
Վառ կարմիր գույն եւ պատյան՝ պրեմիում կոսմետիկ աքսեսուարի ոճով. էլեկտրոնիկայի չինական արտադրող Huawei-ը թողարկել է օրիգինալ դիզայնով FreeBuds ականջակալների հատուկ տարբերակ: Այս մասին հայտնում է vesti.ru-ն՝ հղում անելով Huawei Central հրատարակությանը։
Տեխնիկական տեսանկյունից Huawei FreeBuds Lipstick-ը չի տարբերվում նախկինում թողարկված FreeBuds 4-ից: Սարքն օգտագործում է աղմուկի ակտիվ ճնշումը՝ ապահովելով պատյանով մինչեւ 24 ժամ աշխատանք, աջակցում է Bluetooth 5.2-ին եւ պաշտպանված է քրտինքի կաթիլներից կամ թույլ անձրեւից:
Սակայն նորույթի մեջ գլխավորը արտաքին տեսքն է։ Պատյանը պատրաստված է չժանգոտվող պողպատից եւ դիզայնով հիշեցնում է պրեմիում դասի շրթներկ: Ականջակալները վառ կարմիր գույնի են եւ ունակ են լրացնել ոճին համապատասխան դիմահարդարումը:
Ընդ որում, ոճի համար պետք է լրացուցիչ վճարել՝ FreeBuds Lipstick-ի սահմանափակ խմբաքանակը կվաճառվի 249 եվրոյով, իսկ սովորական FreeBuds 4-ը՝ 129 եվրոյով: Ռուսաստանում դրանք պաշտոնապես վաճառվում են 12 990 ռուբլով։ Դեռ հայտնի չէ, թե արդյոք ներքին շուկայում կներկայացվի աքսեսուարի նորաձեւ տարբերակը։