News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 08
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեան պետք է կրկնապատկի ջանքերը՝ պաշտպանական ոլորտում համաշխարհային առաատար դառնալու համար, ասել է նախագահ Մուն Չժե Ինը Սեուլի արվարձանում բացված ռազմական ցուցահանդեսում, ուր ժամանել էր ՌՕՈւ կործանիչով, տեղեկացնում է Reuters-ը։

Մունը թռիչքային կոստյումով էր եկել Seoul International Aerospace (ADEX) ցուցահանդես, FA-50 ռեակտիվ կործանիչի հետեւի նստարանին նստած։ Դա Հարավային Կորեայի արտադրության առաջին գերձայնային ինքնաթիռն է եւ խոշոր ռազմական արտահանական ապրանք։

«Ուժեղ պաշտպանական հզորության ստեղծման նպատակը միշտ խաղաղության ամրապնդումն է»,- ասել է նա։

28 երկրների առնվազն 440 ընկերություն է մասնակցում ADEX ամբողջ պատմության ընթացքում ամենախոշոր ցուցահանդեսին։ Սպասվում է, որ միջոցառմանը, որը տեւելու է մինչեւ շաբաթ օրը, կմասնակցեն մոտ 300 պետական, զինվորական եւ պաշտպանական ոլորտի պաշտոնյաներ 45 երկրներից։

Մունն ասել է, որ ժամանակն է, որպեսզի  Հարավային Կորեայի ռազմարդյունաբերությունը դառնա համաշխարհային առաջատար։

Մատնանշելով FA-50-ը՝ նա գովաբանել է հարավկորեական տեխնոլոգիաները։ «Ես կարող եմ հպարտանալ FA-50-ով, որը մենք մշակել ենք մեր սեփական տեխնոլոգիաների օգնությամբ»,- ասել է Մունը։

Նրա խոսքով՝ Հարավային Կորեան նախատեսում է ծախսել իր բյուջեի ավելի քան 80 տոկոսը ներքին գնումների համար եւ 2026թ. չորս անգամ ավելացնել պահեստամասերի տեղայնացման աջակցությունը՝ հատուկ ուշադրություն հատկացնելով այն ոլորտներին, որոնք կարող են ազդել ապագա պատերազմների վրա, ներառյալ արհեստական ինտելեկտը, դրոնները, ռոբոտատեխնիկան եւ տիեզերքը։

«Մենք պատկերացնում ենք խելացի, բայց ուժեղ բանակ՝ հիմնված առաջավոր գիտությունների եւ տեխնոլոգիաների վրա, եւ սատարում ենք խաղաղությանը միջազգային հանրության հետ միասին»,- ավելացրել է Մունը։

Համաձայն Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտի տվյալների՝ Հարավային Կորեայի արտահանումը 2016-2020թթ. ավելացել է 210 տոկոսով 2011-2015թթ. համեմատ։ Երկիրը նաեւ աշխարհում զենքի խոշոր ներմուծողներից է՝ վերջին տարիներին գնելով սպառազինությունների հիմնական համակարգեր, ինչպիսին են ամերիկյան F-35 անտեսանելի կործանիչները։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ