
Նիդեռլանդներում ծովի մակարդակի կանխատեսվածից բարձրացումը, ինչպես նաեւ կլիմայի փոփոխության հետեւանքով առաջացած հորդառատ անձրեւների եւ եղանակային այլ վտանգավոր երեւույթների սպառնալիքը խնդիրներ կդառնան, հայտնել է AP-ն։
Նիդեռլանդների թագավորական օդերեւութաբանական ինստիտուտը (KNMI) կտրուկ նախազգուշացում է հրապարակել՝ հիմնվելով իր իսկ հետազոտության եւ օգոստոսին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության միջկառավարական խորհրդի մասնագետների կողմից հրապարակված զեկույցի վրա:
KNMI-ը հայտարարել է, որ եթե ջերմոցային գազերի արտանետումները չկրճատվեն, Նիդեռլանդների երկար ափի երկայնքով ծովի մակարդակը մինչեւ 2100 թվականը կարող է բարձրանալ 1.2 մետրով: 2014 թվականին ինստիտուտը նախազգուշացրել է 1 մետր հնարավոր բարձրացման մասին:
Զեկույցում ասվում է, որ եթե Անտարկտիդայի սառցաշերտի հալումն արագանա, ապա մինչեւ 2100 թվականը ծովի մակարդակը կարող է բարձրանալ 2 մետրով։
Գործակալությունը նաեւ նախազգուշացրել է ամառային ավելի սաստիկ փոթորիկների եւ երաշտների մասին. ակնկալվում է, որ ջրի մակարդակն ավելի ցածր կլինի ամռանը եւ ավելի բարձր ձմռանը:
Նիդեռլանդների ցածրադիր վայրերը պաշտպանված են Հյուսիսային ծովի գետերի եւ ափերի հազարավոր կիլոմետր երկարությամբ ձգվող ամբարտակներով եւ ունեն ազգային դելտայի ֆոնդ, որը տարեկան հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդնում բարեկարգման եւ տեխնիկական սպասարկման համար:
Ամռանը տեղատարափ անձրեւները զանգվածային ջրհեղեղներ են առաջացրել հարավային Լիմբուրգ նահանգում։ Նույն կատաղի ամառային փոթորիկը տասնյակ մարդկանց կյանքեր է խլել հարեւան Գերմանիայում եւ Բելգիայում: