News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 29
Տեսնել լրահոսը


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն օրերս հայտարարել էր, որ «Հայաստանի ապագան պայմանավորված է Արցախով» ձևակերպումը սխալ է, ինչն արդեն իսկ դավաճանություն է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին, երբ իրեն անվտանգության աշխատակիցները հեռացրին նիստերի դահլիճից։

«Հայաստանում բազմաթիվ կուսակցություններ փոխած, 1990 թվականին Կոմկուսով խորհրդարան մտած, Ռամկավար դարձած, բոլորի հետ աշխատած Վիգեն Խաչատրյանն օրերս իրեն թույլ էր տվել ասել, որ «Հայաստանի ապագան պայմանավորված է Արցախով» ձևակերպումը սխալ է․ մենք ուղղակի պետք է մտածենք Արցախում ապրող մարդիկ անվտանգ լինելու են Ադրբեջանի կազմում թե՝ ոչ։ Այսպիսով՝ ուրանալով Արցախը, Արցախի հարցը։ Անցնող երեք ամիսներին Փաշինյանի երեսին էլ եմ ասել հողատու դավաճան և շարունակելու եմ ասել, որովհետև դա համոզմունք է։ Մեր հայրենիքի կորստից հետո ձևականություններ՝ այս բառը չի կարելի, այն բառը չի կարելի, այլևս չկան։ Նրանք անցել են կարմիր գծերը։ Ցանկացած խելամիտ մարդ, այդ թվում՝ իմ տարեկիցները, որոնք երեսուն տարի առաջ, ի տարբերություն խաչատրյան վիգենների, կանգնել են Ազատության հրապարակում, պայքարել են Արցախի համար հանուն իմ զոհված ընկերների, մեր հազարավոր քաղաքացիների, պետք է իրերն իրենց անուններով կոչեն, ես էլ կոչեցի դավաճանություն։ Ցանկացած հայ մարդու հարցրեք՝ ով ուրանում է Արցախը, ի՞նչ անուն ենք տալիս, այո, դավաճանություն»,- նշեց Մանուկյանը։

Գեղամ Մանուկյանի խոսքով՝ իրեն հեռացրին նիստերի դահլիճից, ինչի իրավունքը, ամենայն հավանականությամբ, չունեին։

«Դավաճանություն բառի համար էլ Ռուբեն Ռուբինյանը, չգիտես ինչու, իրեն վատ զգաց՝ ուրանալով իր հոր պայքարը՝ Կարապետ Ռուբինյանի, որն Արցախյան շարժման առաջին օրերից եղել է պայքարի մեջ։ Երևի դուրը չեկավ, որ Արցախ պաշտպանող պետք է լինի Ազգային ժողովի ամբիոնից։ «Արցախն ուրանալը դավաճանություն է» արտահայտությունը Ազգային ժողովի ղեկավարության համար անթույլատրելի է»,- ընդգծեց Մանուկյանը։

Լրագրողի դիտարկմանը, որ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ծառայողներին ասում է, որ Մանուկյանին հեռացնեն ամբիոնից, այլ ոչ թե նիստերի դահլիճից, Մանուկյանն արձագանքեց․ «Դե, թող իրենք տիրություն անեն իրենց ՊՊԾ-ին»։

Մանուկյանը տեղեկացրեց, որ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողոցի հերթական նիստին իրենք չեն մասնակցելու։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել