազրույցում Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարի պայմանավորվածությունն ու անցել հարձակողական գործողությունների: Նրա խոսքով՝ հյուսիսում հակառակորդի բոլոր փորձերը պսակվում են անհաջողությամբ, ադրբեջանական ուժերը հետ են շպրտվել:

«Հարավում հակառակորդը երկու ուղղություններով եւս անցել է հարձակողական գործողությունների: Ուղղություններից մեկում հայկական կողմից հուժկու հրետակոծության ենթարկվելով՝ հակառակորդը հետ է շպրտվել՝ կորցնելով ռազմատեխնիկա եւ զինամթերք: Մեկ ուրիշ ուղղությամբ կան որոշակի տեղաշարժեր, սակայն պետք է հաշվի առնել, որ սա 5-րդ սերնդի պատերազմ է եւ այստեղ մեկ դիրքի կամ բարձունքի գրավումը չի կարելի հաղթանակ անվանել, քանի որ իրավիճակը շատ արագ փոխվում է: 20:30-ի դրությամբ խոցվել է հակառակորդի 9 ԱԹՍ, որոնցից երկուսը՝ Հայաստանի տարածքում: Մարտերը շարունակվում են: Հատկապես դաժան մարտեր են տեղի ունենում հարավում»,-նշեց Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ Ադրբեջանի իշխանություններին պետք չեն սեփական զինծառայողները, նրանք թքած ունեն սեփական կորուստների վրա:

«Այսօր դիտել եմ տեսանյութ, որում երեւում է՝ ինչպես են կենդանիներն ուտում հակառակորդի զինծառայողների դիերը: Ադրբեջանի իշխանությունների այդ վերաբերմունքի մեջ զարմանալի ոչինչ չեմ տեսնում»,- ասում էր նա:

Մեկ դիրք եւ մեկ բարձունքի մասին էր խոսում Արծրուն Հովհաննիսյանը, մինչդեռ շատ դիրքեր ու բարձունքներ էին հայտնվել հակառակորդի ձեռքում, «իրավիճակի շատ արագ փոխվելու» մեջ էլ ակնարկը, թե երբեմն այն մեր օգտին է փոխվում, իրականությանը չէր համապատասխանում։ Ցավալի է, բայց պետք է խոստովանել, որ ՊԲ զինծառայողների դիերն են Արցախի ԱԻ աշխատակիցները մինչեւ հիմա հավաքում։ 

Նույն ճեպազրույցին մասնակցում էր Արցախի ՊԲ-ի  զինծառայող Արկադի Անդրեասյանին, որը հայտարարեց.

«Մենք պետք է հաղթանակ հաստատենք միասնականության, ուժի եւ կամքի միջոցով: Առաջնագծում տղաները տրամադրված են հաղթանակի: Մենք պետք է գիտակցենք, որ մեր ապագան կախված է մեզնից յուրաքանչյուրից, նրանցից, ովքեր ունակ են զենք վերցնել կամ աշխատել թիկունքում: Մենք պետք է անենք վճռական քայլ եւ պարտադրենք հակառակորդին երկարաժամկետ խաղաղություն»,- ասում էր զինծառայողը:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքում գրեց, որ ԱՄՆ-ն գործնական երկու բան կարող է անել. ակտիվացնել ջանքերը որպես Մինսկի խմբի համանախագահ, եւ նախաձեռնել պատժամիջոցներ ու ռազմամթերքի արտահանման էմբարգո Թուրքիայի եւ Ադրբեջանի հանդեպ։

«Առաջին անգամ հումանիտար զինադադարը հռչակվեց Ռուսաստանի միջնորդությամբ։ Ավաղ, Ադրբեջանի պատճառով չպահպանվեց։ Երկրորդ անգամ հումանիտար զինադադարը հայտարարվեց Ֆրանսիայի ջանքերով։ Ավաղ, Ադրբեջանի պատճառով կրկին չպահպանվեց։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի նախատեսվող այցը ԱՄՆ կարող է կարեւոր լինել, բայց գերսպասելիքներ ունենալ պետք չէ։ Անկախ գեոպոլիտիկ շահերի բարդ կծիկից՝ հրադադարի բանալիները իրականում, միեւնույն է, Մոսկվայում են»,- գրել էր նա։

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը «Կոմերսանտ» թերթին հայտարարել է, որ պետք է հիշենք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է:

«Իսկ ի՞նչ է անում ՆԱՏՕ-ի անդամ երկիրն Ադրբեջանում եւ ինչո՞ւ է այն պատերազմում Ղարաբաղում: Հարց է՝ ՆԱՏՕ-ն Թուրքիային կանաչ լո՞ւյս է տվել: Կամ ՆԱՏՕ-ի խարտիան թո՞ւյլ է տվել միության անդամներին օգտագործել սպառազինություն եւ տեխնոլոգիաներ, որոնք պատկանում են միությանը կամ որոնք ստեղծված են ՆԱՏՕ-ի կողմից երրորդ երկրներում, ներքաշել մարդկանց, որոնք անցել են զորավարժություններ ՆԱՏՕ-ի շրջանակում»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրեց.

«Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս, և վերջինիս տարածքային հավակնություններն Արցախի նկատմամբ միջազգային իրավական հիմք չունեն: Կանխեք ցեղասպանությունը, ճանաչեք Արցախը»:

Օրվա ավարտին Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը քաղաքի բնակիչներին կոչ  արեց զենք վերցնել եւ պաշտպանել Սյունիքը:

«Քաջարան համայնքի հարգելի բնակիչներ, դիմում եմ 20-60 տարեկան բոլոր տղամարդկանց, որոնք ի զորու են զենք վերցնել, նաև որոնք նոր են վերադարձել արցախյան ռազմաճակատից, վտանգված է սրբություն սրբոց հայրենիքը, նենգ ոսոխը սպառնում է զավթել  մեր տարածաշրջանը։ Մեր զինվորները կռվում են Արցախում, իսկ մենք պետք է պաշտպանենք Սյունիքը։ Բոլորս ի զեն։ Բնակչությանը խնդրում եմ խուճապի չմատնվել», գրել էր Մանվել Փարամազյանը:

Նման կոչ է տարածել նաեւ Մեղրիի համայնքապետարանը:

«Մեղրիի տարածաշրջանի սահմանների պաշտպանության նպատակով դիմում ենք ձեզ՝ խնդրելով կամավորության հիմունքներով ցուցակագրվել։ Այս պահից սկսած՝ կարող եք ներկայանալ Մեղրիի զինկոմիսարիատ»:

Այս կոչերից ակնհայտ էր դառնում, որ պատերազմն արագորեն մոտենում էր ՀՀ սահմաններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ցորի» զորամասի զոհված զինվորների ծնողները պահանջում են Ջալալ Հարությունյանի գործը Երևանում քննել
Բաքուն գերիների և պատանդների հարցը օգտագործում է քաղաքական նպատակներով. փաստաբան
Պաշտոնական տվյալներով՝ գերության մեջ է մնում 23 քաղաքացի...
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ամենաշատ