News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հարգանքի տուրք է մատուցել 1961թ․ հոկտեմբերի 17-ին ալժիրցի ցուցարարների դեմ ոստիկանական գործողության զոհերի հիշատակին: Այս մասին շաբաթ օրը հաղորդել է Ելիսեյան պալատը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես նշել են վարչակազմում, «ողբերգության 60-րդ տարելիցին հանրապետության նախագահն այցելել է Նանտերի մոտ գտնվող Բեզոնների կամուրջ», որը արյունալի ողբերգության վայր է դարձել 1961թ․ հոկտեմբերի 17-ին: «Այդ ողբերգության զոհերի հարազատների ներկայությամբ նա հարգանքի տուրք է մատուցել զոհված ցուցարարների հիշատակին»,- ասել են Ելիսեյան պալատում: «Նա ընդունել է փաստերը՝ նշելով, որ այն ժամանակ [Փարիզի ոստիկանապետ] Մորիս Պապոնի ղեկավարությամբ կատարված հանցագործություններն արդարացում չունեն»,- ընդգծել են վարչակազմում:

Ելիսեյան պալատը հայտնել է, որ «Ֆրանսիան ընդունում է իր պատասխանատվությունը»:

«Դա նրա պարտքն է նրանց հանդեպ, ովքեր տուժել են Ալժիրի պատերազմից»,- նշել են վարչակազմում:

Ինչպես հիշեցնում են ֆրանսիացի պատմաբանները, 1961թ․ հոկտեմբերի 17-ին ոստիկանությունը բռնությամբ է պատասխանել ալժիրցիներին: Իրավապահ մարմինների աշխատակիցների ձեռքով զոհվել է մի քանի տասնյակ մարդ, որոնց մարմինները նետվել են Սենա: Շատ ընտանիքներ այդպես էլ չեն գտել իրենց հարազատների աճյունները: Բողոքի պատճառն այն ժամանակ Ֆրանսիայի իշխանությունների կոշտ ճնշումն է եղել Ալժիրում անկախության պատերազմի մասնակիցների նկատմամբ: Ֆրանսիայի կառավարության եւ Ալժիրի ազգային-ազատագրական ճակատի միջեւ բանակցությունները հանգեցրել են 1962-ի մարտին Էվիանի համաձայնագրերի ստորագրմանը՝ պատերազմի ավարտի մասին, որը մինչ այդ ութ տարի է տեւել։

Մակրոնը դարձել է Ֆրանսիայի առաջին նախագահը, ով հարգանքի տուրք է մատուցել ոստիկանական այդ ջարդերի զոհերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ