News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թեեւ Միացյալ Նահանգները դե ֆակտո չունի ներկայացվածություն Հարավային Կովկասում, բայց փորձում է դա ապահովել Վրաստանի միջոցով՝ պատշպանության ոլորտի պատասխանատուների հանդիպում կայացավ Թբիլիսիում ամենաբարձր մակարդակով, եւ, ըստ էության, Վրաստանը դառնում է ԱՄՆ-ի երկրորդ ռազմավարական գործընկերը տարածաշրջանում, որովհետեւ Թուրքիան հուսալի չէ այդ իմաստով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ամերիկյան ուսումնասիրությունների հայկական կենտրոնի ղեկավար, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի եւ Վրաստանի միջեւ պաշտպանության ոլորտում օրերս համագործակցության համաձայնագրի ստորագրմանը:

«Իրանը Իսրայելին է մեղադրում Ադրբեջանի տարածքում ներկայություն ունենալու համար, ռազմական որոշակի ներկայութուն է ավելացրել ու Նախիջեւանի հետ սահմանին ակտիվացել: Այնպես որ, տարածաշրջանում արտաքին ուժերն առավել մեծ ներգրավվածություն են ձեռք բերել, քան նախկինում, ինչը, իհարկե, մտահոգիչ է: Նույն սցենարն իրականացավ Սիրիայում՝ ակտիվ ներգրավվեցին տարբեր արտաքին ուժեր, եւ Հայաստանի ու Սիրիայի միակ տարբերությունն այն է, որ մեր մոտ չկա քաղաքացիական պատերազմ: Սա շատ վտանգավոր միտում է՝ մենք չունենք ուժեղ բանակ, որն ունակ կլինի պահպանել երկրի տարածքային ամբողջականությունը, բարդ իրավիճակում ենք հայտնվել:

ԱՄՆ-ի դիրքորոշումն այն է եղել, որ կարող են ներգրավվել Հարավայի Կովկասում Թուրքիայի միջոցով, ինչի համար վերջինը պետք է լուրջ ազդեցություն ունենար: Թուրքիան լուրջ ազդեցություն ունենար Ադրբեջանի նկատմամբ, նաեւ՝ Վրաստանի՝ այդ թվում տնտեսական ոլորտում, բայց Հայաստանի վրա չուներ, եւ փորձ էր կատարվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միջոցով ազդեցության գոտում ներառել նաեւ Հայաստանը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նշանակելու էր սահմանների բացում, անվտանգության խնդրի կարգավորում, ինչը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու հնարավորություն կարող էր ստեղծել: Թուրքիան, սակայն, այլ ճանապարհով որոշեց գնալ՝ փորձելով ինքնուրույն պետություն դառնալ եւ սեփական խաղը սկսել՝ ձգտելով տարածաշրջանից սկսվող եւ ավելի ընդլայնվող կայսրություն գուցե: Համենայն դեպս, Թուրքիան դուրս եկավ այն ուղեծրից, որը նրա համար ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն էին նախանշել, սկսեց խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչը խնդրահարույց է ԱՄՆ-ի համար, ինչով պայմանավորված՝ տարածաշրջանում ազդեցություն ձեռք բերելու իմաստով Վրաստանը փորձ է արվում կիրառվել որպես պլան Բ: ԱՄՆ-ը այստեղից չի հեռանալու, իր շահերը սպասարկելու է տարբեր ուղիներով՝ փափուկ ուժի կիրառմամբ մրցակցելով նաեւ ռուսական, թուրքական եւ իրանական ազդեցությունների հետ: Կարծում եմ՝ ԱՄՆ-ն իր կարգավիճակը նույնիսկ ֆիզիկապես ներկայություն չունենալու պայմաններում պահպանելու է»,- նկատեց միջազգայնագետը:

Անդրադառնալով տարածաշրջանային 3+3 ձեւաչափի ստեղծման հավանականությանն ու դրանում ԱՄՆ-ի ներկայացվածությանը՝ Սարգսյանը նկատեց՝ նախ պետք է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնելու 3+3-ը, եւ ինչ՝ 3+4-ը, որովհետեւ դրանք տարբեր ձեւաչափեր են ենթադրում:

«Անընդհատ խոսվում է այս մասին, բայց հստակություն մտցնել չի հաջողվում, որովհետեւ դրա մասին ԱՄՆ-ը մի պատկերացում ունի, Իրանը՝ մեկ այլ, Ռուսաստանը, Թուրքիան՝ այլ: Բայց հատկանշական է, որ ԱՄՆ նախագահ Բայդենը շնորհավորական նամակ էր հղել Ադրբեջանի նախագահին՝ ասելով, որ պատրաստ են աջակցելու տարածաշրջանում վերջնական խաղաղություն հաստատելու ջանքերին ԼՂ հակամարտության հարցում ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, այնպես էլ՝ այլ ձեւաչափերում. տարածաշրջանային այլ ձեւաչափը, գուցե, 3+3-ն է: Այդ ձեւաչափերի վերջնական միսն ու արյունը դեռեւս չենք տեսնում»,- նկատեց Սարգսյանը:

ԱՄՆ դեսպանի հաճախակի այցերը սահմանամերձ մարզեր՝ հատկապես Սյունիք, Սարգսյանի գնահատմամբ, քաղաքական ազդակներ են առ այն, որ Սյունիքին ուշադրություն են դարձնում եւ այն համարում են ՀՀ տարածքային ամբողջականության մաս:

«ԱՄՆ-ը նաեւ, բնականաբար, առավել ակտիվ լինելով, փորձում է պարզել տեղում կատարվողը՝ թե՛ իրանական եւ թե՛ ռուսական ազդեցության աճի հնարավորությունների տեսանկյունից: Չեմ կարծում, թե ԱՄՆ-ի շահերից է բխում, որ Հայաստանը կորցնի Սյունիքը, եւ այն անցնի Ադրբեջանի կամ Թուրքիայի վերահսկողության տակ, վերջիններն էլ ցամաքային սահման հաստատեն եւ կարողանան հասնել համաթուրքական միավորմանը»,- նշեց միջազգայնագետը:

Տպել
Ամենաշատ