News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 08
Տեսնել լրահոսը

Արարատի բնակիչ, 39-ամյա Արթուր Վարդանյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո երկմտանքի մեջ է՝ ի վերջո, իրեն ի՞նչ պատվաստանյութ են ներարկել:

Նա NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ցանկություն է հայտնել պատվաստվել «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով, բայց պատվաստումից հետո նկատել է, որ փաստաթղթերում նշվել է, թե ինքը «Սպուտնիկ-V»-ով է պատվաստվել:

«Գնացել եմ պատվաստման՝ «Արարատ» ԲԿ-ում, առաջարկել են երկու տարբերակ՝ «ԱստրաԶենեկա» եւ «Սպուտնիկ-V», ընտրեցի առաջինը, ասացի՝ եվրոպականն են ուզում՝ ռուսականին չեմ վստահում: Ամեն ինչ արվեց, եւ ես չնկատեցի՝ ինչ էին անում: Ներարկեցին, վերջացրին, թղթերն էլ առանց նայելու վերցրի, բարձրացա համակարգչային բաժին, ասացին՝ բայց համաձայն չէիք «Սպուտնիկ»-ով պատվաստվելուն, ինչու՞ է թղթերում լրացված, որ հենց «Սպուտնիկ-Վ»-ով եք պատվաստվել:

Թղթերը վերցրի, իջա պատվաստման բաժին, հարցնում եմ՝ էս ի՞նչ եք արել, ասում են՝ վա՜յ, կներեք, թյուրիմացություն է եղել, թուղթը վերցնում ենք, ջնջում են գրվածն ու նշում, թե «ԱստրաԶենեկա»-ով են պատվաստել ինձ: Ասում եմ՝ ի՞նչ պատվաստանյութ եք ինձ կոնկրետ ներարկել՝ «ԱստրաԶենեկա՞», թե՞ «Սպունտիկ-V», ասում է՝ «ԱստրաԶենեկա», հարցնում եմ՝ բա որ այդպես է, ինչու՞ եք թղթի վրա գրել, որ «Սպուտնիկ-V» եք ներարկել, էլի ասում են, թե թյուրիմացություն է եղել, եւ որ հաստատ ինձ «ԱստրաԶենեկա» են ներարկել: Ի՞նչ թյուրիմացության մասին է խոսքը, ես ի՞նչ իմանամ՝ որ մեկից եք ինձ ներարկել, եթե հիմա ասում են, որ «ԱստրաԶենեկա» են ինձ ներարկել, երկրորդ ներարկմանն ի՞նչ են անելու, ո՞ր մեկից են ներարկելու, ու չեն կարողանում ինձ հստակ պատասխանել, ես էլ առաջարկում եմ, որ պատրաստ եմ անալիզ հանձնել հարցը պարզելու համար: Այդպես, բարկացած թողնում, դուրս եմ գալիս հիվանդանոցից, զանգում Առողջապահության նախարարություն, ներկայացնում՝ ինչ է կատարվել, առաջարկում են զանգել «Արտաշատ» ԲԿ: Զանգում եմ այդտեղ, պատմում կատարվածը, ասում են՝ դե, գիտեք՝ ինչ կա, ինչ որ գրանցվել է համակարգում, ուրեմն դա էլ ներարկել են, ասում եմ՝ բայց չէ՞ որ նախքան համակարգում գրանցելը ձեռքով են թղթի վրա լրացնում, թե ինչ են ներարկել, ինչ էլ ուզեն՝ կարող են այդ դեպքում գրել, ի՞նչ է նշանակում՝ ջնջումով փաստաթուղթ են տալիս ձեռքս, դա ի՞նչ կարգ է»,- նշեց Վարդանյանը:

Քաղաքացին, ինչպես ինքն է ասում, այդպես էլ հստակ չգիտի՝ ինչ պատվաստանյութ են իրեն ներարկել, չի էլ պատկերացնում՝ որտեղ դիմել եւ ումից խնդրի լուծում պահանջել՝ ուր զանգում է, ասում է, մեկը մյուսի վրա են «գցում»:

«Եթե, իրականում, ինձ «Սպուտնիկ-V» են ներարկել, ես ի՞նչ անեմ, գնամ՝ «ԱստրաԶենեկա» ներարկե՞ն, որ ջնջել ու հետո գրել են, թե «ԱստրաԶենեկա» են ներարկել, ես ինչպե՞ս, ինչի՞ հիման վրա վստահ լինեմ, որ իրոք դա են ներարկել: Ի՞նչ է ստացվում՝ «Սպուտնիկ-V»-ի ավելցուկ ունեն, ուզում են դա՞ ներարկեն մարդուն, հա՞, պլան ե՞ն կատարում, մեզ փորձադաշտ ե՞ն սարքել, չեմ հասկանում: Մարդիկ մեկ-մեկ են մտնում պատվաստվելու, այնպես չէ՝ մի քանի մարդ կար, պատվաստողն էլ դրա պատճառով խառնել, սխալ է լրացրել»,- նկատեց Վարդանյանը:

Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ չի կարող ստեղծված իրավիճակում միտում լինել՝ ամենայն հավանականությամբ, ասում է, շփոթմունք է եղել տվյալների գրանցման պահին:

«Այնքան ծանրաբեռնված են այժմ բժիշկներն աշխատում՝ պատվաստվողների թիվը գնալով աճում է, եւ, ամենայն հավանականությամբ, շփոթմունք է եղել տվյալները լրացնելու ժամանակ, չեմ կարծում՝ քաղաքացին չվստահելու եւ չհավատալու պատճառներ ունի»,- նշեց Խաչատրյանը:

Արարատի բժշկական կենտրոնից NEWS.am-ին հայտնեցին, որ քաղաքացին նաեւ մարզպետարան է դիմել նշված հարցով, խնդիրն էլ քննարկվել ու պարզաբանվել է:

«Ինքն իրոք «ԱստրաԶենեկա»-ով է պատվաստվել, ուղղակի քանի որ պատվաստման հերթեր են գոյանում, ծանրաբեռնված են աշխատել մասնագետները, հիշեցման թերթիկն ուրիշն է լրացրել, պատվաստումն արել ու մատյանում արձանագրել է այլ անձ՝ բուժքույրը, պարզապես խնդիրն այն է, որ հիշեցման թերթիկի վրա է մեխանիկական սխալ արվել: Մեր մատյանում, որտեղ պատվաստումները գրանցվում են, նշված է, որ «ԱստրաԶենեկա»-ով են նրան պատվաստել: Երկրորդ ներարկումը, բնականաբար, «ԱստրաԶենեկա»-ով է արվելու, կասկածելու որեւէ հիմք չկա»,- վստահեցրին բուժկենտրոնից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 30 752 դեպք
Մահացությունների թիվն օրական ավելացել է 1179-ով` նախորդ օրվա 1182-ի դիմաց` հասնելով 284 823-ի․․․
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 4226-ով
Մահացել է ընդհանուր 12519 մարդ...
Հոնկոնգից գիտնականները հրապարակել են «օմիկրոնի» առաջին լուսանկարը
Գիտնականները, այդ թվում՝ ախտաբաններն ու վիրուսաբանները, կարողացել են ստանալ կապիկի երիկամի բջիջների (Vero E6) միկրոլուսանկարը․․․
Արցախում կորոնավիրուսի 62 նոր դեպք է գրանցվել, արձանագրվել է 1 մահ. 14 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է
Դեկտեմբերի 7-ին կատարվել է 541 թեստավորում, որի արդյունքում Արցախում…
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 410 նոր դեպք. մահացել է 17 քաղաքացի
Վերջին տվյալներով ապաքինվել է 322814 անձ` վերջին մեկ օրում 408 անձ...
Համավարակի ժամանակ միլիարդատերերն էլ ավելի են հարստացել
Բացի այդ, ըստ զեկույցի, աշխարհում կա 520 000 մարդուց բաղկացած խումբ՝ առնվազն 19 միլիոն դոլար կարողությամբ․․․
Ամենաշատ