News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 30
Տեսնել լրահոսը

Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան հրավիրելու է արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նիստ՝ գազի դեֆիցիտի պատճառով արտակարգ դրության ռեժիմ մտցնելու համար։ Այս մասին նա տեղեկացրել է ուրբաթ կայացած ճեպազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Այս ճեպազրույցից անմիջապես հետո արտակարգ իրավիճակների հանձնաժողովը կհրավիրվի՝ մի շարք որոշումներ ընդունելու համար։ Խորհրդարանին եւ կառավարությանը կխնդրենք մտցնել արտակարգ դրություն։ Առկա լծակները բավարար չեն էներգետիկ սեկտորում [ճգնաժամային] վիճակը հաղթահարելու համար»,- ասել է Գավրիլիցան։

Նա պարզաբանել է, որ գազի դեֆիցիտը, որն զգում է հանրապետությունը հոկտեմբերին, «հասել է կրիտիկական մակարդակի»։ «Երեկ Մոսկվայում տեղի ունեցավ բանակցությունների նոր փուլը։ «Գազպրոմի» հետ գազի վերաբերյալ պայմանավորվածություն չկա։ Չկա նաեւ վստահություն, որ այն ձեռք կբերվի։ Այնինչ, Մոլդովայի Հանրապետության բնական գազի շուկայում գրանցվել է մոտ 16 մլն խորանարդ մետր գազի դեֆիցիտ, ընդ որում՝ գազի պահանջարկը հոկտեմբերին բավարարվել է միայն 67 տոկոսով։ Գազատրանսպորտային ցանցում ճնշումը կրիտիկական սահմանին է»,- պարզաբանել է վարչապետը։

Նրա խոսքով՝ արտակարգ դրության ռեժիմը թույլ կտա շրջանցել օրենքով նախատեսված որոշակի ընթացակարգեր՝ արագացնելու համար գազի գնումը այլընտրանքային աղբյուրներից։

Մոլդովայի խորհրդարանի փոխնախագահը հավաստիացրել է, որ արտակարգ դրության ռեժիմ մտցնելու որոշումը կընդունվի ուրբաթ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել