News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեւանի սրտում՝ «համեմված» Ազնավուրով։ Հոկտեմբերի 15-ից «Գրանդ Հոթել Երեւան» հյուրանոցում բացվել է «Ազնավուր» նախագահական համարը։

Հայաստան իր այցերի ընթացքում մեծանուն արտիստ, բարերար եւ դիվանագետ Շառլ Ազնավուրը եւս նախընտրում էր իր երեւանյան հանգիստն անցկացնել հենց այս հյուրանոցում, եւ «Ազնավուր» հիմնադրամն ու «Գրանդ Հոթել Երեւանը» որոշել են հյուրանոցի ներսում հավերժացնել լեգենդար հայի անունը։

«Սա այն սենյակն է, որտեղ մաեստրո Ազնավուրն ապրում էր Հայաստան գալիս, եւ նա սիրում էր այս սենյակը։ Մենք այսօր շատ հպարտ ենք բացել «Ազնավուր» նախագահական համարը»,- համարի պաշտոնական բացման ընթացքում նշում է հյուրանոցի տնօրեն Նիկոլա Մանդոլլինին: Նրա խոսքով՝ այն պարզապես սենյակ չէ, որտեղ մարդիկ կարող են վայելել գեղեցիկ ու շքեղ հանգիստը․ այստեղ կանգ առնելը նմանվում է թանգարան-հյուրանոցում ապրելուն։

Հյուրանոցի տնօրենի խոսքով՝ սենյակն առաջարկում է նախագահական համարի հարմարավետությունն ու բոլոր հնարավորությունները։ «501» համարի այցելուները հնարավորություն կունենան թերթել լեգենդար շանսոնյեի գրքերը, լսել նրա երաժշտությունը եւ նույնիսկ ծանոթանալ անձնական իրի հետ, որը ցուցադրված է սենյակում։

Մանդոլլինին պատմում է՝ Ազնավուրը համարում վերջին անգամ կանգ է առել 2015թ.-ին․ այն այդ ժամանակ պարզապես նախագահական համար էր։ «Երբ «Ազնավուր» հիմնադրամի հետ որոշեցինք համագործակցել, այս սենյակը վերափոխվել է, եւ այսօր կարող ենք տեսնել եզակի լուսանկարներ եւ թաշկինակը, որը նա նետում էր «La bohème» երգը կատարելուց հետո, ինչպես նաեւ բազմաթիվ իրեր, որոնք եզակի են, հասանելի միայն մեր սենյակում,»,- ասում է Մանդոլինին։ Սենյակն, ի դեպ, ընդարձակ պաշտգամբ ունի, որից տեսարան է բացվում դեպի Ազնավուրի անվան հրապարակ։

«Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրը շեշտում է՝ իրենք ցանկացել են ցույց տալ Ազնավուրի բազմակողմանիությունն ու աշխատանքի պտուղները հավաքել սենյակում։

Շանսենյեի որդին՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր եւ հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը, նշում է. «Սա գեղեցիկ նախաձեռնություն է․ այն մի քանի նպատակ ունի․ այցելուները կբացահայտեն հորս ստեղծագործական տիեզերքը, ինչպես նաեւ աջակցություն կտրամադրվի հիմնադրամին եւ մեր հումանիտար, սոցիալական նախագծերին»։ Նիկոլայի համար հատկապես թանկ է սենյակում կախված լուսանկարը, որում Ազնավուրը պատկերված է համերգի ընթացքում․ լուսանկարի հեղինակը շանսոնյեի որդին է։

«Երեւան» հյուրանոցը կառուցվել է 1926-1928թթ. Երեւանի առաջին գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով: Բացման օրվանից «Երեւան» հյուրանոցը հյուրընկալել է Հայաստան ժամանած բարձրաստիճան հյուրերի, հայտնի արվեստագետների եւ արտիստների:

Հյուրանոցը նաեւ հայտնի է եղել մշտական բնակիչներ ունենալու իր ավանդույթով: 1920-30-ական թվականներին այստեղ ապրել եւ ստեղծագործել են հայ մշակույթի, գիտության ամենանշանավոր ներկայացուցիչներ Ե. Չարենցը, Ե. Քոչարը, Ա. Շիրվանզադեն, Ա. Իսահակյանը, Վ. Փափազյանը, Ա. Բակունցը, Գ. Մահարին, Փ. Թերլեմեզյանը, Վ. Համբարձումյանը, Ալիխանյան եղբայրները եւ այլք: Այս անվանի հայ գործիչների անունները հյուրանոցի ներսում հավերժացնելու համար «Գրանդ Հոթել Երևանը» նախաձեռնեց իր սենյակները անվանակոչելու խորհրդանշական նախագիծը, որի արդյունքում 2016 թվականից սկսած հյուրանոցում գործում են Ե. Չարենցի եւ Ե. Քոչարի անունով կոչված բարձր դասի լյուքս համարները:

Տպել
Ամենաշատ