News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը՝ հնարավորություն տալով ավելի սթափ հայացքով գնահատել պատերազմի ընթացքն ու իրադարձությունները։

44-օրյա պատերազմ.

Օր 24-րդ՝ հոկտեմբերի 20

Արցախի Պաշտպանության բանակը կեսգիշերին տեղեկացրեց, որ անցած օրվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում ծավալված մարտերի արդյունքում ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են թշնամական 5 անօդաչու թռչող սարք: Հաղորդագրությանը կից հրապարակվել է հակառակորդի ոչնչացված ԱԹՍ-ն ցուցադրող տեսանյութ։

Razm.Info-ն հայտնեց, որ Արցախի ՊԲ-ին հաջողվել է խոցել թուրքական արտադրության Bayraktar TB2 տեսակի ԱԹՍ։ Ռազմական կայքը վկայակոչելով Արցախի ՊԲ-ի հրապարակած տեսանյութը, նշում է, որ կադրերում երեւում է կանադական արտադրության CMX 15D օպտիկա, որից կա թուրքական արտադրության հարվածային Bayraktar TB2 ԱԹՍ-ների վրա, ինչը նշանակում է, որ հայկական կողմն առնվազն մեկ Բայրաքթար է խոցել:

Արցախա-ադրբեջանական պատերազմի 24-րդ օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ վերահսկողության անհրաժեշտությունը:ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ, ԱԽ-ում նախագահող Վասիլի Նեբեզնյան լրագրողներին ասել է, որ այժմ անհրաժեշտ է ապահովել հրադադարի կատարումը, գլխավոր հարցն այն է, թե ինչպես պետք է կատարման նկատմամբ վերահսկողություն ապահովել: Ըստ նրա՝ տարածաշրջան ՄԱԿ-ի մշտադիտարկում իրականացնող պատվիրակություն ուղարկելու համար «ԱԽ-ի հատուկ մանդատ անհրաժեշտ կլիներ, ինչն արագ գործընթաց չէ»: «Հաղորդագրություններ են եղել այն մասին, որ ՌԴ  պաշտպանության նախարարը Հայաստանի եւ Ադրբեջանի գործընկերների հետ քննարկել է, թե ինչպես կարելի է իրականացնել այդ վերահսկողությունը»,- նշել է Նեբեզյան:

Դիվանագետը չի բացառել, որ մշտադիտարկմամբ կարող է զբաղվել ԵԱՀԿ պատվիրակությունը, առավել եւս, որ այս կառույցն է իրականացնում կարգավորման գործընթացը:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը «Արմենպրեսին» ասել է, թե Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները ծանր մարտեր են մղում հարավային ուղղությամբ` Իշխանաձորի հատվածում:  Ըստ նրա՝  Արցախի հյուսիսային հատվածում հակառակորդը մեկ սանտիմետր առաջ չի կարողացել շարժվել, հակառակը Ադրբեջանի ԶՈՒ-ին հասցվել են կենդանի ուժի և զինտեխնիկայի բավականին մեծ կորուստներ:

«Իրականում մենք վճռական ժամանակահատված ենք ապրում, և իմ կոչն ու հորդորն է մեր ժողովրդին` միասնաբար հաղթահարենք այս կարևոր փորձությունը։ Այսօր մեզ առաջին հերթին պետք է բոլորի մասնակցությունն ու պատասխանատվության զգացումը»,- եզրափակել է Պողոսյանը:

Արցախի ՊԲ-ն հայտնել է, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված, առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը:

«Հատկապես ինտենսիվ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ:ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վերահսկողության տակ պահել օպերատիվ իրադրությունը և իրենց գործողություններով թշնամական ուժերին պատճառում կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ»:

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հոկտեմբերի 20-ի իր առաջին ֆեյսբուքյան անդրադարձում գովեստի խոսքեր գրեց հայ հրետանավորների մասին․

«Անշուշտ այս պատերազմի արդյունքների վերլուծությունների մեջ առանձնահատուկ բարձր գնահատականներ են տրվելու ՊԲ հրետանավորների գրագետ գործողություններին: Վերջիններս իրականացնում են այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված չեն եղել անգամ զորատեսակի պատրաստության ծրագրերով: Նման հրետանավորներից է դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Հակոբյանը՝ իր ենթակաների հետ:Վերջիններս, ի թիվս բազմաթիվ այլ հաջողված գործողությունների, հոկտեմբերի 7-ին խոցել են թշնամու 1 Տ-90 տանկ: Արսեն Հակոբյանը ներկայացված է «Մարտական ծառայություն» մեդալի: Նույն կարգի մեդալի է ներկայացվել շարքային Վաչագան Մովսիսյանը՝ մարտական դիրքը «Տրոպա» և այլ հատուկ միջոցներ օգտագործելով գրավել փորձող թշնամական ուժերին հաջողությամբ դիմագրավելու և համառ գործողությունների արդյունքում կասեցնելու համար:Հակառակորդի դիրքեր գրավելու, թշնամական մեծ քանակությամբ կենդանի ուժ, զենք-զինամթերք ու սպառազինություն ոչնչացնելու համար «Մարտական ծառայություն» մեդալներով կպարգևատրվեն սերժանտ Տիգրան Գրիգորյանը, սերժանտ-պայմանագրային Սևակ Աթայանը, կրտսեր սերժանտներ Գևորգ Աթանեսյանը, Սևադա Սիրունյանն ու Դավիթ Ասոյանը, շարքային-պայմանագրային Տիգրան Բաղդասարյանը, ավագ լեյտենանտ Գևորգ Աթանեսյանը, պայմանագրային զինծառայող Սևադա Հովսեփյանը, շարքայիններ Ռազմիկ Մադաթյանը, Կառլեն Առաքելյանը, Ռուբեն Գևորգյանը, Նարեկ Ավետիսյանը, Սամվել Բաբայանը, կապիտաններ Սերոբ Մելքոնյանն ու Ալեքսանդր Ավագիմյանը, ավագ լեյտենանտ Զոհրաբ Գաբրիելյանը»:

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրեց, որ հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի․

«Հարավային ուղղությամբ ինտենսիվ ծանր մարտերը շարունակվում են։ՊԲ-ի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան միջոցներ հակառակորդի հարձակումը կասեցնելու համար»:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց Դաշնակցության դիրքորոշումը․

«Դաշնակցության համար շարունակում է անընդունելի մնալ տարածքներ՝ խաղաղության դիմաց բանաձևը: Դաշնակցության համար անընդունելի է առանց Արցախի անկախության ճանաչման՝ հակամարտության լուծման որևէ տարբերակ: Դաշնակցության համար անընդունելի է, ինչպես նախկինում ևս անընդունելի է եղել, հարցի փուլային լուծման շրջանառվող որևէ տարբերակ:Մենք այս պատերազմում չհաղթելու իրավունք չունենք: Մենք պատասխանատու ենք մեր սերունդների առաջ: Մենք այս պատերազմում մեծ և ծանր գին ենք վճարել: Մենք պետք է հաղթենք. սա մեր պետության գոյության հարցն է: Մենք այս ժամանակահատվածում, այս օրերին ծանր կացության մեջ ենք, բայց սա պետք է հաղթահարենք: Մենք մեր պատմության ընթացքում, հենց նաև արցախյան ազատամարտում շատ ավելի ծանր օրեր ենք ունեցել, և միասնաբար, թև-թիկունք տված հաղթահարել ենք, որովհետև սա է ճանապարհը: Մենք պետք է վերակազմակերպվենք, բեկում մտցնենք ռազմաճակատում և գնանք դեպի հաղթանակի: Այլ տարբերակ պարզապես չկա»:

Վեհափառ Հայրապետի կարգադրությամբ Արցախ է բերվել Հայոց Բանակի Աշոտ Երկաթի Խաչը, որի մեջ զետեղված են Քրիստոսի Խաչափայտի սուրբ մասունքները: ժամը 10։00-ին այդ Խաչով Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հոգևորականների հետ միասին, գնդերեցների մասնակցությամբ օրհնել է հայոց աշխարհի չորս կողմերը և Հայոց Բանակը՝ ի նպաստ խաղաղության և Հայոց Հաղթանակի:

Հիշեցնենք, որ Պատերազմի Խաչը բոլոր ճակամարտերի ժամանակ իր հետ տանում էր Աշոտ Բ Երկաթ Բագրատունի Հայոց արքան (914-928թթ․)։

Կեսօրին մամուլը հայտնեց, որ Արցախի երկու նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու  Բակո Սահակյանը հրատապ կերպով Արցախից եկել են Երևան ու այս պահին կառավարությունում հանդիպում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանց մտահոգել է երեկ ԱԱԽ նիստում և արտախորհրդարանական ուժերի հետ  հանդիպումների ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տեղեկությունների բովանդակությունը։ Վարչապետի մամլո խոսնակ Մանե Գևորգյանը 168․am-ին ասել է, թե ինքը նման տեղեկություն չունի:Ավելի ուշ կայքը տեղադրել է տեսանյութ, թե ինչպես են Արցախի նախկին նախագահների ավտոմեքենաները դուրս գալիս կառավարության շենքից։

Բողոքի ցույց է տեղի ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց: Ցուցարարներին մեջ են նաեւ ռազմական գործողությունների և քաղաքացիական օբյեկտների թիրախավորման հետևանքով Արցախում իրենց տները լքած կանայք, որոնց մեծամասնության ամուսիններն այս օրերին առաջնագծում են։Նրանք միջազգային կազմակերպությունից պահանջում են աչք չփակել Ադրբեջանի քայլերի վրա ու ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:Նրանցից երեքին ԵՄ պատվիրակությունից ներս հրավիրեցին՝ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ հանդիպելու համար:

«Եթե ՀՀ-ում գտնվող միջազգային կառույցների կոչերը սահմանափակվում է միայն երկու կողմերին ուղղված կոչերով կամ մտահոգություններ հայտնելով, գնացեք այլ երկրում մտահոգվեք:Մինչ դուք կմտահոգվեք, սիրուն բառերով կշարադրեք ձեր միտքը, Արցախում էթնիկ զտում է տեղի ունենում: Ուստի մեր միակ պահանջն է՝ ճանաչել Արցախը հանուն փրկության: Պետք է փրկել էթնիկ ժողովրդին ու նրա մշակույթը»,-ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:

ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ հանդիպումից հետո մասնակիցներից մեկն ասել է, որ եթե ԱՄՆ դեսպանատան ընդունելությունն իրենց չգոհացրեց, ԵՄ դեսպանի ընդունելությունը բավականին բարձր մակարդակի էր, պատասխանները բավականին հստակ էին, չնայած որոշակի բախումներ եղան տերմինալոգիայի ոչ ճիշտ ձեւակերպումների հետ կապված:

«Խոսեցինք այն մասին, որ ԵՄ-ն, եվրոպական բոլոր կառույցները այսօր նույն լռության քաղաքականությունն են վարում, որը վարում էին նաեւ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ: 2016-ին մեր գեևրիների, մեր զոհերի նկատմամբ անագրանքը, խոշտանգումը մնացել է անպատասխան: Դրա արդյունքում Ադրբեջանի նկատմամբ որեւէ սանկցիա չէր կիրառվել:Մենք ցույց տվեցինք այդ նկարները, թե ինչպես են վարվում մեր զոհերի, գերիների հետ: Իրենք ասացին, որ տեսել են բոլոր տեսանյութերը, ամեն ինչին մանրամասն ծանոթ են, բոլորը ներկայացվել է Բրյուսել: Դեսպանը հույս հայտնեց, որ կհնչի գնահատական»,-ասել է ակցիայի մասնակիցը, նաեւ հավելել, որ երբ հայ գերիների խոշտանգումների փաստեր ներկայացնելիս տիկին Բախշյանը չի կարողացել զսպել արցունքները, հուզվել է նաեւ դեսպանը:

Ցերեկը հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամները կառավարության շենքում հանդիպում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը NEWS.am-ին ասել է, թե «ՔՊ» վարչության անդամները կառավարության շենքում են, բայց արդյո՞ք հանդիպում կա, թե՞ ոչ, չի կարող ասել։

«Պարբերաբար նման հանդիպումներ լինում են, արտառոց դեպք չի։ Սա հերթականներից է,  նախկինում էլ է եղել, բայց այնպիսի արտառոց հանդիպում չէ՝  ինչպիսին է օրինակ,  արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումը»,- նշեց Մանե Գևորգյանը։

Նկատենք, որ վարչապետի խոսնակը նախ ասում է, որ չի կարող ասել՝ «հանդիպում կա, թե՞ ոչ», ապա ավելացնում՝  «սա հերթականներից է», այսինքն, այնուամենայնիվ, հանդիպում կար։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հերթական հարցազրույցում ֆրանսիական France 24 հեռուստաընկերությանը տարածաշրջան բերված վարձկան-ահաբեկիչների մասին հարցին ի պատասխան ասել է, որ տարբերությունը 1990-ականների սկզբի պատերազմից այն է, որ այն ժամանակ ևս կային որոշ ջիհադիստ վարձկաններ Աֆղանստանից և այլ վայրերից, սակայն դրանք անհատներ էին, իսկ այս անգամ իսլամիստ զինյալներ կամ ահաբեկիչներ են, ահաբեկչական խմբավորումներ: Ինչ վերաբերում է ապացույցներ ներկայացնելու Թուրքիայի պահանջներին, Ա․Սարգսյանը նշել է, որ 1915թ․ Հայոց ցեղասպանության համար էլ է Թուրքիան ապացույցներ ուզում։ Նախագահը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն  հայտարարություն կանի, որով ճնշում կգործադրվի Թուրքիայի վրա, որպեսզի նա դադարեցնի իր ներգրավվածությունը:

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքում գրառում արեց զոհված զինծառայողների մասին եւ կից հրապարակեց նրանց լուսանկարը․

«ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչեւ վերջ ու դա եղավ ձե’ր շնորհիվ։Դո’ւք կանգնեցիք մինչեւ վերջ։Դո’ւք չընկրկեցիք թշնամու սարսափազդու զենքերի առաջ։ Դո’ւք չհավատացիք թուլամորթներին ու չսասանվեցիք դավաճանների հարվածներից։ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչեւ վերջ ու դա եղավ ձե’ր կյանքի գնով, Գեւորգ, Արտավազդ, Մանվել, Գեւորգ։Մենք ձեզ հաղթանակած, հզոր, արդար, ծաղկուն հայրենիք ենք պարտք»։

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, հերթական գրառման մեջ, փորձում էր համոզել, որ նահանջը հոռետեսական կանխատեսումների պատճառ չպետք է լինի եւ բեկում լինելու է։

«Նահանջը պարտություն չէ, 1918-ին էլ կար նահանջ, 1941թ. Էլ կար նահանջ, 1992թ. Էլ կար նահանջ, բայց բոլոր այդ դեպքերում վերջում եղավ հաղթանակ։ Էլի է լինելու հաղթանակ», գրել էր նա։

Վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց․ 

«Մենք պատրաստվում ենք հաղթել այս մարտում, և մենք երբեք չենք մոռանա մարդկանց, որոնք կանգնեցին մեր կողքին և որոնք՝ ոչ»։

Պարզ չէ՝ Մարիամ Փաշինյանն ակնարկում էր Հայաստանի կողքին չկանգնողների՞, թե՞ իր հոր թիմի կողքին չկանգնողներին։ 

Կառավարությունից հայտնեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ, որի ընթացքում քննարկվել են  ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու հակառակորդին դիմագրավելու ուղղությամբ քայլերը։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Բ․Սահակյանն ու Ա․Ղուկասյանը համաձայնեցրել են, որպեսզի Արցախի գործող նախագահը պատերազմը կանգնեցնելու եւ բանակցությունների սեղանին վերադառնալու հայտարարությամբ դիմի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, Ֆրանսիայի նախագահ Էմանուլ Մակրոնին։ Նամակը պատրաստելուց հետո, սակայն Ն․Փաշինյանն ասել է, թե այն արդեն ժամանակավրեպ է։ Մինչդեռ նման հանդիպումների մասին լուրերից հանրության մեջ հույս էր ծագում, որ ներքին հակասությունները հարթվում են ու փորձառու գործիչների համախմբում է տեղի ունենում։

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՄԽ երեք համանախագահների մոտ էլ օրակարգում մեկ հարց է, որպեսզի ոչ միայն հայտարարվի հրադադար, այլեւ այդ հրադադարն իրականացվի. չլինի այնպես, որ անընդհատ այսինչ ժամից հրադադար հայտարարվի, հետո այն խախտվի։ Ըստ Շավարշ Քոչարյանի՝ ներկա փուլում երեք համանախագահներն ունեն մեկ մանդատ, և այդ մանդատը կայանում է կողմերի՝ փոխզիջումների միջոցով ընդհանուր հայտարարի հասնելուն: Երկրորդ մանդատն էլ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելն է:

Միջազգային կառույցների արձագանքը մեկնաբանելով,Շ․Քոչարյանն ասաց․

«Շատ տեղեր կան, որ մենք բավարարված չենք։ Չի կարելի Արցախի Հանրապետությունը դիտարկել որպես տարածք, քանի որ ճանաչված չի, որտեղ մարդիկ չեն կարող օգտվել տարրական մարդկային իրավունքներից։ Չի կարելի տարբերակել մարդկանց, կախված նրանից, որ սուբյեկտում են բնակվում»։

Արցախի ՊԲ-ն հրապարակեց ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված եւս 43 զինծառայողի անուն։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, ներկայացրել ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Անդրադառնալով ռազմաճակատում տիրող դրությանը՝ նախագահն ընդգծել է, որ առաջնագծի ողջ երկայքնով ռազմագործողությունները ինտենսիվ կերպով շարունակվում են, ընդ որում՝ առավել ծանր մարտերն ընթանում են Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր, Կովսական և Միջնավան համայնքների տարածքներում:

Արարատ Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն բոլոր հնարավոր միջոցներով կանգնած է Արցախի կողքին և, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, իրականացրել և իրականացնելու է դրանից բխող յուրաքանչյուր անհրաժեշտ գործողություն:

Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրեց, որ պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակը շուրջ 1 տասնյակ «Բայրաքթար» թուրքական անօդաչու թռչող սարքեր է խոցել:

«Խոցված սարքերից ոչ մեկը, սակայն, ՊԲ վերահսկողության տակ գտնվող տարածքներում չէին ընկել:Կարծես վերջապես «Բայրաքթարի» բեկորներ ունենք, ինչից ակնհայտ է դառնում, որ այն արտադրվել է սեպտեմբերին, իսկ գերժամանակակից տեսախցիկը Կանադայում արտադրվել է հունիսին:Ինչով է սա կարեւոր. կոնկրետ փաստով ապացուցվում է Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը Արցախի դեմ մղվող ահաբեկչական պատերազմում եւ դրա նախապատրաստություններին:Եվ այն երկրները, որոնք «Բայրաքթարի» համար անհրաժեշտ բաղադրամասեր են մատակարարում Թուրքիային՝ այս փաստի բերումով պետք է հետեւեն Կանադայի օրինակին եւ կասեցնեն հետագա մատակարարումները»:

Նկատենք, որ նախ մարտերի 20 օրերից հետո է հայկական ՀՕՊ-ին հաջողվել վայր գցել հակառակորդին այդքան մեծ օդային առավելություն ապահովող թուրքական Բայրաքթարները, այսինքն՝ պատերազմի օրերին են ձեռք բերվել դրանց դեմ արդյունավետ պայքարի միջոցները։ Բացի այդ, դրանք հենց սեպտեմբերին ձեռք բերելու խոստովանությունը կասկածի տակ է դնում նախկիններին ուղղված՝ Բանակը վատ զինելու մեղադրանքի հիմնավորվածությունը։ 

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքում գրեց, որ Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանման կողմից նախօրեին խոցված թուրքական Bayraktar TB2 մարտական ԱԹՍ-ի հեռակառավարվող տեսախցիկը L-3 WESCAM CMX-15D մոդելի է:

«Այն արտադրվել է 2020թ հունիսին Կանադայի WESCAM ընկերության կողմից և Bayraktar TB2-ի վրա տեղադրվել 2020թ սեպտեմբերին:Ընդհանուր աշխատանքը կազմել է 31 ժամ»,-գրել էր նա:

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրեց

«Վաղը որ իմ եղբայրներն ու քույրերը համառ դիմադրելուց հետո նորից անցնեն հարձակման, իսկ անցնելու են հաստատ, շատերդ ամաչելու եք այս տրամադրությունների համար։ Այո նահանջել ենք, որոշ տեղերում դա ամենաճիշտ լուծումն է։ Մի արեք նման բաներ»։

Այսօր այս խոսքերը Ա․Հովհաննիսյանին հիշեցնող գրեթե չկա, մինչդեռ իրադարձությունները, որոնք նա լուսաբանում էր «հաստատ» պնդումով՝ ճակատագրական էին հայկական պետականությունների համար։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ին հայտարարել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ մարտական գործողությունները դադարեցնելու համար աշխատանքը շարունակվում է։

«Ընդհանուր առմամբ աշխատանքը շարունակվում է, որպեսզի մարտական գործողությունները կանգնեցվեն, եւ բանակցային գործընթացը բերվի քաղաքական-դիվանագիտական հուն։ Ավելին չեմ կարող ասել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե իսկապես նախապատարստվում է Ռուսաստան Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների այց՝ կոնսենսուս գտնելու համար։

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրեց, թե թշնամին հարավում նահանջում է․

«Հակառակորդը հարավային ուղղությամբ՝ Խուդաֆերինի ջրամբար, մեծ կորուստներ կրելով նահանջում է․․․ Զգուշացրել էինք՝ դժոխք եք մուտք գործում»։

Պատերազմից հետո ասուլիսում ՊԲ նախկին հրամանատար, ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը նշել էր, որ ամբողջ պատերազմի ընթացում հայկական կողմի որեւէ լուրջ հաջողության մասին հայտարարությունները չափազանցություն էին։ ՊՆ խոսնակի կարճառոտ գրառումից ամենահավանական ենթադրությունն այն է, որ հայկական ուժերը մարտավարական նկատառումներով էին նահանջել (Արծրուն Հովհաննիսյանն ինքն էր ավելի ուշ շրջանառության մեջ մտցրել «տակտիկական նահանջ» բանաձեւը), իսկ «դժոխք եք մուտք գործում» արտահայտությունից միայն մեկ ենթադրություն կարելի էր անել,  որ թշնամու զորքերի ջարդ է տեղի ունենում։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրեց

«Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը եւ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը, հատկապես վերջին ժամերի ընթացքում, մարտի դաշտում, փառքով պսակեցին իրենց անունը եւ կարժանանան ազգային հերոսի կոչման: Նրանք շարունակում են իրենց հերոսական կռիվը՝ հանուն հայրենիքի: Փա՛ռք հայոց բանակին»:

Մինչեւ հիմա հայտնի չէ, այդ ինչ գործողություն էր տեղի ունեցել հարավային ճակատում, որտեղ գեներալներն իրենց անունը փառքով էին պսակել։ Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանը 2021թ․ փետրվարի վերջերին հեռացվեց ՀՀ ԶՈւ-ից՝ Իսկանդերի հրթիռի 10 տոկոսով պայթելու վերաբերյալ Փաշինյանի խոսքերի վրա ծիծաղելուց հետո, ինչին, ի դեպ, հետեւեց Փաշինյանի հրաժարականի պահանջով ԶՈւ ԳՇ հայտարարությունը (փերվարի 25, 2021թ․) այն մասին, որ Փաշինյանը հետեւողականորեն թուլացնում է Զինված ուժերը, որ անում է հակապետական և անպատասխանատու քայլեր, որ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում, որ անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին: Հիշեցնենք նաեւ, որ Ա․Փիլոյանը եւս հանվեց ԶՈւ շարքերից եւ նշանակվեց ԱԻ նախարար։

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում հայերը բազմահազարանոց ցույց են կազմակերպել: Երթի մասնակիցները վանկարկել են «Էրդողան տեռորիստ», «Ալիեւ տեռորիստ», «Իսպանիա արթնացիր»: Նրանք պահանջել են Արցախի անկախության ճանաչում:Ակցիայի մասնակիցները երթով հասել են մինչեւ Իսպանիայի խորհրդարան:

ԵԱՀԿ Մինսկի խմբի 1999-2001 թվականներին ԱՄՆ նախկին համանախագահ Քերի Քավանոն «Ալ Ջազիրայի» համար գրել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի» վերտառությամբ հոդված։

Քավանոն շեշտել է, որ Ալիեւը Թուրքիայի աջակցությամբ անցել է ռազմական լուծման՝ դիմադրելով մարտական գործողությունները դադարեցնելու եւ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու կոչերին։Նրա խոսքով՝ հենց բանակցությունները, այլ ոչ թե ռազմական գործողությունները, հնարավորություն կտան խոսել կայուն կարգավորման մասին:

«Հայերի եւ ադրբեջանցիների միջեւ բանակցությունների հիման վրա խաղաղության հասնելու համար պահանջվում է 3 տարբեր բաղադրիչ՝ փոխզիջումային որոշումների ուղղությամբ աշխատելու առաջնորդների պատրաստակամությունը, նման կարգավորման համար միջազգային օգնությունն ու դրա հետագա իրականացումը, ինչպես նաեւ նման փոխզիջմանը բնակչությանը պատրաստելը»,- գրել էր նա:

Պաշտպանության բանակը նոր տեսանյութ հրապարակեց առաջնագծից։

«Շարունակվող պատերազմը հերթական անգամ հայ մարտիկին ուղղորդեց անձնազոհության ու խիզախության։ Հայ զինվորն ու սպան հակառակորդի հետ անհավասար մարտերում կարողացան իրենց ինքնությանը հավատարիմ մնալ ու զինծառայողի սուրբ առաքելությունն իրականացնել պատվով ու արիությամբ։ Հակառակորդի հետ մարտերի ընթացքում առանձնահատուկ սխրանքներով աչքի ընկած զինծառայողները Արցախի նախագահի հրամանագրերով արժանացել են պետական պարգեւների, իսկ Պաշտպանության նախարարի հրամանով արտահերթ ստացել են զինվորական կոչումներ։

Կորյուն Սողոմոնյանի անմիջական ղեկավարությամբ հետախուզական ստորաբաժանումը կարողացել է ներթափանցել հակառակորդի թիկունք, ոչնչացնել հակառակորդին եւ իրականացնել այլ մարտական խնդիրներ։

«Զինծառայողները խոստովանում են, որ սկզբում անսովոր էր, կային  բարդություններ, այժմ իրավիճակին լիովին տիրապետում են ու պատրաստ են ինչպես պաշտպանական, այնպես էլ հակահարձակողական բնույթի մարտական առաջադրանքներն իրականացնել անհրաժեշտ մակարդակով։Առիթն օգտագործելով, զինծառայողները ջերմ բարեմաղթանքներ են ուղղել իրենց հարազատներին ու ամբողջ ազգին վստահեցրել, որ ամեն ինչ լավ է լինելու», նշվում էր տեսանյութում։

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ ժամանակավորապես դադարեցվում է զինծառայողների, զորահավաքով զորակոչվածների և կամավորականների կողմից առողջական վիճակի վերաբերյալ ԶՈՒ ռազմաբժշկական վարչություն ուղարկվող դիմում-բողոքների ընդունումը:

«Ռազմական դրության պայմաններում բոլոր զինծառայողների, այդ թվում՝ զորահավաքով զորակոչվածների և կամավորականների բուժսպասարկումը հավասարաչափ իրականացվում է ԶՈՒ բուժ-տարհանիչ միջոցառումների ընդհանուր համակարգում, զորամասերում կամ տեղակայման վայրերում գործող կարգի համաձայն», նշված էր հաղորդագրությունում:

Արծրուն Հովհաննիսյանի այս գրառումը եւս հանդիմանություն էր ռազմաճակատում տիրող դրության համար մտահոգություն հայտնողների հասցեին

«էն, որ գրել էի վաղը, այսօր եղավ. ու մտածեք, թե ինչ եք ասելու հիմա հարձակվող Հայոց բանակի զինվորին ու հրամանատարին։ Ալիև, բարի գալուստ դժոխք։ Հետիդ բազմագույն ու բազմերանգ ահաբեկիչներին էլ փոխանցի»:

Տպավորություն էր, թե ինչ-որ շատ հաջող գործողություն էր իրականացվել հակառակորդի զորքերի հանդեպ։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը հատուկ  ուղերձով հանդես եկավ՝ վստահեցնելով, որ բոլոր միջոցները ծախսվում են նպատակային և ուղղվում են ամենաառաջնահերթ հումանիտար կարիքներին։

«Բոլոր գումարների ծախսը համաձայնեցվում է Հայաստանի և Արցախի կառավարությունների հետ։ Ռազմական դրությամբ պայմանավորված՝ չենք կարող հրապարակել, թե կոնկրետ ինչքան և ինչպիսի գնումներ ենք կատարում, բայց վստահեցնում եմ, որ խաղաղության հաստատումից հետո մանրամասն հաշվետվություն կստանաք»,- ասաց Հայկակ Արշամյանը։

Հիշեցնենք, որ մանրամասն հաշվետվություն Հ․Արշամյանը չի ներկայացրել, պատերազմից հետո ԱԺ-ում ֆինանսների նախարար Ա․Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ հավաքված 175 մլն դոլարից 100 միլիոնը փոխանցվել է պետբյուջե, ինչը համահայկական հիմնադրամի կանոնադրությունը չի նախատեսում։

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ ՀՀ ՊՆ-ն  հերքում է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե հայկական կողմը հրթիռահրետանային հարվածների է հասցնում Գերանբոյի եւ Թերթերի շրջաններին:

Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էմանուել Մակրոնը քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը:

Ըստ Կրեմլի մամուլի ծառայության, Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ձեռնարկվող քայլերի մասին՝ ռազմական գործողությունների հետագա սրումը կանխելու եւ բանակցությունները շուտափույթ վերսկսելու ուղղությամբ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական-դիվանագիտական կարգավորման նպատակով: Ընդգծվել է Ռուսաստանի եւ Ֆրանսիայի միջեւ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, ինչպես նաեւ ՄԱԿ Անվտանգության խորհրդի միջոցով սերտ համակարգումը շարունակելու պատրաստակամության մասին:

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքում գրեց

«Տեսնես` ինչքա՞ն «Բայրաքթար» ունեն»։

Շ․Ստեփանյանը կից հրապարակել էր  ոչնչացված Բայրաքթարի լուսանկար։

ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ընդդիմադիր ուժերի մասնակցությամբ փակ հանդիպումից հետո, լրագրողներին հայտարարեց, որ վիճակը խիստ մտահոգիչ է։

Մամուլում շրջանառվող այն լուրը, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գրած նամակ է վարչապետը երեկվա փակ հանդիպմանը ցույց տվել, եւ հարցին՝ արդյո՞ք այդ նամակի վերաբերյալ քննարկում եղել է, Սաղաթելյանն ասաց. «Հարցրեք վարչապետին»։

«Ընդհանուր դիրքորոշումն այն է, որ վիճակը խիստ մտահոգիչ է, անհրաժեշտ է արտաքին քաղաքական դաշտում դիվանագիտական եւ ռազմական ճակատում բեկում մտցնել»,- նշեց Սաղաթելյանը։

Նույն հանդիպումից հետո «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ասաց․ 

«Եկեք ռազմական դրության ժամանակահատվածին համահունչ լինենք, չխոսենք որեւէ բան։ Էս ամեն ինչը կավարտվի, շատ բան կա խոսելու, անպայման կխոսենք»։

Առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը Ֆեյսբուքում գրեց, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված գերլարված իրավիճակից ելք գտնելու անհրաժեշտության թելադրանքով հանդիպում-խորհրդակցություն է տեղի ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի և Արցախի Հանրապետության նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի մասնակցությամբ:

Կատալոնիայի հայությունը երկրորդ անգամ փողոց դուրս եկավ, այս անգամ   հանրահավաքը տեղի ունեցավ Իսպանիայի կառավարության Կատալոնիայի ներկայացուցչության դիմաց։ Մասնակիցները պահանջում էին, որ Իսպանիան դատապարտի Թուրքիայի եւ ահաբեկիչ վարձկանների ներգրավածությունը Արցախի դեմ պատերազմին, պահանջի պատերազմի անհապաղ դադարեցում եւ Արցախի անկախության ճանաչում։ Հանրահավաքի մեկնարկին ներկանները մեկ րոպե լռությամբ հարգեցին նահատակների, մասնավորապես նաեւ իսպանաբնակ «Արցախի Հերոս» կոչմանն արժանացած Արմեն Կնյազյանի հիշատակը, որ զոհվել էր Արցախում հոկտեմբերի 10-ին։ Ելույթների ընթացքում կոշտ խոսքեր են հնչել միջազգային հանրության, նաեւ Իսպանիայի կառավարության լռության առիթով։

ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ վերջին շրջանում համացանցում հայտնվել են կասկածելի ծագում ունեցող լրատվական կայքեր ու սոցիալական ցանցերի կեղծ էջեր, որոնք տարածում են ակնհայտ ապատեղեկատվություններ՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ փոխկապակցված անձանց, ԱԱԾ նախկին տնօրեն Ա. Քյարամյանի, ինչպես նաև ներքաղաքական և արտաքին քաղաքական բազմաթիվ երևույթների վերաբերյալ, որոնք ստահոդ լինելուց բացի՝ իրենց մեջ պարունակում են Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգությանը վնասող զգալի տարրեր։

ԱԱԾ-ն նշում էր, գնալու է դրանց հետքերով։ 

Արծրուն Հովհաննիսյանը Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարեց, թե «ինչպես ամեն օր է հայտնում, հարավում ակտիվ մարտական գործողություններ են ընթանում»։ Ըստ նրա՝  լայնամասշտաբ պատերազմի ամենաթեժ կետը հարավային ճակատն է.

«Այնտեղ ամեն օր հազարավոր հրանոթներ, զրահատեխնիկա, այլ միջոցներ բախման մեջ են մտնում՝ հիմնականում ցերեկային ժամերին»։

Հարցին՝ ինչո՞ւ է թշնամին կենտրոնացել հարավային ուղղության վրա, Հովհաննիսյանն ասաց. «Տեղանքի բնույթը, հարթավայրային լինելը, ձախ թեւից հարված ստանալու վտանգ չլինելը. իրենք հարձակվում են, որովհետեւ այդ մասում ձախ թեւն ապահոված է Արաքս գետով»։

Անդրադառնալով օրվա «հաջողված գործողությանը, որի շնորհիվ, ըստ տեղեկությունների, հակառակորդն ընկել էր շրջափակման մեջ»՝ Հովհաննիսյանն ասաց. «Իրականացվել է օպերացիա, որի ընթացքում հակառակորդին հնարավոր է եղել ջարդել ու հետ շպրտել։ Չեմ կարող ասել՝ ինչքան, որովհետեւ մարտերը շարունակվում են եւ մենք ֆիքսված ժամանակահատվածն ենք ամփոփում. որպես կանոն դա վաղ առավոտյան է կամ ուշ երեկոյան»։

Հարցին՝ հայկական կողմն առաջ գնացե՞լ է, Հովհանիսյանն ասաց, որ այսօր որոշակի տեղաշարժ եղել է. «Հստակ թվեր չեմ կարող նշել, բայց ես նույնիսկ խոսել եմ օպերացիայի ընթացքում հրամանատարների հետ, որոնք այդ պահին առաջ էին գնում, անցել էին հակահարձակման։ Հիմա ինչքան ենք հաջողել, չեմ կարող ասել»։

Առանց մեկնաբանության։

Արծրուն Հովհաննիսյանը Հանրայինին հայտարարել էր նաեւ, որ այն տեխնոլոգիաները, որոնք կիրառում են գերտերությունները, այսօր կիրառվում են Արցախում։

«Կիրառվում են թուրքական, իսրայելական ամենաառաջադեմ տեխնոլոգիաները։ Այն տեխնոլոգիան, որը կիրառում են գերտերությունները, այսօր կիրառվում է Արցախում։ Ամենավերջին ԱԹՍ-ներն են, ամենավերջին գերճշգրիտ հրթիռները, ամենավերջին հրթիռահրետանային համակարգերը. այսինքն՝ մենք տեսնում ենք 5-րդ սերնդի պատերազմ»։

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ հակառակորդը մեծ ուշադրություն է դարձրել բարձր տեխնոլոգիական միջոցներին. «Բայց դա միայն ինքնին հաղթանակ չի ապահովելու։ Երբեք չես կարողանալու միայն ճշգրիտ ու կետային հարվածներով վերջնական արդյունքի հասնել»։

Հովհաննիսյանն ասաց, որ միջազգային բոլոր փորձագետները խոստովանում են՝ դասական ճեղքում հակառակորդին չհաջողվեց. «Հզոր հարձակողական բռունցքներ էին, որոնք կազմված էին 10 հազարից ավելի մեծ զորախմբերից, որի մեջ մի քանի հազար հատուկ գրոհային ստորաբաժանումներ կային, ամեն մի բռունցքի մեջ կար հարյուրից ավելի տանկ, նույնքան էլ այլ զրահատեխնիկա, կար 200-300 հրետանային միջոց՝ մեծ տրամաչափի։ Այդ բռունցքները դասական ամրաշինական կառույցներով հագեցած պաշտպանական բնագիծը չկարողացան հաղթահարել։ 5-ից 7 օր փորձեցին ճեղքել ու տեսան, որ չի ստացվում, փոխեցին ու ամբողջ ուժերը 3-4 հատվածներից հավաքեցին եւ տարան մեկ հատված՝ հարավ, որպեսզի հետ մղեն, ճզմեն։ Պատկերացնո՞ւմ եք իրենց այդ տեխնոլոգիական առավելությունը, պլյուս՝ քանակական, ճեղքման տեղամասերում մինչեւ 12–անգամյա առավելություն. ռազմի պատմությունը նման բաներ գրեթե չգիտի, որ 12 անգամ մեծ ուժը 7-8-րդ օրը օպերացիայի երկրորդ փուլ է իրականացնում, ուժերի գերլարումով փորձում է։ Միջինը օրական մաքսիմում 1-2 կիլոմետր են առաջ եկել։ Ռազմագիտության տեսանկյունից դա խայտառակություն է»։

Նա ընդգծեց, որ սա ծանր պատերազմ է. «Այսպիսի ծավալ վերջին անգամ իմ հիշողության մեջ 2003 թվականի Իրաքի գրավումն է եղել՝ ամերիկյան բանակի կողմից»։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բրիտանական հեղինակավոր «Independent» պարբերականի հետ հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանն օգտագործում է իրենց զինանոցում առկա բոլոր զենքերը, ներառյալ թուրքական ԱԹՍ-ներ և վարձկաններ, սակայն երեք շաբաթվա ընթացքում հաջողել է ընդամենը մեկ ուղղությամբ բավականին խորանալ, ինչը  դեռ չի նշանակում պատերազմի ավարտ:

«Հայկական բանակը մարտունակ բանակ է` իր հազարավոր պրոֆեսիոնալ, իրենց գործին նվիրված, երկու պատերազմների փորձ ունեցող  սպաներով և գեներալներով, տասնյակ հազարավոր քաջ զինվորներով և պաշտպանական պատերազմի համար բավարար սպառազինությամբ: Բայց, ափսոս, շատերը զոհվեցին` պաշտպանվելիս մեծ կորուստ պատճառելով ադրբեջանական զինված ուժերին և վարձկաններին: Ռազմավարական առումով, այս պատերազմը խելահեղություն է, և քաղաքացիական բնակչությունը վճարում է Ալիևի խելահեղ երազանքի համար», ասել է Սերժ Սարգսյանը։

«Ի՞նչ եք կարծում, Ձեր իրավահաջորդը հարցը լուծում է այլ կերպ, քան Դո՞ւք» հարցին ի պատասխան Սերժ Սարգսյանը նշել է․

«Ես համաձայն եմ Ձեզ հետ, որ իմ իրավահաջորդը չգնաց այն ճանապարհով, որով մենք հաջողությամբ ընթանում էինք երկար ժամանակ և որոշեց, ինչպես ինքն է արտահայտվել, բանակցությունները սկսել սեփական կետից:Կարող եմ ասել, որ այս հակամարտությունը երբեք չի եղել սառեցված հակամարտություն, անգամ եթե մեզ հաջողվել է երաշխավորել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը։Փոքր մասշտաբներով, սակայն Ադրբեջանը բոլոր այս տարիներին շարունակել է հարձակվել մեզ վրա։ Իրական խաղաղությունը միայն հնարավոր է բանակցությունների միջոցով։ Դրան հնարավոր էր հասնել, օրինակ, Կազանում։ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնել են փաթեթային լուծմանը 2011թ․ հունիսին. Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նախագահները իրենց գոհանակությունն արտահայտեցին շրջադարձային առաջընթացի վերաբերյալ: Ռուսաստանը հանդես եկավ հանրային հայտարարությամբ, և Ադրբեջանի նախագահն ու ես հրավիրվեցինք Կազան՝ ձեռք բերված համաձայնությունը հաստատելու նպատակով: Երբ բոլորս նույն հարկի տակ էինք, Ալիևը մի թուղթ հանեց գրպանից՝ տասնյակից ավելի էական փոփոխություններով։ Բոլորը ցնցված էին, և չնայած միջնորդների հիասթափությանը՝ Ալիևը հայտարարեց, որ չի տալու իր համաձայնությունը փաստաթղթին: Համաձայն չեմ, որ Կազանում սպառվել էր բանակցային ճանապարհով խնդրի լուծումը: Այո, 2016-ին Ալիևը խախտեց զինադադարը և հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա: Մենք  խիզախորեն պաշտպանվեցինք, չկորցրեցինք որևէ բնակավայր, և Ալիևը ստիպված էր վերահաստատել 1994թ. Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից կնքված զինադադարը: Այնուհետև, ռազմական գործողություններից շաբաթներ հետո, Վիեննայում և Սանկտ Պետեբուրգում Մինսկի խմբի համանախագհները որոշեցին հարգել 1994-1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերը, միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծել և ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունները. Եվ չնայած Ալիևը դժվարությամբ էր համաձայնվում դրան, մենք բանակցությունները շարունակում էինք միջնորդների` Մինսկի խմբի համանախագահների միջոցով»:

Իր իրավահաջորդի աշխարհաքաղաքական սխալներիվերաբերյալ հարցին, Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ այս փուլում նպատակահարմար չի համարում  դրանք մեկնաբանելը, ասել է միայն, որ ինքն ու իր թիմը, նաև այլ ընդդիմադիր քաղաքական ուժեր բազմաթիվ անգամներ դիմել ենք ինչպես ներկայիս իշխանությանը, նաեւ ԼՂ նախագահին` առաջարկելով իրենց ծառայությունները, բայց նրանցից արձագանք չի եղել։ 

Շվեյցարիայի ԱԳՆ-ը կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնությունը ղարաբաղյան հակամարտության գոտում:Շվեյցարիան նաեւ 1,1 միլիոն դոլար կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին:

«Գրոհները խաղաղ բնակիչների եւ քաղաքացիական օբյեկտների վրա պետք է դադարեցվեն: Մենք կողմերին կոչ ենք անում պահպանել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:Հակամարտության ամուր լուծումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով: Այս կապակցությամբ Շվեյցարիայի ԱԳՆ-ը հակամարտության երկու կողմերին էլ կոչ է անում «վերսկսել կառուցողական բանակցությունները՝ առանց հապաղելու եւ նախապայմանների»,- ասված է Շվեյցարիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Նիկոլ Փաշինյանը Թվիթերում գրեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատեց, որ Ադրբեջանում իշխում է ռասիստական ռեժիմը, որը փառաբանում է հայերի նկատմամբ էթնիկ բռնությունները եւ էթնիկ ատելություն սերմանում:

«Արցախի հայությանը ստիպել ապրել Ադրբեջանի իշխանության տակ՝ միջազգային իրավունքի խախտում է»,- հավելել էր նա:

Երեկոյան՝ օրվա ամփոփիչ ճեպազրույցում, Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ անցած օրվա ընթացքում Արցախի ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են թուրքական արտադրության ավելի քան տասը Բայրաքթար ԱԹՍ-ներ:

«Բացի այդ, հայկական կողմը խոցել է թշնամու այլ տեսակի անօդաչու սարքեր»,- նշեց նա:

Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց նաեւ, որ վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը կրկին հարձակողական գործողություններ են ձեռնարկել հյուսիսային եւ հարավային ուղղություններով:

«Ամենադաժան մարտերը տեղի են ունեցել հարավային ուղղությամբ, որի ընթացքում մեր զորքերը կարողացել են կասեցնել թշնամու մի քանի գրոհներ եւ նրանց հետ մղել իրենց ելման գծեր: Այս պահին իրավիճակը լարված է: Մարտական գործողությունները շարունակվում են, բայց ոչ նույն ինտենսիվությամբ, որը լինում է ցերեկը»,- ասում էր նա:

Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ առաջին անակնկալ ալիքը, որ հակառակորդը հասցրել է՝ օդում միաժամանակ եղել է 1000-ից ավելի թռչող սարք։

«Այս տիպի ԱԹՍ-ների դեմ, ցավոք սրտի, ժամանակակից ռազմական գիտությունը պասիվ պաշտպանողական ՀՕՊ-ի տեսքով լուծում չունի։ Ֆիզիկան իրենց օգտին է. իրենք փոքր են, արագաշարժ, դժվար նկատելի եւ ամենավատը՝ քանակապես շատ են։ ՀՕՊ-ի համար գոյություն ունի «նշանակետային ուղի» հասկացություն, պարզ լեզվով ասած՝ քո իքս միավոր ՀՕՊ-երը կարող են միաժամանակ խոցել օրինակ՝ 2 իքս քանակի թռչող սարք, այդ թվում՝ ԱԹՍ, դա ինքը լավ գիտի եւ գալիս է այդ 2 իքս քանակիցդ 5 անգամ շատ, դու ֆիզիկապես չես հասցնում, եւ ինքը խոցում է այդ ՀՕՊ-ին»։

Հովհաննիսյանը պատմեց, որ հակառակորդը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան առաջին հարվածը հասցրել է ՀՕՊ համակարգերին եւ կառավարման կետերին.

«Իդեալական չի անցել այդ հարվածը, բայց գրագետ են գործել։ Կոնկրետ կառավարման համակարգին վնաս գրեթե չեն կարողացել տալ։ ՀՕՊ-ին էլ մասնակի են վնաս հասցրել։ Զինվորական գործից հասկացողները շատ լավ հասկանում են, որ մեր դիմադրությունը ռազմական գիտության գլուխգործոց է»։

Առանց մեկնաբանության։

Նույն ճեպազրույցում Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերը, դիվերսիոն, ոչ մեծ խմբերով հաճախ ներթափանցում են մերձճակատային բնակավայրեր, այնտեղ լուսանկարում եւ նկարահանում են, լուրեր տարածում այն մասին, որ դրանք իբր գտնվում են իրենց վերահսկողության տակ․

«Դա առաջին հերթին նախատեսված է ներքին լսարանի համար, բայց շատ հաճախ, ցավոք, դա ազդում է նաեւ հայկականի վրա: Իրավիճակը կայուն է եւ վերահսկելի: Որոշակի կուտակումները կամ դիվերսիոն գործողությունները չեն նշանակում որոշակի զորքերի առաջխաղացում կամ հաջողություն»:

Նա կոչ արեց չհավատալ եւ չտարածել թշնամու ապատեղեկատվությունը․

«Այս մարտավարությունը վերցված է ահաբեկչական խմբավորումներից եւ ուղղված է հակառակորդի վրա հոգեբանական ճնշում գործադրելուն, ուստի խնդրում ենք ձեզ չտրվել այս սադրանքներին»:

Առանց մեկնաբանության։

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ հակառակորդի բռունցքներն այն աստիճան են մաշվել, որ բոլոր ճիգերը գործադրում է՝ մեկ ուղղությամբ առաջ գնալու համար։ Նա նշեց, որ այս պահին հյուսիսային ուղղությամբ իրավիճակն ավելի հաջող է.

«Հյուսիսային ուղղությամբ մոտ մեկ շաբաթ առաջ 3 օր անդադար մոտավորապես մի քանի հարյուր միավոր հրետանային միջոցներից ժամուկես հրետանային պատրաստություն արեցին, որպեսզի ճեղքում իրականացնեն 2-3 դիրքի ուղղությամբ։ Մեկ դիրքի ուղղությամբ 700-ից 800 գրոհային եկավ եւ չկարողացան ճեղքել, հետ շպրտվեցին՝ ձորակի մեջ թողնելով 200-ից 300 դի։ Տեսնելով որ հաջողության չեն հասնում, ենթադրում եմ, որ որոշեցին հարավ իջնել»։

Անդրադառնալով հայկական կողմի կորուստներին՝ Հովհաննիսյանն ասաց.

«Բնականաբար մենք էլ ենք կորուստներ կրել։ Հազարավոր միավոր տեխնիկա մենք ենք իրենց խոցել, իրենք՝ մեզ, ավտոտեխնիկա է խոցվում, կամուրջներ են խոցվում»։

Արծրուն Հովհաննիսյանը պնդեց, որ հայկական կողմում չկան զորքերի մեծ խմբեր, օրինակ, ավելի քան 150 մարդ, որոնք հայտնվել են ծուղակում կամ մոլորվել են:

«Ռազմաճակատի որոշակի տարածքներ հետ գրավելու դեպքում հաջողվում է հանել մեր զինծառայողներին, ովքեր կա՛մ մոլորվել են, կա՛մ հայտնվել են ծուղակում, բայց մեծ խմբերի մասին խոսք չկա»,- նշեց նա:

Պատերազմից հետո բազմաթիվ են վկայությունները հայկական զորախմբերի շրջափակման մեջ հայտնվելու մասին։

Արծրուն Հովհաննիսյանը նաեւ հավաստիացնում էր, որ հակառակորդը շարունակում է առաջնագծում թողնել իր զինծառայողների դիակները։

«Եթե սպայի պատիվս կորցնեմ ու միջազգային մարդասիրական իրավունքի դասընթացներն արհամարհեմ, կհրապարակեմ հարյուրավոր տեսանյութեր՝ սեւացած, ուռած, փտած դիեր։ Չեն տանում, թքած ունեն իրենց դիերի վրա։ Նրանք հայտարարեցին, որ կարող են միակողմանի տալ մեր դիերը, այսինքն՝ իրենց դիակներն իրենց պետք չեն։ Ընդ որում, այդ դիակների մեծ մասն իրենց ԶՈւ-երի զինծառայողներ են։ Վիրավորներին էլ են թողնում, արնաքամ լինում ու մեռնում են»,- պատմում էր Արծրուն Հովհաննիսյանը։

Այսպիսի պնդումների առիթով արդեն նշել ենք, որ հակառակորդի անընդհատ առաջ շարժվելու պայմաններում կասկածելի է, որ հայկական զորքերի աչքի առաջ պարբերաբար թշնամու դիերի կուտակումներ լինեին, բացի այդ, մինչեւ այս օրերը, պատերազմից մեկ տարի անց էլ, հայկական կողմն է մարտի դաշտերից գտնում հայ զինծառայողների աճյունները։

Արծրուն Հովհաննիսյանը հավելել էր, թե կենտրոնական ուղղությամբ, որտեղ ռազմական գործողություններն այդտեղ այդքան ակտիվ չեն,հայ զինծառայողների դիերը դուրս բերելու առնչությամբ խնդիրներ չկան:

«Դիերը դուրս բերելու հետ կապված խնդիրներ են առաջանում հարավային եւ հյուսիսային ուղղություններով»,- ասում էր նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ