News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 01
Տեսնել լրահոսը

Թե Հայաստանը, թե Ադրբեջանը, 2001 թվականին անդամակցելով Եվրոպայի խորհրդին, պարտավորվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով. 44-օրյա պատերազմն Ադրբեջանի կողմից այդ պարտավորությունների խախտում էր և պետք է պատշաճ արձագանք ստանա Եվրոպայի խորհրդի կողմից: Այս մասին շեշտել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը՝ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակի կապակցությամբ դեսպանների հետ հանդիպման իր ելույթում:

Դիմելով դեսպաններին՝ ԱԳ փոխնախարարը նշել է, որ իր գոյության 72 տարիների ընթացքում Եվրոպայի խորհուրդը ձևավորել է եվրոպական մայրցամաքի կոնվենցիոն համակարգը՝ եվրոպական չափորոշիչներն ու նորմերը, որոնք Եվրոպայի խորհրդի նպատակների իրականացման հիմքն են:

«Անկախության հռչակումից ի վեր Հայաստանն ընտրել է ժողովրդավարության ուղին։ Այդ ընտրությունն ակնհայտ էր: Հայաստանն իր պատմությամբ և մշակույթով, հայ հասարակությունն իր արժեհամակարգով եվրոպական ընտանիքի անբաժան մասն են։ 1991թ. սկսած, մինչ լիիրավ անդամակցությունը, Հայաստանը քայլ առ քայլ հիմնավորեց իր ընտրությունը և 2001թ. հունվարի 25-ին դարձավ Եվրոպայի Խորհրդի լիիրավ անդամ: Անկախության հռչակումից 10 տարի անց, Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի նստավայրի դիմաց, ծածանվեց Հայաստանի Հանրապետության պետական դրոշը»,-նշել է Գևորգյանը:

Նա ընդգծել է, որ բազմաթիվ առիթներով, հատկապես՝ նախորդ երկու խորհրդարանական ընտրությունների ընթացքում, հայ ժողովուրդը վերահաստատել է իր նվիրվածությունը ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և օրենքի գերակայությանը։

«Եվրոպայի խորհրդի ողջ գործունեությունը մեծ հաշվով ուղղված է մարդու անհատական և կոլեկտիվ հիմնարար ազատությունների երաշխավորմանը: Հայաստանը հետևում է այս ուղղությամբ Եվրոպայի խորհրդի կանոնադրական, ինչպես նաև անկախ մոնիտորինգային մարմինների և խորհրդատվական կոմիտեների կողմից հասցեագրվող առաջարկություններին։ Հայաստանի բազմաթիվ պետական մարմիններ ներգրավված են այս բազմաշերտ կառույցի աշխատանքներում»,-ասել է փոխնախարարը:

Նա շեշտել է, որ Եվրոպայի խորհրդի գործիքների թվում Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի Գործողությունների ծրագիրը, որով կազմակերպությունն օգնում է Հայաստանին և այլ երկրների կատարել իր ստանձնած պարտավորությունները, ներդնել եվրոպական չափորոշիչները: Ներկայումս Հայաստանում իրականացվում է թվով չորրորդ՝ 2019-2022թթ. Գործողությունների ծրագիրը:

Հետադարձ հայացք նետելով Եվրոպայի խորհրդին անդամակցությունից ի վեր Հայաստանի անցած 20-ամյա ճանապարհին` նա նշել է, որ կազմակերպության աջակցությամբ կատարվել է մեծ աշխատանք: Հայաստանը միացել է Եվրոպայի խորհրդի 83 կոնվենցիայի, որից 66-ը վավերացրել է: Հայաստանը նաև միացել է ԵԽ 12 մասնակի Համաձայնագրի:

Փոխնախարարը առանձնահատուկ կարևոր է համարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեությունը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների երաշխավորման տեսանկյունից։ Դատարանը կարևոր դերակատարում ունի նաև Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության առումով:

«Կարևոր է նշել, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը, 2001 թվականի հունվարին անդամակցելով Եվրոպայի խորհրդին, պարտավորվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով: Հետևաբար, 2020 թվականի 44-օրյա պատերազմն Ադրբեջանի կողմից այդ պարտավորությունների խախտում է հանդիսանում և պետք է պատշաճ արձագանք ստանա Եվրոպայի խորհրդի կողմից»,-նշել է փոխնախարարը:

Հիշեցնելով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների մասին՝ Գևորգյանը նշել է, որ Արցախի բնակչության դեմ սանձազերծված պատերազմի հումանիտար հետևանքները շարունակում են մնալ ամենահրատապ խնդիրներից մեկը: «Այս հարցում կարևոր է մեր միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի ներգրավվածությունը։ Մենք կարծում ենք, որ անձանց հիմնարար իրավունքները պահպանելու տեսանկյունից Եվրոպայում չպետք է լինեն «գորշ գոտիներ»:Գլխավոր քարտուղարը, Մարդու իրավունքների հանձնակատարը, ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը, Մարդու իրավունքների եվրոպական Դատարանը, համապատասխան մոնիտորինգային մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում արդեն փորձել են արձագանքել խնդրին: Նախարարների կոմիտեն, այնուամենայնիվ, դեռևս չի դրսևորել իր դերակատարությունը, ուստի լիահույս եմ, որ Կոմիտեի անդամների ներկայությունն այստեղ դրական ներգործություն կունենա այս հարցում առաջընթաց գրանցելու գործում»,-նշել է փոխնախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է վերջին պատերազմում հերոսաբար զոհված զինծառայող, «Արցախի հերոս» Ալեն Մարգարյանի մորը
Տիկին Նազելին հուշեր է պատմել և դրվագներ ներկայացրել որդու մանկությունից, դպրոցական և ուսանողական կյանքից ու գործունեությունից…
Բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից. ԱՀ ՄԻՊ
Պատկան մարմինների և ռուսական խաղաղապահ զորակազմի ուշադրությունը կրկին…
Մոսկվայում դեկտեմբերի 1-ին կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը
Եռակողմ աշխատանքային խումբը ստեղծվել էր տարածաշրջանում բոլոր…
ԵՄ ներկայացուցիչ. ԵՄ-ն Ռուսաստանի հետ քննարկում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը
Դեւինը նաեւ նշել է, որ «ԵՄ-ն անում է ուժերի ներածին չափով ամեն ինչ»․․․
Որոտան տանող այլընտրանքային միակ ճանապարհն ադրբեջանական զիծառայողների անմիջական դիտարկման ներքո է. ՄԻՊ
Բնակիչների անվտանգության և իրավունքների վերականգնման համար միակ ելքը նրանց հեռացումն է…
Դժվար է բացատրել, թե ինչու են ՀԱՊԿ որոշ երկրներ շնորհավորում Ադրբեջանին ՀԱՊԿ երկրի հանդեպ հաղթանակի առթիվ. Ս. Սարգսյան
Ռացիոնալիզմը ցինիզմից բաժանվում է փխրուն սահմանագծով, որը կոչվում է պարկեշտություն…
Ամենաշատ