News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 27
Տեսնել լրահոսը

Զարմացած եմ, որ Պաշտպանության նախարարը միակողմանի ու աղավաղված մեջբերումով հրապարակել է ինձ հետ իր իսկ նախաձեռնած հեռախոսազրույցի փաստը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները նույնն են և մազաչափ անգամ չեն փոխվել:

Թեման համարում եմ փակված»,- հայտնել է Թաթոյանը:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ տարածած հայտարարությամբ Պաշտպանության նախարարությունը կրկին պնդել էր, որ Մարդու իրավունքների պաշտպանն իրականության չհամապատասխանող տվյալներ է հայտնել Ադրբեջանի ԶՈւ կողմից Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներում ամրաշինական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ:

«Այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ օմբուդսմենն ի պատասխան պաշտպանության նախարարի հարցին, թե ՀՀ որ տարածքում են աշխատանքներ իրականացվում, նշել է, որ դրանք իրականացվում են ոչ թե  ՀՀ տարածքում, այլ դրա հարեւանությամբ։ ՊՆ-ն կոչ է անում օմբուդսմենի գրասենյակին զերծ մնալ չճշտված տեղեկություն տարածելուց»,- ասված է հայտարարությունում:

Մարդու իրավունքների պաշտպանը հոկտեմբերի 18-ին հայտնել էր, որ ՀՀ Գեղարքունիքի մարզ ապօրինի ներխուժած ադրբեջանական զինված ուժերը ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ իրականացնում են ամրացման ակտիվ, այդ թվում՝ ճանապարհների կառուցման աշխատանքներ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ և այլն: Պաշտպանության նախարարությունը հաջորդ օրը հերքել էր Թաթոյանի պնդումը, որից հետո Մարդու իրավունքների պաշտպանը նախօրեին հակադարձել էր ՊՆ-ի հերքմանն ու վերահաստատել իր հայտնած տեղեկությունները՝ ապացույցներ  հրապարակելով եւ շեշտելով, որ առանց փաստական լուրջ հիմքերի ինքը նման պնդումներ չի անում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ