News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը՝ հնարավորություն տալով ավելի սթափ հայացքով գնահատել պատերազմի ընթացքն ու իրադարձությունները։

44-օրյա պատերազմ.

Օր 23-րդ՝  հոկտեմբերի 19

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը կեսգիշերին գրեց․ 

«Ճակատագրական օրեր են, սա սովորական պատերազմ չէ։ Ամեն րոպեն կարևոր է քայլ անելու համար, վճռական քայլ անելու համար։ Ամեն մեկս անելիք ունենք այս պատերազմում։ Մենք դատապարտված են հաղթելու»։

Այն, որ պատերազմը սովորական չէր, հասկացել էին բոլոր ողջամիտ քաղաքացիները։ Քայլ անելու համար րոպեի կարեւորությունն ընդգծող Ա․Հովհաննիսյանը, ենթադրաբար, նկատի ուներ, որ ռազմաճակատին էլի են պետք կամավորներ, սակայն նրանցից արդեն մեծ թվով կային Արցախում, եւ ինչպես հետպատերազմյան բազմաթիվ պատմություններ էին վկայում, նրանց կազմակերպման, ուղղորդման, տեղաբաշխման խնդիրների լուծումը ամենացածր մակարդակի վրա էր, ինչու էր պետք նրանց թիվն էլ ավելի մեծացնել, մանավանդ, որ այս պատերազմը խրամատային պայքարում չէր անցնում, Ա․Հովհաննիսյանն ինքն էր մի քանի անգամ պնդում, թե 5-րդ սերնդի պատերազմ է, եւ եւս մի քանի հազար կամավորները դառնալու էին նույն Բայրաքթարի թիրախ։ «Հաղթելու դատապարտվածության» մասին ամենօրյա պնդումները լսողներն էլ մինչեւ հիմա նրանից չեն լսել հարցի պատասխանը՝ այդ դեպքում, ինչո՞ւ չհաղթեցինք։   

ՀՀ Մարդու իրավունքնեորի պաշտպան Արման Թաթոյանը գրեց, որ  ահազանգ է ստացել, որ Ադրբեջանի զինվորականները երկու օր առաջ հայ զինծառայողի են գլխատել: Օմբուդսմենը նշել է, որ  հոկտեմբերի 16-ին ադրբեջանցի մի զինծառայող հայ զինվորականի հեռախոսահամարից զանգարահել է նրա եղբորը, ասել, թե սոցցանցի նրա էջում գլխատված եղբոր լուսանկարն է տեղադրելու, ինչն արվել է։ Հետո մի քանի այլ ադրբեջանցիներ են զանգահարել, ծաղրել։

«Սրանք վայրագ ու դաժան, ակնհայտ ահաբեկչական մեթոդներ են: Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոշտանգման ու վայրագությունների այլ դեպքեր ևս։ Դրանք բոլորը փաստագրված են՝ անհրաժեշտ ձևակերպումներով ու ներկայացվում են միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության: Նման հանցավոր արարքներ կատարողները, դրանց համար պատասխանատուները պետք է ենթարկվեն անխուսափելի պատժի՝ միջազգային քրեական իրավունքի ողջ խստությամբ»:

Ինչպես հետպատերազմյան բոլոր ամիսներին ու հատկապես վերջին օրերին է համոզվում հայ հասարակությունը, Ադրբեջանն է ավելի ակտիվորեն տարատեսակ հարթակներում հնարավոր ու անհնարին   մեղադրանքները հղում Հայաստանի հասցեին, ինչպես օրինակ դա արեց Ադրբեջանի նախագահ Ի․Ալիեւը ԱՊՀ գագաթնաժողովում, հոկտեմբերի 15-ին։ 

ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը Ֆեյսբուքում ահազանգեց, որ «օրվա պատասխանատուները ոչ սխալվելու իրավունք, ոչ էլ հապաղելու ժամանակ ունեն»։

«Նորից եմ կրկնում՝ հաղթանակի համար անհրաժեշտ է բեկում մտցնել ռազմական, քաղաքական և դիվանագիտական ճակատներում, իսկ դրա համար անհրաժեշտ է իրական համախմբում, ողջ հայ ժողովրդի ռեսուրսների արդյունավետ մեկտեղում և օգտագործում։  Իրականում ռազմաճակատում հրադադար չկա, պատերազմը նույն թափով շարունակվում է։ Վիճակը օրհասական է և ծայրահեղ մտահոգիչ, իսկ կորուստները` անդառնալի։ Բայց մենք այս պատերազմում չհաղթելու տարբերակ չունենք, քանի որ պատերազմի ելքով է որոշվելու Հայոց պետականության գոյության հարցը։ Այս հյուծող պատերազմում մեր ժողովուրդը սխրանքներ է գործում. հանուն ազատ, անկախ Արցախի, հանուն հայ ժողովրդի ապրելու իրավունքի՝ ճակատում կողք-կողքի զոհվում են հայր ու որդի, զույգ եղբայրներ...

Հասկացեք՝ մեր առաջարկ-պահանջի մեջ անձնական, քաղաքական կամ կուսակցական շահ չկա, սա պահի լրջության թելադրանքն է, սա է պահանջում մեր պետության և ժողովրդի շահը»։

Հիշեցնենք, որ 16 կուսակցություններին իշխանության օղակներն արձագանքեցին, թե այդ ուժերի կոչ-պահանջը հակասահմանադրական է։

Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյբսուքում գրեց, թե Սյունիքի մարզի համայնքապետերի հայտարարությունները որևէ խուճապի առիթ չպետք է լինեն, դրանք միտված են տարածաշրջանի անվտանգության ապահովմանը: 

«Զորահավաքը ընթանում է բնականոն ընթացքով, զինվորագրվում են բոլոր զինապարտները: Բոլորս միասին հանգիստ ու վստահ, անվերապահորեն պետք է կատարենք մեր պարտքը»,- գրել էր նա:

Հիշեցնենք, որ Մեղրիի եւ Քաջարանի համայնքապետարանները գիշերը  քաղաքացիներին կոչ էին արել զինվորագրվել։

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում քննարկել են հոկտեմբերի 17-ին հումանիտար զինադադարի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Նախարար Մնացականյանն արձանագրել է, որ Ադրբեջանի ռազմական-քաղաքական ղեկավարությունը հերթական անգամ հրաժարվել է իրականացնել իր իսկ կողմից ստանձնած հանձնառությունը և շարունակում է լայնամասշտաբ ռազմական ագրեսիան Արցախի դեմ:

Արծրուն Հովհաննիսյանը հերթական հուզական գրառումն արեց․

«Մեր բոլոր օղակի սպաները լեյտենանտից մինչև գեներալ 18-20 տարեկան զինվորների կողքին ուս-ուսի տված միասին թշնամու տանկերն են կանգնացնում։ Կյանքի գնով են կանգնեցնում»։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում արեց պատերազմից խուսափելու հնարավորության կամ անհնարինության, պատերազմը հաղթանակով ավարտելու անհրաժեշտության մասին․

«1. Ինչի՞ համար է այս պատերազմը. Ղարաբաղի կարգավիճակի։

2. Կարո՞ղ էինք խուսափել այս պատերազմից. այո, եթե հանձնեինք տարածքները եւ համաձայնեինք Ղարաբաղի անորոշ կարգավիճակին, անորոշ ժամանակով, հետագա կարգավիճակի ճշգրտման մեխանիզմի բացակայության պայմաններում։

3. Կարո՞ղ էինք Ղարաբաղի ընդունելի կամ որեւէ կարգավիճակի հասնել բանակցային ճանապարհով. ոչ, որովհետեւ դրա վերջին հնարավորությունը սպառվել էր 2011 թվականին, Կազանում։

4. Կարո՞ղ ենք արդյոք կանգնեցնել այս պատերազմը. տեսականորեն այո՝ 2-րդ կետում նշված տարբերակի գուցե մի փոքր ավելի վատթար բանաձեւով։

5. Կարո՞ղ է արդյոք պատերազմը լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը. այո, եթե հաջողություններ գրանցենք պատերազմում։

6. Կարո՞ղ ենք արդյոք հաջողություններ գրանցել պատերազմում. այո, եթե այդ նպատակի շուրջ կենտրոնացնենք ազգային ներուժը եւ անկեղծորեն ու անձնազոհ կերպով բոլորս լծվենք այդ նպատակին»։

Նկատենք, որ ազգային ներուժը համախմբելու առաքելությունն ու պարտականությունը, սովորաբար, իշխանության ուսերին է։ Նաեւ զարմանալի է, որ օդային բացարձակ առավելություն ունեցող հակառակորդի դեմ մարտերում, մեծաթիվ զոհերով ու վիրավորներով օր-օրի մաշվող բանակով, վարչապետը դեռ ցանկանում է հավատալ, նաեւ հավատ ներշնչել, որ կարող ենք հաղթել, շեշտում զիջումների անհնարինությունը, ինչը առավելագույն չափերով նա արեց նոյեմբերի 9-ին։ Հիշեցնենք, որ, ինչպես հետո հայտնի դարձավ, եւ այդ մասին վկայեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հենց հոկտեմբերի 19-ին է հնարավոր եղել ավարտել պատերազմը, վստահաբար ավելի նվազ զիջումներով, քան նոյեմբերի 9-ին արեց ՀՀ վարչապետ Ն․Փաշինյանը՝ միանձնյա որոշմամբ։ 

Հարյուրավոր ամերիկահայեր նախագահ Դոնալդ Թրամփի բազմաթիվ աջակիցների հետ մեկտեղ հավաքվել էին Կալիֆորնիայի Նյուպորտ Բիչ քաղաքի փողոցներում`այդտեղ մասնավոր հանգանակության մասնակցելու նպատակով ժամանող Թրամփին իրենց բողոքի ձայնը հասցնելու նպատակով: Ամերիկահայերը բազմաթիվ եռագույններ ու պաստառներ են պարզել` փորձելով ուշադրություն հրավիրել Արցախում ընթացող պատերազմի վրա, եւ պահանջել դադարեցնել ֆինանսական աջակցության տրամադրումն ու զենքի վաճառքը Թուրքիային եւ Ադրբեջանին:

Պաստառներին գրված էր․ «Հայոց ցեղասպանությունը շարունակվում է», «Ճանաչիր Արցախը», «Դադարեցրեք Ադրբեջանի ռազմական հանցագործությունների ֆինանսավորումը», «Դադարեցրեք ադրբեջանցիների պատերազմը քաղաքացիական բնակչության դեմ»:

ԱՄՆ Նեւադա նահանգի Քերսոն քաղաքում անցկացրած հանրահավաքի ժամանակ նախագահ Թրամփը խոսել է նաեւ հայերի մասին․

«Հայերը լավ մարդիկ են, սիրում են իրենց երկիրը, ի դեպ, նաեւ հիանալի գործարարներ են: Երբ ես գալիս էի, ճանապարհին բազմաթիվ հայերի տեսա` գեղեցիկ դրոշներով կանգնած: Ես նախանձում եմ ձեր ոգուն, հայերը հզոր ոգի ունեն իրենց երկրի նկատմամբ: Կաշխատենք ինչ-որ ուղղություններով»,- ասել է Թրամփը` հանրավաքի բազմության մեջ նկատելով նաեւ հայկական դրոշներ պարզած ամերիկահայերին:

Մինչեւ այժմ հայտնի չէ, թե ինչ ուղղություններով էր խոստանում աշխատել Սպիտակ տան ղեկավարը։ Եթե ինչ-որ քայլեր արվեին, վստահաբար, դրանց մասին հայտնի կդառնար պաշտոնական աղբյուրներից։

Կոչով է հանդես եկել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը.

«Այս օրերին բազմաթիվ սյունեցիներ իրենց պարտքն են կատարում՝ ծառայելով հայրենիքին։ Ահռելի աշխատանք է կատարվում նաեւ թիկունքում՝ միավորելով խաղաղ բնակչության բոլոր ուժերն ու հնարավորությունները։ Պայքարը շարունակվում է, ու մեր համայնքների բնակիչներն ու սյունեցի քաջերը՝ ժամկետային զինծառայողներ, պահեստազորայիններ, կամավորականներ, երկրապահներ, անում են հնարավորն ու անհնարինը՝ հանուն վերջնական ու կայուն հաղթանակի, հանուն մեր սահմանների անառիկության։  Սիրելի՛ սյունեցիներ, խնդրում եմ՝ առանց խուճապի մատնվելու, հաստատուն ու ամուր մնացեք ձեր բնակավայրերում ու հետեւեք համայնքների ղեկավարների ցուցումներին, յուրաքանչյուրդ ձեր տեղում շարունակեք ծառայել հայրենիքին ինչով եւ ինչպես կարող եք, օգնելով թե՛ ճակատին, թե՛ ամրացնելով թիկունքը։ Կոչ եմ անում մասնակցել ինքնապաշտպանությանը, կամավորագրվել ու ծառայել հայրենիքին՝ հանուն մեր երկրի եւ մեր զավակների ապագայի»:

Հիշեցնենք, որ պաշտոնական հաղորդագրություններ չէին եղել, որ թշնամին մոտենում է Սյունիքի սահմանին, այդ մասին ահազանգողներն էլ խոշոր տուգանքներ էին վճարում։ Հիշեցնենք նաեւ, որ գիշերը կամավորագրվելու կոչեր էին արել Քաջարանի ու Մեղրիի քաղաքապետերը։

Հունաստանի հայերը մի քանի հարյուր ավտոմեքենաներով փակել էին Հունաստան-Թուրքիա սահմանը: Ավտոմեքենաներից ծածանվում են Հայաստանի եւ Հունաստանի դրոշները: Ճանապարհը փակելուց հետո ցուցարարները ոտքով շարժվել են դեպի սահման: Նրանց ձեռքին կան բազմաթիվ պաստառներ, որոնց վրա գրված է. «Լեռնային Ղարաբաղը մերն է», «Մենք Արցախի հետ ենք», «Ազերի մարդասպանները պետք է պատժվեն», «Ճանաչեք Արցախը»:

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հերթական գրառումն արեց․

«Հոկտեմբերի 18-ին ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ ձեռնարկել էին տանկերով ուղեկցվող հարձակում՝ օգտագործելով 7 տանկ, այդ թվում՝ մեկ միավոր Տ-90, 5 զրահափոխադրիչ հետևակի տեղափոխման համար։ Հակառակորդը նպատակադրվել էր սրընթաց հարձակմամբ կրակային և հոգեբանական ճնշում գործադրել անձնակազմի վրա՝ ապահովելով ճեղքում սահմանի կարևոր հատվածում։ Գնդապետներ Ստեփան Գևորգյանի, Ստանիսլավ Երյոմինի և հակատանկիստ, շարքային Գարիկ Առաքելյանի մասնագիտական վարպետության, բարոյակամային բարձր որակների և գերազանց ներդաշնակ գործողությունների շնորհիվ հարձակումը խափանվել և հակառակորդը մի քանի կիլոմետր հետ է շպրտվել»:

Ա․Հովհաննիսյանը տեղանքը չէր նշել, մինչեւ այդ մի քանի անգամ կրկնել էր, որ մարտերի վայրերը հայտնելը ճիշտ չէ։ Թե ինչպես Հայաստանի քաղաքացիները  պետք է հասկանային, թե «մի քանի կմ հետ շպրտելուց» հետո որքան հեռու է հակառակորդը Սյունիքից՝ պարզ չէ։

Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություն տարածեց, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված:

«Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը: Առավոտյան, չնայած հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությանը, թշնամական ուժերը վերսկսել են հրետանային հրետակոծությունները հյուսիսային և հարավային ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակակետերը լռեցնելու համար դիմում եմ համարժեք գործողությունների՝ վերահսկողության տակ պահելով օպերատիվ իրադրությունը»:

ԿԳՄՍՆ-ն հայտնեց, որ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պայմաններում թշնամու ԱԹՍ֊ների վերջին օրերի հարվածների հետևանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութ համայնքների միջնակարգ դպրոցները։ Հարվածների ալիքից կոտրվել են ուսումնական հաստատությունների պատուհանների ապակիները, պատերին առաջացել են ճաքեր։ Բարեբախտաբար, դպրոցների վարչական անձնակազմը և այլ աշխատակիցներ չեն տուժել։

Նոր հայտարարություն տարածեց ԱԳՆ-ն․

«Հոկտեմբերի 17-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարությունները միաժամանակ հանդես եկան հայտարարությամբ մարդասիրական հրադադարի հայտարարման մասին, որը ձեռք էր բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով և Ֆրանսիայի նախագահի անձնական միջնորդությամբ:  Սակայն, ինչպես և նախորդ անգամ՝ Մոսկվայում համաձայնության ձեռք բերելուց հետո, Ադրբեջանը կրկին ի ցույց դրեց իր՝ պատրաստակամության իսպառ բացակայությունը՝ հավատարիմ մնալու իր իսկ կողմից ստանձնված հանձնառություններին: Այս ամենը ուղեկցվել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հայտարարություններով, որ Ադրբեջանը չի դադարեցնելու ռազմական գործողությունները մինչև պատերազմի «հաղթական ավարտը»։ Հատկանշական է, որ միաժամանակ նմանատիպ հայտարարություններ հնչել են նաև Թուրքիայում։ Մարդասիրական զինադադարի հայտարարումից րոպեներ անց Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են մարտական գործողությունները, իսկ հոկտեմբերի 18-ի առավոտյան լայնամասշտաբ հարձակման են անցել հարավային ճակատում։ Փաստորեն, սա կրակի դադարեցման վերաբերյալ երկրորդ պայմանավորվածությունն է, որն Ադրբեջանը չի ցանկանում կամ չի կարողանում կյանքի կոչել՝ միաժամանակ մոլորեցնելով միջազգային հանրությանը և առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին»:

ԱԳՆ նշում էր, որ  ՀՀ-ն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ  քայլերը՝ վճռականորեն մերժելու հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի մտադրությունը։

ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնեց, որ հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը մղված մարտերին զուգահեռ, Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակ բացել Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ։ 

«Մասնավորապես, հրթիռակոծվել են Մարտունի քաղաքը, Քաշաթաղի շրջանի Ուռեկան, Իշխանաձոր, Այգեհովիտ և Վուրգավան համայնքները»։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց․

«Ոչ մի քաղաքական գրառում չեմ արել այս 20 օրվա ընթացքում և չեմ անելու, #Հաղթելուենք , դուք միայն սպասեք դրանից հետո ձեր վիճակին, սուս սպասեք տականքներ։ Փառք հայոց բանակին։ Փառք մեր արծիվներին»:

Ենթադրվում է, որ Ք․Պողոսյանը՝ «սուս սպասեք, տականքներ» ասելով, նկատի ուներ ՀՀ եւ Արցախի նախկին ղեկավարներին ու բարձրաստիճան այլ պաշտոնյաների ու զինվորականների ներուժը համախմբելու կոչ անող 16 ուժերին։  

Արծրուն Հովհաննիսյանի հերթական գրառումը կամավոր կանանց մասին էր․

«Նարի Սյունին եւ Նարե Խլղաթյանը կանանց ջոկատ են կազմել, արդեն 100 հոգի գրանցվել է, կան բազում դիմումներ։  Իրենք՝ մեր դուստրերը, մեր քույրերը մեր պատիվն են։ Հենց իրենցով էլ #հաղթելուենք»։

Մոնրեալի հայ համայնք  բողոքի  ցույց է կազմակերպել եւ  Կանադային կոչ արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և դատապարտել թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած ագրեսիան։

ԵԿՄ-ից հայտնեցին, որ միության նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը բեկորային վնասվածքներ է ստացել  մեջքի եւ ոտքի շրջանում,  առողջական վիճակը կայուն է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Նշվում էր, որ Սասուն Միքայելյանին տեղափոխում են Երեւան   վիրահատության համար, նաեւ լուսանկար էր հրապարակվել, որտեղ Սասուն Միքայելյանը մեջքի վրա պառկած է պատգարակի վրա։

Բժիշկները վկայում են, որ մեջքից վիրավորվելու դեպքում նա չէր կարողանա պառկել մեջքի վրա։ 

Կեսօրին առաջին գրառումն արեց ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը․

«Հարավային ուղղությամբ ծանր մարտերը շարունակվում են. յուրային ստորաբաժանումները «մաշում են» հակառակորդին»:

Շ․Ստեփանյանը չի նշել, որ «մաշվում էին» նաեւ ՊԲ ուժերը։  

«ՌԻԱ Նովոստին» հայտնեց, որ անցյալ ուրբաթ (հոկտեմբերի 16՝ NEWS.am) Սիրիայից ավելի քան հազար զինյալ է ուղարկվել Լեռնային Ղարաբաղ,   զինյալների եւս մի խումբ էլ պատրաստվում է տեղափոխման:

Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադն ավելի վաղ «ՌԻԱ Նովոստիին»   հայտարարել էր, որ Թուրքիան Ղարաբաղում ահաբեկիչների է օգտագործում Սիրիայից եւ այլ երկրներից:

ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը եւս հայտնել էր, որ, ըստ լուրերի, Մերձավոր Արեւելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վարձկաններն ակտիվորեն տեղափոխվում են հակամարտության գոտի, ընդ որում, խոսքը հարյուրավոր եւ նույնիսկ հազարավոր արմատականների մասին:

Արծրուն Հովհաննիսյանը մի քանի բառ գրեց ռազմաճակատում ընթացող մարտերի մասին․

«Ծանր ու համառ մարտեր են, հատկապես հարավում»։ 

ԻԻՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Սաիդ Խաթիբզադեն,  անդրադառնալով Իրանի տարածք ընկնող ռումբերի հետ կապված միջադեպերին, հայտարարեց, որ  Իրանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, նույնիսկ եթե դա սխալմամբ լինի, պատասխան կստանա: Նա հավելել է, որ իրանցի զինվորականներն արդեն ուղարկել են անհրաժեշտ նախազգուշացումները:

«Իրանը կպատասխանի ցանկացած ագրեսիայի, նույնիսկ ոչ միտումնավորներին»,– նշել էր իրանցի դիվանագետը:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնեց, որ հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 9 աթս, 12 միավոր  զրահատեխնիկա, կա 150 զոհ: 

Պաշտոնական տվյալներով՝ հոկտեմբերի 17-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 195 անօդաչու թռչող սարք, 566 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» եւ 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6259 զոհ։

Հիշեցնենք, որ 2021թ․ սեպտեմբերի 27-ին ԵԽԽՎ ընդունած բանաձեւում նշված էր, որ ամբողջ պատերազմի ընթացքում հայկական կողմից զոհվել է 3900, ադրբեջանական կողմից՝ 2900 զինծառայող։ Հավանական է, որ Բաքուն կոծկում է իր իրական կորուստների թիվը, որտեղ ներառված չեն ոչնչացված թուրք զինծառայողներն ու վարձկան ահաբեկիչները։

Սյունիքի տեղական մամուլը գրեց, որ մարզում իրականացվող պաշտպանական աշխատանքները կհամակարգի գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։ 

«Պատմության կամոք` Սյունիքը կրկին ամենազոր ու անմիջական թիկունքն է հերոսական Արցախի», գրել էր «Սյունյաց երկիրը», նշելով, որ դրանով էր, ըստ էության, պայմանավորված Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 18-ի այցը Գորիս։

Վարչապետի այցից հետո հայտնի դարձավ, որ Սյունիքում իրականացվող պաշտպանական աշխատանքները կհամակարգի գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։ Նա եւ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը   հանդիպել են մարզի լրատվամիջոցների ներկայացուցիչներին եւ կարեւորել հանրության բոլոր խավերի, իշխանության օղակների, լրատվամիջոցների համագործակցությունն ու մեկտեղված աշխատանքը:

ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտարարեց, որ նախօրեին Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ խնդրելով ընդլայնել միջանկյալ որոշման շրջանակը եւ այն, բացի քաղաքացիական անձանցից, տարածել նաեւ գերիների վրա: Ավելի վաղ Հայաստանը դիմել էր ՄԻԵԴ՝ խնդրելով միջանկյալ որոշում կայացնել Արցախի դեմ ագրեսիա իրականացրած Ադրբեջանի վերաբերյալ: Այնուհետեւ Հայաստանը նախաձեռնել էր որոշումը տարածել Թուրքիայի վրա՝ որպես Ադրբեջանի մեղսակից: Չնայած Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուից  որոշումը Թուրքիայի վրա չտարածելու մասին ՄԻԵԴ-ին ուղղված անձնական նամակին, թուրքական կողմի խնդրանքը մերժվել էր:

«Հաշվի առնելով գերեվարված հայերի անարգանքի եւ մահապատժի սարսափելի կադրերը, որոնք հայտնվել են սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում, Երեւանը դիմել է ՄԻԵԴ` որոշումը, բացի քաղաքացիական անձանցից, գերիների եւ այլ ձերբակալվածների վրա տարածելու խնդրանքով»,– նշել էր Կիրակոսյանը:

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, մամուլի խնդրանքով մեկնաբանելով արտախորհրդարանական ուժերի պահանջին՝ հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին, ասել է, թե  կառավարությունը կուսակցությունների առաջարկությունն ընդունել է ի գիտություն և ըստ անհրաժեշտության, հանդես կգա հայտարարությամբ։

Հիշեցնենք, որ խոսքը 16 կուսակցությունների՝ հրատապ կարգով  ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին ստեղծելու կոչի մասին էր: 16 ուժերն անհրաժեշտ էին համարում «Հայրենքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախկին և գործող  նախագահներին, վարչապետներին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փարձառություն ունեցող այլ անձանց»:

Կառավարությունն այդպես էլ հայտարարություն չարեց, իսկ մերձիշխանական օղակները կոշտ բառապաշարով իշխանությունը զավթելու մեղադրանքներ հնչեցրեցին 16 ուժերի հասցեին։ 

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երկրորդ գրառումն արեց․

«Ադրբեջանի դատախազության տարածած հաղորդագրությունը, թե, իբր, Հայաստանը թիրախավորել է Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը, բացարձակ սուտ է, իսկ ստերը անգամ մեկնաբանության կարիք չունեն»։ 

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ անհրաժեշտ է դադարեցնել առճակատման հռետորաբանությունը եւ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունները: 

Նրա խոսքով՝ Ռուսաստանն ակտիվորեն աշխատում է Երեւանի եւ Բաքվի հետ Ղարաբաղում կրակի դադարեցման համար հսկողության մեխանիզմ ներդնելու ուղղությամբ: «Մոսկվայում ՀՀ եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո հույսերը չարդարացան, Ղարաբաղում մարտերը շարունակվում են, ինչն անընդունելի է»,- ասել էր Լավրովը:

«Որպեսզի կրակի դադարեցումն աշխատի, անհրաժեշտ է հրադադարի ռեժիմի պահպանման հսկողության մեխանիզմ ստեղծել: Այդ ուղղությամբ մենք ակտիվ աշխատում ենք, այդ թվում մեր պաշտպանության նախարարությունը Հայաստանից եւ Ադրբեջանից իր գործընկերների հետ միասին: Հուսով եմ՝ մոտ ժամանակներս կհամաձայնեցվի այդ մեխանիզմը»,- ասել էր ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Արցախի ՊԲ-ն հրապարակեց ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված եւս 19 զինծառայողի անուն:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշմամբ «Հայելու առաջ» հաղորդումը 30 օր եթերում չի լինի:

««ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ և «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերությունների նկատմամբ վարչական վարույթ հարուցելու հիմք են հանդիսացել Ընկերությունների կողմից եթեր հեռարձակվող «Հայելու առաջ» հաղորդման ընթացքում հնչած թիրախավորված արտահայտությունները: Նշված հաղորդման հեռարձակումը փաստում է երկու հեռարձակողների կանխամտածված թշնամանք, կեղծիք, ատելություն սերմանելու խմբագրական քաղաքականության մասին:

Հաշվի առնելով այն փաստը, որ Օրենքով սահմանված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր տարածելու արգելքը, իսկ Հեռարձակողների կողմից «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ընթացքում չեն պահպանվել այդ դրույթների պահպանումը, Հանձնաժողովը որոշում է կայացրել կասեցնել «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ և «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերությունների լիցենզիայի գործողությունը՝ «Հայելու առաջ» տեսալսողական հաղորդման մասով՝ 30 օր ժամկետով»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ:

Բացի ԱԽ անդամներից, նիստին մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ, պատգամավոր Արման Աբովյանը: Նիստը սկսվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղոթքով:

Նիստի ընթացքում քննարկվել են ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու հակառակորդին հակազդելու ուղղությամբ իրականացվող քայլերը: 

Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել մեկնել եւ հանդիպել   Իլհամ Ալիեւի հետ:

«Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով. դա մեր դիրքորոշումն է: Ցավոք, Ադրբեջանը համաձայն չէ այդ տեսակետի հետ: Եվ ես պատրաստ եմ գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերն այդպիսի արդյունքի հասնելու համար, այդ թվում՝ նաեւ ժամանել, հանդիպել, զրուցել»,-ասել է Հայաստանի վարչապետը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:

Ընդ որում՝ Փաշինյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրով որոշումը պետք է հենվի կոմպրոմիսի վրա: «Ոչ թե կողմերից մեկի կապիտուլյացիայի, այլ կոմպրոմիսի վրա»,-ընդգծել է նա:

Պատասխանելով հարցին, թե արդյոք նա պատրաստ է սկսել կարգավորումը ԼՂ շուրջ 7 շրջաններն Ադրբեջանին փուլային կերպով փոխանցելուց՝ պահպանելով Լաչինի միջանցքը մինչ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի սահմանումը, Փաշինյանն ասել է․ «Դուք նշեցիք տարբերակ, որին Հայաստանը պատրաստ էր մի քանի տարի առաջ: Այստեղ միայն մի նրբություն կար՝ իսկ ի՞նչ կլինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ: Այդ թվում նկատի ունեմ Կազանյան նախաձեռնությունը: Պետք է հասկանալ, թե այդ հարցին ինչ կպատասխանի Ադրբեջանը, եւ արդյոք պատրաստ է ճանաչել ԼՂ ինքնորոշման իրավունքը»,-ասել է Փաշինյանը:

Պատասխանելով փոխզիջումների մասին հարցին, Փաշինյանն ասել է. «Իհարկե, մենք պատրաստ ենք փոխզիջումների, մենք միշտ ասել ենք դրա մասին: Մեզ համար մեկնարկային կետ է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը»:

Այսպիսով, ակնհայտ է, որ Փաշինյանը նույնիսկ պատերազմի օրհասական օրերին չի համաձայնել այսպես կոչված «Լավրովի պլանին», այն է՝ հանձնել 5 շրջան (դրանցից 3-ից ավելին Ադրբեջանն արդեն գրավել էր), 2-ը պահելով՝ մինչեւ կարգավիճակի վերջնական հստակեցումը։ Բայց ոչ, նրա համար «մեկնարկային կետ է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը»։

Հիշեցնենք, որ, ինչպես հետո հայտնի դարձավ, եւ այդ մասին վկայեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հենց հոկտեմբերի 19-ին է հնարավոր եղել ավարտել պատերազմը, վստահաբար ավելի նվազ զիջումներով, քան նոյեմբերի 9-ին արեց ՀՀ վարչապետ Ն․Փաշինյանը՝ միանձնյա որոշմամբ, հանձնելով եւս 3 շրջան, որոնք անձնազոհաբար պաշտպանել էին հայկական զորքերը։

Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւն էլ ՏԱՍՍ-ին հայտարարել է, որ Բաքվի ներկայացուցիչները պատրաստ են  հայկական կողմի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններին:  

«Մենք միշտ պատրաստ ենք հանդիպել ինչպես Մոսկվայում, այնպես էլ ցանկացած այլ վայրում, որպեսզի վերջ տանք առճակատմանը եւ կարգավորման ուղիներ գտնենք»,- ասել է Ալիեւը` պատասխանելով հարցին` պատրա՞ստ է ինքն արդյոք գալ Մոսկվա` ՌԴ միջնորդությամբ իր գործընկերոջ հետ հանդիպելու համար:

Նրա խոսքով` Բաքուն «պատրաստ է ցանկացած շփման»: «Եվ այս դեպքում ես նման հրավեր չեմ ստացել, ուստի այս հարցն ինձ չպետք է ուղղվի: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ բազմիցս, իսկ մինչ այդ` Դմիտրի Մեդվեդեւը եռակողմ հանդիպումներ են անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ: Բայց երբ Հայաստանում իշխանությունն անցավ պայմանական «Սորոսի» ձեռքը, այդպիսի շփումները դադարեցին»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում կոչով դիմեց հայ տղամարդկանց.

«ժամանակն է, որ շտապեք ռազմաճակատ եւ աշխարհին ցույց տաք, թե ինչի է ընդունակ հայ տղամարդը իր հայրենիքը, տունը, կնոջը, երեխային եւ ծնողներին պաշտպանելիս»,- գրել էր նա։

Առանց մեկնաբանության։

Հաղորդագրություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է արտախորհրդարանական ուժերի հետ, այն նույն քաղաքական ուժերի ներկայացուցիչների, որոնք մասնակցել են նաեւ առաջին հանդիպմանը (հոկտեմբերի 12-ին՝ NEWS.am):

Արցախի պաշտպանության բանակը հրապարակեց տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես է ՊԲ ստորաբաժանումը ոչնչացնում հակառակորդի հենակետերը եւ շարասյունը։

Արտախորհրդարանական ուժերի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասաց.

«Փակ հանդիպում է եղել, ես լիազորված չեմ մանրամասներ ներկայացնել։ Եթե կառավարությունը հարկ համարի, պաշտոնապես կտեղեկացնի, փակագծեր կբացի»։

Ոստիկանության ձեռնարկած միջոցառումներով, հոկտեմբերի 19-ի ժամը 16․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 108 դեպք, որոնցից 26-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 82-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ 31 դեպքով կիրառվել են վարչական տույժեր։ 1 մասնավոր անձ տուգանվել է 700 հազար դրամով, 21-ը՝ 300 հազար դրամով, որոնցից 2-ը հրապարակումը չեն հեռացրել, ուստի  տուգանվել են եւս 700 հազար դրամով։ 9 լրատվական կայք էլ տուգանվել է 700 հազարով։ Լրատվական կայքերից մեկը դարձյալ հրապարակումը չի վերացրել, ուստի տուգանվել է նաեւ 1,5 միլիոն դրամով։ 

Օրվա ամփոփիչ ճեպազրույցում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ հոկտեմբերի 19-ի առավոտից կատաղի մարտերը հյուսիսում ու հարավում շարունակվել են: Նրա խոսքով՝ հյուսիսում մի քանի գրոհներից հետո թշնամին հետ է շպրտվել: Հարավում կատաղի մարտերից հետո կողմերի դիրքերում էական փոփոխություններ չկան: Երեկոյան մարտերի ուժգնությունը փոքր-ինչ նվազել է: Կորուստների մասին Հովհաննիսյանը ոչինչ չհայտնեց։ 

Պատերազմի առաջին օրերին շատ ակտիվ, վերջին օրերին գրեթե գրառում չանող Արցախի  նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը միայն օրվա ավարտին հիշեցրեց իր մասին․ Ֆեյսբուքում նա գրեց․

«Հյուսիսում թշնամին այսօր կենդանի ուժի զգալի կորուստներ է ունեցել, իսկ հարավում շարունակվել են ծանր մարտերը։  Արցախը, ունենալով հայ ժողովրդի անվերապահ աջակցությունը, արդեն ավելի քան երեք շաբաթ է հերոսաբար դիմակայում է Թուրքիայի, Ադրբեջանի եւ ահաբեկիչների եռյակ դաշինքին»։

Սոցիալական հարթակում գրառում արեց նաեւ վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանը․

«Մեր անձնական երազանքներն ու նպատակները հօդս ցնդեցին, մեր երազանքները կապվեցին մեր զինվորների ու մեր հայրենիքի հետ»: 

Ինչ անձնական նպատակներ ու երազանքներ էին՝ Մ․Փաշինյանը չի նշել։

Այս պատերազմում մենք հաղթելու ենք, կես ճանապարհին չկանգնեք՝  Ֆեյսբուքում գրեց «Հայ ասպետ» կրթադաստիարակչական հիմնադրամի տնօրեն  Կարին Տոնոյանը։

«Որդուս արյունը հրամայում է. վաղը վարչապետը կմեկնի Մոսկվա բանակցությունների, դիմում եմ երկրի 1-ին դեմքին․

Պարո՛ն վարչապետ, բանակցության սեղանի շուրջ նստելու պահին անպայման հիշեք՝ Դուք դեռ շատ մայրերի չեք հանձնել նրանց որդիների մարմիններն անգամ, ուրեմն որեւէ պայմանով, լսո՞ւմ եք՝ որեւէ պայմանով չհանձնեք այն հողերը, որոնց վրա նրանք ընկել են, չդավեք մեր որդիների թափած արյանը: Այս պատերազմում մենք ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ, կես ճանապարհին չկանգնեք. որդուն կորցրած մայրերը այլեւս Երկրի վրա չեն ապրում, նրանք ապրում են Երկնքի ու Երկրի միջեւ, որտեղից ամեն ինչ ավելի տեսանելի է, որտեղից Տիեզերական ճշմարտությունն ավելի մոտ է....... հավատացեք մեզ՝ մենք հաղթել ենք արդեն:

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՎԱՐԵՔ ՀԱՂԹՈՂԻ ԴԻՐՔԵՐԻՑ, սա մեր՝ որդեկորույս մայրերի, միակ պահանջն է:

Առայժմ այսքա՛նը»:

Նշենք, որ հոկտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ զոհվել է Կարին Տոնոյանի որդին՝ Մենուա Հովհաննիսյանը։ Նա հետմահու արժանացավ «Արցախի հերոս» կոչմանը։

Նորից հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ն այն ճակատագրական օրն էր, երբ կարող էր ավարտվել պատերազմը հայկական կողմի համար շատ ավելի բարենպաստ պայմաններով, շատ ավելի քիչ տարածքային ու մարդկային կորուստներով, քան դա արվեց նոյեմբերի 9-ին՝ եռակողմ հայտարարությամբ։

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ