News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 30
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է արեւմտյան 10 երկրների դեսպաններին արտաքսելու սպառնալիքներից՝ բանտարկված բարեգործ Օսման Կավալային նրանց աջակցության պատճառով, ինչը հնարավորություն է տվել մեղմել հնարավոր դիվանագիտական ​​ճգնաժամը, հայտնել է AP-ն։

«Մենք համարում ենք, որ այս դեսպանները, որոնք կատարել են Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածով նախատեսված իրենց պարտավորությունները, այժմ ավելի զգույշ կլինեն իրենց հայտարարություններում», - ասել է նա Անկարայում կառավարության երեք ժամ տեւած նիստից հետո, հեռուստատեսային ելույթում:

Անցյալ շաբաթ դեսպանները, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի դեսպանները, կոչ են արել ազատ արձակել բարեգործ Օսման Կավալային, ով չորս տարի գտնվում է թուրքական բանտում՝ սպասելով դատավարությանը, որը, շատերի կարծիքով, անհիմն է: Կոչին միացել են նաեւ Նիդեռլանդների, Կանադայի, Դանիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի եւ Նոր Զելանդիայի դեսպանները։

Անկարայում ԱՄՆ դեսպանությունն այսօր Twitter-ում գրել է, որ «աջակցում է 41-րդ հոդվածի պահպանմանը», որը սահմանում է դիվանագետների պարտականությունը՝ հարգել ընդունող պետության օրենքները եւ չմիջամտել ներքին գործերին: 

«Anadolu» պետական ​​լրատվական գործակալությունը դա մեկնաբանել է որպես «հետ քայլ»։ Վկայակոչելով նախագահի աղբյուրները՝ ասվում է, որ այս զարգացումը «դրական է ընդունվել» Էրդողանի կողմից։

«Նրանք, ովքեր նախկինում կերտել են մեր երկիրը այնպես, ինչպես ցանկացել են, խուճապի մատնվեցին, երբ Թուրքիան հանդես եկավ սեփական դիրքորոշմամբ», - հանդիպումից հետո հայտարարել է Էրդողանը: Նա նախնական հայտարարությունը որակել է որպես ուղղակի հարձակում Թուրքիայի դատական ​​համակարգի եւ ինքնիշխանության վրա: «Մեր նպատակը ճգնաժամ ստեղծելը չէ, այլ մեր երկրի արժանապատվության պաշտպանությունն է։ Նա, ով չի հարգում մեր երկրի անկախությունը եւ մեր ազգի զգայունությունը, անկախ իր կոչումից, չի կարող մնալ այս երկրում»։

Շաբաթ Էրդողանը հայտարարել է, որ կարգադրել է դեսպաններին պերսոնա նոն գրատա հայտարարել՝ ճանապարհ հարթելով Թուրքիայից նրանց վտարման համար։

Ճգնաժամը նոր ցնցումներ էր սպառնում ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ ԵՄ անդամների հետ Անկարայի հարաբերություններում: Հանգստյան օրերին Էրդողանի հայտարարությունից հետո թուրքական լիրան կտրուկ անկում է ապրել՝ երկուշաբթի առավոտյան հասնելով մեկ դոլարի դիմաց 9.85 ռեկորդային նվազագույնի:

Երկուշաբթի նախագահի մեկնաբանություններով ավարտվել են երկու լարված օրերը, քանի որ շաբաթ օրվանից դիվանագետների դեմ հնարավոր գործողությունների մասին պաշտոնական հայտարարություն չի եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել