News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 08
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 17-18-ին, Երևանի «Արամ Մանուկյան» կենտրոնում տեղի ունեցավ ՀՅԴ մամուլի խորհրդաժողով։ Խորհրդաժողովին մասնակցում էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը եւ անդամները, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամները, ՀՅԴ մամլոյ դիվանն ու հանրային կապերի և քարոզչական գրասենյակի աշխատակիցները, ՀՅԴ աշխարհատարած կառույցի մամուլի խմբագիրները և շրջանների հանրային կապերի պատասխանատուները, սոցիալական ցանցերի մասնագետները։

Քանի որ խորհրդաժողովը տեղի էր ունենում Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, բնականաբար, իբրև համահայկական հրատապ օրակարգ, պատերազմի ընթացքում հայկական տեղեկատվության գործունեության արժևորումը և արձանագրված բացթողումները դարձան համապատասխան քննարկման առարկա։

Խորհրդաժողովի օրակարգին մաս էին կազմում ՀՅԴ մամլո դիվանի կազմած ռազմավարության և մարտավարության նախագծի քննարկումը, ազգային-պետական արժեքների և գաղափարների քարոզչությունը և առկա խնդիրներն ու մարտահրավերները, Դաշնակցության քարոզչության ընդհանուր ուղղությունները, ՀՅԴ մամուլի բովանդակության և տեխնիկական հիմնախնդիրները ինչպես նաև ՀՅԴ մամուլի աշխատանքներու համադրումը:

Խորհրդաժողովը հաստատեց.

1- Դաշնակցության մամուլը շարունակելու է ազգային ազատագրական պայքարի և սոցիալիստական գաղափարախոսության հունավորման և ժողովրդականացման իր կենսական առաքելությունը:

2- Արցախի ներկա կացությունը, դիմագրաված մարտահրավերները Դաշնակցության մամուլը շարունակում է պահել իր ուշադրության կենտրոնում, հետամուտ լինելով ներազգային ու միջազգային հարթակներում համապատասխան արձագանքի:

3- Դաշնակցության մամուլը պետք է մնա ջատագովը ազգային արժեքների և ազգային միասնականության: Հայաստանին ու հայությանը սպառնացող բոլոր վտանգները մնում են համահայկական օրակարգում, առ այդ պետք է մղել Հայաստանի իշխանություններին վեր բարձրանալու ազգը պառակտող վարքագծից: Հայության միասնականության հարցը անսակարկելի անհրաժեշտություն է:

4- Դաշնակցության մամուլը լայն զանգվածներին առավել հասանելի դարձնելու համար, հարկ է հավելյալ զարկ տալ արդի արհեստագիտական հաղորդակցական միջոցներին և սոցիալական ցանցերին։

5- Դաշնակցության մամուլում քաջալերել դաշնակցության քաղաքական մտքի զարգացումը և կառուցողական բանավեճը, նախանձախնդիր մոտեցում ցուցաբերելով դաշնակցական կեցվածքի օրինակելի դրսևորման հարցում, շարունակելով հեռու մնալ մի շարք լրատվամիջոցներում և, ընդհանրապես, սոցիալական ցանցերում տեղ գտած անպատշաճ արտայայտություններից և հակազդեցություններից։

6- Նկատի ունենալով պատերազմի ընթացքում հայկական լրատվադաշտի դրսևորած անհամարժեք ու անկազմակերպ վիճակը, ժողովը անհրաժեշտ համարեց մշակել ճգնաժամային իրավիճակին համարժեք քարոզչական մեխանիզմ։ Ժողովը հաստատեց, որ տեղեկատվական պատերազմը ավարտված չէ և հայությունը պետք է ծավալի կազմակերպված աշխատանք և միջազգային տեղեկատվական դաշտում ունենա գործուն ներկայություն։

7- Մամուլի բնագավառում մարդուժի պատրաստությունը և երիտասարդ սերնդի ներգրավումը հարկ է պահել ուշադրության առանցքում։ Այս շրջանակում շեշտը դրվեց նաև արդի արհեստագիտական հնարավորությունների օգտագործման համար քարոզչական համակարգը հավելյալ մասնագետ անձնակազմով օժտելու անհրաժեշտության վրա։

8- Խորհրդաժողովը հաստատեց.

ա. ելնելով հայության ու Հայաստանի առջև ծառացած հիմնական մարտահրավերներից, Դաշնակցության մամուլը վճռականորեն պիտի հետապնդի Արցախի հիմնահարցի հայանպաստ լուծման, ինչպես նաև Հայաստանի պետականության, ինքնիշախնության և անվտանգության սպառնացող վտանգների հաղթահարման քարոզչական իր առաքելությունը:

բ. Սփյուռքի առջև ծառացած մարտահրավերները, մասնավորապես Մերձավոր Արևելքի դիմագրաված ներկա տագնապը մնում են Դաշնակցության մամուլի մշտական ուշադրության ներքո:

Տպել
Ամենաշատ