News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 27
Տեսնել լրահոսը

Ես այդպես չեմ ասել, ինձ ասել են՝ հարցը լուծեք, ես էլ ասել եմ՝ դա իմ լիազորությունների շրջանակում չէ, բայց ես կարող եմ ձեր խոսքը հասցնել նախարարություն, տվյալ ոլորտին առնչվող այլ գերատեսչություններ, նրանց տեսակետն էլ ձեզ հայտնել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանն՝ անդրադառնալով ձկնորսներից մեկի հայտարարությանը, թե դիմել են իրենց մարզից ընտրված պատգամավոր Նարեկ Գրիգորյանին, սակայն վերջինն ասել է՝ «ինձ հետ գործ չունեք»։

«ԱԺ պատգամավորը չէր կարող այդ պահին այդ հարցը լուծել, բոլորս էլ հասկանում ենք դա։ Բազմաթիվ անգամներ ես այդ  հարցով ձկնորսների խոսքը հասցրել եմ Կառավարություն, Կառավարության դիրքորոշումը՝ ձկնորսներին։ Այս դեպքում երեւի միակ շահագրգիռ մարդը ես եմ, որ խնդիրը հարթվի։ Ակցիայի օրը ես գնացել էի Երեւան այդ նույն խնդրով ոլորտին առնչվող տարբեր մարդկանց հետ քննարկման, նաեւ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչների հետ։ Այս ընթացքում ընդամենը ձկնորսների բողոքն ենք ներկայացրել, հարցով զբաղվում են։ Իսկ ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին, թե «պատգամավորը թռած է», ասեմ, որ ես միշտ ապրում եմ իմ գյուղում, ես ոչ մի անգամ, ոչ մի բանից թռած չեմ ու չեմ էլ լինելու»,– ասաց Նարեկ Գրիգորյանը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20–ին, ձկնորսության արգելքի դեմ բողոքող Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել էին Սեւան– Երեւան մայրուղին։ 168.am-ի հետ զրույցում ձկնորսներից մեկն ասել էր.

«Նորատուս գյուղից պատգամավոր ունենք, ի դեպ ես էլ եմ նորատուսցի։ Նորմալ հարաբերություններ ունենք իր հետ, որ ասում ենք՝ Նարեկ ջան,  էս հարցը մի հատ բարձրացրու, ասում է՝ ինձ հետ գործ չունեք, բայց  էդ մարդուն մենք ինչո՞ւ ենք ընտրել, մենք էլ չենք իմանում։ Ասում ենք՝ կամ մարզպետին կանչի, կամ հանդիպում կազմակերպի, էդ մարդը բացարձակ տեղից չի շարժվել»։

Նարեկ Գրիգորյանը նշեց, որ թե՛ Կառավարությունում, թե՛ մարզպետարանում փորձում են հարցին լուծում գտնել։

«Այս պահին փորձում ենք ուղիղ եզրեր գտնել, որպեսզի ընդունելի լինի երկու կողմերի համար։ Դա կառավարության որոշում է, մեկ օրում, մեկ ժամում հնարավոր չէ այն փոխել։  Գրեթե բոլոր ձկնորսներն  ինձ շատ հարազատ մարդիկ են, իմ գյուղից։ Այո, խնդիրը սոցիալական է։ Ինչ վերաբերում է այն խոսքերին, որ ԱԺ պատգամավորին են դիմել, ասեմ, որ Գեղարքունիքի մարզից այլ պատգամավորներ եւս կան, բայց նրանք երբեք այդ մասին չեն խոսել,  ու ընդհանրապես չեն էլ եկել այդ ժողովրդի հետ երբեւէ հանդիպել»,– հավելեց ՔՊ–ական պատգամավորը։

Տպել
Ամենաշատ