News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը՝ հնարավորություն տալով ավելի սթափ հայացքով գնահատել պատերազմի ընթացքն ու իրադարձությունները։

44-օրյա պատերազմ.

Օր 25-րդ՝  հոկտեմբերի 21

Կեսգիշերից հետո առավոտյան 10-ին ճակատից հրապարակվեց պաշտոնական առաջին լուրը։ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրեց, որ Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային ուղղությամբ ժամը 8:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի ինքնաթիռ։

«Իրավիճակը հարաբերական կայուն-լարված է»,- հավելել էր նա:

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնեցին, որ Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը: Լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում: Նախօրեին հակառակորդը նույն ուղղությամբ կիրառել էր ավիացիա, ռմբակոծել քաղաքացիական ենթակառուցվածքները:

Մամուլը գրել էր, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանի հետ  մեկ ժամ տեւած հանդիպումից հետո Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը այցելել են Սերժ Սարգսյանին։ Ապա երեքով միասին գնացել են Ռոբերտ Քոչարյանի մոտ։ Ավելի ուշ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն այցելել են Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Հավանաբար, նրանք ՀՀ նախկին նախագահներին պատմել են Փաշինյանի հետ իրենց հանդիպման մանրամասները:

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է, որ նախօրեին Նախագահ Քոչարյանը հանդիպումներ է ունեցել Արցախի պաշտոնաթող Նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ՝ վերջիններիս նախաձեռնությամբ։ Տեղի է ունեցել նաև հանդիպում ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ։ Քննարկումների թեման բնականաբար մեկն է՝ Արցախը։ 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ հանդիպելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Նրանց հետ Հայաստանի նախագահը նախատեսում է քննարկել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի և դրանում Թուրքիայի բացահայտ ներգրավվածության հետ կապված հարցեր: Նախագայի նպատակը ՆԱՏՕ-ի և եվրոպական կառույցների՝ Թուրքիայի հանդեպ ճնշման հասնելն է, որպեսզի այն դուրս գա հակամարտությունից, ինչը հնարավորություն կտա հրադադար հաստատել:

ՀՀ նախագահի հրամանագրով «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով են պարգեւատրվել Վյաչեսլավ Վալերեւիչ ՈՍԿՈՎՍԿԻՆ, թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ (հետմահու), Վահագն Արամի ԹՈՒՄԱՍՅԱՆԸ, թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ (հետմահու), «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ Տիգրան Արծվիի ԱՇՈՏՅԱՆԸ, թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ, Զոհրաբ Հրաչիկի ՔՈՉԱՐՅԱՆԸ, թիվ N զորամասի սպա, կապիտան (հետմահու), Ցոլակ Սամվելի ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, թիվ N զորամասի սպա, ավագ լեյտենանտ (հետմահու):

Կանադայի Տորոնտո քաղաքում հայերը լուռ ակցիա են արել. նրանք փողոցում պարաններին ու գետնին կանաց, երեխաների արյունոտ շորեր են կախել: Հնչել է հոգեւոր երաժշտություն: Իսկ ակցիայի մասնակիցների ձեռքին կան պաստառներ հետեւյալ բովանդակությամբ. «Երեխաներ են մահանում», «Ճանաչեք Արցախ», «Դպրոցներ են ռմբակոծվում», «Հայաստանն ուզում է խաղաղություն, Ադրբեջանն ուզում է պատերազմ, Թուրքիան ուզում է ցեղասպանություն», «Կանադա, խոսիր»:

Երեւանում քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց եւ պահանջել դատապարտել թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիան ընդդեմ Արցախի, ճանաչել Արցախը,  տնտեսական ու ռազմական պատժամիջոցներ Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ: Ակցիայի մասնակիցների ձեռքին եղել են պաստառներ. «Ճանաչեք Արցախը», «Ցեղասպանություն այլեւս երբեք», «Մարդկային կյանքերը նշանակություն ունեն», «Ոչ Հոլոքոստին, ոչ ցեղասպանությանը»:

Ռազմաճակատի դրության մասին օրվա առաջին հաղորդագրությունը տարածվեց  ժամը 11-ին։ Արցախի ՊԲ-ից հայտնեցին, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված:

«Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգությունները, հրետանային մենամարտերը: Լուսադեմին, կրկին խախտելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունները, թշնամական ուժերը կրակի տակ են առել Մարտակերտ քաղաքի ու շրջակա գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքները: Ներկայում տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի հյուսիսային և հարավային ուղղություններում: ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հարավային հատվածում խփվել է հակառակորդի մեկ ինքնաթիռ: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո»:

Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանը, որը նշանակվել է Սյունիքում պաշտպանական աշխատանքների համակարգող, ասել է, որ Ադրբեջանն արդեն հարվածներ հասցրել է Հայաստանի տարածքում զինվորական ենթակառուցվածքների որոշակի տարրերի, որի մասին բարձրաձայնվել է:

«Նախօրեին Սյունիքում աշխատել են մեր ՀՕՊ միջոցները, իրենք փորձել էին անօդաչու թռչող սարքով մուտք գործել Հայաստանի տարածք, ոչնչացվել են, դրանով հարցը ավարտվել է: Սա առաջին դեպքը չէ: Մեր ՀՕՊ համակարգերը բավականին արդյունավետ աշխատում են, չնայած, հակառակորդն էլ արդեն դասեր է քաղել եւ փորձում է այլ հնարքներ օգտագործել, որպեսզի կատարի իր խնդիրը եւ չխոցվի»,- ասել է նա:

Իրանում ՀՀ դեսպանությունը հատված է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից «Իրան» օրաթերթին:

«Միջազգային մակարդակով հաստատվել է, որ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով Սիրիայից վարձկան ահաբեկիչներ են տեղափոխվում տարածաշրջան Թուրքիայի միջոցով, որը լրջագույն վտանգներ է ստեղծում տարածաշրջանի համար: Ցավոք տարածաշրջանային երկրներն այս իրողությանը չեն դրսեւորել լուրջ հակազդեցություն: Կասկածից վեր է, որ արտաքին ահաբեկիչների ներկայությունը ստեղծելու է այնպիսի սպառնալիքներ, որոնց տարածաշրջանային հետեւանքներն ապագայում են երեւալու: Տարածաշրջանային երկրները պետք է ավելի լուրջ մոտենան այս խնդրին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, հոկտեմբերի 21-ի իր առաջին գրառմամբ, ծաղրել է Իլհամ Ալիեւին.

«Այ բալամ, հազար ասինք քեզ խաբում են. մեկ Հադրութ են գրավում, մեկ չգիտեմ ինչ, հիմա էլ քեզ զեկուցել են, հայկական բանակի խոցված զենքերի տեսակները։ Հազար ասինք մենք «Ուրագան» չունենք։ Բայց դա հեչ, պարզվում է մենք միջմայրցամաքային բալիստիկ «Յարս» հրթիռ ունեինք բայց չգիտեինք»:

Washington Post-ի սյունակագիր Դեվիդ Իգնատիուսը գրել է, որ Ադրբեջանի կողմից թուրքական եւ իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերի օգտագործումը փոխել է հավասարակշռությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում` ստիպելով տոկուն, մարտադաշտում կոփված հայերին պաշտպանության անցնել:

«Ահա մի պարզ առաջարկ պետքարտուղար Մայք Պոմպեոյին, որն ուրբաթ պետք է հանդիպի Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ. Ղարաբաղում դեպի իրական բանակցություններին ու կայունության տանող ճանապարհը կարող է սկսվե անթռիչք գոտու ստեղծումից անկլավի վրա` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի համաձայնությամբ: Պոմպեոյի առջեւ լուրջ մարտահրավեր է կանգնած: Ռուսաստանը եւ Ֆրանսիան այս ամիս հրադադարի մասին երկու համաձայնագիր կնքեցին, սակայն երկուսն էլ ձախողվեցին: Անհրաժեշտը պլանն է, որն այս երեք հզոր տերություններին ուղղակիորեն կներգրավի ղարաբաղյան հակամարտության մեջ եւ հարթակ կտրամադրի` ինքնիշխանության եւ փախստականների հիմնական խնդիրները լուծելու համար»,- գրել է հոդվածի հեղինակը:

Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Մոսկվայում հանդիպելու ցանկությունը։

«Մենք տեսել ենք այդ հաղորդագրությունները։ Ողջունում ենք առաջնորդների հանդիպելու եւ խաղաղության հասնելու ցանկությունը»,- ասել է դիվանագետը։

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրել է, որ երեք շաբաթում մեր հայրենակիցները աշխարհի 60 երկրներից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 4.5 միլիոն դոլար են նվիրաբերել:

«Ձեր փոխանցած գումարը շատ կարևոր է. այն կծառայի մեր հերոսներին ու նրանց ընտանիքներին հատուցումներ կատարելու նպատակով»,- գրել է նա։

ԵԿՄ նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանը բժիշկների պահանջով ռեանոմոբիլով շտապ տեղափոխվել է Հայաստանի ԲԿ-ներից մեկի վերակենդանացման բաժանմունք: Նրա պաշտպան Լեւոն Բաղդասարյանը նշել է.

«Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը հոկտեմբերի 7-ից գտնվում է Արցախում: Այնտեղ գտնվելու առաջին օրվանից, համագործակցելով Արցախի ռազմա-քաղաքական բարձրագույն իշխանության հետ, իր ղեկավարած ստորաբաժանումների մի մասը գտնվել է առաջնագծի ամենաթեժ կետում՝ ոսոխին մատնելով խուճապի և մի քայլ ետ չնահանջելով, մյուս մասը զբաղվել է N բնակավայրի ինքնապաշտպանական գործողություններով՝ ամուր պահելով տվյալ առաջնագծի թիկունքը: Ցավոք, ծանր հիվանդությունները և հիվանդությունների բացասական դինամիկան, որոնք առողջապահության նախարարի և դատարանի անգործության շնորհիվ այդպես էլ հնարավոր չեղավ արտերկրում բուժել, այս ընթացքում ավելացրեցին ուղեկցող հիվանդությունները՝ բերելով ինքնազգացողության կտրուկ վատացման»:

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը վրդովմունքով անդրադարձել է ավագանու նախօրեի որոշմանը՝ 49 մլն դրամ հատկացնել կայանատեղիի կառուցմանը։

«Տեղեկացնում եմ, որ դա պահուստային միջոցներից հատկացվող գումար է, որով համայնքապատկան «Երեւանտրանս» ՓԲԸ տարածքում պետք է կայանատեղի կառուցվի՝ համայնքապատկան միկրոավտոբուսների համար։ Բնականաբար, ինչպես դուք, այնպես էլ ես՝ ապշած եմ այդ որոշումից, սակայն ավագանու նիստին, ելնելով ռազմական դրությունից, հարցեր չեմ տվել եւ ելույթ չեմ ունեցել», Ֆեյսբուքում գրել է նա։

Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կոչով դիմել է բոլորին, որոնք կարող են զենք բռնել եւ պահել զինվորների թիկունքը։ Սրբազանն իր հիացմունքն է արտահայտել 18-ից 20 տարեկան այն զինծառայողների մասին, որոնք այս պահին առաջնագծում են.

«Նրանք իրոք հերոսների հերոսն են։ Անհավասար պայքարի մեջ ենք, դաժան պատերազմ է։ Այո, վճռվում է մեր ճակատագիրը, օրհասական պահեր ենք ապրում։ 90-ականներին, Ապրիլյան պատերազմին ես ձեզ երբեք չեմ դիմել այս կոչով, հիմա դիմում եմ։ Մեր տղերքն առաջնագծում կարողանում են հակահարված տալ, բայց պիտի առաջ գնան, առաջ գնալու համար իրենց թիկունքն է պետք պահել, որպեսզի թշնամին չգա, չշրջապատի։

Կոչ եմ անում, սիրելիներս, ով ի վիճակի է զենք վերցնելու, վերցրեք եւ եկեք. 2-3-րդ գիծը պահեք, որ իրենք հանգիստ հակահարվածով առաջ գնան եւ ետ մղեն թշնամուն։ Կանգնած ենք սարի պես, մինչեւ վերջ էլ կանգնելու ենք։ Վստահ եմ, որ ինչպես Սարդարապատում, այնպես էլ այսօր մեր համազգային ուժով կլուծենք մեր հարցը։ Սպասում եմ ձեզ։ Աստված օրհնի բոլորիդ»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրանական IRNA լրատվական գործակալության հետ հարցազրույցում ասել է, որ  Ադրբեջանի կողմից լայնորեն օգտագործվում են իսրայելական ԱԹՍ-ներ, և հենց այդ փաստը նույնպես վկայում է, որ կան արտաքին ուժեր, որոնք միջամտում են: Բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դերակատարությունից, որևէ այդպիսի միջամտություն, միջնորդություն նկատելի չէ: Բայց փաստն այն է, որ նաև Մինսկի խմբի համանախագահող երկրները չեն կարողանում ազդեցություն ունենալ ներկայիս իրադարձությունների վրա, և այդ առումով հենց այսպիսին է իրավիճակը:

Իրանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները երկրի տարածքի մեծ մասն ընդգրկող լայնամասշտաբ զորավարժություններ են սկսել: Իրանցի գեներալների խոսքով` զորավարժություններն ուղղված են մարտական պատրաստվածության բարձրացմանը եւ զինված ուժերի ՀՕՊ հնարավորությունների ամրապնդմանն իրական պատերազմի մոդելավորված պայմաններում:

Վերջին շրջանում Ռուսաստանի նախագահ Պուտինի՝  Ադրբեջանի նախագահ Ալիեւի ու Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ հեռախոսազրույցների արդյունքում հոկտեմբերի 20-ին եւ 21-ին Մոսկվայում տեղի են ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձին հանդիպումները Ադրբեջանի ու Հայաստանի պաշտոնակիցներ Բայրամովի ու Մնացականյանի հետ։ Բանակցությունների ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի շուրջ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման եւ դրա կայուն կարգավորման համար պայմանների ստեղծման հարցեր։

ՀԱԿ-ի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը Ֆեյսբուքում գրել է, որ Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված` տեղի է ունեցել ևս մի խորհրդակցություն, որին մասնակցել են Հայաստանի հանրապետության նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը:

Արցախի պաշտպանության բանակը նոր տեսանյութ է հրապարակել՝ հակառակորդի ստորաբաժանման խոցման ու նահանջի մասին։

Հակառակորդի կորուստների վերաբերյալ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի վերջին տվյալներով խոցվել է ևս 2 ԱԹՍ, 4 զրահատեխնիկա, կա 150 զոհ:

Հոկտեմբերի 21-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 202 անօդաչու թռչող սարք, 580 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6459 զոհ։

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ բանաձեւում հրապարակված տվյալներով՝ պատերազմից հայկական կորուստները կազմել են 3900, ադրբեջանական կողմինը՝ 2900 մարդ։ Հնարավոր է, որ Բաքուն նվազեցրել է իր զոհերի թիվը, բնականաբար, հաշվառված չեն վարձկան ահաբեկիչները եւ թուրք զինվորականները։ ՊԲ զոհված զինծառայողների եւ հակառակորդի կորուստների ներկայացվող վիճակագրությամբ հանրությունը տպավորություն էր ստանում, որ Ադրբեջանի կորուստները 10-ապատիկ ավելի են։ 

Ցերեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան լայվով 26 րոպե խոսել է հայ ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերից պատվով դուրս գալու մասին։  Նրա խոսքով՝ մենք պետք է գիտակցենք, որ Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում եւ այս փուլից սկսած դեռ երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի:

«Բոլոր այն հույսերը, առաջարկները, մտածումները, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, առավել եւս այս իրավիճակում պետք է համարենք ավարտված։ Ինչո՞ւ. մենք բազմիցս ենք ասել, որ հարցը փոխզիջումների տարբերակով լուծելու պատրաստակամություն ունենք: Փոխզիջում նշանակում է, որ քո դրած նշաձողից կարող ենք ինչ-որ բան նվազեցնել հանուն լուծման, պայմանով, որ դիմացինն էլ իր առավելագույն նշաձողից ինչ-որ բան պետք է իջեցնի: Բայց պրակտիկան ցույց է տվել, եւ դա իրականություն է, որ այն ինչ այս տրամաբանության մեջ ընդունելի է հայկական կողմի համար, այլեւս անընդունելի է Ադրբեջանի համար: Սա ցույց է տալիս, որ ընդհանրապես, որեւէ դիվանագիտական լուծման մասին խոսել անիմաստ է առնվազն այս փուլում»,- ընդգծել է Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ կա մի մոլորություն, որ շրջանառվում է. խոսքը Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների մասին է:

«Ես ուզում եմ ասել, որ այս ողջ ընթացքում շատ բարձր եմ գնահատում մեր երկրների համագործակցությունը եւ փոխգործակցությունը: Մենք զգում են ՌԴ-ի աջակցությունը որպես ՀՀ եւ հայ ժողովրդի ռազմավարական դաշնակից: Կա մշտական հաղորդակցություն մեր երկրների միջեւ: Մենք հնարավորինս ամենաբարձր մակարդակով եւ արդյունավետ փոխգործակցել ենք եւ փոխգործակցում ենք այս վիճակից լուծում գտնելու համար: Սա այն փաստի հաշվառումով, որ ՌԴ-ն նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է եւ նաեւ ՀՀ ռազմավարական գործընկերը: Ռուսաստանը մինչ օրս արել է առավելագույնը, եւ համոզված եմ, որ սրանից հետո էլ կանի առավելագույնը»,– ասել նա, ավելացնելով, որ այս փաստերի համադրումն ակնհայտ է դարձնում մեր անելիքը։

«Մեր անելիքը պայքարելն է մինչև վերջ և անմնացորդ, անսասան՝ մեր ժողովրդի իրավունքների համար։ Անկախ նրանից՝ ինչ տեղի կունենա, պետք է պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար։ Պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար նշանակում է՝ առաջին հերթին զենք վերցնել և նվիրվել հայրենիքի իրավունքի պաշտպանության գործին։ Այս պրոցեսն արդյունավետ կազմակերպելու պարագայում է, որ մենք ի վերջո կկարողանանք հասնել մեզ համար ընդունելի դիվանագիտական լուծման, որովհետև, ըստ էության, Ադրբեջանն այսօր ասում է՝ որևէ այլ բանի, բացի Ղարաբաղի կապիտուլյացիայի, համաձայն չէ։ Այստեղ խոսքը Ղարաբաղի մասին չի, դա նույնիսկ չեմ էլ ուզում քննարկենք, որովհետև դեռ 90-ականների մեր ազատամարտի հերոսները, մեր ամբողջ կոնտեքստն այդպիսին է, որ մենք Ղարաբաղի մասին խոսելով, խոսում ենք մեր ժողովրդի իրավունքների մասին, որովհետև մենք ասել ենք, որ առանց Արցախի չկա Հայաստան»,– շեշտել է նա։

Փաշինյանը հայտարարել է, որ զենք վերցնելու կոչն ուղղում է նաեւ մեր երկրի բոլոր քաղաքապետերին, գյուղապետերին, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, այդ մարմինների ղեկավարներին.

«Որպեսզի նրանք ստանձնեն լիդերությունը, ձեւավորեն կամավորական ջոկատներ, որոնք կիրականացնեն հայ ժողովրդի իրավունքի պաշտպանության գործը։ Այդ ջոկատները պետք է գրվեն Գլխավոր շտաբի պետի տրամադրության տակ եւ ձեւավորման պահը պետք է համարվի համարժեք զինվորական երդմանը, որը նշանակում է, որ նրանք պետք է կանգնեն ամուր այն տեղերում եւ իրականացնեն այն խնդիրը, ինչ-որ կդրի նրանց առջեւ՝ հրամանատարության կողմից»։

Վարչապետը խոստովանել է, որ առաջնագծում իրավիճակը բավականին բարդ է, դժվար դրություն.

«Արցախի ողջ հարավով մարտական գործողություններ են ընթանում։ Այստեղ կա շատ կարեւոր նրբություն. մեր դիտարկումները ցույց են տալիս, որ հակառակորդը մարտի է նետում արդեն իսկ վերջին ռեզերվները։ Այո, նրանց ռեսուրսները շատ-շատ մեծ են, բայց մեր հերոս զինվորները աննկարագրելի ծավալի կորուստներ են պատճառում»։

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու Ադրբեջանը հումանիտար հրադադարի չի համաձայնում.

«Ադրբեջանը վախենում է 2 բանից. առաջինը՝ մեկ տասնյակ հազարին մոտ դիակներ, որոնք պիտի իրենց կազմակերպած էյֆորիայի ֆոնին վերադառնան, ահռելի քանակի զինտեխնիկայի, զրահատեխնիկայի, ահռելի քանակի կորուստներ՝ միլիարդուկեսի հասնող, երկրորդ՝ կբացահայտվեն վարձկանների դիակներ եւ երրորդ՝ կբացահայտվեն նաեւ թուրքական զորքերի զինվորների դիակներ։ Մենք այսօր պիտի ընդամենը կրկնենք մեր պատմության հերոսական հատվածը, որովհետեւ 1990-ականներին ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ վիճակը շատ ավելի հուսահատ էր, բարդ էր, թվում էր՝ ոչ մի ելք չկա, բայց մեր ժողովուրդը գտավ այդ լուծումը, որովհետեւ կային մարդիկ, որոնք իրենց վրա վերցրին հայ ժողովրդի ճակատագրի պատասխանատվությունը, այսօր էլ կան նման մարդիկ, բայց այդ մարդկանց կողքը պետք է կանգնել ու կանգնել պինդ», - ասել է Փաշինյանը:

 «Մոնթե Մելքոնյանը, Թաթուլ Կրպեյանը, Ջիվան Աբրահամյանը, Մովսես Գորգիսյանը, Վազգեն Սարգսյանը նայում են մեզ, մենք էլ պետք է նայենք  իրենց աչքերի մեջ ու պետք է առիթ չունենանք մեր հայացքը փախցնել նրանցից, հիմա եկել է մեր ժամը՝ հայրենիքին տալ ամեն ինչ ու չխնայել ոչինչ։ Ավտոմեքենաներ, որոնք պետք են առաջնագծում, միկոավտոբուսներ, որոնք պետք է կամավորներին տեղափոխեն, «Ջիփեր», որոնք պետք է շարժունակությունն ապահովեն, ինտելեկտուալ աշխատանք՝ բարձր տեխնոլոգիական ոլորտում», - ամփոփել է վարչապետը։

Հիշեցնենք, որ պատերազմը կանգնեցնելու 2 առաջարկ եղել է (հոկտեմբերի 7-ին եւ 19-ին), կարելի է ենթադրել, որ դրա համար զիջումներ պետք է արվեին, որոնք պատերազմի այս փուլում ՀՀ վարչապետն անընդունելի էր համարում (ավելի վատ պայմաններով ստորագրեց նոյեմբերի 9-ին)։ Շեշտում է, որ դիվանագիտական լուծումը սպառված է, բայցեւ խոստովանում, որ դրությունը ճակատում բարդ ու դժվարին է։ Այդ  դեպքում ինչի՞ վրա էր ՀՀ իշխանության հույսը, հազարավոր կամավորների՞։ Նկատենք, որ նույն Արծրուն Հովհաննիսյանն էր մի քանի անգամ պնդում, որ 5-րդ սերնդի պատերազմ է, փորձագետներն էլ այն անվանում են «անհպում», այսինքն կամավորների մեծ քանակը դժվար վճռորոշ դեր խաղար պատերազմի ելքի հարցում։

Քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ-ում Իտալիայի դեսպանատան առաջ, պահանջել համարժեք արձագանք Ադրբեջանի ագրեսիային: Ակցիայի մասնակիցները նշել են, որ Արցախում Ադրբեջանը արգելված զենքեր է կիրառում, իսկ միջազգային հանրությունը քաղաքացիական զոհերի, վիրավորների վրա աչք է փակում: Մասնակիցները վանկարկել են՝ «ամոթ», «դուրս եկեք», «լռում եք, ուրեմն հանցակից եք»:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում գրել է, որ համավարակի ճակատում մեկ օրում մահացել է 20 մարդ. իսկ դիմակ չկրողը թշնամական կենսաբանական զենք է:

«Որովհետև վարակը տարածելով՝ «սմերչից» կամ «գրադից» պակաս մարդասպան չի: Այսքանը»,-հավելել է նա ու ավելացրել. «Հաղթելու Ենք»:

Այդ պահին, վստահաբար, միայն Երեւանի փողոցներում հազարավոր մարդիկ, եթե ոչ հարյուր հազարավոր, դիմակ չէին կրում, այդ մարդկանց Արայիկ Հարությունյանը համարում էր «թշնամական  կենսաբանական զենք»։ 

Մի քանի լրատվամիջոցներ, հիշեցնելով նախկին նախագահների հանդիպումների մասին, գրում էին, թե «ՀՀ նախկին նախագահները որոշել են աջակցել Նիկոլ Փաշինյանի գործողություններին և մասնավորապես՝ զինադադարի կնքման որոշմանը, որն իրենց նախկին հայտարարություններից ու դիրքորոշումներից այնքան էլ չի բխում»։ Լրատվամիջոցներից մեկն էլ գրել էր, թե Արցախի և Հայաստանի նախկին նախագահները շուտով հանդես են գալու հայտարարությամբ, որտեղ շարադրելու են իրենց համատեղ դիրքորոշումը։

Մեկնաբանությունների համար 168.am-ը դիմել է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ, ՀՀԿ ԳՄ անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից։

«Այո, այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիպում, որի օրակարգը եղել է պատերազմական գործողությունները և Արցախը։ Միևնույն ժամանակ ուզում եմ տեղեկացնել, որ տարբեր լրատվամիջոցներում հրապարակված ենթադրությունները և հանդիպման բովանդակությանն առնչվող տեղեկատվությունն իրականությանը չեն համապատասխանում»,- ասել է Շարմազանովը։

Վիկտոր Սողոմոնյանն ասել է. «Դա սուտ է, այդ տեղեկությունները սուտ են, և նման բան գրելու որևէ առիթ չկա, դա հորինած կեղծիք է»։

Պաշտպանության բանակը հրապարակեց ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված եւս 62 զինծառայողների անուններ։

«Հայ ասպետ» հիմնադրամ-դպրոցի տնօրեն Կարին Տոնոյանի որդին՝  Մենուա Հովհաննիսյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով արժանացել է «Արցախի հերոսի» կոչման։ Այս մասին Արայիկ Հարությունյանը հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ։

«Կարդացի Մենուայի մոր՝ Կարին Տոնոյանի բաց նամակը՝ ուղղված ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Տիկի՛ն Տոնոյան, որպես Արցախի Հանրապետության նախագահ՝ ուզում եմ մեր Հայրենիքի պաշտպանների անունից խոստանալ, որ անպայման կպահենք մեր որդեկորույս բոլոր մայրերի անունից հնչեցված Ձեր պատգամը և թշնամուն չենք զիջի մեր Արցախը»,– գրել է նա:

Հիշեցնենք, որ Կ.Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջել էր «կես ճանապարհին չկանգնել, բանակցությունները վարել հաղթողի դիրքերից, սա որդեկորույս մայրերի միակ պահանջն է։ Այս պատերազմում մենք հաղթելու ենք»։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Ֆեյսբուքյան գրառման մեջ վատ գաղափար էր համարել քաղաքապետերով ու գյուղապետերով ջոկատներ կազմելն ու առաջնագիծ մեկնելը.

«Եթե ճիշտ ե՞մ հասկանում, հեղափոխությունը վերջացել է, հիմա պատերազմ է, բայց տպավորությունն այն է, որ հեղափոխությունը շարունակվում է, հիմա էլ փողոց փակողները պետք է պարտիզանական ջոկատներ կազմավորեն: Ժամանակակից պատերազմները նման եղանակով չեն վարվում: Իրականում վիճակը ծանր է, բայց ոչ անելանելի, որքանով մենք ենք փակուղային վիճակում, այդքանով էլ թշնամին: (...) Բանակի գործերում քաղաքապետերին, գյուղապետերին, կուսակցապետերին պետք չի խառնել, հիմա 17-րդ դարը չէ: Փոխել է պետք մարտավարությունը, նաև չի խանգարի քաղաքական ու ռազմական ռազմավարության մասին մտածել, որն ակնհայտորեն գոյություն չունի: Այս պատերազմի գուցե ամենավճռական դերը հասարակությունների պահվածքն է, հոգեբանական առումով ով ավելի կայուն կգտնվի: Վստահ եմ, որ դա մենք ենք լինելու:

Ինչ վերաբերվում է վարչապետի կոչին, հույս ունեմ, որ նպատակը նշածս վերջին խնդրի լուծմանն էր վերաբեվում, ոչ ավելիին»:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողություններին եւ ստեղծված իրավիճակին։

ՀՀ կառավարությունը հրապարակեց որոշում, որով ժամանակավոր արգելք դրեց թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ կլինի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից:

Ոստիկանությունից հայտնել են, որ հոկտեմբերի 21-ի ժամը 15․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 124 դեպք, որոնցից 29-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 95-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում 37-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Տուգանքների չափը տատանվել է 300 հազարից մինչեւ 1,5 միլիոն դրամ։

Բռնությունը Լեռնային Ղարաբաղում պետք է դադարեցվի: Այս մասին Twitter-ում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը Բրյուսելում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո:

«Ես նախագահ Սարգսյանին կրկնել եմ մեր խորը մտահոգությունը մեծ հումանիտար հետեւանքներով շարունակական ռազմական գործողությունների կապակցությամբ: Կողմերը պետք է հետեւեն հրադադարի ռեժիմին եւ վերադառնան առանց նախապայմանների բանակցությունների սեղանի շուրջ: Արտաքին միջամտությունն անընդունելի է»,- գրել է նա:

Արցախի պաշտպանության բանակից հայտնել են, որ թշնամական ուժերը, բացի իսրայելական եւ թուրքական զինատեսակներից, արցախյան բանակի դեմ կիրառում են նաեւ չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ:

«ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ են հայտնվել չեխական DANA ինքնագնաց հրետանային կայանքների կիրառումն ապացուցող փաստեր: Վերոնշյալ հրետանային կայանքները գտնվում են Ադրբեջանի ԶՈւ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի սպառազինության հաստիքացուցակում, ինչը նշանակում է, որ սեպտեմբերի 27-ից սկսված մարտերի ընթացքում ՊԲ իրականացրած թիրախային հարվածների հետեւանքով Ադրբեջանի ԶՈւ կորպուսային հրետանին կրել է լուրջ կորուստներ»,- հայտնում էր ՊԲ-ն։

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրեց.

«Հարավային ուղղությամբ մարտերը շարունակվում են։ Հիմնականում հակառակորդի փոքր խմբերը չեզոքացվում են օջախային մարտերում»։

Նրա այս գրառումից կարելի էր հետեւություն անել, որ մարտերն ընթանում են հայկական կողմի առավելությամբ։

Բրյուսելում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Ա.Սարգսյանն անդրադարձել է Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիային, դրանում Թուրքիայի ներգրավվածությանն ու ռազմաքաղաքական օժանդակությանը:

Զրուցակիցներն իրենց խորը մտահոգությունն են հայտնել շարունակվող ռազմական գործողությունների առնչությամբ, ինչը կարող է հանգեցնել մեծ հումանիտար աղետի։ Շառլ Միշելն ասել է, որ պետք է հարգել հրադադարը և առանց նախապայմանների վերադառնալ բանակցային սեղան:

«Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, իսկ Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունից»,- ընդգծել է ՀՀ նախագահը:

Սիվիլնեթի հետ հարցազրույցում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե ըստ որոշ ռազմական փորձագետների՝ վաղաժամ էր մտածել ՍՈւ-30-ի  ձեռքբերման մասին, ունենալով այս տնտեսական հնարավորություններն ավելի լավ էր ՀՕՊ էֆեկտիվ համակարգեր ձեռք բերել, պնդել է.

«Ես էլ կասեմ՝ ուշացած էր, պետք էր 20 տարի առաջ ՍՈւ-30 գնել։ Ո՞վ ասաց, որ երկու տարի առաջ, երբ ձեռք բերեցիր ՍՈւ-30-ը հստակ գիտեիր, որ 2020թ․-ին պատերազմ է սկսվելու։ Էդ ո՞վ է էդ խելացին, որ հիմա խոսում է 2 տարի առաջ կատարած սխալի մասին այնպիսի ճշգրտությամբ, որ էն ժամանակ որոշում կայացնելիս գիտեր, որ 2020 թվին պիտի պատերազմ լինի։  Իսկ ո՞վ ասաց, որ եթե դու այլ միջոց ձեռք բերեիր, էդ կարճ ժամանակում կհասցնեիր բավարար մարտական վիճակի բերեիր։ Մենք 2016թ․-ին ձեռքբերված միջոցներ ունենք, որոնք մինչև այսօր լիարժեք  բավարար մարտական վիճակում չեն։ Ամեն միջոց ունի իր մարտունակությանը բերելու, յուրացնելու, այլ զորատեսակներերի հետ ներդաշնակելու ժամանակահատվածը։ Բարդ տեխնոլոգիան հնարավոր չէ 6 ամսում մարտունակ դարձնել, դա անհնար է»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։

Անդրադառնալով Ադրբեջանի հրապարակած  տեսանյութերին, որ իրենք արդեն Զանգելանում են, Արծրուն Հովհաննիսյանը նշել է․

«Կան էդպիսի դիվերսիոն խմբեր, որոնք փորձում են ամեն կերպ ներթափանցել աջ ու ձախ, ինչ-որ բնակավայրեր, դրանք կլինեն արդեն գործող, թե նախկինում մնացած բնակավայրեր, որոնք չէին գործում, ստեղծել խուճապ, սեփական հանրությանը կերակրել հաղթանակի միֆերով, մեր հասարակության վրա ազդելով, որ առաջ են եկել։ Առիթից օգտվելով մեր ժողովրդին խնդրում եմ չտրվել էդ մանիպուլյացիաներին»։

Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ դա ԻԳԻԼ-ին բնորոշ մարտավարություն է, որն իրենք շատ լավ սովորել են։

Սու-երի այդքան աղմուկ հանած թեմայով նկատենք միայն, որ խնդիրը «մարտունակությանը բերելու, յուրացնելու, այլ զորատեսակներերի հետ ներդաշնակելու ժամանակահատվածի» մեջ չէր, այլ այն պարզ պատճառի, որ ռազմական օդանավերի հրթիռներ ձեռք չէին բերվել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Ֆեյսբուքում՝ ներկայացնելով հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ 6 քայլերը.

«Քայլ 1. Ձեւավորել կամավորական ջոկատ (նվազագույնը 30 հոգի):

Քայլ 2. Ընտրել հրամանատար:

Քայլ 3. Դիմել հրամանատարի բնակության վայրի զինկոմիսարիատ:

Քայլ 4. Զորամասերից մեկում անցնել ներդաշնակում, պատրաստում:

Քայլ 5. Մեկնել հայրենիքի պաշտպանության առաջնագիծ:

Քայլ 6. Հաղթել»:

Առանց մեկնաբանության։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մտադիր է ԼՂ հակամարտություն գոտում իրավիճակի ապաէսկալացիայի հնարավորությունների շուրջ քննարկում անցկացնել ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ հոկտեմբերի 23-ին, Վաշինգտոնում: Պամպեոն նաեւ ասել է, որ երրորդ երկրները պետք է հեռու մնան հակամարտությունից, կրակի վրա յուղ չլցնեն եւ զենք չմատակարարեն:

«Եվ միայն դրանից հետո է հնարավոր դիվանագիտական լուծման հասնել, որն ընդունելի կլինի բոլորի համար: Եվ հենց դա ես կքննարկեմ նախարարների հետ»,-ասել է Պոմպեոն:

ԱՄՆ պետքարտուղարը չի մատնանշել, որ երրորդ երկրները, կրակի վրա յուղ լցնողն ու զենք մատակարարողը Թուրքիան ու Իսրայելն են։

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի շարունակական խախտումներով, ինչը հանգեցրել է մարդկային ողբերգական կորուստների:

«Ե՛վ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը ավելի քան 25 տարի ՆԱՏՕ-ի արժեքավոր գործընկերներն են: Ռազմական գործողությունների դադարեցումը կարեւոր է ՆԱՏՕ-ի եւ միջազգային անվտանգության համար: Կենսական կարեւոր է, որ այժմ բոլոր կողմերը զսպվածություն ցուցաբերեն, հարգեն հրադադարի ռեժիմը եւ լարվածությունը թուլացնեն: Խաղաղ բնակիչների վրա ցանկացած հարձակում անընդունելի է եւ պետք է դադարեցվի»,- ասել է նա` հավելելով, որ անհրաժեշտ է աշխատել կայուն քաղաքական լուծման վրա:

«Հայաստանն ու Ադրբեջանը պետք է վերսկսեն բանակցությունները՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար»,- ասել է նա՝ ընդգծելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, ինչպես նախկինում, կարեւոր նշանակություն ունեն:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ն հայտարարություններից այն կողմ չի անցել, ոչինչ չի ասել երրորդ կողմի մասնակցության անթույլատրելիության մասին։ Թուրքիա այցի ընթացքում Ստոլտենբերգը ոչինչ չի ասել Արցախում շարունակվող պատերազմի մասին։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին ասել է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղ կարգավորումը հնարավոր է, եթե դաշինքի անդամ Թուրքիան դադարի միջամտել հակամարտությանը:

«Գոյություն ունի երրորդ կողմ, որը սատարում է Ադրբեջանին՝ եւ՛ դիվանագիտորեն, եւ՛ լուրջ ռազմական ճանապարհով, մասնակցում է գործողություններին, իսլամիստ ահաբեկիչներ է բերում տարածաշրջան: Եվ, ցավոք, երրորդ կողմը ՆԱՏՕ-ի անդամ է։ Եթե ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դադարի լինել հակամարտության մաս, կողմ եւ իր ներդրումը բերի հրադադարի ռեժիմին, կհասկանա, որ խաղաղ լուծում է պետք, այդ ժամանակ մենք կկարողանայինք պահպանել հրադադարը, որից հետո կնստեինք բանակցությունների սեղանի շուրջ եւ խաղաղ լուծում կգտնեինք»,- ասել է Սարգսյանը:

2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է հրապարակվել, որում նշված է.

«Քաղաքական խորհրդակցությունները շարունակվում են։ Հայաստանի և Արցախի բոլոր պաշտոնաթող նախագահները հանդիպել են՝ քննարկելու և լուծումներ գտնելու ներկայիս պատերազմական իրադրությունում։ Նախագահների փորձառությունն ու գիտելիքը, ինչպես բանակցային գործընթացի, այնպես էլ հաղթանակներ ապահովելու տեսանկյունից, այս օրերին հատկապես կարևոր է»:

ՀՀ ոստիկանությունից հայտարարել են, որ ԱԺ բոլոր պատգամավորները համարվում են պաշտոնատար անձ, հետեւապես՝ ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը եւ պետական անվտանգությանն առնչվող գործողությունները, այդ թվում՝ ելույթները, հրապարակումները քննադատող, հերքող հրապարակումներն արգելվում է։

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, անդրադառնալով վարչապետի կոչին, հայտարարել է, որ ՀՅԴ-ն հայրենիքի պաշտպանությանը լծվելու համար որևէ կոչի չի սպասել.

«Դաշնակցության վաշտերը պատերազմի մեկնարկից ժամեր անց արդեն մեկնում էին Արցախ՝ կատարելու մարտական առաջադրանք։ Մենք հայրենիքի պաշտպանությանը լծվելու համար որևէ կոչի չենք սպասել։ Դաշնակցությունն ունի իր գումարտակը, որը գործում է բացառապես Պաշտպանության բանակի հրամանատարության ներքո։ Դաշնակցության մի քանի վաշտեր այս պահին արդեն Արցախում են և այս գործընթացը մեր համար շարունակական է՝ նոր վաշտեր ևս մարզվում են և պատրաստվում առաջնագիծ մեկնելուն։ Մեզ համար «Ազգ-բանակ» հասկացությունը ոչ թե դատարկ տերմին՝ այլ անկեղծ հավատամք է, ինչն էլ բազմիցս՝ ինչպես անցյալում այնպես էլ հենց այս պահին փաստում ենք մեր գործողություններով»։

Երեկոյան օրվա ամփոփիչ աավնդական ճեպազրույցում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ վաղ առավոտից բոլոր ուղղություններով մարտերը շարունակվում էին: Նրա խոսքով՝ այսօր, ի տարբերություն նախորդ օրերի, մարտերը շարունակվել են նաեւ կենտրոնական ուղղությամբ։

«Հյուսիսում հակառակորդը հարձակման մի քանի փորձ է կատարել, բոլոր գրոհները ճնշվել են, թշնամին հետ է մղվել՝ կրելով մեծ կորուստներ: Այս ուղղությամբ հակառակորդը կիրառել է տակտիկական ավիացիա, բայց առանց հաջողության: Կենտրոնական ուղղությամբ հակառակորդը դիվերսիա է կիրառել: Թշնամու դիվերսանտները փորձել են թափանցել հայկական դիրքեր: Հայկական հրետանու պատասխան գործողություններից հետո դիվերսանտները դիմել են փախուստի: Այս ուղղությամբ հակառակորդը գործել է գրեթե առանց զրահամեքենաների աջակցության: Հարավում մարտերը շարունակվել են: Ռազմական գործողությունները տեղափոխվել են ավելի հարավ՝ մոտենալով Արաքս գետի հունին: Թշնամին չի կարողացել հաջողության հասնել՝ մեծ կորուստներ կրելով: Այս ուղղությամբ թշնամին օգտագործում է մեծ թվով հետեւակ, դիվերսանտներ՝ օդային փոքր աջակցությամբ: Հովհաննիսյանը հիշեցրեց, որ առավոտյան Հայաստանի հակաօդային պաշտպանությունը խոցել է ադրբեջանական ինքնաթիռ, ինչի մասին հաղորդվել է»:

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը Ֆեյսբուքում գրել է, որ Հայաստանը պատրաստ է եղել եւ այժմ էլ պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը:

«ՀՀ վարչապետն իր այսօրվա ելույթում ընդգծել է, որ Հայաստանը միշտ էլ պատրաստ է եղել ԼՂ հարցի փոխզիջումային լուծման եւ այսօր էլ պատրաստ է: Վարչապետը պատրաստակամություն է հայտնել նաեւ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպել Մոսկվայում: Հայաստանը պատրաստ է եղել եւ պատրաստ է ԼՂ հարցի խաղաղ կարգավորման և բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախահ երկրների և մասնավորապես՝ ՌԴ միջնորդական ջանքերը։

Ադրբեջանը հարցի լուծման հիմնական գործոնը համարում է ռազմական ուժը եւ շարունակաբար խախտում է հրադադարի մասին պայմանավորվածությունները:

Ըստ այդմ, հայ ժողովուրդը պետք է կոնսոլիդացնի իր պաշտպանական ներուժը՝ դիվանագիտական ճակատում իր ասելիքը պաշտպանելու հնարավորություն ունենալու համար։ Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ այս փուլում Լեռնային Ղարաբաղի հարցը դիվանագիտական լուծում չունի հենց Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճի հետեւանքով»։

Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ բժիշկների աշխատանքը առաջնագծում ծանր է եւ վտանգավոր.

«Բեկորային վնասվածքները շատ են: Հաճախ բժիշկները ստիպված են ոչ միայն փրկել ուրիշների կյանքը, այլեւ ռիսկի ենթարկել իրենցը՝ աշխատելով կրակի տակ: Հակառակորդը գնդակոծում է նաեւ առաջնագծում աշխատող շտապօգնության մեքենաները եւ նույնիսկ հիվանդանոցները։ Մարտակերտի հիվանդանոցի գնդակոծությունը լայն լուսաբանում է ստացել ԶԼՄ-ներում: Փառք մեր բժիշկներին, սանիտարներին, բուժքույրերին, նրանց ինքնազոհության եւ պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հազարավոր կյանքեր են փրկվել»:

Արծրուն Հովհաննիսյանը նաեւ հայտարարել է, որ Ադրբեջանն առաջին անգամ չէ, որ փորձում է հակամարտությանը կրոնական բնույթ տալ: Այդ օրը Բաքվի հրապարակած տեսանյութում երեւում է, թե ինչպես են հայերը իբր խոզերին քշել մզկիթ:

«Տեսանյութի հրապարակումը հստակ նպատակ է հետապնդում՝ «արդարացնել» Շուշիի քրիստոնեական սրբավայր Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գնդակոծումը: Սա հակամարտությանը կրոնական բնույթ տալու, ինչպես նաեւ խնդիրը ցավոտ գլխից առողջ տեղափոխելու առաջին փորձը չէ: Համապատասխան հայտարարությունները արվել են Իլհամ Ալիեւի մակարդակով»,- ասել է Հովհաննիսյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը հայտարարել է, որ հիմնադրամի հեռուստամարաթոնը տեղի կունենա նոյեմբերի 26-ին: Ըստ նրա՝ մինչ այդ կկազմակերպվի լրացուցիչ դրամահավաք:

«Բոլոր դրամական միջոցների օգտագործումը համակարգվում է Հայաստանի եւ Արցախի կառավարությունների հետ: Գումարը կուղղվի հումանիտար նպատակների: Սա հնարավորություն է տալիս երկու երկրների իշխանություններին պետական միջոցներն ուղղել այլ կարեւոր նպատակների: Ծախսված միջոցների մասին հաշվետվությունը կտրվի խաղաղ ժամանակ: Կոչ եմ անում կասկածի տակ չդնել պետական մարմինների աշխատանքը»,- ընդգծել է Արշամյանը:

Նկատենք, որ հանգանակված գումարը ոչ թե պետական միջոցներն ազատեց՝ այլ նպատակների ծախսելու համար, այլ ուղղվեց հենց պետբյուջե։

Հայկակ Արշամյանը նաեւ ասել է, որ սկսում են «50PLUS» նոր շարժում, որը թույլ կտա Հայաստանի եւ սփյուռքի միջեւ փոխգործակցությունը տեղափոխել ավելի բարձր մակարդակի եւ ապահովել դրամական միջոցների անընդհատ հոսքեր: Նա հստակեցրել է, որ հայրենակիցները կկարողանան միջոցներ ուղարկել ոչ միայն միանվագ օգնության տեսքով, այլ դա անել ամեն ամիս: «Եթե, օրինակ, 1 միլիոն մեր հայրենակիցներ ամսական 50 դոլար ուղարկեն հիմնադրամին, ապա հնարավոր կլինի ամսական հավաքել 50 միլիոն դոլար եւ տարեկան 600 միլիոն դոլար»,- հավելել է գործադիր տնօրենը:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ օրվա ընթացքում Արցախի Մարտունու և Մարտակերտի շրջանները դարձյալ հայտնվել են ադրբեջանական ագրեսիայի թիրախում: Մասնավորապես, ադրբեջանական զինուժը հրետանի է կիրառել Մարտունի քաղաքի և նույն շրջանի Հերհեր գյուղի ուղղությամբ, նյութական վնաս պատճառել խաղաղ բնակչությանը: Արդեն երկրորդ օրն է թշնամին ռազմական ավիացիա է կիրառել  Մարտակերտ քաղաքի և հարակից գյուղերի ուղղությամբ: Այստեղ էլ էական վնասները շատ են: Օրվա ընթացքում քաղաքացիական բնակչության շրջանում բարեբախտաբար զոհեր ու վիրավորներ չեն եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ