Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի երեք տեղի  համար, որոնց թեկնածությունը պետք է ներկայացնի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, հայտ է ներկայացրել 22 մարդ, որոնցից հարցազրույցի փուլն անցել են 18-ը:

Նշենք, որ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ԿԸՀ 7 անդամներից 3-ին Հանրապետության նախագահը նշանակում է Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությամբ: 3 թեկնածուների ընտրությունը թափանցիկ կազմակերպելու նպատակով՝ հունիսի 28-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարել էր ԿԸՀ անդամի թեկնածուի ընտրության համար մրցույթ անցկացնելու մասին:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր` հուլիսի 5-ին, ամփոփելով հայտերի ընդունման գործընթացը, հարցազրույցի փուլ անցած թեկնածուների Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ստացել է ԿԸՀ անդամի թեկնածուի համար հայտարարված մրցույթի մասնակցության 22 հայտ, որոնցից հարցազրույցի փուլ են անցել 18-ը:

Հարցազրույցի փուլ անցած ԿԸՀ անդամի թեկնածուներն են՝ Արամայիս Մելքոնյան, Տիգրան Մարտիրոսյան, Արա Մուրադյան, Գեորգի Մարտիրոսյան, Աշոտ Վահանյան, Աիդա Մուրադյան, Մանուշ Միրզոյան, Լիանա Հարոյան, Ռոզա Ստեփանյան, Արտակ Մելիքսեթյան, Կառլեն Մխիթարյան, Կարեն Մանուչարյան, Տաթեւիկ Դավթյան, Արմենակ Դավթյան, Աբրահամ Բախչագուլյան, Էդգար Շաթիրյան, Վարդան Զուռնաչյան, Գարեգին Ազարյան:

2-րդ փուլի մասնակիցները հուլիսի 6-ին եւ 7-ին հրավիրվում են հարցազրույցի՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում:

Հարցազրույցների ժամանակացույցն ուղարկվել է բոլոր հայտատուներին. նշված ժամին չներկայանալու կամ ուշանալու դեպքում հայտատուն համարվում է հայտից հրաժարված:

Մրցույթի արդյունքները կհրապարակվեն հուլիսի 9-ին: ԿԸՀ անդամների անունները ՀՀ նախագահին ներկայացնելու՝ օրենքով սահմանված վերջնաժամկետը հուլիսի 10-ն է: